Հայաստանում ԿԳԲ-ի ցանցը բացահայտված է. Պարույր Հայրիկյան

Category: Հրապարակումներ
Published on 29 November 2013
Print

Հորդառատ անձևի ներքո Ազատության հրապարակում շարունակվեց Պարույր Հայրիկյանի հրավիրած հանրահավաքը, որն ուղղված էր Մաքսային միության դեմ: Ոստիկանության կողմից առգրավված ցուցապաստառները բերվեցին Ազատության հրապարակ, և հանրահավաքը սկսվեց ՀՀ օրհներգի փոփոխված տեքստով:

Պարույր Հայրիկյանը նախ ամփոփեց Վիլնյուսի գագաթաժողովը, որտեղ Հայաստանը վերջնականապես կայացրեց իր որոշումը` չստորագրելով ԵՄ հետ ասոցացման պայմանագիր և ընտրելով Մաքսային միությանը ինտեգրվելը: Հայրիկյանը նշեց, որ այսօր կայացվել է բոլոր առումներով խայտառակ ընտրություն: «Նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը այսօր վերջնականապես հրաժարվեց հայ ժողովրդի առաջընթացի հնարավորությունից` շարժվելով դեպի Մոսկվա և Սիբիր: Փաստեցինք մեկ բան, որ ռուսական ԿԳԲ-ի ցանցը լիարժեք գործում է Հայաստանում, և արդեն սկսվում է լյուստրացիան»,- ասաց նա:

Հայրիկյանը համեմատություններ անցկացրեց ԵՄ-ի և ՄՄ-ի միջև` ներկայացնելով այն առավելությունները, որ կունենար Հայաստանը ԵՄ-ին ինտեգրվելու դեպքում: Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունները ընտրությունը` ինտեգրվել դեռ գոյություն չունեցող Մաքսային միությանը, ոչ միայն դավաճանություն է, այլեւ խելագարություն ու ստորաքարշություն: Հայրիկյանը նշեց, որ բոլոր երեք նախագահներն էլ չեն կարողացել ճիշտ կառավարել երկիրը: Ըստ նրա`  Լևոն Տեր-Պետրոսյանը դեմ էր երկրի անկախությանը, Ռոբերտ Քոչարյանը վաճառեց երկրի գույքը պարտքի դիմաց, իսկ Սերժ Սարգսյանը խոր հիասթափության է հասցրել հայ ժողովրդին` կատարելով խայտառակ ընտրություն:

«Մեր սերունդները ապագայում չեն ասի, թե` այ հայրեր, այս ի՞նչ ընտրություն եք կատարել դուք, թողել եք քսանյոթ քաղաքակիրթ երկրների համագործակցությունը և ընտրել եք երեք դիկտատորիկների հավակնությունները»,- ասաց Պարույր Հայրիկյանը: Նա վերջում հավելեց, որ հաջորդ հանրահավաքը նախատեսված է մեկ շաբաթից, թեեւ քաղաքապետարանը դեռ հստակ չի պատասխանել, թե որ օրն է հնարավոր անցկացնել հանրահավաքը:

 

Աղբիւր՝ Yerkir.am

sdfsdfsdfsdfsdf