Պարույր Հայրիկյանն առաջարկում է 2 տարին մեկ անցկացնել ընտրությունները՝ քաղաքական չարչիներին ասպարեզից հանելու համար

Category: Հարցազրիւյցներ
Published on 22 April 2014
Print

«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ, նախկինում՝ ՀՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Պարույր Հայրիկյանը, Tert.am-ի հետ զրույցում ներկայացրեց մաթեմատիկական բանաձևի հաշվարկներով արված բացարձակ ժողովրդավարության «իր համակարգը», որը ենթադրում է համապետական ընտրություններ 2-3 տարի հաճախականությամբ, վարչապետի ու ԱԺ նախագահի ընտրություն և այլն: «Ես գտել եմ դրա բանալին, տվել եմ իրենց, հիմա եթե չեն ընդունում՝ կա՛մ իրենք հիմա հետին նկատառումներ ունեն, կա՛մ էլ՝ սահմանափակ մտավոր ունակություններ»,- մեկնաբանեց ԱԻՄ առաջնորդը:


- Պարո՛ն Հայրիկյան, հայտարարվեց, որ սահմանադրական բարեփոխումների աշխատանքային խումբը պատրաստ է առաջարկներ լսել, քննարկել: Ինքներդ պատրաստվո՞ւմ եք առաջարկներ անել, և եթե այո, ապա Ձեր առաջարկները մայր օրենքի ո՞ր ոլորտի իրավակարգավորումներին են վերաբերելու:


- Ես ի սկզբանե, մինչև իրենց աշխատանքների սկսելը ներկայացրել եմ, անհատապես Սահմանադրական դատարանի բոլոր անդամներին և Գագիկ Հարությունին, տվել եմ «Բացարձակ ժողովրդավարություն» ամփոփ գիրքը, որում ես հայտարարի եմ բերում մինչ այդ գրածս բազմաթիվ հոդվածների և գրքերի նյութերը: Այսինքն` դա իմ աշխատանքների ամփոփիչ հանրագումարային տարբերակն է, որում առաջնային քաղաքացու իրավունքն է: Այսինքն՝ էդտեղ տրված է, թե ուզում ենք ժողովրավարական երկիր ունենալ, ինչպիսին պիտի լինի երկրի կառուցվածքը՝ բանաձևի օգնությամբ: Այսինքն՝ այստեղ ոչ թե իմ նախասիրություններն են կամ իմ ցանկությունները, էնտեղ գրված է՝ « մաթեմատիկական ճանապարհով քաղաքացիները իրավահավասար են», այդ իրավահավասարությունը և քաղաքացու իրավունքներն ապահովելու համար պետք է ժողովրդավարությունն աճի: Աճի մինչև բացարձակ նիշ՝ 100 տոկոսի սահմանը: Ո՞րն է այդ սահմանը, ինչ ճանապարհով կարելի է հասնել, ամեն ինչ ներկայացված է: Մասնավորապես, որևէ քաղաքացու ձայն ընտրություններում, ընտրական համակարգի որևէ անկատարության պատճառով չպետք է կորի: Աշխարհում այսօր չկա այնպիսի ընտրական համակարգ, նույնիսկ՝ ռեյտինգային համամասնականը, որն ամբողջությամբ ապահովի քաղաքացիների՝ տեսականորեն և անառարկելիորեն, ներկայացվածությունը քաղաքացիների Ներկայացուցչական մարմնում:

Ես գտել եմ դրա բանալին, տվել եմ իրենց. կա՛մ իրենք հիմա հետին նկատառումներ ունեն, կա…մ էլ՝ սահմանափակ մտավոր ունակություններ:


- Այդ բանալին, որքանով ես եմ տեղյակ, այն է, որ յուրաքանչյուր պատգամավոր քվեարկի ոչ թե որպես մեկ անձ, այլ այնքան ձայնով, որքան ստացել է ընտրություններին: Այսինքն՝ եթե 5444 ձայն է ստացել, այդքան ձայնով, եթե 3220, այդքան՝ և ըստ այդմ էլ կընդունվեն որոշումները, ոչ թե առկա մեծամասնության որոշիչ 66 ձայներով: 


