Ես մեր ժողովրդին նվիրել եմ բացարձակ ժողովրդավարության համակարգի գաղափարը. Պարույր Հայրիկյան

Category: Հրապարակումներ
Published on 03 January 2014
Print

«Ազգային ինքնորոշում միավորման» առաջնորդ Պարույր Հայրիկյանն ուզում է հավատալ, որ այս տարի իրենց կհաջողվի մարդկանց մտքերը հասունացնել ժողովրդավարության ուղղությամբ: «Ես մեր ժողովրդին նվիրել եմ բացարձակ ժողովրդավարության համակարգի գաղափարը` գրքերի տեսքով, և ուզում եմ հավատալ, որ այս ուղղությամբ մարդկանց մտքերը կկարողանանք ավելի հասունացնել, որովհետև այստեղ պետության հիմքում մարդկանց հարցն է, և այս սկզբունքի որդեգրումը կարող է Հայաստանին խիստ առանձնացնել աշխարհի ժողովուրդներից»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:


Վերջինիս համոզմամբ՝ ժողովրդավարությունը որպես հենակետ օգտագործելով` Հայաստանը ոչ միայն համաշխարհային քաղաքակրթության մեջ ներդրում կունենա, այլ նաև կավելացնի համակիրների բանակը:


Թե որն էր Հայաստանի անկախ պատմության ամենաբեղմնավոր տարին, Պարույր Հայրիկյանը մի քանիսը նշեց. «Այդ հարցին տարբեր տեսանկյուններից է պետք նայել: Անկախության հռչակագրից հետո ամենակարևորը անկախության հանրաքվեն էր, և սեպտեմբերի 21-ին առաջին անգամ մեր ժողովուրդը հավաքականորեն այո ասեց անկախության գաղափարին, հետո 1992 թվականը` որպես բանակի ստեղծման տարի, 1995-ը Սահմանադրության ստեղծմամբ կարելի է կարևոր համարել, 1998 թվականը՝ որպես առաջին արդար ընտրությունների տարի: Արդար ասում եմ նրա համար, որովհետև առաջին փուլում ոչ մեկը ոչ միայն չանցավ, այլև մեկը շատ մեծ գերակայություն չունեցավ մյուսի նկատմամբ: Դա առայժմ միակ արդար ընտրությունն է»:


Հայրիկյանի կարծիքով՝ կարելի է նաև սահմանադրական բարեփոխումները համարել ինչ-որ քայլ, որովհետև մինչ այդ ունեինք Սահմանադրություն, որտեղ նախագահը դիկտատոր էր:


Եվրոպական միության ուղղությամբ կողմնորոշվելը նույնպես ԱԻՄ առաջնորդը կարևոր համարեց, բայց նկատեց. «Ցավոք սրտի, այդպես մի տարի առանձնացնել որպես բարեփոխումների տարի, չենք կարող, որովհետև մեր կյանքում, չնայած այս կամ այն ոլորտում ունեցած որոշակի հաջողությունների, ընդհանուր առմամբ ոչ թե վերընթաց է եղել, այլ հակառակը»:

 

Աղբիւր՝ Tert.am

sdfsdfsdfsdfsdf