ԼՈՅՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Category: Գրադարան
Published on 07 January 2013
Print

ԳԼՈՒԽ Ա
1990 թուական, Նիւ Եօրք - Լոս Անջելէս

1990 թուականի մայիսի 15-ին Նիւ Եօրքի «Ջոն Քենեդի» օդանաւակայանից մեկնում էի Լոս Անջելէս։ Օդանաւում ուղեկցորդուհուց «Ուոլ Սթրիթ Ջորնըլ» խնդրեցի։
Նախորդ օրը շուրջ մէկժամանոց հանդիպում էի ունեցել այդ օրաթերթի ղեկավարութեան հետ։ Ամերիկացի ընկերոջս` Մարտին Քոլմանի հետ էի։ Նա Վաշինգտոնում գործող ոչ կառավարական «Center for Democracy in USSR» կազմակերպութեան ներկայացուցիչն էր եւ շատ կարեւոր էր համարում ամերիկեան գործարար ու քաղաքական աշխարհին կոմունիստական կայսրութեան ժողովրդավարական շարժումների մասին իրազեկելը։ Ինքն էլ նախաձեռնել ու կազմակերպել էր այդ հանդիպումը։
«Ուոլ Սթրիթ Ջորնըլ»-ի բարձրաստիճան ներկայացուցիչները մեր զրոյցի վերջում ի միջի այլոց հետաքրքրուեցին, թէ արդեօ՞ք «Նիւ Եօրք Թայմսը» երբեւէ հանգամանալից անդրադարձել է իմ անձին եւ «Խորհրդային Միութիւն» կոչուող կայսրութեան ժողովրդավարական շարժումների մեր համագործակցութեանը։ Բացասական պատասխան ստանալով՝ արդէն ոչ ի միջի այլոց, հարցրին, թէ ես դէմ չե՞մ լինի արդեօք, եթէ մեր զրոյցի հիման վրայ մի յօդուած գրուի յաջորդ օրուայ համարում։ Իհարկէ, չառարկեցի։
«Նիւ Եօրք Թայմս»-ի մասին ասածս իրականութիւն էր. այնտեղ իմ անձի վերաբերեալ եղած հրապարակումները հիմնականում լրատուական բնոյթ էին կրել, իսկ 1988 թուականի օգոստոսի 14-ի համարում տպագրուած «Հայը հակամարտութիւնը համարում է քաղաքական, ոչ ազգային» ծաւալուն յօդուածի նիւթն արցախեան խնդիրն էր։ Ի հեճուկս իշխող տրամադրութիւնների, երբ հայերը Հայաստանում եւ արտասահմանում փորձում էին ամենքին ապացուցել, որ «Ղարաբաղը մերն է», ես հարցին անդրադառնում էի նաեւ օտարներին հասկանալի` ազգերի ինքնորոշման եւ, ընդհանրապէս` մարդու իրաւունքների տեսանկիւնից։ «Արցախը արցախցիներինն է, եւ կոմունիստական կայսրութեան թոյլ տուած սխալները շտկելու ճանապարհին միայն իրենք` արցախցիները, կարող են որոշել իրենց ճակատագիրը»։ Այդ յօդուածում, ճիշտ է, բաւականին խօսւում էր նաեւ իմ գործունեութեան մասին, սակայն ոչ մի խօսք չկար ժողովրդավարական ուժերի համագործակցութեան վերաբերեալ։
Ուղեկցորդուհին մի քանի վայրկեանից կողքիս էր։ Ես անմիջապէս բացեցի թերթը եւ տեսայ գծանկարս։ Տեսաւ նաեւ ուղեկցորդուհին:
- Այդ Դո՞ւք էք։
- Այո՛, - պիտի խոստովանեմ, ինքնագոհ ժպտացի ես եւ անցայ կարդալու։
Աւելին էր, քան ակնկալում էի. «ՀԱՅ ԱՔՍՈՐԵԱԼԸ ՆՍՏՈՒՄ Է ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ՀԻՄՆ ԳՐԵԼՈՒ», - այս էր վերնագիրը՝ բառացի թարգմանութեամբ։ Շարունակութիւնը եւս ներկայացնում եմ ընդհանուր գծերով։ Կամեցողն այն ամբողջութեամբ կարող է կարդալ 1990 թուականի մայիսի 15-ի «Ուոլ Սթրիթ Ջորնըլի» համարում։
«Այս օրերին Միխայիլ Գորբաչովին սպասող փորձութիւնների մէջ ամենադժուարինը գալիս է Կալիֆոռնիա նահանգի Գլենդէլ քաղաքից։ Դա այն քաղաքն է, ուր ապրում է Պարոյր Հայրիկեանը. հայ, ում սովետները մտադիր էին մոռացութեան մատնել, երբ 1988 թուականին նրան զրկում էին քաղաքացիութիւնից ու նետում Եթովպիա։ Այժմ այդ արտաքսեալ ժողովրդավարը Հայաստանի Գերագոյն խորհրդի ընտրութիւնների գրանցուած թեկնածու է։ Ի տարբերութիւն Լիտուայի` Հայաստանը դեռեւս անկախութիւն ազդարարելու հանգրուանի չի հասել, սակայն, առաջիկայ կիրակի օրը կայանալիք ընտրութիւններում փոփոխութիւններ ակնկալող ընտրողները քայլերթեր են կազմակերպում Երեւանի փողոցներում՝ վանկարկելով՝ Հա՛յ-րի՛կ-եա՛ն, Ա՛ն-կա՛-խո՛ւ-թի՛ւն։
Վերջերս՝ «Ուոլ Սթրիթ Ջորնըլ»-ի խմբագրութիւնում կայացած նախաճաշի ընթացքում, պարոն Հայրիկեանն ուրուագծում էր Հայաստանի ապագան. «Մեզ պէտք է նախ` քաղաքական, այնուհետեւ՝ տնտեսական անկախութիւն։ Գլուխը պէտք է ստամոքսից առաջ լինի»։ Նա անհանգստանում է Խորհրդային Միութեան անկախական շարժումների ճակատագրով. «Մենք Լիտուայից յետոյ համոզուեցինք, որ արեւմտեան պետութիւնները կոմունիստների հետ են, եւ ժողովրդավարական շարժումները միայնակ են»։
Ելքը, համոզուած է նա, ժողովրդավարական շարժումների համագործակցութիւնն է. նրանք պէտք է ձեռք ձեռքի տան, միաւորուեն։ Անցեալ տարի Փարիզում նա նպաստել է «Ժողովրդավարութիւն եւ անկախութիւն» կազմակերպութեան ստեղծմանը, մի կազմակերպութիւն, որ միաւորել է Խորհրդային Միութեան շատ հանրապետութիւններից արտաքսուած ժողովրդավարամէտ առաջնորդների»։
Յաջորդ երկու պարբերութիւններում ասւում էր, որ ազգամիջեան ընդհարումների հրահրողը կոմունիստական Մոսկուան է, որին այդ հակամարտութիւններն անհրաժեշտ են ժողովուրդներին անկախութեան պայքարից հեռու պահելու համար։ Խօսւում էր «Ժողովրդավարութիւն եւ անկախութիւն» կազմակերպութեան` Պրահայում Չեխիայի նախագահ Վացլաւ Հաւելի հովանաւորութեամբ յուլիսի 4-ին կայանալիք խորհրդաժողովի մասին, որտեղ յոյս կայ բանակցութիւններ վարելու հակամարտութիւնների խաղաղ կարգաւորման ուղղութեամբ եւ քննարկելու խաղաղ ճանապարհով՝ հանրաքուէի միջոցով ազգերի անկախութեան հասնելու հնարաւորութիւնը։
Այդ յօդուածում ինձ վերաբերող բազմաթիւ կենսագրական մանրամասնութիւններ էին տրւում, մասնաւորապէս խօսւում էր կալանաւորական տարիների պայքարի ու հանրաքուէի գաղափարի հասունացման, դրա մատուցման մասին. «Կալանավայրից դուրս գալուց յետոյ հանրաքուէի մասին խօսելիս ես տեսնում էի, որ մարդիկ չէին հասկանում, թէ ես ինչ նկատի ունէի։ Պարտաւոր էի բացատրել. հանրաքուէն ժողովրդավարութեան գործողութիւն է»։ Խօսւում էր իմ ազատազրկման 17 տարիների եւ դրանից յետոյ բռնի, յատուկ օդանաւով 8 չէկիստների ուղեկցութեամբ Եթովպիա արտաքսուելու մասին։ Պարզաբանւում էր, թէ ինչու յատկապէս Եթովպիա։ Մանրամասն խօսւում էր շուտափոյթ կերպով Հայաստան վերադառնալու իմ ճիգերի, մասնաւորապէս Փարիզում իմ կազմակերպած ցոյցերի մասին։
Մի պարբերութիւնում էլ գրուած էր երգերիս մասին. «Առկայ է եւս մէկ տաղանդ, որը պրն Հայրիկեանին դարձնում է ազգային խորհրդանիշ՝ երգահան։ Առաջին կալանքից յետոյ կրկին կալանաւորուելով եւ կանգնելով Խորհրդային դատարանի առաջ՝ նա իր վերջին խօսքում ասում է. «Դուք կարող էք սպանել ինձ, բայց իմ մահից յետոյ ստիպուած էք լինելու պայքարել իմ երգերի դէմ»։ Նրա խօսքերն իրականութիւն դարձան. հայերը երգում են նրա երգերը. «Մենք գերուած ենք, աքսորուած ենք, բայց, երկի՛ր, դու ազատ կլինես»։
Այս յօդուածը կարդալուն պէս ետ հրեցի նստարանի թիկնակը եւ յարմարուելով առաւելագոյնս ետ թեքուած թիկնակին՝ փակեցի աչքերս։ Զարթնեցի թռիչքի աւարտից մի քսան րոպէ առաջ միայն, երբ յայտարարեցին, որ քիչ անց օդանաւը վայրէջք է կատարելու Լոս Անջելէսի օդանաւակայանում։
Օդանաւով երկար ճանապարհորդելուն նախորդող գիշերը չքնելու սովորութիւն ունէի։ Դա պահպանել եմ առայսօր։ Նախորդ գիշերը քնած չլինելով՝ ակամայ քնում ես օդանաւում, եւ հեշտ ու աննկատ են անցնում թռիչքի ժամերը։ Այդ օրն էլ խիստ յոգնած էի, որովհետեւ մինչեւ ուշ գիշեր զրուցել էի Նիւ Եօրքում հաստատուած Եղնուկեան ընտանիքի անդամների հետ, իսկ յետոյ կարգի բերել թղթերս։
Եղնուկեան ընտանիքը, վաթսունական թուականներին Խորհրդային Միութեան՝ իրականում կոմունիստական բռնապետութեան մաս կազմող Հայաստանից արտագաղթելով ԱՄՆ, կարողացել էր երկու որդիներին պատշաճ կրթութիւն տալ եւ շատ կարճ ժամանակամիջոցում ապրուստի կայուն հիմքեր ստեղծել։
Նրանք, ժամանակի ընթացքում մասնագիտանալով նաեւ ամերիկեան արդիւնաբերութեան համար նոր ոլորտում, կարողացել էին ստեղծել ինքնաշարժերի աէրոդինամիկ յաւելամասերի «Էրեբունի» անունը կրող բաւականին հզօր ընկերութիւն, որն օրէցօր բարգաւաճում էր՝ դառնալով ոլորտի առաջատարն ԱՄՆ-ում։ Չնայած ԱՄՆ-ում ձեռք բերած յաջողութիւններին՝ Եղնուկեան ընտանիքը պահպանել էր անկախ հայրենիք ունենալու երազը եւ իմ՝ ԱՄՆ-ում յայտնուելուցս յետոյ ընտանիքի բոլոր անդամներով միացան Հայաստանի անկախութեան կողմնակիցների կազմակերպութեան՝ Ազգային ինքնորոշում միաւորման ամերիկեան մասնաճիւղին։ Այդ օրը նրանց աւագ որդին՝ Կարօն էլ ինձ հասցրեց «Ջոն Քենեդի» օդանաւակայան։
Երբ զարթնեցի, զարմանքով նկատեցի, որ տարբեր կողմերից անծանօթ մարդիկ սիրալիր ժպտում են ինձ եւ ջերմօրէն ողջունում։ Մի քանիսը մօտեցան եւ ցանկութիւն յայտնեցին սեղմել ձեռքս։ «Մեզ համար մեծ պատիւ է ձեզ պէս մարդու ձեռք սեղմելը, - գրեթէ բառացի իրար կրկնում էին նրանք։ - Մենք հիանում ենք ձեզնով եւ հպարտ ենք մարդ արարածի համար»։ Ես չէի հասկանում, թէ ինչ է կատարւում, եւ այս ամէնը ինչ է նշանակում։ Այդպիսի իրավիճակում եղել էի 1988 թուականին, երբ արտաքսումից յետոյ Փարիզի փողոցներում մօտենում էին ֆրանսիացիներ եւ խանդավառ ողջունում։ Բայց դա հասկանալի էր ու պայմանաւորուած ֆրանսիական հեռուստաալիքների՝ ինձ վերաբերող շարունակական հաղորդումներով։ Թէ այստեղ ինչ էր կատարուել, չէի կարողանում հասկանալ։ Կողքիս նստած էր մի բարեհամբոյր տիկին։ Հաւանաբար կռահելով իմ տարակուսանքը` վայրէջքի ազդարարումից յետոյ, երբ օդանաւում շարժը դադարեց, նա ասաց.
- Դուք քնած էիք։ Բարձրախօսով ազդարարեցին Ձեր մասին։
- Հետաքրքրական է, - մի փոքր աւելին իմանալու համար փորձեցի խօսքի բռնուել։ - Իսկ ի՞նչ էին ասում։
- Օ՜հ, - ժպտաց ամերիկուհի տիկինը, - ասացին, որ այսօր մեզ հետ մեր օդանաւով, որպէս սովորական ուղեւոր, էկոնոմ կարգի 21-րդ շարքի D տեղում ճանապարհորդում է մի մարդ, որ մեծ դեր է ունեցել կոմունիստական ամբողջատիրութեան դէմ պայքարում, յանուն ժողովրդավարութեան իր մղած պայքարի համար 17 տարի անց է կացրել բանտերում եւ վերջում Սովետական Միութիւնից բռնի վտարուել Եթովպիա, - մտածեց մի փոքր եւ աւելացրեց, - ասում էին, որ հիմա էլ գլխաւորում էք հակակոմունիստական ժողովրդավարական շարժումների կոորդինացիոն կենտրոնը։ Հա՜, նշեցին, որ դուք նաեւ երգահան էք, որ Ձեր ազատասիրական երգերը սիրուած են Հայաստանում։ Նաեւ ասացին, որ Ձեր մասին աւելի հանգամանալից կարելի է կարդալ «Ուոլ Սթրիթ Ջորնըլ»-ի այսօրուայ համարում։
Ամէն ինչ պարզ դարձաւ։ Վայրէջքի ժամանակ էլ մարդիկ շարունակում էին մօտենալ։ Մի քանիսը այցէքարտեր տուեցին՝ ասելով, որ երջանիկ կլինեն, եթէ կարողանան որեւէ կերպ օգտակար լինել։ Իսկ մի երիտասարդ զոյգ օդանաւակայանի ուղեբեռների սրահում խնդրեց ինձ հետ լուսանկարուել։ «Մենք երեխայի ենք սպասում եւ շատ կուզէինք, որ մեր երեխան ձեզ նման լինի», - ասաց երիտասարդը։ Ինձ համար բերկրալի էր պահը նախ եւ առաջ այն պատճառով, որ այդ մարդիկ, իմ հայրենակիցները չլինելով, այդքան խանդավառուած էին։ Նրանց վերաբերմունքից հետեւում էր, որ մեզ հարազատ արժէքները նրանց նոյնպէս հարազատ էին, այսինքն՝ համամարդկային էին։


ԳԼՈՒԽ Բ
2000 - 1973 թուականներ, Երեւան

Տասը տարի անց, 2000 թուականի մայիսին, Հայաստանի մայրաքաղաքում աւարտուեց «Սայեաթ-Նօվա համահայկական երգի փառատօն» մրցոյթը։ Դա ժամանակակից հայ երգի առաջին մրցոյթն էր, որում ընդգրկուած էին Ավստրալիայից-Եւրոպա-ԱՄՆ տարածուած հայ սփիւռքի եւ Հայաստանի երաժշտ ստեղծագործողները։ Մրցոյթփառատօնի հովանաւորներն էին Հայաստանի մշակոյթի նախարարութիւնը եւ ամերիկահայ գործարար նիւեօրքաբնակ Վահագն Յովնանեանը։ Բոլորի համար անակնկալ` իմ «Սիրոյ ճերմակ թռչուն» երգը առաջին տեղը գրաւեց, որը գրել էի 2000 թուականին Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում` մի միջազգային խորհրդաժողովի հիւրընկալուելիս, երեկոյեան հիւրանոցային միայնութեան ժամերին։ Այդ երգն իմ միւս յաջողուած երգերի հետ այն ընդհանրութիւնն ունէր, որ բառերն ու մեղեդին միաժամանակ՝ իրար հետ էին ծնուել։ Հետագայում տարբեր երգիչներ նաեւ ինքնուրոյն գործիքաւորումներով կատարեցին այս երգը, նոյնիսկ մանկական տարբերակ պատրաստուեց, որտեղ իմ համաձայնութեամբ «Սիրոյ թռչունը» դարձաւ «Սիրուն թռչուն»։

ՍԻՐՈՅ ԹՌՉՈՒՆԸ

Երիտասարդ - Կապոյտ հեռւում ճախրող
Սիրոյ ճերմակ թռչուն,
Սուրում ես, սլանում ես,
Սուզւում ես երկնքում։
Օրիորդ - Կապոյտ հեռւում ճախրող
Սիրոյ ճերմակ թռչուն,
Սուրում ես, սլանում ես,
Սուզւում ես երկնքում։
Զոյգ - Որտե՞ղ ես, սպասի՛ր ինձ,
Որտե՞ղ ես, կանչի՛ր ինձ,
Ձայնի՛ր, աղերսո՜ւմ եմ քեզ,
Ձայնի՛ր, աղերսո՜ւմ եմ քեզ։

Երիտ. - Ճերմակ ամպիկ դարձած
Սիրոյ փխրուն թռչուն,
Կորչում ես, վերանում ես,
Ձուլւում ես երկնքին։
Օրիորդ - Ճերմակ ամպիկ դարձած
Սիրոյ փխրուն թռչուն,
Կորչում ես, վերանում ես,
Ձուլւում ես երկնքին։
Զոյգ - Որտե՞ղ ես, սպասի՛ր ինձ,
Որտե՞ղ ես, կանչի՛ր ինձ,
Ձայնի՛ր, աղերսո՜ւմ եմ քեզ,
Ձայնի՛ր, աղերսո՜ւմ եմ քեզ։

Երիտ. - Մշտանուշ եւ յաւերժ անհաս իմ երազ,
Դու չքնաղ, օ՜, ճերմակազգեստ իմ հարս,
Եկել ես, խոնարհուել ես եւ փարուել իմ սրտին։
Օրիորդ - Մշտանուշ եւ յաւերժ անհաս իմ երազ,
Դու խրոխտ, օ՜, ասպետ երկնահաս իմ,
Եկել ես, խոնարհուել ես եւ փարուել իմ սրտին։
Զոյգ - Որտե՞ղ ես, կանչի՛ր ինձ,
Որտե՞ղ ես, սպասի՛ր ինձ,
Սպասի՛ր, սլանանք մէկտեղ,
Սպասի՛ր, ճախրենք միասին,
Սպասի՛ր, սլանանք մէկտեղ,
Սպասի՛ր, ճախրենք միասին,

Միասի՜ն, միասի՜ն, միասի՜ն,
Ճախրենք միասի՜ն...

