Անտարբեր եմ Սեդրակյանին ազատազրկելու որոշման նկատմամբ. Հայրիկյան

Category: Հարցազրիւյցներ
Published on 24 September 2013
Print

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն անտարբեր է նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանին 14 տարվա ազատազրկման դատապարտելու վերաբերյալ դատարանիորոշման նկատմամբ. այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Հայրիկյանը:

«Դա ինձ շատ չի հուզում, որովհետև գլխավոր պատվիրատուն չբացահայտվեց, չեմ ասում չպատժվեց, բայց չբացահատվեց»,- ասաց Հայրիկյանը` հավելելով, որ միջնորդը և կատարողները ասպարեզ դուրս եկան, բայց գործը գլխավոր պատվիրատուին չհասավ:

Հարցին, թե արդյոք 14 տարին երկար ժամանակահատված չէ Սեդրակյանին ազատազրկելու համար, ԱԻՄ առաջնորդը պատասխանեց. «Այս ժամկետը ավելի քիչ է, քան ես եմ ժամանակին անցկացրել բանտում` խորհրդային ամենադաժան պայմաններում»: Նա հավելեց, թե Սեդրակյանը «ծանր հանցագործություն է կատարել և ինքը չի կարող ասել, թե 14 տարին շատ է»:

Դատարանը նաև առանց քննության էր թողել ամբաստանյալներից գումարների բռնագանձման վերաբերյալ Հայրիկյանի հայցը. այս կապակցությամբ ԱԻՄ առաջնորդը նշեց, որ դատարանը խախտել է օրենսդրության պահանջը:

Ըստ Հայրիկյանը` օրենքը պահանջում է, որ հանցագործություն կատարած անձը փոխհատուցի, «սակայն դատարանն այստեղ նույնպես հետևողական չէ»: Նա հավելեց, որ եվրոպական պրակտիկայում ընդունված է, որ, օրինակ, քրեական պատասխանատվության չեն ենթարկվում, սակայն փոխհատուցում են պատճառված վնասը:

«Ինչո՞ւ պետք է հարկատուները կամ ընկերներս 2 տասնյակ հազար դոլարից ավելի գումար ծախսեն ինձ համար»,- ասաց Հայրիկյանը:

Սեպտեմբերի 23-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը  Վարդան Սեդրակյանին մեղավոր է ճանաչել Պարույր Հայրիկյանի սպանության փորձը կազմակերպելու մեջ և դատապարտվել 14 տարվա ազատազրկման: Նույն գործով անցնող ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը ևս դատապարտվել է 14, իսկ Սամվել Հարությունյանը` 12 տարվա ազատազրկման:

2013թ. հունվարի 31-ին` ժամը 23:20-ի սահմաններում, Հայրիկյանի տան շքամուտքի մոտ երկու անգամ կրակել էին Հայրիկյանի կրծքավանդակին և դիմել փախուստի:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Վ. Սեդրակյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով (Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձը կազմակերպել), Խ. Պողոսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով (Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով` (Ապօրինի կերպով զենք ձեռք բերելը, պահելը և իրացնելը), իսկ Ս. Հարությունյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով (Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ):

 

Աղբյուր՝ Civilnet.am

sdfsdfsdfsdfsdf