Վիլնյուս կամ հրաժարական

Category: Հրապարակումներ
Published on 26 November 2013
Print

«Վիլնյուս կամ հրաժարական» կարգախոսով ու պաստառներով այսօրվանից ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը եռօրյա նստացույց կանցկացնի նախագահական նստավայրի մոտ: Նստացույցը կանցվկացվի օրվա աշխատանքային ժամերին: Նախքան նստացույցն սկսելը Պարույր Հայրիկյանն ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ հայտարարեց՝ քանի որ Հայաստանի բնակչության ընդամենը 23 տոկոսն է կողմ Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալուն, ապա Սերժ Սարգսյանը պետք է գնա Վիլնյուս և ստորագրի ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը: Հակառակ դեպքում, Հայրիկյանի խոսքով, Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա:

«Եթե Սերժ Սարգսյանն անձամբ չգնա Վիլնյուս և չստորագրի Ասացացման համաձայնագիրը, մեզ բոլորիս և առաջին հերթին ինքն իրեն, կկանգնեցնի անհեթեթ իրավիճակի առաջ: Հայաստանը պարտավոր է իր՝ տարիներ շարունակ կատարած հայտարարությունների համաձայն այսօր մեկնել Վիլնյուս և ստորագրել Ասոցացման համաձայնագիրը»,- ասաց Հայրիկյանը: Նա հարցադրում արեց, թե ինչպե՞ս կարելի է ընտրության հնարավորություն ունենալով հանդերձ, երբ մի կողմում 27 ժողովրդավար երկրներից բաղկացած դաշինքն է, իսկ մյուս կողմում դեռևս զրոյական վիճակում գտնվող երեք բռնապետերի միությունը, ընտրել բռնապետությունը: «Ինչպե՞ս պատահեց, որ Հայաստանն ընտրեց դա: Մեր ժողովուրդն արդեն մեկ անգամ «ոչ» է ասել ԽՍՀՄ-ներին և ՄՄ-ներին»,- նշեց նա:

Պարույր Հայրիկյանը նշեց, որ նախագահական նստավայրի մոտ նոյեմբերի 29-ին կայանալիք հանրահավաքի նպատակն այն է, որ այն մարդիկ, ովքեր տանն ու գրասենյակներում նստած են, բայց դեմ են Մաքսային միությանն ու չեն արտահայտվում, դուրս գան փողոց ու հնարավորություն ունենան անձամբ արտահայտել իրենց կարծիքը: «Հիմա մենք պարզել ենք, որ Հայաստանի բնակչության 77 տոկոսը կամ դեմ է Մաքսային միությանը, կամ չի կողմնորոշվել: Նրանք հնարավորություն կստանան իրենց անձնական մասնակցությամբ ցույց տալ, որ մենք ստրկամիտ, ծախված, փչացած ժողովուրդ չենք: Հայաստանում մեկ իշխանություն ու մեկ իշխանավոր կա, ինչպես բոլոր ստրկատիրական երկրներում: Ուկրաինայում Յանուկովիչի կողմնակիցների մի մասը հրաժարվեցին նրանից, բայց Հայաստանում դա տեղի չունեցավ»,- ընդգծեց Պարույր Հայրիկյանը:

Նա կրկնեց, որ Սերժ Սարգսյանը Վիլնյուսի գագաթնաժողովում պետք է ասի՝ եկել եմ ստորագրեմ, բերեք ի՞նչ եմ ստորագրում: Այդ ժամանակ, Հայրիկյանի խոսքով, կլինենք շահեկան վիճակում: Պարույր Հայրիկյանը նաև անդրադարձավ Ուկրաինայի ժողովրդի բուռն արձագանքին, բողոքի ակցիաներին՝ նշելով, որ Ուկրաինայի ժողովուրդը նախապատրաստված էր, իսկ Հայաստանը հայտնվեց շոկային վիճակում: Ըստ Հայրիկյանի՝ Հայաստանում հանկարծակի կարծես արևի խավարում տեղի ունեցավ, և մարդիկ համատարած փողոց դուրս չեկան, քանի որ ամեն մեկը մտածեց՝ երևի ինքը ինչ-որ բան լավ չի հասկանում: «Բացի այդ, մեջ ընկան Լևոն Տեր-Պետրոսյանի նման դավաճանները, որոնք ասացին, որ Մոսկվայի պայամանագիրը չպետք է չեղյալ համարվի: Այսինքն՝ առաջին նախագահն ասում է, որ սա տնտեսական հարց է, և չպետք է Հայաստանի անկախությունը հանձնելու պայմանագիրը չեղյալ համարվի»,- ասաց նա:

Հայրիկյանի խոսքով՝ ՄՄ-ն հակասում է Հայաստանի Սահմանադրությանը: Նա նշեց, որ ամենևին էլ Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորը չէ: Հայատսանում գործող ռուսական ռազմաբազան Պարույր Հայրիկյանը «ձրիակեր» անվանեց: «Ձեզնից մեկն ու մեկը կասկածո՞ւմ է, որ ունենք պորտաբույծ բազա, ձրիակերներ, մեր հաշվին ապրող: Մենք ռուսական բազային գումար ենք վճարում, բայց դուք գոնե մեկ անգամ լսե՞լ եք ռուսական կողմից հայտարարություն, որ Հայաստանի վրա կրակոցները Հայաստանին վտանգ են սպառնում, և մենք այստեղ ենք, որ վտանգ չսպառնա: Հայաստանի անվտանգության հետ նրանք կապ չունեն, պորտաբույծներ են: Կամ պետք է ռուսական ռազմաբազան գործի պայմանագրի սահմաններում, կամ պետք է վերջ տան մեր հարկատուների հաշվին սնվել: Լևոն Տեր-Պետրոսյանի նման դավաճանը, դավաճան, ով Մաքսային միության մասին դիրքորոշում չի հայտնում ու ասում է, որ դա տնտեսական հարց է, այդպիսի պայմանագիր կնքեց: Մաքսային միության կողմնակիցների լեզվով ասած՝ ռուսական ռազմաբազայում դարմաիդներ են»,- նշեց Հայրիկյանը:

Ինչ վերաբերում է այս հարցի շուրջ տարբեր կուսակցությունների դիրքորոշմանը, ապա Պարույր Հայրիկյանն ասաց, որ միայն Ազատ դեմոկրատներ կուսակցությունն է հստակ հայտարարել, թե դեմ է Մաքսային միությանը: Ըստ նրա՝ դեմ լինելու մասին իր անդամների միջոցով վախվորած հայտարարություններ է արել Ժառանգություն կուսակցությունը: «Իրենց անհասկանլի են պահում, այսպես կոչված, ՀԱԿ-ը և մյուս կուսակցությունները: Դաշնակցությունը երեկվա կոմսոմոլիկների կուսկացություն է, չնայած այնտեղ մի քանի լավ անհատներ կան: Ոչ մի ՀՀԿ-ական չասաց, որ դեմ է Մաքսային միությանը, այդտեղ կուսակցություն չկա, միայն Սերժ Սարգսյանն է»,- ընդգծեց նա:

 

Աղբիւր՝ lragir.am

sdfsdfsdfsdfsdf