Լրագրողները մրցոյթի եզրափակիչ փուլում եւ մրցոյթից յետոյ դիմում էին ինձ.
- Պարո՛ն Հայրիկեա՛ն, ինչպէ՞ս է, որ դուք հանդէս էք եկել ոչ թէ հայրենասիրական երգերի բաժնում, այլ սիրային, քնարական։
- Բոլոր երգերի հիմքում սէրն է։ Ինչո՞ւ էք յակուած կարծելու, որ հայրենասիրական երգերում նոյն սէրը չէ առաջնորդողը։
- Իսկ ո՞վ է եղել այդ երգի ներշնչողը։
- Այդպիսին չկայ։
Նաիրա անունով մի լրագրողուհի յամառում էր.
- Չի կարող պատահել, պարո՛ն Հայրիկեան։ Այդպէս խորն ապրուած գործերը միշտ որեւէ նախակերպար են ունենում։
- Բնականաբար, ինչ-որ կերպար կամ կերպարներ եղել են, սակայն ոչ որոշակի, -փորձեցի խուսանաւել եւ համոզիչ լինելու համար աւելացրի, - ինչպէս ընդունուած է ասել, գործ ունենք հաւաքական կերպարի հետ։ Յատուկ ներշնչող չկայ, - հիասթափեցրի գեղեցկուհի հետաքրքրասէրին։
Մենակ մնալով, խորացայ ինքս իմ մէջ, խորացայ եւ ահա մէկ տարի անց գրում եմ քեզ հասցէագրած, սակայն իրականում անհասցէ եւ ընթերցողներիս մէջ քեզ գտնելու յոյսով աշխարհ բերած այս նամակգիրքը։ Մի՛ զարմացիր, խնդրում եմ, եթէ քեզ թուայ, թէ դարձեալ քեզ մոռանալով՝ կրկին ինձ յուզող, ինձ ու քեզ իրարից բաժանած գործերի աշխարհում եմ։ Ես իհարկէ ինքս ինձնից փախչել չեմ կարող, չեմ ուզում ու ինձ չեմ ուրանայ։ Եւ այժմ, երբ որոշել եմ տասնամեակների ուշացումով քեզ ներկայանալ, բնական է, որ պիտի ներկայանամ իմ իրական նկարագրով։ Թախծալի մի զգացողութիւն ունեմ, որ դու մոռացել ես ե՛ւ ինձ, ե՛ւ մեզ կապող յուշերը, որ ես տարիներ շարունակ զուր եմ յիշել քեզ ու խղճի խայթով համակուել։ Սակայն տեղի տալ չեմ ուզում, եւ հաւանաբար այդ է պատճառը, որ շերտ առ շերտ բացւում են յիշողութեանս ծալքերը, եւ յառնում են մանրամասնութիւններ, որոնք անդարձ մոռացուած էին թւում։

Ես հիմա 50 տարեկան եմ, աւելին՝ 52։ Գրեթէ ամէն օր անցնում եմ Երեւանի կենտրոնական փողոցներից՝ փողոցիկներից, մէկում գտնուող, հին Երեւանին բնորոշ սեւ տուֆով կառուցուած մի տան մօտով եւ ամէն անգամ, իսկ դա կարող է հազարերորդը լինել, ներսումս մի անհանգիստ ցանկութիւն է առաջանում՝ թակել մի փոքր բարեփոխուած այդ տան բոլոր դռներն ու հարցնել. «Ներողութի՛ւն, Լուսինէն այստեղ չի՞ ապրում», կամ պարզապէս կանգնել նրա լուսամուտի տակ ու այն օրերի նման սուլել. «Բայց դու անցնում ես ու ետ էլ չես նայում...» երգի մեղեդին. սուլել ու սպասել շնչակտուր եղնիկի նման դուրս թռչող Լուսինէին։
Այն օրերից ընդամէնը 28 տարի է անցել, միայն 28 տարի, եւ այդ 28 տարին, 28 օրուայ տեւողութիւն ստացած, ինձ պիտի հետապնդի, քանի դեռ քո տուած վերջին հարցի պատասխանը չեմ տուել։ Բայց ինչպէ՞ս ասեմ, որտե՞ղ գտնեմ քեզ։ Դու գուցէ վաղո՜ւցվաղո՜ւց մոռացել ես եւ՛ ինձ, եւ՛ ինձ տուածդ վերջին ու երկար տարիներ ինձ հետապնդած հարցը։ Բայց քեզ մտաբերելիս ասես մի ամբողջ յաւերժութիւն խտանալով սեղմւում է, ինչպէս համակարգչի յիշողութեան մէջ եւ անէանալով ինձ տանում 1973 թուականի աշնանային Երեւան։ Ես դառնում եմ այն քսանչորսամեայ երիտասարդը եւ այն օրերի բնական ու օրինաչափ համարածս չարաճճի քայլը վերյիշում արդէն տխրութեամբ։ 1

«Գուլագ»-ում՝ Խորհրդային կոչուած երկրում քաղաքական նկատառումներով դատապարտուածների համար նախատեսուած կալանավայրում, անցկացրած 4 տարիներից յետոյ դա իմ առաջին աշունն էր Երեւանում։ Սիրում էի միայնակ թափառել երեկոյեան Երեւանում ու այդպէս վերապրել ճամբարային տարիների կարօտներս, երջանիկ զգալ դրանց իրականացումով։ Այնտեղ՝ ռուսաստանեան կալանավայրերում, որպէս անձնական մի բացառիկ երանութիւն, յիշում էի երեւանեան երեկոներն ու ինքս ինձ հարցնում. «Արդեօ՞ք բախտ կվիճակուի կրկին լինել Հայաստանում, Երեւանում եւ քայլել Աբովեան փողոցով»։ Ընդամէնը չորս տարուայ կալանքի էի դատապարտուել, բայց այն տարիներին ո՞վ կարող էր վստահ լինել, որ ազատ ու անկախ Հայաստանի օգտին քարոզչութիւն եւ կազմակերպական գործունէութիւն ծաւալած, դրանք բացայայտօրէն ճիշտ համարող եւ հետագայ պայքարից չհրաժարուած մարդուն թոյլատրելու են վերադառնալ ու ապրել Հայաստանում։ Հիմա հասկանում եմ, որ այդ տագնապներս այն ժամանակ իրականութիւն չդարձան լոկ մի պատճառով։ Ես երիտասարդ էի, եւ կոմունիստական յատուկ ծառայութիւնները հաւանաբար կարծում էին, որ 4-ամեայ կալանքը բաւարար կլինի հետագայ պայքարից ինձ ետ պահելու համար։ Իսկ որ տագնապներս արդարացի էին, հաստատուեց 1980 թուականին, երբ երկրորդ՝ 7-ամեայ կալանքիս վերջին ինձ տեղեկացրին, որ կալանքս երկարաձգուելու է իբրեւ թէ կալանավայրում նոր յանցագործութիւն կատարելու` կաշառք տալու մեղադրանքով։
Այդ երեկոն իմ երազած երանելի երեկոներից մէկն էր։ Աննպատակ զբօսնում, թափառում էի օպերայի մօտակայքում եւ սպասում քոյրիկիս երգի փորձի աւարտին։ Սեդրակ Ղազարեանի ղեկավարած Հայաստանի երիտասարդական երգչախմբում էր երգում։ Խոստացել էի ուշ ժամին իրեն տուն ուղեկցել։ Մեր հայրական տունը, ուր ապրում էինք, Նուբարաշէնում էր, Երեւանի կենտրոնից 15կմ հեռաւորութեամբ։
Օպերայի մերձակայ մեծ խաչմերուկի կանգառի մօտ տեսայ ձեզ՝ անշտապ զբօսնող, աւելի ճիշտ կլինէր ասել՝ ճեմող, երեք օրիորդներիդ։ Նրանցից մէկը շատ գեղեցիկ հագուստ էր կրում, այնքան գեղեցիկ, որ հագուստների նկատմամբ անտարբեր լինելով հանդերձ, երբ անցնում էիք իմ մօտով, չկարողացայ զսպել հիացմունքս.
- Ինչ լա՜ւն է։
- Ինչպէ՞ս, - անակնկալի եկած՝ չհասկացաւ ձեռագործ, թանկարժէք վարագոյր յիշեցնող հագուստակիր օրիորդը, եւ հաւանաբար ենթադրելով, որ լուրջ բան եմ ասում՝ համակ ուշադրութիւն դարձած՝ հայեացքն յառեց ինձ։
- Ասում եմ՝ ինչ լաւն է ձեր հագուստը, - կրկնեցի ես։
- Հա՜, - գոհունակ ժպտաց օրիորդն ու համարձակ աւելացրեց, - դուք էլ էք լաւը։
Ինքնավստահ, սակայն բարեկամական պատասխանը ինձ համար այնքան անակնկալ էր, որ ծանօթանալու, մտերմանալու հրաւէրին չարձագանքեցի։ Մի փոքր տարածութիւն պահելով՝ շարունակեցի ճեմել ձեր տեղաշարժերին համընթաց։ Ժամանակ առ ժամանակ երիտասարդներ ու օրիորդներ, երեխաներ էին մօտենում, ողջագուրւում, ընկերակցում ձեզ։ Զգացւում էր, որ Երեւանի կենտրոնը ձեզ համար հարազատ շրջան է։ Գեղեցիկ հագուստով օրիորդի հետ առաւել մտերիմ էր թւում մի բարակիրան, խոշոր աչքերով օրիորդ։ Այդ դու էիր։ Առանձնացար ու նստեցիր կանգառի նստարաններից մէկին։ Քիչ անց քո ընկերներից մէկը անունով դիմեց քեզ. «Լուսինէ՛, սրճարան չգնա՞նք»։
- Ոնց որոշէք, - պատասխանեցիր մեղմաձայն ու շարունակեցիր մնալ նստած՝ մինչ միւսներն անշտապ զրուցելով կողմնորոշւում էին։
Ես նոյնպէս տեղաւորուեցի այդ նստարանին՝ քեզնից մօտ երկու մետր հեռաւորութեամբ։ Դու նկատեցիր ինձ, հայեացքդ շրջեցիր իմ կողմը։ Ինձ թուաց, թէ ուզում ես ինչոր բան ասել, բայց այդպէս էլ չխօսեցինք։ Միացար «Սկվազնեակ» կոչուող սրճարան գնացող ընկերներիդ։ Ես մի փոքր էլ հետեւեցի ձեր ընթացքին, յետոյ կանգնեցի սրճարանի մօտ եւ, ի վերջոյ գնացի իմ գործերով։

Չնայած այդ օրուանից յետոյ ես յիշում էի քեզ, բայց միլիոնանոց քաղաքում դա կլինէր մարդկային կեանքում պատահող բազմաթիւ արագ մոռացուող հանդիպումներից մէկը, եթէ... մէկ շաբաթ անց կրկին չհանդիպէի քեզ։ Այն ժամանակ Մարքսի անունը կրող փողոցում չորրորդ համարի տրոլէյբուսով գնում էի շրջանային, կամ ինչպէս հին երեւանցիներն են ասում, Պլանի գլուխ։ Լուսամուտից տեսայ քեզ մի տասներկուտասնչորս տարեկան պատանու հետ։ Առաջին իսկ կանգառում անմիջապէս իջայ տրոլէյբուսից ու վազեցի ետ՝ ձեր ուղղութեամբ։ Դու արդէն չկայիր։ Որոնում էի քեզ ու միաժամանակ մտածում, թէ ինչ գործ ունեմ քեզ հետ, ինչու եմ այսպէս փնտրում։ Երբ արդէն յոյսս կորցրած՝ ուզում էի շարունակել ճանապարհս, դու դուրս եկար խանութից եւ նոյն երեխայի հետ քայլեցիր իմ ուղղութեամբ։ Ես, ընդառաջ գալով, փորձեցի ողջունել քեզ, բայց դու ինձ չնկատեցիր անգամ, առանց ցուցադրականութեան՝ չուզեցիր նկատել։ Անտարբեր անցար։ Ջերմօրէն ինչոր բանի մասին էիր խօսում քեզնից 5-6 տարի փոքր պատանու հետ։ Հէնց նա էլ ինձ կաշկանդում էր քեզ մօտենալ։ Լուռ քայլում էի ձեր ետեւից։ Զաքեան փողոցով թեքուեցիք Վռամշապուհ արքայի ¥այն ժամանակ՝ Ամիրեան¤ փողոցի ուղղութեամբ։ Երբ հասաք սեւ տուֆից կառուցուած մէկուկէսյարկանի տանը, պատանին բաժանուեց քեզնից եւ մտաւ տան հարաւային կողմի բակը։ Այդ բակի հին, խարխուլ դուռը մինչեւ այժմ նոյնն է մնացել, սակայն անբնակիչ բակն աւերակուած է։ Դու մենակ մնացիր։
- Լուսի՛կ, - ձայնեցի ես։
Դու շրջուեցիր ետ եւ ինձ տեսնելով՝ խայթուածի պէս վրայ տուեցիր.
- Դուք ո՞վ էք, ինչո՞ւ էք գալիս իմ ետեւից, որտեղի՞ց գիտէք իմ անունը։
- Դուք ինձ չէ՞ք յիշում։ Մենք հանդիպել ենք, - փորձեցի կանխել քո յուզումը։
- Որտեղի՞ց պիտի յիշէի, - քո ձայնում արդէն մեղմութիւն նկատուեց, - իմ անունը որտեղի՞ց գիտէք։ Իմ անունը Լուսիկ չէ։
- Մի շաբաթ առաջ երեկոյեան մենք հանդիպեցինք օպերայի մօտ, փողոցում եւ...
- Ես Ձեզ չեմ յիշում։
- Դուք ձեր ընկերուհիների հետ էիք։
- Չեմ յիշում, բայց յետո՞յ ինչ։ Հիմա դուք ի՞նչ էք ուզում, - եւ պատրաստւում էիր գնալ։
- Մի րոպէ սպասէ՛ք, խնդրում եմ։ Ես հիմա կյիշեցնեմ, - արագ-արագ ասացի ես, - Ձեր ընկերուհին արտասովոր գեղեցիկ, նոյնիսկ կարելի է ասել, արտառոց հագուստ էր հագել, ու ես խօսեցի դրա մասին, յետոյ նստած էի Ձեր կողքին՝ կանգառում։
Քո դէմքին ժպիտ երեւաց.
- Դուք էն մօրուքով, երկար թիկնոցով մա՞րդն էք։
Այդտեղ ես յիշեցի, որ մօրուքս երկու օր առաջ էի սափրել։
- Այո՛, ես եմ։
- Յիշեցի, բայց հիմա ի՞նչ էք ուզում։
- Կարող է տարօրինակ թուալ, բայց այն օրուանից մտածում եմ Ձեր մասին եւ երբ այսօր տեսայ, հասկացայ, որ պատահականութիւն չէր մեր հանդիպումը։ Ուզում եմ ծանօթանալ Ձեզ հետ։
- Իսկ իմ անո՞ւնը ...
- Ձեր ընկերներից մէկը Ձեզ այն ժամանակ կանչեց, այդպէս իմացայ, - շտապեցի քեզ հանգստացնել, որովհետեւ դու ամէն րոպէ պատրաստ էիր շրջուել ու հեռանալ։
- Իմ անունը Լուսիկ չէ, այլ Լուսինէ, - արդէն բարեկամաբար խօսեցիր դու։
Ես, քո խօսակցաոճի փոփոխութիւնից համարձակութիւն ստացած, առաջարկեցի նոյն օրը երեկոյեան հանդիպել։ Դու այնքան էլ խանդավառ չէիր իմ հրաւէրով։ Հիմնականում խօսում էիր ժամանակ չունենալու եւ դասերդ պատրաստելու անհրաժեշտութեան մասին։
- Գոնէ կէս ժամով, - խնդրում էի ես։
Ի վերջոյ տեղի տուեցիր եւ նշանակեցիր հանդիպման վայրը:
- «Դիետիկ» ռեստորանի դիմաց, ուղիղ ժամը 6-ին։
Ես շտապեցի հեռանալ, քանի դեռ միտքդ չէիր փոխել։ Ու չտեսայ, որ դու մտար կից տան բակի դռնով։ Այդ նոյն բակում ապրում էր իմ աւագ ընկեր Մեսրոպի բարեկամը՝ Արամ քեռին։ Մեսրոպը 1966 թուականին Հայաստանում հիմնադրուած հայ անկախականների ընդյատակեայ կազմակերպութեան՝ Ազգային միացեալ կուսակցութեան՝ ԱՄԿ-ի հիմնադիր նկարիչ Հայկազ Խաչատրեանի ընկերներից էր: Զանգուի ափին խաղողի այգիներ ու գիւղական հիւղակ ունէր, ուր երկու անգամ վայելել էինք Արամ քեռու հիւրասիրութիւնը։ Այն ժամանակ ես բոլորովին չէի խմում, ոգելից խմիչքներ չէի օգտագործում, բայց Մեսրոպին ընկերակցում էի։ Նա մեծահարուստ, սակայն ժուժկալ մարդ էր ու գոհանում, աւելին՝ անսքօղ բաւականութիւն էր ստանում Արամ քեռու հողածեփ հիւղակում՝ սեղանի փոխարէն գինու հսկայական տակառի վրայ դրուած հաց, պանիր, սոխ ու նոյն տակառի գինին յոտնկայս ճաշակելուց։


