ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն ռուսական իմպերիալիզմի սպասավորներ են

Category: Հրապարակումներ
Published on 25 January 2014
Print

Հայաստանի քաղաքական կյանքում վերջին 6 ամիսներին այնպիսի զարգացումներ տեղի ունեցան, որոնք իրապես կարող էին շրջադարձային լինել, սակայն, ցավոք, շրջադարձային չեղան: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

«Երբ Հայաստանը հանկարծակի կերպով արմատական շեղում կատարեց իր ուղուց՝ գնալով Մաքսային միություն, ԵՄ-ն մեզ հասկացրեց, որ չենք կարող միաժամանակ և խավարում լինել, և լույսի մեջ: Ռուս մի գործչի՝ Օլեգ Դերիպասկայի խոսքով, «Հայաստանը մեր ձեռքերում է» վիճակում ենք հայտնվել: Հիմա չգիտենք՝ գնում ենք խավար միջնադար, թե լույս աշխարհ»,- ասաց Պարույր Հայրիկյանը:

ԱԻՄ նախագահի խոսքով՝ ՀՀ իշխանավորները, որպես ռուսական կայսրության հպատակներ, անում են ամեն բան՝ Հայաստանը հայերի համար անցանկալի երկիր դարձնելու: «Ռուսական իմպերիալիզմի սպասավորներ են դարձել բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք բացահայտորեն չեն հայտարարում ՄՄ-ին կողմ լինելու մասին, այնպիսիք, ինչպիսիք են ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն»,- ասաց նա:

Անդրադառնալով վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի վիճակին՝ քաղաքական գործիչն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Հայաստանի դաշնակից Ռուսաստանն այդպես էլ սատարող գործողությունների չի գնում: «Եթե անգամ պատերազմ սկսվի, և Ռուսաստանը կանգնի Հայաստանի կողքին, այդ երկրին ատող ամբողջ աշխարհի համակրանքը կշրջվի Ադրբեջանի կողմը: Միջազգային հանրությունը կասի՝ սա այն Ռուսաստանը չէ՞, որ Վրաստանում պատերազմ հրահրեց»:

Ամփոփելով՝ Պարույր Հայրիկյանն անդրադարձավ նաև Ուկրաինայում ծավալվող իրադարձություններին՝ նկատելով, որ լավ կլիներ՝ Հայաստանում ևս նման կրքեր բորբոքվեին, սակայն առանց բռնությունների: «Հիմա էլ մարդկանց կոչ եմ անում դուրս գալ փողոց և ընդվզել իշխանությունների վարած ապազգային քաղաքականության դեմ»,- ասաց նա:

 

Աղբիւր՝ 1in.am

sdfsdfsdfsdfsdf