Գույք՝ պարտքի դիմաց... ռուսները վաղն էլ Մատենադարանի կամ Օպերայի շենքը կուզեն

Category: Հրապարակումներ
Published on 07 December 2013
Print

Պարոն Պապյան, ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն օրեր առաջ հայտարարեց, թե Հայաստանն Իրանից ավելի մատչելի գնով գազ չի կարող ստանալ, նույնիսկ կոնկրետ թիվ նշեց՝ 1000 խորանարդը՝ 400 դոլարով: Մինդեռ Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմեդ Ռեիսին հայտարարեց, թե Հայաստանն ու Իրանն այս թեմայով բանակցություններ երբեք չեն ունեցել: Այն դեպքում երբ պարզ է, որ Հայաստանն Իրանից չի կարող գազ ստանալ, ի՞նչ նպատակ է հետապնդում այս հայտարարությունը:

- Իրանից գազ ստանալու հնարավորություն չկա: Կա երկու խնդիր՝ Իրան-Հայաստան գազամուղը, գազատարը պատկանում է Ռուսաստանին, հետևաբար այդ գազը չի կարող հասնել Հայաստան: Մյուսն այն է, որ այդ գազի բաշխիչ խողովակային ցանցը նորից «Հայռուսգազարդ»-ինն է, այսինքն «Հայ»-ը էլ չկա՝ «Գազպրոմ»-ինն է: Հիմա ի՞նչ եք կարծում, արդյո՞ք ռուսները թույլ կտան իրենց շուկայում ուրիշ մեկը գա և ավելի էժան գնով գազ տա... դա հնարավոր չէ՝ անկախ նրանից, թե ինչ գնով կտան պարսիկները: Իրանը կարող է էժան տալ, կարող է չտալ, որովհետև Հայաստանի սպառումն իր համար մի մեծ բան չէ, կարող է ուղղակի, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, էժան տալ, բայց խնդիրն այն է, որ սպառողին դա հասնել չի կարող:

- Իսկ իրանական կողմն այդ ամենը չի՞ հասկանում, որ արդեն երկրորդ անգամ դեսպանի մակարդակով նման հայտարարություն է հնչում: Ի՞նչ ենթատեքստ եք տեսնում, ինչո՞ւ է հիմա Իրանն այդ մասին խոսում:

- Այստեղ հարցն այն է, որ պարբերաբար հնչում է հայկական կողմի տեսակետը, որ Իրանը գազը տալիս է ավելի թանկ գնով: Ստացվում է, որ Իրանը մեղավոր է: Իրանն էլ ասում է, որ եղբայր, մենք պատրաստ ենք ավելի էժան գնով տալու, իսկ դուք պատրա՞ստ եք առնելու: Դեսպանը հասկանում է, որ Հայաստանը չի կարող առնել, բայց ասում է, որ պատրաստ է: Խոսքն այստեղ մեղավորութան և պատասխանատվության մասին է գնում, պարզապես նպատակն է ցույց տալ, որ մեղավոր չէ:

- Լավ, առհասարակ ինչպե՞ս եք գնահատում «Հայռուսգազարդ»-ին պատկանող 20 տոկոս բաժնեմասի վաճառելը «Գազպրոմ»-ին։ Նախարարը մեկնաբանում է, թե սա պարտքի դիմաց է տրվում, այսինքն՝ հերթական գո՞ւյքն է պարտքի դիմաց:

- Պարբերաբար գույք է տրվում պարտքի դիմաց, բայց ամենաանընդունելին ու ցավալին այն է, որ ոչ ոք չի կարող իմանալ որ պարտքի դիմաց: Նախարարաներից շատ շատերն ընդհանրապես տեղյակ չեն, մեկն ասում է 150 միլիոն է, մյուսը, թե՝ 300 միլիոն: Սա խիստ աընդունելի ոճ է, որովհետև դա մերն է... Այն, ինչ որ տվեցին Հայաստանի իշխանությունները Ռուսաստանին, այսինքն այդ 20 տոկոսը՝ դա Հայաստանի իշխանություններինը չէ, դա քաղաքացիների սեփականությունն է: Պետք է իմանանք՝ այդ պարտքն ինչից է կուտակվել, մեզ որևէ պարզաբանություն չի տրվել։ Եթե այդպես լինի, ռուսները պարբերաբար կասեն, որ գազի գինը բարձրացնում են և պարբերաբար ինչ-որ բաներ կուզեն, վաղը կարող է ասեն՝ Օպերայի կամ Մատենադարանի շենքը տվեք: Բայց եթե այդպես է, ուրեմն այս 20 տարվա մեջ պետք է ստեղծեինք այլընտրանքային աղբյուրներ նույն ատոմակայանի խնդրով:

Այսօր փաստորեն ռուսները և՛ էներգետիկ, և՛ գազային համակարգի սեփականատեր են, այսինքն գազի այլընտրանքը էլեկտրաէներգիան է, այսինքն եթե մենք գազն էինք ծախում, էլեկտրականությունը գոնե չպետք է վաճառեինք և հակառակը: Իսկ մենք, այսպես ասած, բոլոր ձվերը դրեցինք նույն զամբյուղի մեջ և այսօր մենք ստանում ենք դրա պատասխանը: Եվ ավելի վատ է լինելու, ռուսները առևտրի համաշխարհային կազմակերպությանը խոստացել են (դա պարտավորություն է) մինչև 2020 թվականը՝ ամենաուշը, ազատականացնել, այսինքն, որ կոչվում է «ներքին ռուսական գներ»՝ դա չի լինելու, հիմա էլ պարզ չէ, թե դա ինչ է, բայց դա չի լինելու՝ հստակ: Հետևաբար մենք ոչինչ չենք շահելու, իսկ եթե անգամ շահելու ենք ինչ-որ մի բան, դա լինելու է մի քանի տարվա համար միայն:

 

Աղբիւր՝ 1in.am

sdfsdfsdfsdfsdf