ԳԼՈՒԽ Գ
Լուսինէ եւ Վարուժան

Դու եկար մի փոքր ուշացումով եւ ինչոր ընկերուհու հետ։ Ես արդէն հասցրել էի անհանգստանալ ուշացմանդ համար ու հազիւ քեզ տեսնելով՝ ուրախացայ, հիմա էլ՝ ընկերուհի։ Դա էլ փարատուեց. ինձ մօտենալով՝ դու հրաժեշտ տուեցիր ընկերուհուդ, եւ մնացինք մենակ։
- Ո՞ւր գնանք, - հարցրի ես։
- Ոչ մի տեղ։ Ես եկայ ասելու, որ ոչ մի տեղ չեմ կարող գալ։ Չեմ հասցրել կարդալ լեկցիաներս։
- Դու ամէն օր կարդո՞ւմ ես լեկցիաներդ, - անկեղծ զարմացայ ես։
- Իհարկէ՛, պարտադիր։ Իսկ ինչո՞ւ չպիտի կարդամ։
- Որովհետեւ ոչ մի ուսանող լեկցիաները տարուայ ընթացքում չի կարդում։
Ճիշտ կլինէր, եթէ ասէի՝ ուսանողների հիմնական մասը, բայց այդ դէպքում վտանգ կլինէր, որ դու նախընտրէիր նմանուել ուսանողների ոչ հիմնական մասին։
- Կարդում են քննութիւններից առաջ, - շարունակեցի ես։ - Դու ուսանո՞ղ ես։
- Այո՛, ապագայ ճարտարապետ, իսկ դո՞ւ։
- Ես վարորդ եմ՝ շոֆեր։
Երեւի կռահեցիր, որ կատակում եմ։
- Բա ի՞նչ գիտես, որ լեկցիաները չեն կարդում։
- Մամայի բալայ ընկերներ ունեմ, որ տղամարդու գործով զբաղուելու փոխարէն ուսանողութիւն են անում։
- Տղամարդու գործը ո՞րն է, - քրքջացիր դու։
- Հող փորելը, աւտօ քշելը, ծանր գործեր անելը, - ընդհանրացրի ես։ Նկատում էի, որ տրամադրութիւնդ բարձրանում է, ու արդէն չէիր շտապում ետ գնալ։
- Լաւ, գուցէ մի քիչ քայլե՞նք, - հարցրի ես։
- Ո՞ւր։
- Թէկուզ այսպէս մի քիչ վեր գնանք ու գանք։
- Գնանք, - համաձայնեցիր դու։
Անցանք Վռամշապուհ արքայի փողոցը եւ զրուցելով գնացինք վեր։
- Գրի՛ր իմ հեռախօսի համարը, որպէսզի անհրաժեշտութեան դէպքում զանգահարել կարողանաս։
- Անհրաժեշտութիւն չի լինի։
- Ի՞նչ գիտես։
- Գիտեմ, - վստահ շարունակեցիր դու եւ անակնկալ կանգ առնելով՝ շրջուեցիր իմ կողմը ու զարմացական ժպիտով ասացիր, ասես ընդամէնը արձանագրելիս լինէիր, - ես քայլում եմ քեզ հետ ու անունդ էլ չգիտեմ։
- Վարուժան, - անամօթաբար ստեցի ես։ Ինչ-որ դերի մէջ էի մտնում՝ վարորդ, անտաշ, անդաստիարակ տղամարդ, բայց կար նաեւ այլ հանգամանք։ Եթէ կարդացել ես Արշաւիր Շիրակեանի եւ Արամ Երկանեանի «Կտակն էր նահատակներուն» գիրքը, այնտեղ այդպիսի խաղի տարր կայ։ Գուցէ ես էլ ընդօրինակո՞ւմ էի՝ կանխազգալով ապագայ գործեր...
- Պատմի՛ր քո մասին, - հրամայեցիր տիրաբար։ Ինձ հետ այդ ոճով ոչ մի աղջիկ չէր խօսել։ Ճիշտ կլինի խոստովանել, որ խօսելու առիթ ու հնարաւորութիւն էլ շատ չէին ունեցել։ Դիմացինս անկախ ու անկաշկանդ, մարդկային որեւէ պայմանականութիւնից վեր կանգնած մարդ էր ու ինձ էլ նոյն կերպ էր վերաբերւում։ Ներքուստ քմծիծաղում էի այդ դեղնակտուցիկի վրայ, բայց եւ ինքս ինձ ընդունում էի, որ հաճելի յարաբերութիւնների միջավայր էի մտնում։
 Յատուկ պատմելու բան չունեմ։ Մի քանի տարի Ռուսաստանում էի. վերջերս եմ վերադարձել, - ասածներումս սուտ չկար։ Կալանավայրս իսկապէս Ռուսաստանում էր, եւ գարնանն էի վերադարձել։
- Այնտեղ ի՞նչ էիր անում։
- Աշխատում էի, փող էի շինում։
- Հնարաւոր չէ՞ր այստեղ աշխատել նոյն փողը։ Ի՞նչ գործ էիր անում։
- Չէ՛, էնտեղ հետաքրքիր էր։ Շոֆերութիւն էի անում ու ուրիշ տղամարդկային աշխատանքներ։
- Տունը, Հայաստանը չէի՞ր կարօտում։
- Դէ, երեւի մի քիչ, բայց կարօտելու ի՞նչ կայ։ Ամէն տեղ էլ մարդիկ են ապրում, ամէն տեղ էլ լաւ է։ «Որտեղ՝ հաց, էնտեղ՝ կաց», - ասել են մեր մեծերը, - կեղծ հիացումով եզրափակեցի խօսքս։
- Էդ խօսքերը չեմ սիրում։ Մարդ մենակ հացով չի ապրում։ Ես Հայաստանից հեռու երեւի մի օր էլ չկարողանամ ապրել։ Քուրիկս էլ է էդպէս, - դու քոյրիկի փոխարէն «քուրիկ» բառն օգտագործելով կարծես յատուկ վերաբերմունք արտայայտելիս լինէիր։
- Քեզնից մե՞ծ է, թէ՞ փոքր։
- Մեծ է։ Համալսարանի հնագիտականում է սովորում։ Այս տարի կաւարտի։
- Շողիկ անունով մի ծանօթ ունեմ հնագիտականում սովորող...
- Վա՜յ, քուրիկիս ընկերուհիներից է, - ուրախացած ընդհատեցիր ինձ։ Ընդհանուր ծանօթի ի յայտ գալը, կարծես ներզգացողութեան դրական ազդանշանների ճանապարհին կանգնած հոգեբանական պատնէշը չէզոքացնելու առաքելութիւն ունենար։ - Շատ մօտ են իրար հետ։ Ինքը շատ հայրենասէր է։ Այ, ինքն էլ Հայաստանից դուրս ապրել չի կարող։
Ես Շողիկին հէնց այդ որակով էլ ճանաչում էի։ Այն ժամանակ չգիտէի, որ մարտ ամսին կալանաւորուած Բագրատ Շահվերդեանի միջոցով ինքն էլ է դարձել Ազգային միացեալ կուսակցութեան երդուեալ, բայց որպէս հայրենասէր, մեր հայեացքների մարդ լինելու մասին գիտէի 1968 թուականից։
- Հայրենասիրութիւնս ո՞րն է։ Մարդ մարդու որ չսիրեց, ուրիշ բան չի սիրի։ Կեանքը պիտի սիրես, կեանքն ու ախպերութիւնը։
- Էդ ինչ ռաբիս բան ասացիր։ Դու իսկապէ՞ս այդպէս ես կարծում, թէ՞ կատակ ես անում։
- Ի՞նչ կատակ։ Իսկ ո՞վ ասաց, որ ռաբիսը վատ բան է։ Հեռու պիտի ապրած լինէիր, որ արժէքն իմանայիր. «Նամակ, նամակ, նամակ էլ կսպասէք»...
- Օ՜յ, - քրքջում էիր։
- Կամ, սա լսի՛ր, սա քեզ ծանօ՞թ է, - ու մի փոքր երգեցի, - «Երբ քեզ հանդիպում եմ իմ ճանապարհին, Ա՜խ, սիրտս է դողում ու անխօս լալիս...»։
- Դրան ռաբիս չասես. դա ռաբիս չէ, - ու դու էլ միացար ինձ,
«Եւ ինձ թւում է, թէ դու կմօտենաս,
Սիրոյ խոստումներով կեանքի սէր կտաս,
Բայց դու անցնում ես ու ետ էլ չես նայում,
Սիրտս ալեկոծուած ծով ես դարձնում»։
Կարծես մէկից մտերմացանք ու հարիւր տարուայ ընկերներ դարձանք։
Կառուցուող Գլխաւոր պողոտայի մերձակայքում մի նստարան գտանք ու նստեցինք։
- Բայց ուշանում եմ, երկար չենք նստելու։
- Ոնց կուզես, չնայած ինձ համար շատ ցանկալի կլինէր քեզ հետ երկար զրուցել։ Իսկ վաղը, վաղը կկարողանա՞ս գալ։
- Բայց ինչի՞ համար։
- Անպայման մի բանի համա՞ր պիտի հանդիպել։ Ես պարզապէս ուզում եմ քեզ տեսնել, - ու փորձեցի ափերիս մէջ վերցնել ձեռքդ։
Կտրուկ ետ քաշեցիր։
- Էդ մէկն աւելորդ էր։
Չարձագանքեցի։ Մտքերով վաղուայ անելիքներիս հետ էի. մինչեւ ժամը 4-ը գործարանում էի լինելու։ Նուբարաշէնի ¥այն ժամանակ՝ Սովետաշէնի¤ տրիկոտաժի ֆաբրիկայում էլեկտրիկ էի աշխատում։ Յետոյ պիտի հանդիպէի Ազգային միացեալ կուսակցութեան` ԱՄԿ խորհրդի անդամներին՝ Աշոտին, Ազատին, Անդրանիկին ու Յակոբջանին, ու տեղեկութիւն ստանայի տրուած յանձնարարութիւնների կատարման ընթացքի մասին։ Երեւանի 40-ից աւելի վայրերում միաժամանակ նոյն 30 րոպէի ընթացքում պիտի իւղաներկով գրառումներ անէին անկախութեան եւ հանրաքուէի վերաբերեալ։ Ստորագրելու էին՝ «ԱՄԿ», որը մարտահրաւէրի էր համարժէք։ «Պետական անվտանգութեան կոմիտէ» կոչուած քաղաքական ոստիկանութիւնը արդէն 7 տարի կրեմլեան իր ղեկավարներին զեկուցում էր, որ վերացրել են հայ անկախականների հիմնական կազմակերպութիւնը, վեցեօթ դատավարութիւն էր եղել, նոր մարդիկ էին կալանաւորուած, բայց կազմակերպութիւնը կար ու գործում էր. աննախադէպ երեւոյթ խորհրդային իրականութեան համար։
- Արի վաղը ժամը 7-ին նոյն տեղում հանդիպենք, բայց ոչ՝ 15-20 րոպէով, - առաջարկեցի ես։
- Չեմ կարծում, որ իմաստ ունի։ Ես ժամանակ չունեմ. դասեր ունեմ։
- Դասերդ մինչ այդ կամ դրանից յետոյ կանես։ Համ էլ աշնանն ի՞նչ դասի մասին կարող է խօսք լինել։ Դասերը լինում են քննութիւններին նախորդող շաբաթներում։
- Ես այդպէս չեմ սովորում։ Ես ամէն օր եմ պարապում։
Զրոյցի ընթացքում դու ասացիր, որ սովորում ես Երեւանի ճարտարագիտական ¥այն ժամանակ՝ պոլիտեխնիկական¤ ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետի 3-րդ կուրսում։ Ճարտարապետականում էլ ծանօթների յիշեցի. Գրիգորը, ում հետ ծանօթացել էի Նուբարաշէնի մի շէնքի շինարարութիւնում նրա ուսանողական պրակտիկայի ժամանակ, Մելանը, որ անցեալում ԱՄԿ պատանեկան մասնաճիւղի անդամ էր, իսկ այդ ժամանակ հօրեղբօրս տղայի՝ Վահէի նշանածը, հետագայում կինն ու երկու երեխաների մայրը։ Նկատեցի, որ ընդհանուր ծանօթների առկայութիւնը քեզ գոհունակութիւն է պատճառում։
- Ձեր կուրսում տղե՞րք էլ կան, - իբրեւ անիրազեկ հարցրի ես։
- Հիմնականում տղաներ են, միայն երկուսս ենք աղջիկ։
- Ինչպէ՞ս, ուրեմն տղամարդը մատիտով ու քանոնով կարող է աշխատել։ Բա դա տղամարդուն վայե՞լ բան է։
Դու ծիծաղում էիր իմ դատողութիւնների վրայ, հաւանաբար հասկանալով, որ կատակում եմ։ Միաժամանակ ամենայն լրջութեամբ փորձում էիր բացատրել ինձ, որ մեր շրջապատի բոլոր շէնքերը տղամարդաւարի կառուցուելուց առաջ նախագծուել են, որ դա նոյնպէս լուրջ ու ծանր աշխատանք է։ Ես իմ անտաշ էրեւանցու դերի մէջ մտած շարունակում էի դատարկաբանել, սակայն ժամանակ առ ժամանակ նաեւ չէի կեղծում։
- Հեռախօսիս համարը անգիր կյիշե՞ս, թէ՞ գրի կառնես։
- Ինձ պէտք չէ քո համարը։
- Բա ո՞նց ես ինձ գտնելու։
- Իսկ ո՞վ ասաց, որ փնտրելու եմ, - ծիծաղեցիր դու։
Ես հասկացայ, որ անյոյս չեն քեզ հետ մտերմանալու իմ ճիգերը։
- Գուցէ դո՞ւ քո հեռախօսի համարն ինձ տաս, - խնդրեցի ես։
- Մենք հեռախօս չունենք, բայց ունենայինք էլ՝ իմաստ չեմ տեսնում։ Ես ուզում եմ տուն վերադառնալ, շատ ուշացայ։
- Գնանք, - համաձայնեցի ես։
Վերադարձի ճանապարհն անցնում էր ներկայիս Գլխաւոր պողոտայի, այն ժամանակ դար ու փոսերով լի, կառուցուող հատուածով։ Արդէն մթնշաղ էր։ Այդ հատուածում դու մի պահ կանգ առար. «Ո՞նց պիտի անցնենք»։
- Այսպէս, - պատասխանեցի ես ու թոյլ չտալով, որ դու առարկել հասցնես, անմիջապէս քեզ վերցրի ձեռքերիս վրայ եւ անցայ ճանապարհի այդ փոշոտ ու քարքարոտ հատուածը։ Երբ քեզ անվնաս ցած իջեցրի, դու մի պահ անշարժ կանգնած նայեցիր ինձ, ապա այնպիսի շեշտադրումով, որ առայսօր հնչում է ականջներումս, ասացիր, աւելի ճիշտ կլինի ասել՝ արտաբերեցիր.
- Դու գի՜ժ ե՜ս...
Ես լուռ առաջարկեցի թեւս, եւ դու, ընդունելով առաջարկս ու ինձ թեւանցուկ անելով, ասես ինքդ քեզ շշնջալով կրկնեցիր. «Դու գիժ ես...»։
Իրար հրաժեշտ տուեցինք նոյն դիետիկ ռեստորանի դիմաց։
- Վաղը՝ ժամը 7-ին, ես քեզ կսպասեմ այստեղ։
- Մի՛ սպասիր, ես չեմ գայ։
- Բայց ես չեմ ասում, թէ դու արի։ Ես ասում եմ՝ կսպասեմ քեզ։ Եթէ կգաս, լաւ, եթէ չես գայ, - ես արդէն զգում էի, որ դու գալու ես, - ոչինչ. ես կշարունակեմ սպասել։
- Ես չեմ գալու, իզուր ժամանակ մի՛ կորցրու։
- Ես քեզ դրա համար չգտայ, որ նորից կորցնեմ։ Սպասելու եմ։
Դու զարմացած նայեցիր իմ ուղղութեամբ եւ առանց հրաժեշտ տալու՝ գնացիր։
- Ցտեսութիւն, Լուսինէ՛, բարի՜ գիշեր, - բացականչեցի քո ետեւից։
- Բարի գիշեր, - անհաղորդ էր պատասխանդ։