- Դա է, բայց դրանից առաջ շատ ավելի կարևոր է, որ այնպիսի համակարգ ընտրվի, դա կարող է լինել բազմամանդատ մեծամասնական կամ բազմամանդատ համամասնական, որ ընտրությանը մասնակցած որևէ քաղաքացու ձայն դուրս չմնա: Նախևառաջ դա պետք է երաշխավորել: Իսկ դա շատ հեշտ ու հասարակ մատուցել եմ, այնքան հասարակ, որ առարկելու որևէ բան չկա, ամբողջ աշխարհում բազմաթիվ մասնագետներ, որ նայել են, ինձ արձագանքել են, որևէ մեկը չի առարկել:


- Բայց դա, այնուամենայնիվ, ո՞ր համակարգն է:


- Դա իմ համակարգն է, որը ես վերցրել եմ բաժնետիրական ընկերությունների գործելաոճից: Երկու խոսքով ներկայացնեմ. ենթադրենք՝ Հայաստանն այսօր ունի 40 ընտրատարածք և Հայաստանում տրամադրված են պահպանել մեծամասնականը: Էդ 40 ընտրատարածքներում, քանի որ Սահմանադրությամբ որոշված է, որ պիտի լինի 131 պատգամավոր, այդ մեծամասնական ընտրակարգը գործում է ողջ Հայաստանով մեկ, Հայաստանը բաժանվում է 40 ընտրատարածքների, ամեն տարածքում լինում է 3-4 պատգամավոր; Ինչո՞ւ, որովհետև կա 131 թիվը, այսինքն՝ քանի որ 3x40 120 է, ապա պետք է լինի 4-ական պատգամավոր մի քանի ընտրատարածաքներում, որպեսզի լրացվի, դառնա՝ 131: Տարածքներն էլ պետք է այնպես բաժանվեն, որ ամեն մի տարածքի քաղաքացու վրա բաժանված ընտրողների քանակը լինի հավասար: Այսինքն՝ եթե տարածքից 3 պատգամավոր է ընտրվում, այդտեղ պիտի լինի օրինակ՝ 30 000 մարդ, եթե 4 հոգի՝ 40 000 մարդ: Հայաստանի ընտրատարածքները համարվում են առանձին միավորներ, ամեն մեկից ընտրվում է 3-4 հոգի, ի՞նչ է կատարվում. քաղաքացները գնացին ընտրության, կա 5 թեկնածու, իրենք ընտրելու են 3-ին: 3-ը ստացան 7000-ական ձայն և անցան, իսկ այն 2-ը ստացան 4000-ական ձայն ու դուրս մնացին: Մեկ շաբաթվա ընթացքում, նրանց, ովքեր չեն անցել, իրավունք է տրվում հայտարարել, թե ում են փոխանցում իրենց ձայները: Եվ փոխանցում են` պայմանավորվելով, որ օրինակ՝ մեկը պայմանավորվում է, ասում է՝«տես քեզ էսքան ձայն եմ տալիս, քո օգնականը պիտի լինեմ, բայց դու էլ պիտի իրականացնես այն ծրագրերը, որոնք ես խոստացել եմ իմ ընտրողներին»: Պառլամենտ մտնում են 3-ը, բայց նրանցից մեկը ունենում է 7000 ձայն , մյուս երկուսը 11 000-ական ձայն. 7 000 իրենցը, 4000 էլ ստացել են չանցած պատգամավորից:


-Լավ, ո՞վ է լինելու պետության գլուխը:


-Պետության գլուխ չկա, ավելորդ որևէ կառույց պետությունում չկա: Գործադիրը վարչապետը առանձին է ընտրվում, Ազգային ժողովը՝ առանձին: Եվ դատարանում էլ 2-րդ ատյանի դատավորներն ընտրվում են առաջին ատյանից, երբ առաջին ատյանի դատավորները համարվում են թեկնածուներ և 2-րդ ու վերադաս ատյանի դատավորներն ընտրվում են այդ թեկնածուներից՝ քաղաքացիների օգնությամբ:


- ԱԺ նախագահը և վարչապետը որտեղի՞ց և ում կողմից են ընտրվում:


-Ժողովուրդն է ընտրում բոլորին, վարչապետ ժողովուրդն ընտրում է առաջադրված թեկնածուներից՝ նախագահի փոխարեն, ինչպես նախագահի ընտրության դեպքում. 2-3 տարին մեկ Հայաստանում ընտրություններ են լինում և ընտրվում է երկրի վարչապետ:


-Ի դեպ, 2-3 տարի. մեծ ռեսուրսներ չի՞ պահանջում երկրից ու մեծ ջանքեր:


