Իրեն բանի տեղ դնել չի կարելի, հենց ինքը երևում է, պետք է աչքերն ու ականջները փակել. Հայրիկյանը՝ էներգետիկայի նախարարի մասին

Category: Հրապարակումներ
Published on 24 December 2013
Print

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը դեռ չի որոշել այսօր կմիանա՞ արդյոք ԱԺ դարպասների մոտ բողոքի ակցիա նախաձեռնած երիտասարդներին: «Նախորդ անգամ ես արդեն միացել էի, այսինքն՝ ես իմ համերաշխությունն իմ ներկայությամբ հայտնել եմ, նաև գրել եմ իմ էջում բացասական երևույթների մասին: Ինչ վերաբերում է այս ակցիային, դեռ կնայեմ. ես իմ՝ անձնականի մասին եմ ասում, որովհետև մերոնք գնում են: Բայց դա ավելի շատ քաղաքացիական դրսևորում է, և ես ողջունում եմ, որ մերոնք ներկա են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա: 

Դիտարկմանը, թե՝ չնայած պայմանագրին, որով «ՀայՌուսգազարդի» վերջին՝ քսան տոկոս բաժնեմասը հանձնվում է «Գազպրոմին», էներգետիկայի և բնական պաշարների նախարարը շարունակում է պնդել, որ ռուսական կողմը չի կարողանա միանձնյա որոշումներ կայացնել՝ հայկական կողմի տեսակետն ու դժգոհությունները հաշվի չառնելով, Հայրիկյանը նշեց. «Այսպես կոչված նախարարը ցույց է տվել, որ իրեն բանի տեղ դնել չի կարելի, ընդհանրապես, հենց ինքը երևում է, պետք է ականջները փակել, նույնիսկ աչքերն էլ փակել. ինքը դա ապացուցել է: Այն ժամանակից, երբ ինքը գործի մեջ է, նա ընդամենը կամակատարն է»:

Գույք՝ պարտքի դիմաց-ը ԱԻՄ առաջնորդը ազգադավություն է համարում, հետին թվով ապրանքի գնի վերաբերյալ բանակցություններ վարելը՝ ստորություն: Նշում է, որ չի կարելի ապրանքը գնելուց հետո պայմանավորվել ապրանքի գնի մասին, այն էլ բարձրացնել՝ ի վնաս սեփական ժողովրդի: Հայրիկյանի խոսքով՝ ոչ մի երկիր վաճառվող ապրանքի աղբյուրը չի տալիս, նույնիսկ՝ բարեկամին: Ընդհանրապես, կա երկու ճանապարհ. ազգայնացվում են այն կառույցները, որոնք կարող են գերշահույթներ ապահովել, որպեսզի դրանով կարողանան ժողովրդի սոցիալական շերտերի խնդիրները լուծել կամ հարկային քաղաքականությամբ են նույնն անում: «Իսկ մեզ մոտ ի՞նչ է կատարվում. հէկերը, որ ոսկու երակ են, տրվում են թշնամուն. եթե հայ չի և մեր շահերով չի առաջնորդվում, թշնամի է, ռուս կլինի, թուրք, ամերիկացի: Եթե դու եկամուտ բերող, գործող ձեռնարկությունները հանձնում ես, ակնհայտ ազգադավություն է դա, իսկ մեր պետությունն այդ ճանապարհով է գնում: Ինչ վերաբերում է կոնկրետ այս 20 տոկոսը փոխանցելուն, ապա ճիշտ վերլուծականներ եղան, դրանցից երևում էր, որ պարտքը միայն այդ 20 տոկոսի վրա չէր ծանրացած: Իրականում պարտք չկա ընդհանրապես, այդ պարտքը հնարված է»,- ասաց նա: 

Հետաքրքրվեցինք՝ ինքը չունի՞ արդյոք պատգամավորների մի մասի հնչեցրած մտահոգությունները, որ «Գազպրոմը» կարող է բաժնետոմսերը վաճառել Թուրքիային կամ Ադրբեջանին: Ի պատասխան՝ Հայրիկյանը նշեց, որ դա սարսափելի չէ, որովհետև ամենասարսափելին օտարին տալն է, իսկ թե որ օտարին կտրվի՝ ոչ մի նշանակություն չունի: Ժամանակին, երբ ատոմակայանի մասին էին խոսում, ասել են՝ պարզվում է Թուրքիան էլ է ուզում մասնակցել ատոմակայանի կառուցմանը, ինչին ԱԻՄ առաջնորդի արձագանքը եղել է. «Բայց ի՞նչ կա այդտեղ, եթե Ռուաստանը կարող է մասնակցել. Հայաստանը կործանվել է ռուս-թուրքական պայմանագրով, հիմա մենք ռուսական կողմին բարեկամ ենք համարում, թուրքին՝ չէ: Բայց ինչի՞ ենք մոռանում այդ պայմանագրի մասին, միայն թուրքի մասին ենք հիշում»: 