ԳԼՈՒԽ Դ
Երկու աշխարհների սահմանագծում

Յաջորդ օրն իմ ամենայաջող օրերից էր։ Առաւօտեան իմ աշխատավայր՝ Նուբարաշէնի տրիկոտաժի ֆաբրիկա, եկաւ Գագիկ Յովսէփեանը։
Գագիկը աւարտել էր համալսարանի (ԵՊՀ) ֆիզմաթը։ Նա 1969 թուականի փետրուարի 18-ին Ծիծեռնակաբերդում Մեծ եղեռնի յուշարձանի յաւերժական կրակի մօտ ԱՄԿ երդում ընդունածներից մէկն էր։ ԱՄԿ-ին միացել էր իրենց հայրենասիրական գաղտնի «Այգ» խմբով։ Իմ առաջին կալանքի ժամանակ մեր չբացայայտուած ընկերներից էր։ Երդմանը պիտի ներկայանային երկուսով` ինքը եւ Ռաֆիկ անունով իր համակուրսեցին` նոյնպէս «Այգ» խմբի անդամ, բայց Գագիկը մենակ եկաւ։ Ռաֆիկն ամաչել էր անձամբ գալ։ Խնդրել էր ինձ փոխանցել, որ ինքն իրենց բազմանդամ ընտանիքի (5 երեխայ էին) հայրիկի միակ օգնականն է ու չի կարող անմնացորդ նուիրուել մեր պայքարին։ Վախկոտ որակեցի ես երիտասարդական մաքսիմալականութեամբ, սակայն տարիներ անց, երբ պայքարի ամենավճռական փուլում պայքարից հրաժարուեցին բազմաթիւ երդուեալներ, հասկացայ, որ ընդհակառակը, նա իրական քաջերից է` իր թուլութիւնից չվախեցող, թուլութիւնը խոստովանելու քաջութիւն ունեցող առաքինի անհատ։ Իսկ դժուարութիւնների ճնշման տակ երդումից հրաժարուելու մարդկային յակուածութիւնը ինձ օգնեց հասկանալու այն պատուիրանը, որ երդուել չի կարելի, այլ պարզապէս մարդու այոն պէտք է այո, եւ ոչը ոչ լինի։ Կարծում եմ՝ սա բխում է առանցքային «մի՛ ստիր» պատուիրանից։ Եթէ մարդն իր մտքերն ու ծրագրերն արտայայտելիս ինչ-որ պահի երդւում է, ապա դրանից կարելի է հետեւութիւն անել, որ այն, ինչ ներկայացնում է առանց երդուելու, տարբերւում է երդման ներքոյ մատուցուածից իր, մեղմ ասած, անլրջութեամբ։ Իսկ եթէ հետեւողական լինենք, ճիշտը, հաւաստին դառնում է երդումով հաստատուածը, իսկ մնացեալ բոլոր դէպքերում պիտի հնարաւոր համարես խօսքի սուտ լինելը։ Այս մտորումները ինձ եւ ԱՄԿ երրորդ սերնդի` Ազգային ինքնորոշում միաւորման անդամ ընկերներիս համոզեցին պաշտօնապէս հրաժարուել երդումից։
Հայաստանի առաջին՝ 1991 թուականի նախագահական ընտրութիւններում ընդդիմութեան հիմնական թեկնածուն ես էի։ Ըստ օրէնքի՝ նախագահ ընտրուողը պարտաւոր էր երդուել Աստուածաշնչի վրայ։ Դեռ չգիտէի, որ ե՛ւ այդ ժամանակ, ե՛ւ յաջորդ 10 եւ աւելի տարիներին Հայաստանում ընտրութիւններ չեն լինելու, որ մոսկովեան ՊԱԿ-ի չբացայայտուած գործակալների ցանցը մնալու է հիմնական քաղաքական ուժը ու ցանկացած ընտրութիւն դարձնելու է իր ուղղակի կամ անուղղակի կամակատարների իշխանութեան գալու միջոց։ Եւ որպէս հիմնական թեկնածուներից մէկը (գրաւել էի երկրորդ տեղը)՝ ես լուրջ մտահոգուած էի նախագահի երդման հանգամանքով։ Արդէն որոշել էի, որ օրէնքով նախատեսուած «երդւում եմ» բառերի փոխարէն պիտի ասէի` «պարտաւորւում եմ»։ Նախագահ դարձաւ Լեւոն Տէր-Պետրոսեանը, եւ երդումն արգելող Աւետարանի վրայ երդուելու բեռն էլ մնաց իրեն ¥իր բոլոր երկրային ու երկնային հետեւանքներով¤...
Գագիկը պատմեց, որ ինքն անձամբ տեսել է, թէ ինչպէս ճանապարհները փակելով, ոստիկաններ ու ՊԱԿ-ի աշխատակիցներ լուսանկարում ու չափագրում են պատերին ու փողոցի ասֆալտին կատարած գրառումները։
- Կարծես յատուկ ուշադրութիւն հրաւիրէին։ Բոլոր վարորդները հարցնում էին, թէ ինչ է պատահել ու տեղեկանում, որ անկախ Հայաստանի օգտին կոչեր են գրուած ԱՄԿ ստորագրութեամբ։
- Կարդացւո՞ւմ էր։
- Էն էլ ո՜նց։ Պարոյ՛ր, մեզնից բացի էլի՞ ԱՄԿ կայ։
- Եթէ դու սկսել ես այդպիսի հարցեր տալ, ուրեմն մենք հաստատ ԱՄԿ չենք, այլ միւսները։
- Ես յիշում եմ գաղտնապահական կանոնները։ Ես հո չհարցրի, թէ ովքեր են։ Ուղղակի ուրախութիւնս եմ արտայայտում։
- Քանի՞ տեղ ես այդպիսի երեւոյթի հանդիպել։
- Ձկան խանութի մօտ, կրկէսի դիմաց, կայարանում եւ Արէշում՝ չորս տեղ։
Տարածքները ես էի սահմանազատել տարբեր մասնաճիւղերի համար։ Եթէ Գագիկը տեսել էր չորսը, ուրեմն գործն իրականացել է։ Նախորդ շաբաթ նոյնպէս նախաձեռնել էինք, բայց անարդիւնք։ Կա՛մ կասկածելի բան էին նկատել, կա՛մ վրձինը լաւը չէր եղել, կա՛մ ներկն էին թափել։ Արդիւնքում գործը տասը տոկոսով իսկ չէին արել։ Ու քանի որ այդ ձախողումները եղել էին իրարից բացարձակապէս անկախ եօթութ խմբերում, մեզ մնում էր կասկածել մեր արածների նկատմամբ Տիրոջ բարեացկամութեանը։ Միւս կողմից, քանի որ չափից աւելի էինք համոզուած, որ ճիշտ բան ենք անում, որոշեցինք հէնց Տիրոջը դիմել։ Իմ առաջարկով խորհրդի անդամներով գնացինք Էջմիածին ու ամբողջ օրը Մայր տաճարում ու տարբեր եկեղեցիներում մոմեր էինք վառում ու աղօթքով խնդրում Բարձրեալին՝ մեզ դուրս բերել ձախորդութիւնների այս մղձաւանջից։ Հիմա արդէն տեղեկացայ, որ ձեռնարկը կայացել է։ Եկաւ նաեւ Ազատը։ 3
Նա իմ մանկութեան ընկերն էր։ Ինձանից մէկ տարով էր փոքր։ Երեխայ ժամանակ միասին նուագել էինք փողային նուագախմբում ու մտերմացել։ Միասին էլ 1967 թուականին դարձել էինք ԱՄԿ երդուեալ անդամներ։ 1969 թուականին կալանաւորումներից կարողացաւ խուսափել եւ 1973 թուականին կալանավայրից իմ վերադարձից յետոյ անմիջապէս ընդունեց Անկախութեան, մարդու իրաւունքների իրացման` հանրաքուէի ճանապարհով ուղեգիծը։ Հիմա հիմնական մասնաճիւղերից մէկի ղեկավարն էր, ԱՄԿ խորհրդի անդամ։Գրառումների վերաբերեալ Ազատի պատմածը աւելի ոգեւորիչ էր։ «Մարդիկ խանդավառուած են ու արդէն խօսում են անորսալի անկախականների մասին», - ասում էր նա։
Օրուայ մնացեալ մասը նոյնպէս մեր գաղտնի գործերում դրական շրջադարձ աւետող նորու-թիւններով էր լի։ Աշոտն ասաց, որ արդէն ինքնուրոյն տպագրութիւն իրականացնելու հարցն էլ է լուծուած։ Փաստօրէն, իրարից անկախ չորս փոքր տպարաններ ունէինք։ Պատրաստ էին «Խօսնակ Ազգային միացեալ կուսակցութեան» հանդէսի նիւթերը։ Աշոտը նոյնպէս ԱՄԿ խորհրդի անդամներից էր։ Նա 1969 թուականին ինձ հետ կալանաւորուեց եւ որպէս երիտասարդ դատապարտուեց միայն 2 տարուայ ազատազրկման։ Ազատն էր նրան բերել ԱՄԿ։ Եթէ Ազատը նախաձեռնող էր, ապա Աշոտը՝ ճշտակատարութեան մարմնացում։ Երեկոյեան ԱՄԿ խորհրդի նիս-տում հաւանութիւն տրուեց Բագրատի ու Արարատի դատավարութեան վերաբերեալ մեծաքանակ թռուցիկներ պատրաստելու եւ նրանց խիստ դատելու դէպքում հզօր պատասխանով հանդէս գալու գաղափարին։ Տեղն ու ձեւը առկայ առաջարկների հիման վրայ պիտի ընտրէինք եւ իրականաց-նէինք ես ու այն մասնաճիւղի ղեկավարը, ում կվստահուէր գործը։

Լուսինէ՛, դու եկա. եկար ճիշտ ժամանակին, բայց քեզ այնպէս էիր պահում, ասես պատահաբար անցնում ես այդ տեղով։
- Բարեւ, Լուսինէ՛։ Ինչ լա՜ւ է, որ եկար։
- Ես ընկերներիս մօտ եմ գնում։
- Կարո՞ղ եմ ուղեկցել քեզ։
- Ինչպէս կուզես։ Մենք կուրսեցիներով սրճարան ենք գնալու։
Կենտրոնական հրապարակում, իսկապէս, դու մօտեցար հաւաքուած մի խումբ քո տարէկից ե-րիտասարդների։ Ես մի փոքր հեռաւորութեամբ կանգնած էի ու չէի կարողանում կողմնորոշուել։ Դուք ինչ-որ բան էիք քննարկում ուրախ ու զուարթ։ Յետոյ դու «չէ, չեմ կարող» բառերն արտասանե-լով ու նրանցից մէկից ալբոմանման մեծ տետր վերցնելով՝ հրաժեշտ տուեցիր նրանց ու վերադար-ձար ինձ մօտ։
- Աւելի լաւ է դասերս սովորեմ, - ասացիր ինձ։
Իսկ ես ասես չէի լսում բառերդ։
- Ինչ լա՜ւ է, որ դու վերադարձար, ինչ լա՜ւ է, որ եկար այսօր։
- Բայց ես հիմա տուն եմ գնում։
- Իհարկէ՛, ով տուն չի գնում, նրա մօտ ինչ-որ բան կարգին չէ։ Բայց չէի՞ր կամենայ սրճարան կամ կինօ կամ գուցէ դու ասես, որեւէ տեղ գնալ մինչեւ տուն վերադառնալդ։
- Մի քիչ քայլե՞նք, - առաջարկեցիր դու։
Մենք «Արմենիա» հիւրանոցի դիմացով անցանք Կենտրոնական փոստի կողմը։ Յետոյ հրապա-րակը շրջանցելով՝ Աբովեան փողոցով քայլեցինք վեր՝ դէպի Օղակաձեւ այգին։ Այդ օրը դու պակաս մարտական էիր տրամադրուած եւ պատմեցիր քո եւ ընտանիքիդ մասին. Աշտարակ քաղաքից էիք, հայրդ նկարիչ էր. դու եւ քոյրիկդ Երեւանում վարձով էիք ապրում։ Երազում էիր լաւ ճարտարապետ դառնալ, սովորում էիր սիրով, ոչ որպէս պարտականութիւն, սիրում էիր դասական երաժշտութիւն եւ կարդալ։ Գրեթէ բոլոր գրքերը, որոնց մասին ես խօսում էի, դու կարդացել էիր։ Օղակաձեւ այգում մենք երկար նստեցինք։ Դու չկամեցար նոյնիսկ պաղպաղակ հիւրասիրուել։ Դրա փոխարէն, երբ նս-տած էինք, ձեռքս ուսիցդ չվանեցիր։
Մի պահ նկատեցի, որ ես շատ եմ հեռանում իմ հնարովի կերպարից ու վերադարձայ անտաշ վարորդիս մարմնաւորմանը։
- Արի՛ այստեղ, - ու քեզ նստեցրի ծնկներիս։ Խայթուածի պէս վեր թռար.
- Չե՜եմ ուզում։
- Ինչո՞ւ։
- Չե՜մ ուզում, եւ վերջ։
- Դու յետամնաց գիւղացի ես։
- Իսկ դու՝ անյաջող դերասան։ Ասա՛, որտե՞ղ ես սովորում։
- Ե՞ս, սովորե՞լ։ Ես հո աղջիկ չեմ, որ էդպիսի խունջիկ բաներով զբաղուեմ։
- Լաւ, որտե՞ղ ես դասաւանդում։
Ձեւացրի, թէ հարցդ չեմ լսում.
- Տղամարդուն տղամարդկային գործերն են տղամարդ պահում։ Էնպէս որ, տղամարդը չպիտի թիթիզանայ։
Դու ասացիր, որ իմ տրամաբանութիւնը քեզ արդէն ձանձրացնում է։ Պարզապէս խօսքերիս ե-տեւում երբեմն մէկ այլ մարդ է ի յայտ գալիս, որը եւ դրականօրէն է տրամադրում։
- Ինչո՞վ էիր զբաղուած մինչեւ Ռուսաստան մեկնելդ։
- Տարբեր աշխատանքներ էի անում, բայց ամենահետաքրքիրը Էրեբունու պեղումներին մաս-նակցելն էր։
- Արսէն անունով մի ընկեր ունենք։ Նա էլ մէկ ամիս աշխատել է։
- Ճանաչում եմ, - իսկապէս ճանաչում էի, - հացի փռի մօտ է ապրում, իրենց խօսքերով՝ Տրամվի կռուգի թաղում։
- Ճիշտ է, մի անգամ եղել ենք իրենց տանը։
- Ես իրեն վաղուց չեմ տեսել, բայց բաւականին մօտ ենք եղել։
Տունդարձի ճանապարհին դու ինձ թոյլ տուեցիր բռնել քո ձեռքը, իսկ երբեմն էլ փխրուն մարմ-նիդ վստահութիւն արտայայտող հպումներն էի զգում ուսիս։ Մի քանի անգամ միասին ցածրաձայն երգեցինք արդէն մերը դարձած «Բայց դու անցնում ես...» երգը։
Հրապարակով անցնելիս կրկին ներքին արգահատանք ու նողկանք զգացի Պատմութեան թան-գարանի կամ Ազգային պատկերասրահի գլխաւոր մուտքի դիմացի մեծ կամարից կախուած Լենինի կարմիր նկարի հանդէպ։ Մարդկութեան եւ մանաւանդ հայ ժողովրդի մեծագոյն դահիճներից մէկի ներկայութիւնը շարունակւում էր պարտադրուել հայութեանը։ Բագրատ Շահվերդեանի ու Արարատ Թովմասեանի դատապարտման պատասխանի գործողութիւնը հասունանում էր։ «Տեսնես ինչի՞ց է պատրաստուած այս նկարը», - մտածում էի ու մտածում նաեւ աննկատ ստուգելու հնարի մասին։
Այդ օրը դու թոյլ տուեցիր հասնել մինչեւ ձեր վարձակալած սեւ տուֆից կառուցուած տան բակի դռան մօտ։
- Մերն այս երկրորդ յարկի հատուածն է։ Զոյգ լուսամուտները մերն են, - բացատրեցիր դու։
- Ե՞րբ ենք կրկին հանդիպելու։
- Երկու օրից, - այս անգամ վստահ էիր՝ առանց սեթեւեթանքների։
- Ինչո՞ւ ոչ վաղը։
- Վաղը չեմ կարող, միւս օրը յարմար է։
Ես քեզ ինչպէ՞ս ասէի, որ քո նշած միւս օրն էլ ես էի զբաղուած, այն էլ՝ ինչերով։
- Պայմանաւորուենք, որ երբ լուսամուտից լսես մեր երգի մեղեդին, դուրս ես գալու։ Յարմա՞ր է։
- Կարելի է, բայց չեմ պատկերացնում՝ կլսուի՞ արդեօք։
- Փորձենք, տուն մտնելուցդ հինգ րոպէ անց ես կսուլեմ այդ մեղեդին։ Դու ուշադի՛ր եղիր։
- Եղաւ, բարի գիշեր։
- Լուսինէ՛։
- Ասա՛։
- Մի րոպէ կգա՞ս։
- Ո՞ւր:
- Այստեղ, - ցոյց տուեցի մօտակայ շէնքի սիւների վրայ յենուած անկիւնը, որը դէպի շէնքի բակ տանող անցումն է։ Այդ շէնքն ու անկիւնն էլ, կարծես մեզ վրայ ծիծաղելու համար անփոփոխ են մնացել։ Միայն մենք ենք փոխուել կամ, որ աւելի վատ է, չկանք։ Դա դէպի Գերագոյն դատարան տանող փոքր ճանապարհի սկզբի անկիւնային շէնքն է, որի բակի մուտքի մասը յենուած է անշուք բետոնէ սիւներին։
- Ինչո՞ւ, - հարցրիր կտրուկ։
- Ուզում եմ քեզ հրաժեշտ տալ։
- Այստեղ էլ կարող ես հրաժեշտ տալ, - ձեւացրիր, թէ չես հասկանում, որ խօսքը քեզ համբուրե-լու մասին է, - բարի գիշեր։
- Բարի գիշեր, - համակերպուեցի ես։
Հինգ րոպէ անց սուլեցի մեր սիրած մեղեդին։ Դու իսկոյն դուրս եկար։
- Շատ պարզ լսւում է։ Բարի գիշեր։


ԳԼՈՒԽ Ե
1973 թուական, հոկտեմբեր, Երեւան

Երկու օրից սկսուեց մեր ընկերների՝ Բագրատենց դատավարութիւնը: Առաջին օրը ինձ եւ Աշոտ Նաւասարդեանին հասարակական կարգը խախտելու հնարովի մեղադրանքով ձերբակալեցին։ Դա-տավարութեանը ներկայ գտնուել համարձակուելուս համար ինձ եւ ինձ ձերբակալելու պատճառի մասին հետաքրքրուելու համար Աշոտ Նաւասարդեանին 3 օրուայ կալանքի դատապարտեցին։ Բախտներս բերեց. դատաւորը իրեն հերոսաբար դրսեւորեց, չնայած կարգին մարդը ոչ թէ պահանջ-ուած 10 օրուայ փոխարէն պէտք է երեք օր տար, այլ անմեղ ճանաչէր, սակայն կարո՞ղ էր կոմու-նիստների օրօք կարգին մարդը դատաւոր մնալ... Այս հարցադրման պատասխանը մէկ այլ դատաւորի՝ Խանամիրեանի հետ կատարուածն էր։
1970 թուականի մեր առաջին կալանքի գործով Գերագոյն դատարանի դատաւոր Խանամիրեանին մեր դատից յետոյ Գերագոյն դատարանի գրադարանի աշխատող էին դարձրել։ 1973 թուականին Մորդովիայից վերադառնալուց յետոյ պատահաբար հանդիպեցի նրան «8» համարի տրոլէյբուսում։ Նալբանդեան փողոցով էր ընթանում այդ պահին։ Ես պիտի համալսարանի կանգառում իջնէի, բայց դատաւորիս՝ Խանամիրեանին տեսնելով՝ մնացի տրոլէյբուսում։ Սկզբից չճանաչեց։ Հարցրի.
- Ներողութիւն, ինձ չէ՞ք յիշում։
- Ո՛չ - պատասխանեց՝ խորասուզուած մտածելով։
- Իսկ Պարոյր Հայրիկեանի՞ն։
Իսկոյն յիշեց։ Այնպէս պայծառացած, ասես երկար տարիներ կորցրած հարազատին է գտել։ Գրկեց ինձ, նստեցրեց իր կողքին։ Առողջութեանս մասին հետաքրքրուելուց յետոյ առաջին հարցը Սուսաննա Ենգիբարեանի մասին էր։ Սուսաննան մեր գործով որպէս վկայ անցաւ։ Դատաւորը նրան հարցաքննելիս ընդգծուած դրական, կարող եմ ասել, սիրալիր վերաբերմունք էր ցոյց տալիս։ Երբ պատասխանեցի, որ Սուսաննան եւ ես միայն ընկերներ ենք եղել եւ նախաքննութեան մօտ այլ տպաւորութիւն ենք ստեղծել անվտանգութեան համար, Խանամիրեանը երեխայի նման տխրեց։ Այլեւս ոչինչ չասաց։ Ի զարմանս ինձ՝ հրաւիրեց Գերագոյն դատարան։ Մի քանի օրից այցելեցի։ Գրադարանավարի պէս մի բան էր աշխատում։ Մեր դատից յետոյ էր այդ կարգավիճակում յայտնուել։ Կարծես խղճի խայթն իրեն մշտապէս հետապնդելիս լինէր. «Յիշո՞ւմ ես, ես քո ընկերներից երկուսին դատարանից ազատեցի»։ Խօսքը Ռաֆայէլ Բարսեղովի եւ Աշոտ Խաչատրեանի մասին էր։ Դատախազ Շլեպչեանը իւրաքանչիւրի համար չորսական տարի խիստ ռեժիմի ազատազրկում էր պահանջել, իսկ Խանամիրեանը վեց ամիսը բաւարար համարեց եւ ազատեց դատարանի դահլիճից։ «Պարո՛ն Խանամիրեան, ես եւ իմ ընկերները Ձեզ միշտ խորին երախտագիտութեամբ ենք յիշել»։ Նա ուշադրութիւն չէր դարձնում իմ խօսքերին. «Ես չէի կարող քեզ չորս տարուց պակաս տալ։ Այդ դէպքում դատախազութիւնը կբողոքարկէր, եւ շատ աւելի խիստ կդատապարտէին», - կարծես փորձում էր արդարանալ։ Մինչդեռ նա՝ այդ մեծ մարդն ու մեծ հայը, դրա կարիքը չունէր։ Նա ինքն էլ էր պատժուել, իսկ մենք՝ ես, Աշոտը եւ Յակոբը, ուղղակի շահել էինք։ Ուկրաինայում մեր «Երկունք» թերթի միայն առաջնորդող յօդուածի՝ «ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆԸ ՈՐՊԷՍ ԿԵՆՍԱԿԱՆ ՊԱՀԱՆՋ» վերնագրի համար եօթ տարուայ կալանք ու հինգ էլ աքսոր կտային։ Այստեղ դատախազ Շլեպչեանն ինձ համար պահանջել էր եօթ տարուայ կալանք, իսկ Աշոտի ու Յակոբի համար՝ հինգ տարուայ։ Բայց դատաւորը ամենքիս համար անակնկալ մեր ժամկէտները դատախազի, որ նոյնն է ՊԱԿ-ի նախատեսածից երեք տարով պակասեցրեց։ Արդիւնքում ես ստացայ չորս տարի, իսկ Նաւասարդեան Աշոտն ու իմ համակուրսեցի Աշիկեան Յակոբը՝ երկուական տարի։ Այն ժամանակ մենք դեռ մեր քսանը չէինք բոլորել։ Ինչպէս նշեցի, կոմունիստական իշխանութիւնները Խանամիրեանի արիութիւնն անհետեւանք չթողեցին։ ՊԱԿ-ի դատախազ Ղամբարեանը 1974 թուականին անկեղծօրէն ցաւ էր յայտնում առաջին գործով ինձ եօթ տարուայ չդատապարտելու համար. «Դեռ նստած կլինէիր, մեզ այսքան հոգս չէիր պատճառի, այսքան մարդու դժբախտութեան պատճառ էլ չէիր դառնայ»։ Չէկիստական բացառիկ մարդասիրութիւն...

