Փետրվարի 18-ին Հայաստանն ազատագրվեց բոլշևիկյան լծից՝ այն ժամանակվա Մաքսային միությունից

Category: Հրապարակումներ
Published on 05 February 2014
Print

«Փետրվարի 18-ը մեզ համար կարևոր օր է, ավանդական օր, այդ օրը Երևանն ազատագրվեց բոլշևիկյան լծից՝ այն ժամանակվա Մաքսային միությունից»,-այսօր «Ելակետ» մամուլի ակումբում հայտարարեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

Նա տեղեկացրեց, որ այդ օրը ծրագրում են անցկացնել ավտոերթ դեպի Գառնի, ԱԻՄ-ականները կներկայանան հավերժական կրակի մոտ: Իսկ ժամը 16-ին Ազատության հրապարակում տեղի կունենա հանրահավաք, որը կավարտվի երթով՝ Միքայել Նալբանդյանի արձանի մոտ: Իսկ փետրվարի 7-ին կկազմակերպվի փետրվարի 18-ի հանրահավաքի նախապատրաստություն:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ մտահոգություն չունե՞ն, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ նույն օրը նույն տեղում հանրահավաք անցկացնելով գուցե խանգարեն միմյանց, կամ գուցե միավորվե՞ն: Պարոն Հայրիկյանը պատասխանեց. «Հայտարարվել է, որ իրենք դեռ ֆորմատը չեն որոշել, Րաֆֆի Հովհաննիսյանը բան ունի ասելու: Իսկ դրա համար հազար ու մի ձև կա՝ սկսած ֆեյսբուքյան գրառումից, վերջացրած ասուլիսով:Իսկ եթե ցանկանա իր խոսքն ասել մեր հանրահավաքում, մենք չենք խոչընդոտի: Մենք որևէ մեկին խանգարել չենք պատրաստվում, անգամ, եթե ինչ որ մեկը կամենա գալ մեր հարթակից արտահայտել իր տեսակետները, որոնք մեր ընդհանուր դիրքորոշումը չեն արտահայտում: Ես կոչ կանեմ, որ մերոնք լսեն ու նույն կերպ պատասխանեն»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական նախաձեռնությանը» պարոն Հայրիկյանն ասաց. «ԱԻՄ-ն այս պահին էլ քաղաքացիական նախաձեռնություն է: Այսօր ով ինչ անում է, մեկ է, խոսում է ինքնորոշումից: Ես ժամանակին այնպիսի նվեր եմ տվել, որ չեն կարող առանց ինքնորոշման մասին խոսելու գործել»:

Aravot.am-ի հարցին՝ ուր է տանում ՀՀ-ին Մաքսային միությանն անդամակցության «ճանապարհային քարտեզը», պարոն Հայրիկյանը պատասխանեց. «Մաքսային միության առաջին պտուղները տեսանք գազային ղազագրերի հետ կապված: Ակնհայտ է, որ գները պիտի թանկանան, էլ չեմ խոսում ազգային անվտանգության մասին: Ոչ ՀԱՊԿ-ը, ոչ ՌԴ-ն իրենց վրա վերցրած պարտավորությունները չեն կատարում»:

Պարոն Հայրիկյանը «մայդանի» մասին խոսակցություններին այսպես արձագանքեց. «Ես չէի ուզենա, որ Հայաստանում այդ իմաստով մայդան լիներ»:

Պարոն Հայրիկյանը մտահոգված է, որ «վաղն էլ հասնելու ենք նրան, որ պետական լեզուն հայտարարենք ռուսերենը, էլի պիտի գնանք Մոսկվա, մեզի անալիզ տանք, որ գնանք Պարսկաստան և այլն»:

 

Աղբիւր՝ Aravot.am

sdfsdfsdfsdfsdf