«Եթե մեկ ուրիշը կարող է ինքնահրկիզվել չեխ ազգային հերոս Պալահի օրինակով, դա արդեն իր տակտիկան է…՚»

Category: Հարցազրիւյցներ
Published on 11 November 2013
Print

Forums.am- զրուցակիցն է  ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

-Պարոն Հայրիկյան, վերջին օրերին սկսել եք քաղաքացիական ակտիվություն  դրսեւորել: Նախ, ինչո՞վ է դա պայմանավորված, եւ երկրորդ՝  հեռու չգտնվելով պայքարի թեժ գոտիներից,  ինչպես կգնահատեիք ՀՀ-ի ներքաղաքական իրավիճակը: 

-Խոսելով որևէ երկրի ներքաղաքական վիճակից, ի սկզբանե նշեմ, որ ես  ինձ համար հստակ պատկերացում ունեմ. պետք է նշեմ, որ  երկրի թե՛ արտաքին,  և թե՛ ներքին քաղաքականությունը  սերտորեն կապված է,  ավելին` դրանք միմյանց արտացոլումն են: Իսկ քաղաքական վիճակը ինձ համար խիստ մտահոգիչ է:

-Ձեր կարծիքով, ինչի՞ հետեւանք էր օրեր առաջ Ազատության հրապարակում տեղի ունեցածը:  Պայքարի այդ տեսակով ինչի էր փորձում հասնել Շանթ Հարությունյանը:   

-Ընդհանրապես անառողջ է լռությունը:  Անառողջ է քաղաքացիների մոտ գործնականության պակասը, երբ քաղաքացին տեսնում է անարդարությունը  և դրա դեմ ընդվզում է:   Նույնիսկ, եթե քաղաքացին  սխալ է ու  նրա ընդվզումը չի ուղեկցվում մարդկային արժանապատվությունը վիրավորող կամ քրեական դրսևորումներով, ապա դա միայն կարող է ողջունելի լինել: Սակայն  վտանգավոր է ամեն ինչի նկատմամբ քաղաքացիների անտարբերությունը:
Ընդհանուր առմամաբ ես դրանք ողջունելի եմ համարում: Բայց  կան բաներ, որ երբեք չեմ արել, չեմ անում ու, երևի թե  չեմ  էլ անի:

-Այսինքն դուք չէիք անի այն, ինչ արեց  Շանթ Հարությունյանը, բայց եւ դեմ չեք   խնդիրների մասին բարձրաձայնելուց, ճիշտ հասկացա՞:

-Հեղափոխությունը` եղածը փոխելու ցանկությունն է, որի համար  տարբեր ճանապարհներ կան: Ավելի շատ ընդունված է, որ հեղափոխությունը պետք է կատարել բռնությամբ: Որպես  հայ քրիստոնյա մարդ, ես դրան սկզբունքուրեն  դեմ եմ եղել:  Մեր գաղափարախոսության մեջ էլ ամրագրված է, որ չար ծառը բարի պտուղ չի տա և ես էլ բռնի կերպով հեղափոխությունը չեմ ընդունում: Ինչ վերաբերվում է Շանթ Հարությունյանին, ապա դեպքի մասին տեղեկատվությունը խիստ հակասական  է. սկսած նրանից, որ Շանթ Հարությունյանը խաղաղ երթ է ցանկացել անցկացնել, վերջացրած նրանով, որ ինչ-որ սադրիչներ հենց սկզբից փոխել են նրա բուն նպատակն ու ուղղվածությունը: Աշխարհում ընդունված է, որ հանուն ազատության և արդարության մարդկանց իրավունք է տրված նաև բռնի ուժ կիրառել, բայց ես երբեք դրանով չեմ առաջնորդվել: Նույնիսկ այնպիսի կարևոր հարցում, ինչպիսին պետականության ընդունումն էր,  երբ ես և ընկերներս որդեգրեցինք անկախություն հանրաքվեի ճանապարհը:

-Իսկ Ազատտության հրապարկում տեղի ունեցած հայտնի միջադեպերի, եւ դրան ուղեկցող  ակցիաների ժամանակ ընդհանրապես,  ինչպե՞ս կգնահատեիք  ոստիկանների դրսևորած  վարքն ու գործունեությունը:

-Ընհանրապես ոստիկանը պետք է իր պարտականությունը կատարի, ինչն էլ որ ըստ էության արվել է այդ  օրերին, այսինքն, երբ  տեսնում է, որ վտանգ է սպառնում  իրեն և քաղաքացիներին, նա  պետք է գործնականորեն միջամտի և նույնիսկ  կարողանա հակադարձել բռնության դրսևորումներին: Շանթի հետ կապված որևէ բան ասել չեմ կարող, ինձ հասած ինֆորմացիան հակասական է, ընդհուպ մինչև այն, որ ձերբակալությունից հետո Շանթ Հարությունյանի հանդեպ բռնություն է կիրառվել: Մեկն ասում է կիրառվել է, ուրիշները գնալով, տեսնելով նրան ասում են, նման բան չկա և նրա արժանապատվությունը ոտնահարող ոչինչ  չի եղել:

-Ամեն դեպքում, Շանթ Հարությունյանի այս ըմբոստացումները ինչի հետևանք էին.  երկրում առկա  սոցիալ-տնտեսական անարդար  իրավիճակի՞, թե՞ նա կոնկրետ իր անձնական բողոքն էր արտահայտում իշխանությունների հանդեպ:

-Չեմ կարող ասել, թե Շանթ Հարությունյանը ինչ նպատակներ է հետապնդել, բայց  ակնհայտ է, որ իր դիրքորոշումը համապատասխանում էր  մեր ժողովրդի 91 թվականի ոգուն` այսինքն  հայ ժողովուրդը  դեմ է քվեարկում սովետական միությանը, քվեարկում է սովետական միության կազմից դուրս գալու համար: Եվ այսօր Հայաստանի իշխանությունները ձևացնում են, թե  չեն ընկալում, որ  սա ռուսական իմպերիալիզմի տրամադրություններին վերադառնալու հերթական քայլն  է… Բնականաբար հայերի մի զգալի հատվածն էլ կարող է ընդվզել, դե  իսկ  Շանթ Հարությունյանն էլ,   ընդվզեց իր ձևով: Օրինակ մենք հասարակության ձայնը լսելի ենք փորձում դարձնել հարցումների միջոցով, իսկ եթե  մեկ  ուրիշը կարող է ինքնահրկիզվել չեխ ազգային հերոս Պալահի օրինակով, դա արդեն իր  տակտիկան  է:  Տարբեր են մոտեցումները: Ամեն մեկը  Շանթ Հարությունյանի ասածներից կարող է իրենը վերցնել:

-Շանթ Հարությունյանի կողմնակիցները հայտարարում էին, որ սա հասարակությանը զգաստացելու կոչ էր: Ձեր կարծիքով,  իրականոմ ի՞նչ ազդեցություն ունեցավ  դա հասարակության վրա:

-Լրատվամիջոցները որոշ չափով իրադարձությունը մատուցեցին հասարակությանը և դա բնականաբար մարդկանց օգնեց կենտրոնանալ, թե ինչու  Շանթ Հարությունյանը գնաց նման քայլի: Շանթը մինչև Մաքսային միությանն անդամակցելն էլ տրամադրված էր հեղափոխության: Նա ինձ հետ քննարկել է, խոսել է, նույնիսկ ավելին. ասում էր, որ  եթե ես իբրև ազգային ազատության պայքարի առաջնորդ դա  չանեմ, ինքն է նման բան անելու: Իհարկե ես սա ժպիտով էի ընդունում, որպես կրտսեր եղբոր խենթություն: Ես շատ լավ գիտեմ, որ հայ ժողովուրդը հեղափոխության ժողովուրդ չէ: Պայքարող ենք, բայց ոչ հեղափոխական:

-Իսկ ինչպե՞ս եք վերաբերում Շանթ Հարությունյանի  այն կոչերին, որ   նա պատրաստվում էր պայթեցնել   նախագահականը:

-Երբեմն հայտարարություններ են  լինում որ, տարբեր մեկնաբանությունների  տեղիք են տալիս, իսկ  դրանց սահմանները իրավաբանների որոշելիք հարցն է: Չեմ կարծում, որ Շանթ Հարությունյանը այնքան անլուրջ էր մոտենում հարցին, որ ինքը պետք է 20 հոգով վառեր  նախագահականը: Դա հռետորական հայտարարություն էր, ես այդպես եմ ենթադրում:

Զրույցը՝ Զառա  Ղազարյանի  

Աղբիւր՝ Forums.am

sdfsdfsdfsdfsdf