Բագրատենց դատի ընթացքում ինձ ձերբակալելու եւ դատարանից տանելու պահը հասցրեց նկատել այդ ժամանակներից սկսած անընդմէջ ԱՄԿ-ի ու Հայաստանի անկախութեան գործին անդաւաճան ծառայած, հետագայի իմ անփոխարինելի ընկեր Սուսաննա Աւագեանը։ Քանի որ ինքն ԱՄԿ այն նուիրեալներից էր, ում հետ մինչեւ առաջին կալանքս ծանօթ չէի, իր հետ շփուելու, նոյնիսկ առնչուելու իրաւունք չունէի։ Նա՛ էլ միւսներին տեղեկացրել էր ինձ տանելու մասին։ Ընդհանրապէս, ոչ ոք չգիտէր, թէ որտեղ ենք։ Հարազատներին տեղեկացնել չթոյլատրեցին։ Խորհրդային կարգեր էին եւ խորհրդային դատարան։ Մեր գործի քննութեան ժամանակ դատարանում ոչ մի ծանօթ կամ բարեկամ չկար։ Դատաւորն ասում էր, որ ինքը պարտաւոր չէ մեր հարազատներին տեղեկացնել։ Հետագայ օրերին էլ ոչ ոք չէր իմացել մեզ պահելու վայրը։ Յատուկ իմ եւ Աշոտի համար գործի էին գցել երբեւէ չաշխատած, այն ժամանակ Լենինի անունը կրող (այժմ՝ Շէնգաւիթ) շրջանի ոստիկա-նութեան նկուղի հաւանաբար պահուստային կալանատունը։ Ազատն ու Անդրանիկը կռահել էին, որ պէտք է շտապ ընդյատակային գործնականութիւն դրսեւորել մեզանից կասկածները հեռացնելու համար։ Նրանք մի քանի հազար քանակութեամբ թռուցիկներ էին պատրաստել եւ տարածել։ Նրանք յատուկ անդրադարձել էին Բագրատենց դատավարութեան հետ կապուած մի դրուագի, որն ինձ ու Աշոտին յայտնի լինել չէր կարող։ Դրանով ՊԱԿ-ի հետախոյզներին ու վերլուծաբաններին համոզել էին, որ ես ու Աշոտը գործող ընդյատակի կարեւորագոյն դէմքերը չենք։ Մեր ընկերների այդ հմուտ կողմնորոշումն էլ մեզ ժամանակաւորապէս փրկեց...

Բնականաբար, Լուսինէ՛, ես չէի կարող գալ եւ չեկայ մեր վերջին հանդիպումից ո՛չ երկու, ո՛չ էլ ե-րեք օր յետոյ։
Բանտից դուրս գալուց երկու օր անց՝ երեկոյեան, ձեր տան լուսամուտի տակ պայմանաւորուած ձեւով կանչեցի քեզ։ Ստիպուած եղայ մի փոքր սպասել։ Դու դուրս եկար փողոց. զգուշաւոր նայեցիր շուրջբոլորդ եւ վազեցիր այն անկիւնը, ուր հինգ օր առաջ ինքդ էիր հրաժարուել գալ։ Ես հետեւեցի քեզ։ Երբ մօտեցայ, նետուեցիր գիրկս ու համբոյրներիդ միջից կցկտուր լսում էի.
- Ո՞ւր էիր, ո՞ւր էիր կորել, ինչո՞ւ երեք օր առաջ չեկար։
- Բայց ես չէի խոստացել. դրա համար մենք կանչի ազդանշան պայմանաւորուեցինք։ Պարզա-պէս գործեր կային։
- Ես չեմ հասկանում, թէ ինչու, բայց այնպէս անհանգիստ էի։ Թւում էր, թէ քեզ այլեւս չեմ տեսնե-լու։
- Կներես, որ այսպէս ստացուեց։ Անհանգստանալու բան չկար։ Տեսնո՞ւմ ես, ես այստեղ եմ։ Գնա՞նք։
- Չէ՛, այսօր չեմ կարող, տանը մարդ կայ։ Արի վաղը՝ ժամը 6-ին, հանդիպենք։
- Միւս օրը՝ 6-ին, - խնդրեցի ես, ու դու համաձայնեցիր։

Տրիկոտաժի ֆաբրիկայի տնօրէնը տարբեր գործեր կատարող երեք քարտուղարուհիներ ունէր՝ Հայաստանը, Մանիկը եւ Մարիամիկը։ Նրանք աւելի շատ իմ օգնականներն էին, քան յաճախ գործուղումների մեկնող տնօրէնինը։ Ե՛ւ գրամեքենաները, ե՛ւ միջքաղաքային հեռախօսային կապը, ե՛ւ նոյնիսկ առանձին մուտք ունեցող հանգստի սենեակը մշտապէս իմ տրամադրութեան տակ էին։ Գլխաւոր էներգետիկը՝ Ռաֆիկ Սարգսեանը, հայրիկիս ընկերն էր ու մեր գործի մեծ համախոհը. «Այդ էր պակաս, որ դու մեր բոլորի գործի համար 4 տարի բանտ նստելուց յետոյ էլեկտրիկութիւն անես։ Ինչով ուզում ես, դրանով էլ զբաղուի՛ր աշխատանքի ժամերին։ Քո ղեկավարը ես եմ ու միայն ես կարող եմ հարցնել քո գործերի մասին»։ Ես, իհարկէ, չէի շփանում եւ ջանում էի մասնակցել բո-լոր աշխատանքներին։ Կազմեցի գործարանի էլեկտրամատակարարման համակարգի մանրամասն գծապատկերը, որը, ինչպէս պատմում են, յետոյ երկար տարիներ ծառայել է իր նպատակին։ Ստա-ցածս ազատութիւնն ինձ հնարաւորութիւն էր տալիս նաեւ աշխատանքային ժամերը ծառայեցնել ԱՄԿ գործին, եւ ինչպէս ասացի, հիմնական օգնականներս տնօրէնի քարտուղարուհի Հայաստանն էր, մեքենագրուհի Մանիկը եւ նամակատար Մարիամիկը։ Այդ աղջիկներից ոչ մէկը գաղտնի կազ-մակերպութեան անդամ չէր։ Նրանք, իհարկէ, գիտէին իմ անցեալ գործունէութեան մասին, գիտէին, որ կալանքից յետոյ էլ նոյն խելքին եմ մնացել, սիրում էին իմ երգերը, մեքենագրելիս ոչ թէ ակամայ, այլ, ինչպէս իրենք էին ասում, սիրով կարդում էին տարբեր տարիների, յատկապէս բանտային գրա-ռումներս ու ջերմօրէն հաղորդակցւում։ Մենք ընկերներ էինք դարձել, եւ նոյն հիմնարկում աշխատե-լը հնարաւորութիւն էր տալիս նաեւ կենցաղում մտերիմներ լինել, այցելել միմեանց տներ, միասին միջոցառումների մասնակցել, արշաւների գնալ։ Ես տարիքով մի փոքր մեծ էի նրանցից ու աւելի փորձառու լինելով՝ որպէս մեծ եղբայր չէի անտեսում նաեւ նրանց աղջկական նախասիրութիւննե-րը։ Երբեմն ծաղիկներ էի նուիրում, երբեմն ձայնապնակներ կամ էլ հրաւիրում էի որեւէ հաճելի, հիմնականում դասական երաժշտութեան համերգի։

Յաջորդ երեկոյեան քեզ հետ հանդիպել չկարողանալուս պատճառն այն էր, որ Մանիկին հրաւի-րել էի Լուսինէ Զաքարեանի համերգին։ Մեզ հետ էր նաեւ իմ վաղեմի ընկեր Յարութիւն Կարա-պետեանը, ում մենք երգիչ Յարութ էինք կոչում։ Յարութի ներկայութիւնը, իմ երիտասարդական պատկերացմամբ, ընդգծելու էր իմ եւ Մանիկի ընկերական յարաբերութիւնները եւ պահպանելու մինչ այդ առկայ յստակութիւնը. եղբայրը քրոջը հրաւիրել է համերգի։ Բացի այդ Յարութը հասարա-կական կարծիքի ուսումնասիրման մի ողջ հաստատութեան կարողութիւն ունէր, եւ նրա տասրո-պէանոց տեղեկատուութեամբ այս կամ այն խնդրի վերաբերեալ հասարակական կարծիքի մասին աւելի վառ պատկերացում կարող էիր ստանալ, քան այլոց հետ անցկացրած ժամերի ընթացքում։ Համերգից յետոյ իմ սիրելի ԱստաֆեանԱբովեանով հասանք կենտրոնական հրապարակ։
- Երեւի Լենինի այս նկարը Սովետում դրա ամենամեծ նկարը լինի, - խօսեցի՝ ցոյց տալով հրա-պարակի շատրուանների դիմացի ամենամեծ կամարի տակ կարմրատակող Լենինի նկարը։
- Կարող է, - արձագանքեց Յարութիւնը։
- Երկաթից է կարծես, - շարունակեցի ես։
- Չէ՛, ի՞նչ ես ասում։ Սրանց այդքան փող ո՞րտեղից, - պատասխանեց Յարութը, - կտաւ է ֆանե-րայի կամ փայտէ շրջանակների վրայ քաշած։
- Գրազ գանք, որ երկաթ է։
- Գրազ գանք, - համաձայնեց Յարութը՝ մոռանալով, որ ես երբեք գրազ չեմ գալիս։ - Շոկոլադի վրայ։
- Համաձայն եմ։
Յարութիւնը գնաց եւ ներսի կողմից կիսախաւարում ստուգելուց յետոյ վերադարձաւ։ Ես այդ ըն-թացքում հասցրի նկատել, որ մեզ հետեւողներ չկան։
- Պարտուեցիր, եղբա՛յր, ֆաներայի վրայ ձգուած իւղաներկ կտաւ է, - ազդարարեց Յարութիւնը, - շոկոլադը կտաս Մանիկին։


ԳԼՈՒԽ Զ
Ծաղիկներ եւ առաջին տագնապներ

Ես մի փոքր ուշացայ այդ հանդիպմանը, ու դա պատճառ դարձաւ, որ քեզ յուզուած ու վրդով-ուած տեսնեմ։
- Քո կարծիքով ես քեզ պիտի սպասե՞մ, - ողջոյնի փոխարէն այս խօսքերով դիմաւորեցիր ինձ։
- Կներես, մեղաւոր եմ, - փորձեցի մեղմել զայրոյթդ, - այլեւս այսպիսի բան չի լինի։
- Երեկ Շողիկն էր մեր տանը։ Նա չկարողացաւ քեզ մտաբերել, - միանգամից բուն մտահոգութիւնդ արտայայտեցիր դու։
- Չկարողացաւ, իր խնդիրն է։ Ի՞նչ կայ իրար անցնելու։
- Դու իրեն ճանաչում ես, ինքը քեզ՝ ոչ։
- Կեանքում ինչեր ասես չեն պատահում։ Իմ ու քո խնդիրը Շողիկի յիշողութեան քննո՞ւմն է։ Այ-սօր չի ճանաչում, վաղը կճանաչի։ Գնա՞նք, թէ՞ այստեղ էլ պիտի զրուցենք։
- Ո՞ւր գնանք, - ձայնիդ մէջ դեռեւս զգացւում էր յուզումը։
- Բարձրանանք վերեւ, տեսնենք «Կինոմոսկուայում» ի՞նչ է գնում։
- Ես երկար ժամանակով գնալ չեմ ուզում. մի ժամից կուրսեցիներիս պիտի հանդիպեմ։
Քայլեցինք մօտակայ այգիներում։ Սկզբից սառն էիր ու վանող։ Յետոյ մեղմացար, ու զգացի, որ առաջին պահի վրդովմունքդ նախ եւ առաջ տագնապի դրսեւորում էր։ Այդ օրը մենք քիչ զրուցեցինք, որովհետեւ ինձ թոյլ էիր տալիս անկաշկանդ համբուրել քեզ։ Ժամանակն այնպէս արագ անցաւ, կարծես չէր էլ եղել։ Դու շտապում էիր, սակայն համաձայնեցիր մի քանի րոպէ սպասել մինչ ծաղիկ-ներ գնելս։ Կարծում էիր, թէ այլ նպատակի կամ ուրիշի համար եմ գնում ու երբ նուիրեցի քեզ, չթաքցրիր զարմանքդ.
- Սրանք ի՞նձ համար են։ Իսկապէ՞ս, դու այս ծաղիկներն ինձ ես նուիրում։
Դու, այդ ծաղիկները ձեռքիդ, ինձ թեւանցուկ արած, մօտեցար հրապարակի գրախանութի դի-մաց քեզ սպասող կուրսեցիներիդ։ Ինձ նոյնիսկ թուաց, թէ ուզում ես ինձ ներկայացնել նրանց, բայց նրբօրէն ետ մնացի։ Քիչ անց դու միացար ինձ, եւ քեզ ուղեկցեցի տուն։ Ձեր տանը կից շէնքի անկիւնը մեր հրաժեշտների վերջին հանգրուանն էր, ու դու այլեւս սուիններով չէիր դիմաւորում համբուրուելու իմ ու քո ցանկութեանը։

Ես ունէի իմ կեանքն ու իմ շրջապատը, բայց դու օրէցօր մերձենում էիր ու սկսել էիր իմ կեանքի մասը կազմել։ Կալանքից վերադառնալուց յետոյ իմ շրջապատում հրապուրանքներ ունէի, բայց անցեալիս սէրերի զօրաւոր խմորումներից դեռեւս չէի ձերբազատուել։ Հինը վերականգնելու կամ վերագտնելու որեւէ փորձ չէի անում։ Նրանց ներշնչմամբ ծնունդ առած բանաստեղծութիւնները մնում էին անհասցէ զեղումներ.

«Ճակատագիր է, եւ այսպէս ցմահ
Պիտ սիրենք, դու՝ ինձ, ես՝ քեզ,
Պիտ սիրենք, սակայն տրուենք ուրիշին,
Չարչարենք, դու՝ ինձ, ես՝ քեզ...»։

Լսել էի, որ 18 տարեկանում սիրածս օրիորդը, ում հետ յանուն ԱՄԿ պայքարի յարաբերութիւն-ներս խզել էի մինչեւ կալանքս, ում սակայն մոռանալ այդպէս էլ չկարողացայ, ու հետագայ բոլոր սէ-րերս, պարզուեց, նրա որոնումներն էին, ամուսնացել էր։ Իսկ նա, ում հետ դեռեւս քսանս չբոլորած կեանքումս առաջին անգամ խօսել էի ամուսնանալու մասին, բայց եւ շեշտել, որ ինձ կալանաւորելու դէպքում անմիջապէս պիտի մոռանայ ինձ, նշանուած էր։ Դժգոհութիւն ապրելու ի-րաւունք չունէի, ունայնութիւն զգալու՝ նոյնպէս։ Երկու դէպքում էլ մեղաւորը ես էի՝ նախաձեռնու-թիւնն իմն էր. ինքս էի որոշել կալանքի տարիներիս որեւէ մէկի չպարտաւորեցնել՝ սպասելով ինձ տառապել։ Երիտասարդ լինելով՝ ինձ իրաւունք էի վերապահել որոշում կայացնել նաեւ ուրիշների փոխարէն, գնահատել ուրիշների համար լաւն ու վատը։ Այդ պատճառով պատժուել էի, ինքս ինձ դատապարտել անյոյս սիրոյ կրող լինելու։ Կար նաեւ մէկ այլ հանգամանք, որ երբեւէ բարձրաձայն չեմ խոստովանել։ Երկրորդ կալանքիս տարիներին մի քանի ամիս Ազատ Արշակեանի հետ նոյն կա-լանավայրում եղանք։ Նա պատմեց, որ մի անգամ չէկիստների հետ զրուցելիս նրանց բերնի գոլն իմանալու համար մտերմիկ զրոյցի հնարաւորութիւն է տուել։ Այդ զրոյցի ընթացքում իրեն հարցրել են արդէն բացայայտուած իր ղեկավարի զուտ մարդկային յատկանիշների մասին. օրինակ՝ ի՞նչ է շատ սիրում, ի՞նչ թուլութիւններ ունի։ «Զգալով, որ այդ հարցը անթոյլատրելի՝ ընկերոջս ու ղե-կավարիս դէմ պայքարի ձեւեր գտնելուն ուղղուած հարց է, ես անմիջապէս, առանց խորը մտածելու պատասխանեցի, որ դու ոչ մի թուլութիւն չունես։ Բայց գիտե՞ս ինչն է հետաքրքրականը, - շարունա-կեց Ազատը, - յետոյ երբ ինքս ինձ էի խորհում, նկատեցի, որ ես քեզ պաշտպանելու համար շտապ՝ թուլութիւն չունի ասելով, ընդամէնը ճիշտն էի արձանագրել։ Դու քեզ թոյլ չես տալիս թուլութիւններ ունենալ։ Կամ թուլութիւններդ ուժեղութիւն էիր դարձնում, օրինակ, քեզ բանտ տանելով էին սպառ-նում, դու բանտ գնալը դարձնում էիր գործի մի մաս կամ կտրում գցում էիր թուլութիւնները։ Կարցե-րում մենք առաւօտեան ամբողջ օրուայ համար տրուող 450 գրամ հացն անմիջապէս ուտում էինք, դու դնում էիր լուսամուտի գոգին ու ասում. «Քաղցն ինձ չի յաղթելու»։
Այո՛, ամենայն հաւանականութեամբ ես ենթագիտակցաբար վախենում էի թուլութիւններ ու լրա-ցուցիչ տառապանքներ ունենալուց եւ սէրերիցս իմ այդ հրաժարումներում հաւանաբար ոչ միայն այլասիրութիւն ¥ալտրուիզմ¤, այլեւ ինքնապաշտպանական քօղարկուած եսասիրութիւն ¥Էգոիզմ¤ կար։ Չորրորդ կալանքիս ժամանակ՝ 1988 թուականին, երբ թիկունքիս 17 տարուց աւելի կալանքի ու աքսորի եւ ընդհանրապէս այնքան փորձ ունէի, որ մի ողջ սերնդի կբաւականացնէր, Երեւանի ՊԱԿ-ի բանտում անցկացրածս չորս ամիսները ամենադժուարներից էին. դրսում 3 փոքրիկներիս էի թողել՝ 4 տարեկան Ազատուհուն, 3 տարեկան Թամարիկին ու 1 տարին չբոլորած Դաւիթին ...

