Փետրվարի 2-ին Շանթ Հարությունյանի ծննդյան տարեդարձը կնշեն Ազատության հրապարակում «Գինի լից» ակցիայի միջոցով

Category: Հրապարակումներ
Published on 31 January 2014
Print

Փետրվարի 2-ին Ազատության հրապարակում կհավաքվեն Հայաստանի բոլոր քաղբանտարկյալների հարազատները՝ տոնելու Շանթ Հարությունյանի և խորհրդանշական ձևով նրա ընկերների ծննդյան տարեդարձը: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին տեղեկացրեց քաղաքացիական ակտիվիստ, ԱԻՄ-ական Վրեժ Զատիկյանը:

«Այդ օրը գիշերը ծնվել է Շանթ Հարությունյանը, բայց մենք ունենք 15 քաղբանտարկյալներ, դրանցից առաջինն էր Վոլոդյա Ավետիսյանը: Ամսի 2-ի միջոցառման իմաստն այն է, որ նրանց ընտանիքները, բարեկամները հասկանան, որ իրենք աջակիցներ ունեն: Այս օրը մենք պետք է տոնենք քաղբանտարկյալների հայ լինելը: Էդվարդ Զորիկյանը այդ օրը մեզ կնվիրի իր երգերն ու բանաստեղծությունները, լինելու է խանդավառություն»,-ասաց նա:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշեց, որ այն երկրներում, որտեղ կան քաղբանտարկյալներ, նշանակում է իշխանությունը չի հանդուրժում քաղաքական բազմակարծություն: Նա ընդգծեց, որ թեև ՀՀ-ն պարբերաբար ունեցել է քաղբանտարկյալներ, սակայն Շանթ Հարությունյանի դեպքը մի փոքր տարբերվում է մնացածից:

«Եթե մինչ այժմ քաղբանտարկյալների առկայությունը պայմանավորված էր տվյալ ռեժիմի անհամաձայնությամբ՝ որոշ քաղաքացիների հետ, ապա Շանթը քաղբանտարկյալ է ռուսական իշխանության հրահանգով, որովհետև նրա իրականացրած ակցիան ուղղված էր Հայաստանի Մաքսային միությանը միանալու որոշման դեմ: Սա մեկ այլ երկրի շահերի պաշտպանության տեսակետից է արվել, սա բոլորովին նոր երևույթ է: Շանթը քաղբանտարկյալ է ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ռուսաստանում»,-ասաց նա և ընդգծեց, որ առաջիկա ակցիային ցույց են տալու, որ չեն հանդուրժելու ներկա իրավիճակը:

Իր հերթին երգահան Էդվարդ Զորիկյանն ընդգծեց, որ այսօր ապացուցում են, որ մեր երկիրը ազատ չէ, բայց նաև չպետք է ապացուցել, որ դու վասալ ես:

«Եթե դուրս ես գալիս հրապարակ ու ասում ես «ազատ, անկախ Հայաստան» ու քեզ ձերբակալում են, սա աբսուրդ է: Ես մտավախություն ունեմ, որ շուտով, երբ դու ուղղակի դուրս գաս հրապարակ, միայն դրա համար քեզ կարող են ձերբակալել: Քանի այս ամենը շարունակվում է մեր կյանքում, պետության և անկախության մասին խոսելը անիմաստ է: Ռուսաստանը չի ընդունել մեր անկախությունը»,-ասաց նա:

Էդվարդ Զորիկյանը նշեց, որ առաջիկա ակցիան կոչվում է «Գինի լից», քանի որ նախ ծննդյան տարեդարձ է նշվելու, իսկ հետո՝ մարդիկ պետք է ցույց տան, որ իրենք են տերը իրենց երկրի:

«Գինի ենք լցնելու, քեֆ ենք անելու, թող գան՝ բռնեն»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը):

 

Աղբիւր՝ Tert.am

sdfsdfsdfsdfsdf