"Դեմ"-ով մի' սահմանափակվեք, ջահելնե'ր. Պարույր Հայրիկյան

Category: Հարցազրիւյցներ
Published on 05 December 2013
Print

Պուտինի այցելությունը միջպետական այցելություն էր, եւ ինքնին այցելությունը ոչինչ չի որոշում. Միջպետական այցերը պետք են, միջպետական հարաբերությունները կարեւոր են.Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

- Դուք ինչպե՞ս էիք վերաբերվում այցին:

-Որքան տեղյակ եմ, այդ օրվա ցույցերը կապ չունեին Պուտինի այցի հետ, այլ ուղղված էին դեկտեմբերի 2-ին Հայաստանը ստորացնող պայմանագրերի հետ' մեկը` խաբեցին, իսկ մյուսը` պարտադրեցին. Ալեքսանդրապոլը պարտադրեցին, որ պետք է ստորագրել, որը ստորացուցիչ պայմանագիր է, չնայած, ըստ էության, դա վավերացված պայմանագիր չէր: Մյուսը` դա իշխանությունը բոլշեւիկներին հանձնելու պայմանագիրն էր, որի դեպքում բոլշեւիկներն իրենց պահեցին բոլշեւիկավարի: Այնպես որ` երիտասարդները` մեր երիտասարդները, այդ միջոցառումներն անելիս ամենեւին էլ նկատի չունեին Պուտինի այցելությունը: Այսինքն` ամեն դեպքում նրանք դա անելու էին դեկտեմբերի 2-ին:

-Բայց բողոքի ցույցերը նաեւ Պուտինի այցով էին պայմանավորված, որոշակի մեսիջներ էին ուզում տեղ հասցնել Վլադիմիր Պուտինին կամ ռուսական կողմին...

-Անկախ իր այցելությունից` Պուտինի վերաբերյալ պաստառներ եղել են նաեւ մեր, ինչպես ասում են, անակնկալ միջոցառումների ժամանակ` ե'ւ նախագահի նստավայրի դիմաց, ե'ւ մյուսների:Պուտինին հասցեագրված պաստառներ եղել են բոլոր դեպքերում, այնպես որ` սա չպետք է մասնավորեցնել, թե հենց Պուտինի դեմ էր:

-Իսկ կարո՞ղ ենք դա որակել որպես ակցիաներ պրոռուսականության դեմ:

-Մաքսային միության դեմ էր, այո', որը կարելի է նաեւ հակառուսիմպերիալիստական, հակակայսերապաշտական:

-Դուք միշտ հանդես եք եկել հակակայսերապաշտական, ինչպես Դուք եք ասում' հակառուսաիմպերիալիստական դիրքորոշումներով...

-Այո', այո', Հայաստանի անկախության պայքարն ուղղված էր բոլշեւիկյան բռնապետության' ռուս-բոլշեւիկյան բռնապետության դեմ:

-Պուտինի այցի ժամանակ Մաքսային միություն մտնելու երեւույթի դեմ բողոքի ցույցեր էին ընթանում, Դուք այդ օրն ի՞նչ էիք  անում, որեւէ ցույցի մասնակցե՞լ եք:

-Իմ մարդիկ մասնակցել են:

-Անձամբ չե՞ք մասնակցել

-Ես էլ եմ մասնակցել` իմ ձեւով, բայց ոչ թե Պուտինի դեմ:

-Մաքսային միությանն անդամակցելու որոշման դե՞մ...

-Մաքսային միությանն անդամակցելու դեմ պայքարը տեւական գործ է. Մենք սկսել ենք ամսի 3-ից, երբ սեպտեմբերի 3-ին ազդարարվեց, մենք դրա դեմ հետեւողական պայքարում ենք ե'ւ ցույցերով, ե'ւ թռուցիկներով, ե'ւ ասուլիսներով, ե'ւ հրապարակումներով, ներառյալ` ֆեյսբուքյան, համացանցային հրապարակումները:

-Կարելի՞ է իմանալ, թե կոնկրետ դեկտեմբերի 2-ին ինչո՞վ  էիք զբաղված, ի՞նչ էիք անում ՄՄ-ին անդամակցության դեմ պայքարի գործընթացներում:

-Ինչո՞ւ պետք է ես այդ օրը մյուսներից առանձնացնեմ: Պայքարը դեռ չի ավարտվել: Այդ օրը ո'չ առաջին օրն էր, ո'չ էլ եզրափակիչ օրը: Մենք մշտապես այդ գործի մեջ ենք:

-Այդ օրը Ձեզ համար առանձնահատուկ նշանակություն չունե՞ր, ես ճի՞շտ հասկացա Ձեզ:

-Այո', այդ օրն ինձ համար չէր առանձնանում, որ հատուկ մի բան անեի: Այդ օրն արել ենք այն, ինչ որ արել ենք երեկ, երեկ չէ առաջին օրը, այսօր, ես իմ մասով եմ ասում, եւ ինչ պիտի անենք վաղը: Այդ օրն, իհարկե, հիշում ենք, թե ինչ օր է: Ես այդ օրը խորհուրդներ եմ տվել նրանց, ովքեր դրա կարիքը զգացել են, այդ օրը որոշակի հանձնարարականներ եմ տվել, որ «դեմ»-ով մի' սահմանափակվեք, ջահելնե'ր, պետք է խոսել նաեւ նրա մասին, թե ինչին ես կողմ, եւ նվազագույնը ազատ ու անկախ Հայաստանի ելակետով պետք է խոսել ինչ-որ բանի դեմ խոսելիս:

Զրույցի վերջում, անդրադառնալով հարցին, թե իր նշած  հետեւողական ու լուրջ պայքարի ելնելու պարագայում առաջիկայում ինչ-որ լուրջ գործողություններ սպասվո՞ւմ են իր կողմից, Պարույր Հայրիկյանը հիշեցրեց  նոյեմբերի 29-ին կայացած հանրահավաքը, որը, նրա դիտարկմամբ, չնայած եղանակային անհաջող պայմաններին, կայացավ, եւ ինքն այնտեղ ներկայացրեց դիրքորոշումները: Հաջորդ հանրահավաքը կլինի վաղը չէ մյուս օրը, տեղեկացրեց մեր զրուցակիցը, իսկ այս ընթացքում տարածվում է գրականություն, տեղի են ունենում մամլո ասուլիսներ եւ այլն:

 

Գևորգ ԱՎՉՅԱՆ

sdfsdfsdfsdfsdf