Իմ միջավայրից դուրս լինելով՝ դու տարբեր էիր։ Քո վերաբերմունքում որեւէ նախապաշարում կամ կանխակալ կարծիք չկար։ Ես քեզ համար մի տղայ էի միայն, ուրիշ ոչինչ։ Դա անսովոր էր, բայց նաեւ հաճելի։ Դու ինձ համար մի աղջնակ էիր, բայց ոչ միայն։ Մէկ-երկու հանդիպումներից յետոյ ես սկսեցի մտածել իմ գործերում քո, մասնաւորապէս՝ բնակավայրի տեղակայման հանգա-մանքից օգտուելու մասին։ Արդէն որոշել էի, որ կոմունիստներին մի շառաչուն ապտակ պիտի տանք։
Բացարձակապէս դէմ լինելով բռնութեան կիրառմանը, որդեգրած լինելով ազգային հարցի լուծմանը մարդու իրաւունքները յարգելու ուղիով հասնելու ռազմավարութիւնը՝ դժուարութեամբ էի գնում այդ քայլին, բայց առաւել դժուար էր ազգային իրաւունքների բռնադատումը տեսնելով՝ սե-փական անտարբերութեամբ համալրել իրենց հայ մտաւորականներ համարող մորթապաշտների շարքերը։ Նրանց հիմնական մասը ընդամէնը մտքի արհեստաւորներ էին, մտաւոր աշխատանքով ի-րենց ապրուստը հոգացող մարդիկ միայն։ Այդ հայ մտաւորականների մէջ մատների վրայ կարելի էր հաշուել նրանց, ովքեր, Ռաֆայէլ Պատկանեանի բնորոշմամբ, գիտէին, որ հայ լինել նշանակում է պայքարել հայկական պետութիւն ունենալու եւ հայկական անկախ պետութիւնը պահպանելու հա-մար։ Առաւել սակաւ էին նրանք, ովքեր պատրաստ էին գոնէ մի խօսք ասել անկախութեան կամ ազ-գային պետութեան օգտին։ Կոմունիստական իշխանութեան կէս դարը՝ մէկ առ մէկ քաղաքացինե-րին բարոյալքելու, նիւթապաշտութեան գերի դարձնելու ճանապարհով աւերակների էր վերածել հայութեան մտաւոր աշխարհը։ Կոմունիստների հիմնական զէնքը վախն էր՝ ամրագրուած իրենց ա-մենակարողութեան, անպարտելիութեան ու անպատժելիութեան պատրանքով։ Այդպիսի աչքի ընկ-նող տեղում ոչ միայն հայութեան, այլեւ մարդկութեան մեծագոյն դահիճ Լենինի նկարի հրկիզումը պիտի նախազգուշացում լինէր սանձարձակ կոմունիստների համար, խախտէր նրանց ամենակա-րողութեան եւ անպատժելիութեան պատրանքը եւ պայքարի կորով ներշնչէր մարդկանց։ «Քանի որ որեւէ մարդու նկատմամբ բռնարարքով չի ուղեկցուելու այդ հատուցման գործը, մարդու իրաւունք-ների տեսանկիւնից անհանգստանալու խնդիր չունենք», - մխիթարում էի ինքս ինձ։ «Եթէ Բագրա-տենց 3 տարուց պակաս տան, կարելի է խիստ չվերաբերուել, իսկ եթէ աւելի, ապա պիտի տալ այդ շռնդալի բարոյական ապտակը»։
ԱՄԿ-ն դարձել էր կուռ եւ ժամացոյցի ճշգրտութեամբ գործող կազմակերպութիւն։ Չնայած արդէն կալանաւորուածներ էինք ունենում, բայց կազմակերպութեան ո՛չ գործունէութեան, ո՛չ էլ ընդհանուր համակարգի վրայ չէր ազդում։ Մենք գնում էինք անկախութեան հանրաքուէի բարոյա-հոգեբանական, ապա նաեւ քաղաքական մթնոլորտի նախապատրաստման ճանապարհով։ Որքան շատ մարդ էր կալանաւորում ՊԱԿ-ը, այնքան աւելի էր ընդգծւում ԱՄԿ պայքարը։ Ճիշտ է, ամէն կա-լանաւորում մարդկային ճակատագրեր էր խեղում, ընտանիքներ դատապարտում տառապանքների, սակայն քարոզչական գործունէութեան համար առաջին անգամ կալանաւորուողներին դատապար-տելու էին մի քանի տարիների ազատազրկման։ Արդեօ՞ք հայրենիքի անկախութեան եւ հայ ժողովրդի, մարդկանց ազատագրման համար չարժէր վճարել այդպիսի մի գին։


ԳԼՈՒԽ Է
Օ՜, ես գինի սիրում եմ

Մեր հերթական հանդիպումից առաջ մեր կանչ-մեղեդին սուլեցի մի քանի անգամ։ Դու դուրս չէիր գալիս։ Ստիպուած եղայ մի քանի անգամ էլ կրկնել, նոյնիսկ մօտենալ լուսամուտին։ Ներսից ուրախ, խնջոյքի ձայներ էին լսւում։ Երեւի մօտիկից լսելի էի եղել։ Դու պտտահողմի պէս յայտնուե-ցիր կողքիս.
- Համբուրի՛ր ինձ, խնդրում եմ, համբուրի՛ր։
Երիտասարդական տարիքում այդ բնոյթի խնդրանքները կատարւում են առանց դժուարութեան, ու մեր անկիւնում՝ շէնքի անցումի ծածկի տակ, մենք միաձուլուել էինք։
- Էնպէ՜ս եմ կարօտել քեզ, Վարուժա՛ն, էնպէ՜ս, - շշնջում էիր ականջիս։
Խմիչքի հոտ եկաւ.
- Լուսինէ՛, խմե՞լ ես, - անկեղծ զարմացայ։
- Հա, մի քիչ գինի եմ խմել։ Ինչո՞ւ ես զարմանում։
- Առաջին անգամ եմ քեզ խմած տեսնում։
- Օ՜, ես գինի սիրում եմ։ Դէ՞մ ես։
- Չէ, պարզապէս անսովոր է, - չվշտացնելու համար չասացի, որ տհաճ է, որ խմիչքի նկատմամբ բացասական վերաբերմունք ունեմ, մանաւանդ, երբ կինն է ոգելից խմիչքի սիրահար։ Տարիքային այդ փուլում այդպիսին էր իմ վերաբերմունքը։
- Մի՛ մոռացիր, ես աշտարակցի եմ։ Գինին էլ մեր տան գինին է։ Կուզե՞ս գնանք մեզ մօտ։
- Ո՞վ կայ, - հետաքրքրուեցի ես։
- Հիմնականում քոյրիկիս կուրսեցիներն են։ Գնանք։
- Ինձ ինչպէ՞ս ես ներկայացնելու։
- Դու կարծես վայրենի լինես, սիբիրեան արջ։ Իմ ընկերն ես։ Ուրիշ ի՞նչ կերպ կարող եմ ներկա-յացնել։ Հա, Շողիկն էլ է այնտեղ. կյիշի քեզ։
- Չէ, մի ուրիշ անգամ։ Այսօր քեզ մի քանի րոպէով էի ուզում տեսնել՝ վաղը համերգի հրաւիրե-լու համար։ Կգա՞ս։
Իմանալով, որ դասական երաժշտութեան համերգ է, ուրախութեամբ համաձայնեցիր։
Մեր ընտանիքում հայրական կողմի բարեկամները հիմնականում երաժիշտներ են. հօրեղբայրս՝ խմբավար, աւագ որդին՝ թաւջութակահար, կրտսերը՝ ջութակահար, հօրաքրոջս տղան եւ դուստրը՝ դաշնակահարներ։ Հօրաքրոջս տղային՝ Ալէքին, նոյնպէս հրաւիրեցի։ Նախապէս ասացի, որ ընկե-րուհիս էլ է լինելու։ Ինքը ինձնից տասը տարի մեծ էր, եւ երբ խնդրեցի ընկերուհուս ներկայութեամբ ինձ Վարուժան անունով դիմել, դժկամեց, բայց միայն այդքանը։
Համերգից յետոյ սրճարան գնացինք։ Ալէքը եւ դու այնպէս արագ մերուեցիք ձեր ճաշակներով ու նախասիրութիւններով, այնպիսի ներդաշնակ զրուցակիցներ դարձաք, որ սկսեցի զղջալ իմ կեղծ կերպարի համար։ Ի լրումն դրան, երբ մի անյաջող միջարկութիւն արեցի, դու չոր ընդհատեցիր ինձ.
- Թիթիզ բաներ մի՛ խօսիր։
Տունդարձի ճանապարհի սկզբում քչախօս էիր.
- Ի՜նչ զարգացած ու բարեկիրթ եղբայր ունես։
- Գիտեմ, վստահ էի, որ քեզ հաճելի կլինի, դրա համար էլ հրաւիրել էի։ Բայց տղամարդկային գործերից հեռու է. դաշնամուրից դուրս շատ բան չի հասկանում։
- Իսկ դու ամէն ինչից ես հասկանում, - քմծիծաղեցիր։
- Չէ՛, ես դաշնամուրի գործում լաւ չեմ։
- Իսկ ինչո՞ւ էիր դաշնամուրային համերգի տոմսեր գնել եւ տարուած էլ լսում էիր։
- Ինչ պիտի անէի, քնէի՞ քո ներկայութեամբ։ Յետոյ մէկ-մէկ էնպէս ուժեղ էր թխկացնում էդ սեւ ու սպիտակ փայտիկներին, որ վախենում էի կոտրուեն։ Էդտեղ աչք փակե՞լ կլինէր։
Դու աստիճանաբար դարձար նոյն ուրախ աղջնակը.
- Ես երեւի մի օր կհասկանամ, թէ դու ինչու ես ռաբիս տղայ խաղում, բայց հիմա ոչինչ չեմ հաս-կանում։
- Էլի ռաբիսին կպար։
- Չկպայ, տեսար, բռնուեցիր։ Եթէ ռաբիսական ես, պիտի ուրախանայիր, որ քեզ ռաբիս տղայ եմ համարում։
- Է՜, ես քո տօնից եմ զգում, որ սիրելով չես խօսում ռաբիսի մասին։
- Չուխաջեանի «Գարո՞ւնն» էլ է ռաբիս, թէ Արշակի արիան՝ «Արշակ Երկրորդ» օպերայից։
- Ի՞նչ կապ ունի։
- Էն կապն ունի, որ անցեալ օրը, երբ զբօսնում էինք, դրանք էիր երգում ցածրաձայն, իսկ ռա-բիսից միայն «Նամակ-նամակ»-ը գիտես երեւի։
- Ո՞վ ասաց. բա «Մենակ ես մնացել իմ ջահել սրտում», - երգեցի ծիծաղախառը, - կամ «Պատու-հանդ բա՛ց արա, մարմար մարմինդ տեսնեմ...»։
- Լա՛ւ, լա՛ւ։ Գիտես, ուրիշ երգեր էլ գիտես։ Միայն թէ ձայնդ աշխարհը մի՛ գցի։
- Բա էս մէկը. «Ես գնում եմ գինետուն, դարդերս մոռանալու...»։
- Էդ մէկը քեզ հետ կապ չունի։
- Ինչի՞։
- Երեկ տեսայ, թէ գինու բուրմունքից ոնց ես սարսափում։ Չխմող, չծխող ռաբիս չէի տեսել...
- Խօսակցութեան նիւթը մի՛ շեղիր։ Մէկ էլ չասես, թէ ես ռաբիս մի երգ գիտեմ։ Թէ չէ՝ «Պէտք չէ սիրելի՛ս, պէտք չէ կասկածներով զուր տանջել...»։
- Էլ չե՛մ ասի, չեմ ասի։ Մենակ թէ այսօրուայ լաւ համերգից յետոյ դրանք մի՛ երգիր։
- Ի՞նչ, իսկապէ՞ս վատն են, - հարցրի արդէն լուրջ երանգով։
- Դրանք երեւի այդ ոճի յաջողուած նմուշներն են, բայց ես իսկապէս ուզում եմ երկար պահպա-նել այսօրուայ համերգի տպաւորութիւնը։
- Երեկ ինչպէ՞ս անցաւ, երկա՞ր մնացին ձեր հիւրերը։
- Մինչեւ կէս գիշեր։ Վերջում երգում էինք։ Շողիկը հայրենասիրական, նոյնիսկ արգելուած երգե-րի սիրահար է։
- Մեր երկրում արգելուած երգեր չկան։
- Իսկ՝ «Մեր հայրենի՞քը» կամ ֆիդայեական երգե՞րը։
- «Մեր հայրենիքը» Միքայէլ Նալբանդեանի հատորներում կայ որպէս «Իտալացի աղջկայ երգ», իսկ ֆիդայեական երգերն ո՞ւմ են պէտք։ Ֆիդային պիտի երկիրը փրկէր, ոչ թէ երգ գրէր կամ երգէր։ Թէ չէ ցեղասպանութիւնը թոյլ են տուել ու երգեր են երգում իրենց հերոսութիւնների մասին։ «Իս-տամբուլը արեան ծով են դարձնում» երգերում, իսկ սեփական տուն ու տեղ կեանքում տալիս թշնա-մուն։ Իրենց կենդանութեան օրօք ցեղասպանութիւն է տեղի ունենում, մի կերպ ստեղծուած պետականութիւն է կործանւում, բայց ոչ ոք մեղաւոր չէ։ Հանգամանքներն էին այդպիսին, իսկ իրենք անյաղթ հերոսներ էին։
- Լաւ էլ ջախջախեցիր բոլորին։ Ոչ մի լաւ հայ էլ չկայ։
- Կան. նրանք են, ովքեր պայքարել են, որպէսզի Խաչատուր Աբովեանի խօսքերով, հայրենիքը թշնամուն չտան։
- Իսկ ֆիդայիները չե՞ն պայքարել։
- Իհարկէ՛, պայքարել են, բայց հայրենիքը տուել են ու նրանք, ովքեր կենդանի են մնացել, համակերպուել են։ Էլ ո՞րն էր իրենց ֆիդայութեան իմաստը։
- Ուրեմն լաւն են միայն նրանք, ովքեր զոհուե՞լ են։
- Այդպէս է ստացւում։ Նրանց մասին գոնէ չես ասի, որ նահանջել են իրենց մեծ նպատակներից ու համակերպուել են։ Իր դրօշին «Մահ կամ ազատութիւն» գրողը կամ հայրենիքի ազատագրութեանը նուիրուելու երդում ընդունողը իրաւունք ունի՞ ցեղասպանութեան ժամանակակիցը լինել ու ...
- Իսկ ի՞նչ պիտի անէին, որ չարեցին, - դու ընդհատեցիր ինձ. արդէն լուրջ էիր եւ լրջութիւնդ ինձ զգաստացրեց։
- Կարեւորն այն չէ, թէ ինչ պիտի անէին, այլ այն, որ նրանց արդարացնողներ, աւելին՝ նրանց գործն օրինակելի համարողներ, այսինքն՝ համանման իրավիճակներում նոյն կերպ գործելու կողմնակիցներ կան։
Դու անակնկալի եկած մարդու տպաւորութիւն թողեցիր ինձ վրայ եւ սթափեցրիր ինձ։
- Ինչո՞ւ մինչեւ հիմա որեւէ տեղ ասածներդ չեմ կարդացել կամ որեւէ մէկը նոյն բանը չի ասել։
Ես քեզ ինչպէ՞ս բացատրէի, Լուսինէ՛, որ պատմութիւնն ինձ եւ իմ ընկերների համար վերացական հասկացութիւն չէ, որ կարդալիս կամ պատմական իրադարձութիւնների մասին խորհելիս մենք փորձում էինք վերապրել այն ու եզրահանգումներ անել` վեր կանգնելով տուեալ իրավիճակի մարդկային, թուացեալ ընկալումներից. խնդիրներին նայել բացարձակ ճշմարտութեան դիրքերից, գոնէ պատմական հեռաւորութիւնից, չառաջնորդուել կանխակալ կարծիքներով, օրինակ՝ այսինչ գործիչը նահատակուել է յանուն ազգի, ուրեմն նա սուրբ է, եւ նրա բոլոր գործերն ու ինքն անձամբ անթերի են։ Մենք ձգտում էինք խուսափել անցեալում մեր ազգային գործիչների թոյլ տուած սխալներից եւ մեր ժողովրդին աւելի լաւ հանգրուանի հասցնել, իսկ այդ ամենի համար պէտք էր անաչառ լինել պատմութեան՝ մարդկութեան մեծագոյն ուսուցչի գնահատման հարցերում։
- Կարդացած կամ լսած կլինես. երեւի մոռացել ես, - պատասխանեցի ես, - լաւ էլ ապրում ենք. - կրկին խօսակցութեան ուղղութիւնը փոխեցի։ - էդ քո Շողիկն էլ բան չի հասկանում կեանքից, ամե-նահայրենասիրական երգն էլ «Տուն էլ ունեմ, տեղ էլ ունեմ, դարդ չունեմ» երգն է։
- Ոչ թէ դարդ, այլ եար, - ուղղեցիր ինձ՝ նշելով այդ յայտնի երգի իրական բովանդակութիւնը։
- Բա ասում ես՝ ռաբիսը լաւը չի։ Ինձնից լաւ անգիր ես արել։ Բայց էդ հարցում սխալ ես։ Չէ՛, դու սխալ չես, առաջին անգամ «եար չունեմ» ասողն ա սխալ։ Բա ամօթ չի՞ եար չունես։ Տօ՛ ունեցի, ա-պէ՛, ունեցի, քեզ ո՞վ ա խանգարում։ Եարն ի՞նչ ա, որ չունես։ Ասենք էդ մոմենտին չունես, միւս մո-մենտին կունենաս։ Կարեւորը տունն ա. տուն ունես, ուրեմն՝ եար կունենաս։ Ուրեմն՝ դարդ չունես։ Դարդ, ոչ թէ եար, ջոկի՞ր։
Դու այնպէս էիր ծիծաղում, որ չպատասխանեցիր։ Յետոյ յիշեցիր, որ Շողիկն անհանգստացած էր իրեն հետեւելու հանգամանքով։ Մեր գործերով ես անձամբ բոլորի հետ չէի շփւում ու այդ պահին չկարողացայ հասկանալ, թէ Շողիկին ինչո՞ւ պէտք է հետեւեն։ Աւելի ուշ պարզեցի, որ ինքը, Բագրատի մասնաճիւղից լինելով, առնչուած է եղել ԱՄԿ կազմակերպական կառոյցին։
Քիչ անց ձեր տան մօտ էինք՝ մեր հրաժեշտի անկիւնի ծածկի տակ։ Եթէ ասեմ, լուրջ ոտնձգու-թիւններ ¥նկատի ունեմ՝ ձեռնձգութիւններ¤ էի թոյլ տալիս, ճիշտ չի լինի, բայց այնպէս վրայ տուե-ցիր, որ դարձայ աշխարհի ամենահամեստ ու զուսպ երիտասարդը.
- Էդ քեզ ռուս աղջիկնե՞րն են սովորեցրել։
- Ի՞նչը։
- Ձեռքերդ...
- Է՜հ, Երեւանում ես ապրում, բայց մնացել ես գեղացի։
- Դու քաղքցի ես, հերիք է։
- Թողո՞ւմ ես, որ քաղքցի մնանք։
- Լսի՛ր, անտանելի ես դառնում։ Եթէ առաջին օրը քեզ այդպէս պահէիր, քեզ հետ չէի մտերմա-նայ։
- Ուրեմն մտերմացե՞լ ենք...
- Մտերմացե՜լ ենք... կախա՜րդ, դերասա՜ն։
Չէիր շտապում. ասես չէիր ուզում գնալ։ Բաւականին ուշ բաժանուեցինք։


