Երթ՝ Ամանորի նախօրեին՝ Մաքսայինին դեմ

Category: Հրապարակումներ
Published on 22 December 2013
Print

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը դեկտեմբերի 28-ին երթ է կազմակերպում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հայրիկյանը նշեց, որ երթի թույլտվությունն արդեն կա, ամենայն հավանականությամբ շաբաթվա սկզբից արդեն կսկսեն ազդարարել: «Ի տարբերություն նախորդ միջոցառումների, երբ մենք առանձին էինք անում, հիմա նաև մարդկանց կհրավիրենք: Ամեն մարդ պիտի հասկանա, որ իրենից ինչ-որ բան է կախված, և նվազագույնն այն է, որ և՛ մեր իշխանավորին, և՛ աշխարհին ցույց տա, որ մենք բթամիտ չենք, հասկանում ենք խավարի և լույսի տարբերությունը՝ իր բոլոր անցանկալի դրսևորումներով հանդերձ, հասկանում ենք՝ ինչ է նշանակում Եվրոպա, և ինչ է նշանակում երեք բռնապետների միություն»,- ասաց նա: 

Հայրիկյանի խոսքով՝ Եվրոպական միությունը՝ 27 ազգերի դաշինքը, բացառիկ երևույթ է մարդկության պատմության մեջ. 27 ազգեր, պետություններ համախմբվում են մարդու իրավունքների գաղափարի շուրջ, և երբեմն նույնիսկ այնքան են ուռճացնում մարդու գաղափարը, որ հասնում են անհեթեթությունների, բայց անգամ դա հաղթահարելի է: «Այն, ինչ մենք անհեթեթություն ենք համարում, հաղթահարելի է, բայց անտեսել այդպիսի միության գոյությունը, նրա հետ մերձենալու հնարավորությունը, գլուխները կորցրած կամ իշխանությունների քմահաճույքով հայտնվել երեք բռնապետների դաշինքում, անխոհեմ է»,- ասաց նա: 

ԱԻՄ առաջնորդը նշեց, որ երթի մեկնակետը Ազատության հրապարակն է. ժամը 14:30-ին երթը կմեկնարկի, հետո Մաշտոցի պողոտայով հասնելու են մինչև Խորենացի, ապա Խանջյան, այնտեղից՝ Հանրապետության հրապարակ, ապա՝ Նալբանդյան փողոցով Սայաթ-Նովա, և վերադառնալու են Ազատության հրապարակ: Երթը գլխավորող կոնկրետ անձնավորություն որոշված չէ, ԱԻՄ-ը պարզապես նախաձեռնել է, բայց ազատ են թողնում: Երթին, ըստ Հայրիկյանի, կմասնակցեն բոլոր նրանք, ովքեր հասկանում են՝ ինչ է կատարվում, ովքեր ազատ Հայաստանի կողմնակից են, իսկ ազատ ու անկախ Հայաստանի դաշնակիցը կարող է լինել միայն եվրոպական արժեքային համակարգը:

 

Աղբիւր՝ 1in.am

sdfsdfsdfsdfsdf