Անցնող տարվա ամենամեծ կորուստը, ըստ Հայրիկյանի, այն է, որ Հայաստանը փոխեց իր հիմնական կողմնորոշումը և ընտրեց երեք բռնապետների համագործակցությունը, բայց կարծում է, որ դա Հայաստանը չարեց: Այստեղ նա եվրոպացիների դիրքն է տարօրինակ համարում, կարծում է, որ նրանք պիտի Վիլնյուսում ասեին՝ Պուտինի հետ ինչ ես խոսել, դու դեռ կորոշես, հիմա ստորագրիր՝ ինչ որ պայմանավորվել էինք, բայց իրենք էլ իրենց լավ չպահեցին: «Նրանք, ինձ թվում է, պահը բաց թողեցին, Վիլնյուսում պիտի ասեին՝ եկել ես, բարով ես եկել, ինչ որ հայտարարել ես, հենց որ կդառնա միջպետական փաստաթուղթ, մենք կմտածենք ՝ քեզ պահենք, թե ոչ, հիմա եկել ես, ստորագրիր: Դա եվրոպացիների նաև տհասությունն էր, չեմ կարծում, որ իրենք ամեն ինչ մինչև վերջ վերլուծել էին: Եթե մենք Հայաստանում մեծ ցույցեր անեինք, ոչ թե ես դուրս գայի հարյուր հոգով… Գիտեք, չէ՞, ապիկարները գրում են՝ տասը կամ քսան հոգի, բայց նվազագույնը դրոշակակիրների, պաստառակիրների թիվը եղել է 73, հատուկ ասել եմ՝ հաշվեն: Աշխատում են փոքրացնել, բայց ես ասացի. եվրոպացինե՛ր, դուք պիտի արհամարհեք Սերժի հայտարարությունը, դուք պիտի հաշվի նստեք նրա վարած քաղաքականության և բանակցությունների արդյունքի հետ»,- ասաց նա՝ հավելելով, որ մինչև իր ասածը տեղ հասավ, ահագին ուշացավ, սակայն կարծում է՝ այնուամենայնիվ, իրենք՝ եվրոպացիներն էլ ինչ-որ բան սկսել են լսել ու մտածել: 

Անդրադառնալով Հայաստանի հետ Եվրոպայի համագործակցության նոր փուլին եվրոպացիների պատրաստակամությանը՝ Հայրիկյանը նշեց, որ ինքը փորձել է մեր դեմքը փրկել հարցումների միջոցով, սակայն այդ հարցումներն անմիջապես կեղծվել են պալատական խրտվիլակների միջոցով: Այդուհանդերձ, կարևոր մի բան կա, որ անհնար է հաշվի չառնել. ԵՄ դեմ ոչ մի ցույց չի եղել, մինչդեռ ՄՄ դեմ եղել են և քաղաքացիական նախաձեռնությունների և ԱԻՄ առաջնորդի կազմակերպածները, և հայտարարություններ: Դա էլ այնտեղ՝ Եվրոպայում, ուզած-չուզած, պիտի հաշվի առնեն: 

«Մենք՝ որպես ժողովուրդ, մեզ ճիշտ չպահեցինք այս փուլում: Ես էլ եմ մեղավոր, բայց ես գոնե ինձնից կախվածն արեցի: ԵՄ-ն նախկինում արված հայտարարությունների շրջանակներում հեղափոխական որևէ քայլ չի անում: Նման բան կարող է անել Ուկրաինայում դրսևորումների շրջանակում, իսկ այստեղ ընդամենը կարող են արձանագրել, որ՝ այո, «դեմ»-եր էլ կան: Ես գոնե այդ բանն արեցի, դա ապահովեցի»,- ասաց նա:

 

Աղբիւր՝ 1in.am

sdfsdfsdfsdfsdf