ԳԼՈՒԽ Ը
Բագրատենց դատը միայն իրենցը չէր

1973թ. դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրաւունքների պաշտպանութեան միջազգային օրը, աւարտուեց Բագրատենց դատը։ Նրան դատապարտեցին 7 տարուայ ազատազրկման՝ 5 տարի խիստ ռեժիմ եւ 2 տարի աքսոր։ Նոյն գործով կալանաւորուած 4 երեխաների հայր Արարատին դա-տապարտել էին երեք ու կէս տարուայ ազատազրկման։ Աւելին, դատարանը որոշում ընդունեց նրանց գործով վկայ Ռուբէն Խաչատրեանի նկատմամբ գործ յարուցելու եւ նրան կալանաւորելու մասին։ Դա, իհարկէ, ՊԱԿ-ի որոշումն էր։ Դատավճռի ընթերցումից յետոյ անմիջապէս ես ու մի քանի օր առաջ նրա մանկահասակ երեխաների կնքահայր դարձած Յակոբջան Թադեւոսեանը մեկնեցինք Ռուբէնենց տուն։ «Ամէն րոպէ կարող են գալ քո հետեւից։ Դուրս գանք», - առաջարկեցի ես։ Կինը վիշտ ու անհանգստութիւն արտայայտող դէմքով լուռ կանգնած լսեց ամուսնու խօսքերը. «Եթէ ուշանամ, չանհանգստանաս»։ Նա այդպէս էլ անխօս մնաց տան շեմին կանգնած։ Մենք շուրջ երկու ժամ զրուցեցինք «Կոմերիտմիութեան» կոչուած Բութանիա թաղամասի այգում։ Ես վերջին խորհուրդներն ու յանձնարարութիւններն էի տալիս. «Հրաժարւում ես իրենց հետ խօսելուց։ Հիմա արդէն ոչինչ չես փոխի։ Իսկ քեզ կալանաւորելու օրից հաշուած քառասուներորդ օրը երեք օրով հացադուլ ես յայտարարում՝ ի նշան բողոքի ընդդէմ քո կալանաւորման, եւ դիմում ես գրում ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի անունով՝ խնդրելով յատուկ յանձնաժողով ուղարկել Հայաստան՝ քննելու հայ քաղաքական կալանաւորների գործերը»։ Ռուբէնը հանգիստ էր, եւ ես չէի կասկածում, որ նա առանց յատուկ ճիգերի կյաղթահարի բոլոր դժուարութիւնները։ Նա ամենավստահելի ու վճռական մարդկանցից էր։ Բաժանուելիս նա կրկնեց մեր պայմանաւորուածութիւնները եւ աւելացրեց.
- Հանգիստ եմ, որովհետեւ գիտեմ, որ գործը լաւ հունի մէջ է։
Ես շարունակեցի իր միտքը.
- Առայսօր կալանաւորուածներից ոչ ոք բանտ գնալիս այսպէս չի ճանապարհուել գործը շարունակող ընկերների կողմից, քեզ պէս նախապատրաստուած չի գնացել բանտ։ Դու պայքարի նոր ձեւի ես անցնում ու գիտես, որ մենակ չես։
Ռուբէնին տանը սպասելիս են լինում չէկիստները։ Աւելի ճիշտ կլինի ասել այն չէկիստները, որոնք նրան պէտք է կալանաւորէին։ Այլ որակաւորման չէկիստներ արդէն մեզ հետեւում էին մինչեւ իրարից բաժանուելը։ Նրանք յատկապէս աշխուժացան, երբ մենք անցանք այգու լճակի միւս ափը՝ քրէական աշխարհի հաշուէյարդարների յայտնի վայրը, ասես ինչոր լուրջ մտահոգութիւն ունէին։
Մի փոքր առաջ ընկնելով՝ ասեմ, որ Ռուբէն Խաչատրեանը օրինակելի ճշգրտութեամբ կատարել էր մեր պայմանաւորուածութիւնները։ Հրաժարուել էր ցուցմունք տալուց, դիմում էր գրել ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Կուրտ Վալդհայմի անունով, երեք օրով հացադուլ էր արել, բայց անմիջապէս այդ հացադուլից յետոյ սկսել էր անկեղծօրէն պատմել այն ամէնը, ինչ յայտնի էր իրեն։ Նրա հացադուլի երրորդ օրը հարիւրից աւելի տարբեր մասնաճիւղերի ԱՄԿ-ականներ նոյնպէս հացադուլ արեցին, իհարկէ, առանց դիմումների։ Նրանք պարզապէս համերաշխելով հաղորդակցւում էին նոր փորձառութեանը: Այդ փորձառութեան իմաստն այն էր, որ կալանաւորումով պայքարը չի աւարտւում, այլ պայքարի նոր փուլ է սկսւում:
Ազատութեան մէջ գտնուող, յաճախ իրենց առաջին քայլերն անող ընդյատակայինները բանտում իրենց գաղափարակից ընկերոջ ակցիայի մասին ոչ միայն տեղեկանում էին, այլեւ մասնակցում նրա բողոքին։ Տեւականութիւն պահանջող կրթադաստիարակչական աշխատանքները փոխարինում էինք այսպիսի կենդանի օրինակներով։
Լուսինէ՛, բնականաբար քո մտքով իսկ չանցաւ, թէ ես այդ օրերին որտեղ էի եղել կամ որտեղ կարող էի եղած լինել։

Աշոտ Նաւասարդեանին յանձնարարեցի երկու հոգու նախապատրաստել Լենինի նկարը հրկի-զելու համար։ Ինձնից, իրենից եւ այդ երկուսից բացի ոչ ոք չպէտք է տեղեակ լինէր գործի մասին։ Ես իմ հերթին չգիտէի եւ չպէտք է գիտենայի, թէ ովքեր են այդ երկուսը։ Դա գաղտնապահութեան տար-րական կանոններից էր բխում. ամէն ոք պէտք է գիտենար նուազագոյն անհրաժեշտը՝ միայն այն, ինչ անհրաժեշտ էր տրուած յանձնարարութիւնը կատարելու համար։ Անվտանգութեան կանոննե-րով առաջնորդուելով՝ այսպիսի գործելաձեւ էին մշակել։ Երեկոյեան կողմ աննկատ կերպով նկարի տակ բենզին էին լցնելու, յետոյ որոշ հեռաւորութիւնից նետելու էին վառուած ծխախոտը, որի միջ-նամասում տեղաւորած էին լինելու լուցկու գլխիկներ։ Կատարուած փորձից ենթադրւում էր, որ եթէ ծխախոտից բենզինը չվառուի, ապա երբ ծխախոտի կրակն հասնի լուցկու գլխիկներին, բռնկումն անպայման տեղի կունենայ։ Դրանից կբռնկուէր նաեւ բենզինը։ Մնացեալը կկատարուէր ինքն իրեն։ Ոչ ոք չէր հասցնի հանգցնել համաշխարհային ոճրագործի իւղաներկ կտաւը։ Որոշ ժամանակ անց Աշոտը տեղեկացրեց, որ փորձարկել են, եւ ամէն ինչ պատրաստ է։ Բայց մէկ այլ խնդիր էր ծագել։ Աշոտի բացակայութեան ժամանակ նրանց տուն էին այցելել մի խումբ չէկիստներ ու դատախազութեան աշխատակիցներ՝ նրանց տանը խուզարկութիւն իրականացնելու նպատակով։ Հրաշքով միայն չէին յայտնաբերել «Խօսնակ Ազգային միացեալ կուսակցութեան» հանդէսի առաջին համարի նիւթերը։ Աշոտի կրտսեր քոյրիկը՝ Գայեանէն, տեսնելով տան դուռը թակող անծանօթ մարդկանց, եղբօր նախապէս ցոյց տուած թղթերի տրցակը մի կերպ հասցնում է պահել իր կրած հագուստների տակ։ Խուզարկութեան ընթացքում զուգարան գնալու պատրուակով բարակ թղթերը պատռում եւ ջրի հետ ճանապարհում է կոյուղի։
- Դա իրենց խուճապը մեզ փոխանցելու համար է։ Լուրջ հիմքեր ունենային, կկալանաւորէին, ոչ թէ կգային խուզարկութեան, - ասում էր Աշոտը։
- Բայց այդպիսի քանակով նրանք հաւանաբար եկել էին բան գտնելու։ Ինձնից ու քեզնից բացի ո՞վ գիտէր, որ քեզ մօտ են այդ նիւթերը, - հարցրի ես։
- Որ ինձ մօտ են, գիտէին ե՛ւ Ազատը, ե՛ւ Անդրանիկը, ե՛ւ Յակոբջանը, բայց որ մեր տանն էին, ոչ ոք։
- Չե՞ս կարծում, որ դու վտանգի տակ ես։
- Չէ՛, ընդհակառակը։ Իրենք վառուեցին ու մի քիչ խելօք կմնան։
Այդպէս գործի կատարումը մնաց Աշոտ Նաւասարդեանի մասնաճիւղի վրայ։

Ես քեզ հետ զբօսնելով՝ մէկ անգամ եւս ստուգեցի իրավիճակը։ Մշտապէս հերթապահող ոստի-կան չկար, բայց քաղաքացիական հագուստով կասկածելի կերպարներ անցուդարձ անում էին։ Լի-նում էին պահեր, երբ ոչ ոք չէր լինում մօտակայքում։ Աշոտի հետ որոշեցինք օրն ու ժամը։
Դու երեւի յիշում ես 1974 թուականի յունուարեան այդ օրը։ Բաւական ցուրտ էր։ Ես որոշել էի հեռուից հետեւել մեր գործի կատարմանը։ Դու, իհարկէ, անտեղեակ լինելով, չէիր հասկանում, թէ ես ինչ եմ գտել հրապարակի հարաւային մասում քայլելու մէջ։ Այդ օրը հէնց սկզբից մտահոգ էիր. ակն-յայտ էր, որ տրամադրութիւնդ ընկած է։ Շատ քիչ էիր խօսում ու հարցերդ մի ուղղուածութիւն ու-նէին. ո՞ւր էի կորել ես։ Տարբեր պատմութիւններով խուսանաւում էի եւ տրամադրութեանդ մասին էլ որեւէ խօսակցութիւն չսկսեցի՝ ձեւացնելով, թէ չեմ նկատում։
- Տարուայ էս եղանակներին աւտօ քշելը վտանգաւոր ա, նոյնիսկ անձրեւից կարայ ճամփից փախնի, ու վերջ։ Դրա համար ուշ էի Երեւան հասնում։
- Իսկ շաբաթ, կիրակի օրե՞րը։
- Աշխատողի համար շաբաթ, կիրակի՞ն որն է: Եթէ ուզում ես լաւ ապրել, պիտի փող ունենաս: Ես հլը որ փող աշխատելու ուրիշ ձեւ չունեմ:
- Ամէն ինչ փողո՞վ է վերջանում։
- Ո՞վ ասեց՝ վերջանում ա։ Սկսում ա, - ինքնագոհ շեշտեցի ես։
- Իսկ որ շատ դրամ ունենաս, ի՞նչ պիտի անես։
- Էնքան բան կայ անելու, որ չես անում փողի պատճառով։
- Օրինակ։
- Օրինակ, դէ, ո՞ր մէկն ասեմ, լաւ կլինէր..., - մտովի այլ աշխարհում էի. «Կօգնէինք Արարատի ու Ռուբէնի կնոջն ու երեխաներին, Բագրատի միայնակ մայրիկին, անցեալում կալանաւորուած մեր ընկերների ընտանիքներին։ ԱՄԿ նուիրեալները ոչ թէ լաւագոյն դէպքում մոտոցիկլետներ կունենա-յին, այլ աւտոմեքենաներ։ Անձնական տեսակէտից, հայրական տանս վերանորոգման՝ մեծացման հարցում կկարողանայի օգնել հայրիկիս»։ Իսկ բարձրաձայն ասացի. «Քիչ կաշխատէի ու քեզ էլ շուտ-շուտ կտեսնէի»։
- Լա՛ւ, ինչքա՞ն ուշ ես գալիս, որ չէիր գալիս ինձ մօտ։
- Դէ՛, մինչեւ տուն էի հասնում, հագուստներս փոխում, նայում ժամացոյցին, զգում էի, որ ուշ կլինի, Լուսինէ՛։
- Տունդ Էրեբունիում չէ՞, - դու առաջին անգամ գործնական հետաքրքրութիւն դրսեւորեցիր։ Ե-րեւի ինչ-որ ժամանակ այդպէս էի ասել քեզ։ Իրականում Նուբարաշէնում էր։ Այդ բնակավայրը անցեալ դարի երեսունական թուականներին կառուցուել էր Եգիպտոսի հայազգի վարչապետ Նուբար փաշայի նուիրատուութեամբ։ Կոմունիստները մեծահարուստ սփիւռքահայի միլիոնները իւրացնելուց յետոյ նրա նուիրատուութեան մի չնչին մասի հաշուին կառուցուած բնակավայրը անուանափոխել էին Սովետաշէնի, այսինքն՝ սովետների կառուցածի։ Միայն անկախութեան նուաճումից յետոյ կարողացանք մեր ժողովրդին պարտադրած կոմունիստների նաեւ այս ամբարտաւան կեղծիքը վերացնել։
- Վարուժա՛ն, - ձայնիդ մէջ յանդիմանութիւն կար, - այնտեղից այստեղ տաս րոպէ է։
Արդէն ժամը ութի մօտ էր։ Աշոտի մարդիկ ամէն պահի պիտի անէին իրենց գործը, ու ես նա-խընտրում էի այնպիսի հարցերի մասին խօսել, որոնք հայեացքս քեզ ուղղել չպարտադրէին։ Պէտք է գիշերային խաւարի մէջ այդ հեռաւորութիւնից՝ Կենտրոնական փոստատան մօտից, կարողանայի նշմարել, թէ ի՞նչ է կատարւում Պատկերասրահի մուտքի մերձակայքում։
- Ճի՛շտ ես, բայց գալ մի բարեւ ասելու համար, կարծում էի, որ դու չես հաւանի։
- Իսկ ինձ հարցրե՞լ ես, թէ ես կհաւանէի կամ ոչ։
- Հասկացայ, Լուսինէ՛։ Եղաւ։
Ու ներքուստ նոյնպէս որոշեցի այս գործից որոշ ժամանակ անց աւելի յաճախ տեսնել քեզ ու ա-սել ճշմարտութիւնն՝ իմ, իհարկէ, միայն իմ եւ ո՛չ գործունէութեան մասին։ Ինչո՞ւ այս գործից յետոյ, որովհետեւ եթէ մինչ այդ ինձ հետեւելով մի քանի անգամ քեզ հետ տեսած լինելով, քեզ հարցաքն-նէին, ապա դու պիտի ասէիր, որ ես Վարուժանն եմ, պատմէիր, թէ ինչ գիտես իրականում, ինչ չգի-տես իմ մասին եւ համոզէիր, որ անմասն ես մանաւանդ՝ այս վտանգաւոր գործին։ Անմասն այնքան, որ քեզ անունս անգամ չեմ վստահել ու, թերեւս, լուրջ չեմ վերաբերուել քեզ։ Կարող է տարիներ անց վիրաւորական թուալ, բայց ինձ մտահոգողը նախ եւ առաջ քեզ եւ ինձ շրջապատողների անվտան-գութիւնն էր։
- Կարծում եմ, շուտով կկարողանամ գործերս աւելի վաղ աւարտել ու յաճախ կհանդիպենք, - բարձրաձայնեցի ես։
Քեզ հետ մէկ ժամից աւելի զբօսնում էինք: Դու մրսում էիր եւ խնդրեցիր տուն ուղեկցել։ Մինչ Ա-շոտի հետ պայմանաւորուածս ժամը մնում էր 5 րոպէ։ Խնդրեցի մի փոքր էլ քայլել։ Դա քեզ համար անակնկալ էր. դու ասում էիր՝ մրսում եմ, իսկ ես, թէ՝ մի փոքր էլ քայլենք։
- Բայց ի՞նչ կայ այս քայլելու մէջ, երբ մրսում եմ, - ժպտալով հարցրիր դու։
- Քեզ համար՝ ոչինչ չկայ, բայց ինձ համար, որ կարող ես իմ ներկայութեամբ, իմ մեղքով մրսել, աշխարհի ամենավատ բանը կայ։
- Դա վարորդական..., չէ, քո բառերով ասեմ՝ շոֆերական դասընթացներո՞ւմ են սովորեցրել։
- Ի՞նչը, - իբր չհասկանալով հարցրի ես։ Ակնդէտ հետեւում էի Լենինի նկարի մերձակայքին։
- Ինձ հետ ես խօսում եւ ուրիշ տեղ նայում։
- Ամաչելու բաներ ես ասում։
- Ինձ էսպէս անորոշութեան մէջ թողնելուց ամաչէիր։
- Ամաչում եմ, - քո ժպտալի լռութիւնից հասկացայ, որ պատասխանս անակնկալ է քեզ համար ու զարմացրել է քեզ։
Ճիշտ նշանակուած ժամին մի պայծառ բոց երեւաց եւ անմիջապէս էլ հանգավ։ Եւս մի քանի րո-պէ սպասելուց յետոյ քեզ ուղեկցեցի տուն։ Մի կերպ համաձայնեցիր գալ մեր հրաժեշտի անկիւն, սակայն հազիւ մէկ անգամ համբուրուելով՝ շտապեցիր տուն։ Պատճառը մրսելդ չէր. ակնյայտօրէն մտահոգ էիր։

