Այս մահափորձը իմ դեմ չէր ուղղված, այլ ուղղված էր բոլորիս դեմ

Category: Հրապարակումներ
Published on 31 January 2014
Print

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը իր դեմ կատարված մահափորձից մեկ տարի անց կրկին վստահ է, որ կրակոցն իրեն չէր ուղղված, այլ բոլորին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հայրիկյանը նշեց, որ ամբաստանյալ Վարդան Սեդրակյանը մեծ գումարներ էր տանուլ տվել, մասնավորապես՝ «Վիվարո» բուքմեյքերական գրասենյակներում բավական մեծ գումար է պարտվել՝ չունենալով եկամտի ոչ մի աղբյուր: Ազգային անվտանգության ծառայությունն ինչ-որ բան արեց՝ բացահայտելու համար, թե ով է այդ գումարները նրան ուղարկել, սակայն մինչև վերջ չգնաց: 

«Պատվիրատուն ռուսական իմպերիալիզմն էր, ես դատարանում հնչեցրել եմ, որ այս մարդիկ ընդամենը պատվեր կատարողներ են, և այդ դրամն ուղարկողները կապ ունեն անմիջականորեն պատվեր տվողների հետ: Որտեղի՞ց Սեդրակյանին այդ գումարները: Մեկը եթե տուն գնի, կասեն՝ քեզ որտեղի՞ց այդ գումարը, հիմա նրան որևէ մեկը չի ասում՝ քեզ որտեղի՞ց այդ հարյուր հազար դոլարը, քեզ ուղարկողին՝ որտեղի՞ց: Հետքերը, պարզ է, տանում են ԿԳԲ-ի հատուկ ֆոնդեր»,- ասաց նա: 

Հայրիկյանի խոսքով՝ մի բան ակնհայտ է. այս քայլը նախաձեռնող ուժը շատ հզոր էր, նաև՝ զգուշավոր, դրանով հանդերձ՝ շատ լկտի, քանի որ հասարակական կարծիքը հենց առաջին պահից խեղվեց: Որևէ մեկի մահափորձի մասին լսած չեք լինի, որ ասեն՝ ինքն է կազմակերպել. Արկադի Ղուկասյանի վրա կրակեցին, ողջ մնաց, ոչ ոք չասաց՝ ինքն է իր վրա կրակել, իսկ մեզ մոտ առաջին իսկ պահից հայտարարեցին, որ մահափորձը կասկածելի է, և առաջին ջութակն, ըստ ԱԻՄ առաջնորդի, Բորդյուժան էր: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ի՞նչ գործն էր այդպիսի հայտարարություն անել, ինքը, որպես ԿԳԲ գեներալ, ԿԳԲ-ի բոլոր գործակալներին հրահանգում էր անցնել հարձակման, ասել, որ մահափորձ չի եղել: 

Ըստ Հայրիկյանի՝ լկտիությունն այն էր, որ մարդկանց տարբեր առիթներով ասում էին՝ լռիր, եթե Ռուսաստանի դեմ խոսես, քեզ Հայրիկյանի ճակատագիրը կսպառնա: «Ես կրակոցից առաջ ընդամենը 12 տոկոս ունեի, այսինքն՝ թվում էր՝ վախենալու բան չունեին, բայց զգում էին, որ աճում է: Սեդրակյանը և մյուսներն ինձ բոլորովին չեն հետաքրքրում. քանի անգամ նրանց ազատ արձակելու միջնորդություն է եղել, ես չեմ առարկել, ասել եմ՝ դեմ չեմ: Դա ռուսական իմպերիալիզմի սադրանքն է: 

Նրա փաստաբանն աշխարհի ամենադժբախտ փաստաբանն է, ինձ չի կարելի վախեցնել նրան ազատելով՝ է, թող ազատվի: Ինձ կարելի է վախեցնել իմ ժողովրդին վնասելու սպառնալիքով: Եթե Սեդրակյանը վաղը բանտից ազատվի, ես ուրախ կլինեմ, որ նրա երեխաները որբ չեն մնա, իսկ թե ով էր գլխավոր կազմակերպիչը՝ բոլորիս հայտնի է. ինձ վրա կրակել են՝ որպես ձեր, մեր անկախությունը նախապատրաստած քաղաքական գործչի: 

Ես չեմ ընտրել հեղափոխություն, մենք հեղափոխականներ ունեինք, չէ՞, որ ասում էին՝ խելքը կարևոր չի, միայն զենքով կա հայոց փրկություն, և ի՞նչ կատարվեց, թուրքերն ասացին՝ դե, որ զենքով է, մենք ձեզանից շատ զենք կունենանք»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե հնարավորություն ունենա, նրանց երեքին էլ ինքը կազատի, կասի՝ գնացեք, փողի համար լակոտություններով չզբաղվեք, հաջորդ անձը կարող է ձեզ չներել: 

Անդրադառնալով Սեդրակյանի փաստաբանի՝ Ալեքսանդր Սիրունյանի՝ մինչև վերջ գնալու վճռականությանը՝ Հայրիկյանը նշեց, որ տխուր բան պիտի ասի. որպես մարդ՝ Սիրունյանն իր աչքից ընկավ, երբ կնոջը մեջտեղ գցեց իրեն վիրավորելու համար: Դա պատվաբեր չէ, ինքը հո կնոջը չէ՞ր պատասխանելու: «Երբ կինն իր ամուսնուն պաշտպանելով ասպարեզ իջավ, թե՝ դու փողի համար ես ամեն ինչ անում. է, 18 տարի ես փողի համա՞ր էի նստում, այ ողորմելի: Բայց կանանց հետ ես կռիվ չեմ տալիս՝ ոչ թե այն պատճառով, որ կանանց ստորադասում եմ, այլ ընդհակառակը՝ կանանց գերադասում եմ, վերադասում եմ: Ինքը ձախողակ է, որովհետև հազվադեպ է պատահում, որ դատախազը պահանջի 12 տարի, և փաստաբանի ելույթից հետո դատավորը տա 14 տարի: Նա պիտի ընդհանրապես հրաժարական տա փաստաբանությունից»,- ասաց նա: 

Հայրիկյանը Սեդրակյանի նամակը չի կարդացել և չի էլ պատրաստվում կարդալ այն մարդու գրածները, ով հետաքննության և նախաքննության ընթացքում ցուցմունքներ չէր տալիս. երբ այդ նամակը կցված կլինի գործին, կկարդա: 

ԱԻՄ առաջնորդը նշեց, որ պատրաստ է անգամ ներողություն խնդրել փաստաբան Սիրունյանից. եթե ինքն իրոք գտնում է, որ մահափորձ եղել է, ապա պատրաստ է ներողություն խնդրել: «Ես նրան ասել եմ՝ ստոր, սրիկա, տականք, որովհետև ինքն ասել է, որ մահափորձ չի եղել : Եթե ասի, որ մահափորձ եղել է, կասեմ՝ ներողություն եմ խնդրում, որ քեզ կոպտել եմ, հիմա դու ուղղվել ես, ես էլ ներողություն եմ խնդրում»,- ասաց նա:

 

Աղբիւր՝ 1in.am

sdfsdfsdfsdfsdf