-Եթե ժողովրդավարությունը բարձր արժեք է, ապա դրա համար քաղաքացին և պետությունը ռեսուրսներ պետք է տրամադրեն: Հայրենիքի պաշտպանությունը կարևոր է չէ՞, դա համար գումար հատկացվում է, չէ՞: Ժողովրդի իշխանությունը կարևո՞ր է… մի քիչ էլ այդտեղ պետք է գումար հատկացնենք:


-Բայց չէ, որ ամեն անգամ երկիրն ընտրություններից հետո ցնցումների մեջ է ընկնում:


-Ցնցումների մեջ ենք ընկնում, որովհետև ընտրությունները ընտրություններ չեն: Ամերիկան 317 միլիոն բնակիչ ունի, 2 տարին մեկ ընտրություն է անում, ոչ ոք չի էլ զգում, որ ընտրություն եղավ, հանգիստ, համարում են, որ դա բնականոն կյանքի մի մասն է: Էդ ավազակներն են ցնցումներով մեզ վախեցնում, որ իրենք որպես ավազակ մնան: Եվ հետո, թե հակառակ տրամաբանությամբ գնանք, ուրեմն պետք է 15 տարին մեկ ընտրություն անել:


- Իսկ 2-3 տարին մեկ ընտրվելու պարագան, Ձեր կարծիքով՝ ի՞նչ կտա, արդյոք կբացառի գործադիր և օրենսդիր մարմիններ այն անձանց մուտքը, որոնք ուզում են թալանել և հարստանալ, և այդ նպատակով՝ ընտրությունները կեղծում են: Ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը կնվազեցնի՞:


-Ընդհանրապես, օլիգարխների կամ պետական համակարգում ու որպես պատգամավոր աշխատելու իրավունք չունեցողներին պետք է օրենքով հետ պահես էդ գայթակղությունից: Օրենքը ասում է, որ պատգամավորը որևէ այլ գործով չպիտի զբաղվի, նույնը՝ կառավարության անդամը: Բայց, իհարկե, եթե մարդիկ ուզում են գումար տալով ուզում են դառնալ իշխանավոր, և եթե 2 տարի հետո նորից պիտի տան, նորից պիտի տան, աստիճանաբար դա դառնում է անիմաստ:


- Վերջին հարցը՝ պատգամավորության թեկնածուների և ընտրված պատգամավորի միջև օրինական պայմանավորվածությունների վերաբերյալ: Որ քիչ ստացածներն իրենց ձայները տալիս են, և այլն: Այստեղ կոռուպցիոն վտանգներ չեք տեսնու՞մ, որ բազմաթիվ թեկնածուներ կառաջադրվեն, ֆիկտիվ, հետո իրենց ձայները կտան «ընտրված» պատգամավորին: Այսինքն՝ նորից այդ ծանոթ հայկական պատմությունը:


-Ուրեմն՝ ընտրությունների ժամանակ միշտ կան էդպիսի հարցեր, էլի կլինեն: Բայց շատ կարևոր է, որ ընտրությունների հաճախականությունը թույլ է տալիս մարդկանց հասկանալ՝ ով է քաղաքական գործիչը, ով է՝ չարչին քաղաքականության մեջ: Մենք չենք կարող չարչիներին ընդհանրապես արգելել քաղաքական գործունեությամբ զբաղվել: Հիշե՛ք, ժամանակին «Շամիրամ» կուսակցություն էր ստեղծվել, չարչիություն էր՝ իշխանական լծակները գործադրելով, հիմա փողով են կուսակցություն ստեղծում: Բայց, երբ ընտրությունները հաճախակի են դառնում, նրանք, ովքեր հետին նկատառումներով մտնում են պետության կյանք, առանձին քաղաքացները սկսում են հասկանալ՝ ինչո՞վ է 2 տարվա մեջ նրա կատարածն օգնել իրենց; Ասում են՝ «սա չէր, որ 2 տարի առաջ եկավ , խոստացավ, որ պիտի պայքարի Եվրոպական միությանը մերձենալու օգտին, բայց ընտրվելուց հետո մեր ձայները, իմ ձայները տվեց էն մարդուն, ով կողմ է Չինաստանի հետ մերձենալուն»: Սա ստախոս է և սրան այլևս ձայն չեմ տա:

 

Աղբիւր՝ Tert.am

sdfsdfsdfsdfsdf