Ես հասկացայ, որ գործողութիւնն ինչինչ պատճառներով ձախողուել է, սակայն ակնյայտ էր, որ փորձն արուել է։ Հիմա, տարիներ անց մտածում եմ՝ գուցէ դա նշան էր մեզ՝ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ՝ ՀԱՆՐԱՔՈՒԷԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ռազմավարութեան կողմնակից կազմակերպութեան ներկայացուցիչ-ներիս, չշեղուել Աստուածահաճոյ գործելաձեւից ու չզբաղուել մանրուքներով։ Յաջորդ օրն Աշոտը պատմեց մանրամասնութիւնները։ Նախապէս բազմիցս փորձարկել են, եւ ամէն ինչ լաւ է ընթացել։ Ծխախոտի գլանակը կիսով չափ դատարկել են, նրա մէջ լցրել լուցկու գլխիկներ։ Ապա կրկին յետ են լցրել ծխախոտ եւ վառել։ Այդպէս մխացող ծխախոտը գցել են բենզինի մէջ։ Բենզինը պիտի բոց տար այն բանից յետոյ, երբ բռնկուէին ծխախոտի մէջ տեղաւորուած լուցկու գլխիկները։
Եթէ ես ինքս բոցը տեսած չլինէի, կկասկածէի Աշոտի մարդկանց։ Թէ նախապէս լցուած բենզինը ինչո՞ւ չբոցավառուեց, այդպէս էլ չհասկացանք։ Այնուամենայնիւ, դրանից ես այլ եզրակացութիւն արեցի. գործը յանձնարարել այլ մարդկանց։
Այդ օրերին էլի անհետաձգելի գործեր կային, եւ մեր յաջորդ հանդիպումն ակամայ ուշանում էր։
Կալանավայրում շատ կարճ ժամանակով ինձ հետ նոյն ճամբարում էր եղել Վալտեր Մելիքեա-նը։ Մտածում էի նրա հարազատներին այցելելու մասին, բայց յատուկ առիթ չէր ներկայացել։ ԱՄԿ աղջիկների խմբի ղեկավար Անահիտ Կիրակոսեանը տեղեկացրեց, որ «Հայուհեաց» բարեգործա-կան ընկերութիւնը կամենում է վերջին ամսուայ հաւաքած օժանդակութիւնից բաժին հանել Վալտե-րենց ընտանիքին։ Նրա եղբայրը՝ Սուրէնը, նոյնպէս կալանավայրում էր։ Անահիտը Ազատի հարեւա-նուհին էր, եւ նրա հետ իմ, Ազատի մտերմութիւնը գաղտնիք չէր։ Բանտում գտնուող գաղափարակցի ընտանիքին այցելութիւնը սրբազան պարտականութեան պէս մի բան է։ Որոշեցի չկորցնել խղճիս պարտքը կատարելու բացառիկ հնարաւորութիւնը եւ Անահիտի հետ գնալ Տաւուշ։ (Այն ժամանակներում Շամշադինի շրջան էր կոչւում)։ Այդ պատճառով ծրագրածս յաջորդ օրերին քեզ այցելելու ցանկութիւնը չիրականցաւ։
Վալտերի կինն ու ծնողներն ապրում էին Բերդ քաղաքում։ Գնալգալը տեւեց երկու օր, բայց օգ-տակար երկու օրեր էին։ Ճիշտ է, Անահիտը ԱՄԿ երդուեալ անդամ էր 1969 թուականի փետրուարի 18-ից, բայց մենք նոր ռազմավարութիւն էինք որդեգրել ու գոնէ ղեկավար դիրքեր զբաղեցնող մարդ-կանց «Անկախութիւն՝ հանրաքուէի ճանապարհով» ¥ի տարբերութիւն «Անկախութիւն՝ ամէն գնով»¤ ռազմավարութեան նրբերանգներն առաւել հանգամանալից ներկայացնելու անհրաժեշտութիւնը խիստ էական էր։ Բացի այդ Անահիտը շատ ծանր էր տանում հետագայում Մոսկուայում գնդակա-հարուած իր ընկեր, ԱՄԿ անդամ Յակոբ Ստեփանեանից հեռանալիս յանուն գաղտնապահական կանոնների, նրան սուտ ասելը։ ԱՄԿ հիմնադիր Հայկազ Խաչատրեանի օրհնութեամբ՝ «Անկախու-թիւն՝ հանրաքուէի ճանապարհով» գծի կողմնակիցներս պէտք է առանձին աշխատէինք, եւ միւսնե-րը դրա մասին ոչինչ չպէտք Է գիտենային։ Նոյն կերպ իմ մարդիկ` ինձ հետ պայքարը շարունա-կողները, միւսների գործելու կամ չգործելու մասին նոյնիսկ հետաքրքուելու իրաւունք չունէին։ Անա-հիտը Յակոբին ասել էր, որ ինքը յուսահատուել է եւ այլեւս չի գործելու։ Խորին ցաւով պատմում էր, թէ ինչպէս է տխրել անակնկալի եկած Յակոբը։ Դրանից Անահիտը խիստ խղճի խայթ էր զգում։ Դէ-պի պատմական Տաւուշ մեր ճանապարհորդութիւնը որոշակի մխիթարիչ, սփոփիչ դեր էր ունենալու քաղկալանաւորներ ունեցող Մելիքեան ընտանիքի համար, բայց կարծում էի, որ Անահիտին էլ կօգ-նէր մեղմելու հոգեհարազատ, սակայն այլ կառոյցում մնացած ընկերոջից հեռանալու վիշտը։ Երի-տասարդ էինք ու հեշտութեամբ լուծում էինք անլուծելի բոլոր հարցերը։ Բացի այդ Անահիտը հնա-րաւորութիւն էր ստանալու աւելի խորը ծանօթանալու եւ, ըստ այդմ, իր ենթակայութեան տակ գտնուող ԱՄԿ-ականներին աւելի լիարժէք մատուցելու ԱՄԿ որդեգրած նոր ռազմավարութիւնը՝ մարդու իրաւունքների յարգման ու բոլոր հայաստանաբնակների մասնակցութեամբ՝ հանրաքուէով անկախութեան վերականգման ծրագրի իրականացման գաղափարը։


ԳԼՈՒԽ Թ
«Շառաչուն ապտակ» գործողութիւնը

Յետոյ այլ հրատապ գործ՝ ազատ աշխարհի հետ կայուն եւ կանոնաւոր կապ հաստատելը, կեանքի կոչելու խնդիր ծագեց եւ կրկին չկարողացայ քեզ այցելել։ Վարչական հսկողութեան պայ-մաններն էլ իրենց հերթին էին կաշկանդում։
Մոսկովեան այլախոհական շրջանակների հետ կապերը սերտացնելու եւ հետագայ համա-գործակցութեան հարցերը քննարկելու նպատակով՝ ես գաղտնի մի քանի օրով մեկնեցի Մոսկուա։ Ես Հայաստանից աննկատ էի դուրս եկել, բայց Մոսկուայում ՊԱԿ-ի ուշադրութեան կենտրոնում յայտնուեցի ռուսական այլախոհական շրջանակների նկատմամբ ՊԱԿ-ի կողմից սահմանուած հս-կողութեան պատճառով։ Հետեւելով Արխանգելսկուն եւ Բորեային` նրանք բացայայտեցին իմ ներ-կայութիւնը Մոսկուայում եւ, վարչական հսկողութեան կանոնները խախտելու մեղադրանքով, ինձ տոյժի ենթարկելու հիմք ունեցան։ Յաջորդը լինելու էր կալանքը։ Վարչական հսկողութիւն սահմանւում էր ծանր յանցագործութիւն կատարած եւ կալանաժամկէտի աւարտից յետոյ ազատուած մարդկանց նկատմամբ։ Ես այդպիսիներից մէկն էի համարւում։
Մոսկովեան ուղեւորութեան շնորհիւ արտասահմանեան լրատուական ծառայութիւններին փո-խանցուեցին հայ քաղբանտարկեալների ցուցակը, Բագրատենց գործի մանրամասնութիւնները եւ ամենակարեւորը՝ Ռուբէն Խաչատրեանի լուսանկարը, եռօրեայ բողոքի հացադուլին ուղեկցող ՄԱԿ-ին հասցէագրելիք ¥օրը նախապէս էինք պայմանաւորուել՝ կալանքի 40-րդ օրը¤ դիմումը։
Աշոտին յանձնարարեցի Լենինի նկարը հրկիզելու անյաջող փորձ արած երկուսին էլ տեղեկաց-նել, որ հրաժարւում ենք այդ գործից։ Նրանց այլեւս անվերապահ վստահելու իրաւունք չունէինք, եւ քանի որ բուն գործից հրաժարուելու մտադրութիւն չկար, պէտք էր բթացնել ՊԱԿ-ի զգօնութիւնը։
Այժմ արդէն միայն Ազատ Արշակեանի հետ խորհրդակցելով՝ նոյն գործը յանձնարարեցի իրեն։ Մինչ Ազատն զբաղւում էր նախապատրաստական աշխատանքներով՝ ակնյայտ դարձաւ, որ օղակն սկսում է սեղմուել մեր շուրջը։ Անցեալում ՊԱԿ-ի գործակալները միաժամանակ հետեւելով հարիւ-րից աւելի նախկինում բացայայտուած ԱՄԿ-ականների ¥չէ՞ որ թռուցիկները, գրառումները եւ փաս-տաթղթերը տարածւում էին ԱՄԿ ստորագրութեամբ¤ չէին կարողանում էականօրէն խանգարել մեզ։ Բայց յունուարից սկսած իմ նկատմամբ խստացրին վարչական հսկողութիւն կոչուած տնային կա-լանքը. ժամը 7-ից յետոյ չպէտք է բացակայէի տնից։ Սա այն դէպքում, երբ որպէս Երեւանի պոլի-տեխնիկական ինստիտուտի երեկոյեան բաժնի վերականգնուած ուսանող՝ ես դասերի պէտք է գնա-յի երեկոները՝ ժամը 7-ից յետոյ։ Վարչական հսկողութիւն սահմանուեց նաեւ Աշոտ Նաւասարդեանի նկատմամբ, սկսեցին հարցաքննութիւնների կանչել Ազատին, Անդրանիկին, Յակոբջանին։ Ամիսներ անց պարզուեց, որ յատուկ միջոցների ազդեցութեան տակ ՊԱԿ-ին կողմնորոշող ցուցմունքներ էր տուել ԱՄԿ խորհրդի անդամութեան թեկնածու, Բագրատենց գործով կալանաւորուած Ռուբէնը։ Տա-րիներ անց նա, որ ըստ էութեան անմեղ էր, ամենայն հաւանականութեամբ իրեն հետապնդող խղճի խայթի պատճառով իր կեանքին վերջ տուեց ինքնասպանութեամբ։

Մշտական ակնդէտ հսկողութեան պայմաններում գործելը աւելի դժուար էր դառնում, բայց Հա-յաստանն անկախ չէր։ Հետեւաբար դադարի մասին խօսք լինել չէր կարող։ Տարբեր մասնաճիւղեր՝ չնայած նաեւ կալանաւորներ էին տալիս, շարունակում էին թռուցիկներ եւ գրականութիւն տա-րածել, նոր կառոյցներ ստեղծել ու նոր մարդկանց ներգրաւել։ Ես նախապատրաստում էի ԱՄԿ երկ-րորդ Ծրագիր-կանոնադրութիւնը, որն ամրագրում էր անկախութեան նուաճման ժողովրդավարա-կան՝ հանրաքուէի ուղին։ ԱՄԿ հիմնադիր 55-ամեայ Հայկազ Խաչատրեանը դեռեւս ամռանը տուել էր իր օրհնութիւնը եւ նրան որեւէ անհանգստութիւնից զերծ պահելու համար նոյնիսկ չէի իրազե-կում մանրամասնութիւնների մասին։ Հայկազ Խաչատրեանի հետ 1968 թուականին առաջին գործով դատուած Ստեփան Զատիկեանը եւ Շահէն Յարութիւնեանն այս գործերի մասնակից չէին, եւ նոյն ԱՄԿ կանոններով մենք իրաւունք չունէինք աւելին իմանալ նրանց մասին։
Ազատն ընթացիկ աշխատանքներին զուգահեռ նախապատրաստում էր պայմանականօրէն «Շառաչուն ապտակ» կոչուող գործը։ Յունուարի կէսերին զեկուցեց, որ իր մարդիկ պատրաստ են, եւ իրաւունք ստացաւ անցնել գործի։

Մոսկուայից իրենց հայաստանեան մանկլաւիկներին, որ կոչւում էին Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղար եւ Կենտրոնական կոմիտէ, այցելելու եւ ազգային գործիչների դէմ պայքարի ոգին ամրապնդելու նպատակով Երեւան էր ժամանել ՍՄԿԿ պոլիտբիւրոյի անդամ Գրոմիկօն։ Նա, որպէս մեծ պարգեւատրութիւն, Հայաստանին Լենինի հերթական շքանաշան էր բերել։ Հէնց այդ հանդիսաւոր արարողութեան օրն էլ կրակի ճարակ դարձաւ Եղիշէ Չարենցի հերոսի խօսքերով՝ «լ-ղրճուկ սինլքորներու, անվարտիք աւարաներու եւ հայվարա սանքիւլոտներու» միջազգային առաջ-նորդի նկարը։ Մոսկովեան տէրերը չներեցին իրենց երեւանեան դրածոներին։ Օգտուեցին, սակայն, այլ դրածոներ. Քոչինեանի փոխարէն նշանակուեց անկախականների դէմ հետեւողական պայքարի խոստումնալից ներկայացուցիչ, տարիներ անց՝ արդէն անկախ Հայաստանում որպէս զաւեշտ՝ ան-կախ Հայաստանի ազգային հերոս հռչակուած Կարէն Դեմիրճեանը։
Աւելի ուշ՝ 1988 թուականի փետրուարին, այս փորձից դասեր քաղած Կարէն Դեմիրճեանն իր մերձաւորներից մէկին որպէս բանագնաց ուղարկեց ինձ մօտ՝ բացատրելու, որ ի պաշտպանութիւն Արցախի՝ կատարուող զանգուածային միջոցառումները կաւարտուեն Կոմկուսի առաջին քարտու-ղար Դեմիրճեանի հեռացումով, իսկ նրա փոխարէն կնշանակուի հայ ժողովրդի հանդէպ դաժանօրէն տրամադրուած արիւնարբու մէկը։ Բանագնացը հօրաքրոջս տղայ Ալէքի կնոջ՝ Լիւդայի ընկերուհու բարեկամն էր: Նրա միջոցով էլ խնդրել էր այդ գաղտնի հանդիպումը: Հետագայում Լիւդայից իմա-ցայ, որ նա Աշտարակի կուսկոմի առաջին քարտուղարն է եղել: Նրանք ինձ էին համարում հանրա-հաւաքների ծպտեալ, իրական կազմակերպիչը եւ յորդորում էին դադարեցնել զանգուածային միջո-ցառումները։ Զուտ կազմակեպական իմաստով նրանք ճիշտ էին ¥եւ միայն այդ, որովհետեւ առողջ բանականութեան տէր որեւէ մէկն իրեն թոյլ չէր տայ վանկարկել՝ «Լե՛նին, պա՛րտիա, Գորբաչո՛վ»)։
Միայն մենք էինք 1988 թուականի սկզբին Հայաստանում գործում որպէս ազգային-քաղաքա-կան կազմակերպութիւն ¥Հայաստանում այլ քաղաքական կազմակերպութիւն չկար¤, փետրուարի 18-ին Գառնիում եւ մասամբ Աբովեանում ԱԻՄ-ն էր առաջին ցոյցերի ու հանրահաւաքների, զանգուածային միջոցառումների կազմակերպիչը։ Փետրուարի 20-ին մենք էինք մարդկանց հրաւի-րել օպերայի մերձակայ, հետագայում` «Ազատութեան» վերանուանուած հրապարակ՝ բնապահպա-նական խնդիրներով կազմակերպուած հանրահաւաքին եւ տեղեկանալով Արցախում սկիզբ առած ինքնորոշման զանգուածային ցոյցերի մասին՝ որոշեցինք փոխել շեշտադրումը, ճիշտ հունի մէջ դնել։ Օգտագործելով արեւմտեան լրատուամիջոցների՝ իմ հանդէպ ունեցած վստահութիւնը եւ մեր մոսկովեան կապերը, այստեղ պէտք է յատուկ առանձնացնել բացառիկ դերակատարում ունեցած, ծագումով հայ, ռուսական ազատախոհութեան յայտնի ներկայացուցիչ Սերգէյ Գրիգորեանցին, մենք՝ աիմականներս ¥այն ժամանակ Հայաստանում ազատ լրատուութիւն ապահովելու ընդունակ որեւէ կազմակերպութիւն նոյնպէս չկար¤, «Ամերիկայի ձայն», «Ազատութիւն», «ԲիԲիՍի» եւ այլ ռա-դիոկայանների միջոցով ոչ միայն դիմակայում էինք կոմունիստական Մոսկուայի կողմից արցա-խեան խնդրի վերաբերեալ տարածուող յերիւրանքներին, այլեւ նախապատրաստող լրատուու-թեամբ զարգացնում էինք ազգային ինքնագիտակցութեան զարթօնքի դրսեւորում հանրահաւաքնե-րը։ Ամէն լրատուութիւն աւարտւում էր՝ «Հանրահաւաքում որոշուեց վաղը այսինչ ժամին շարունա-կել ցոյցերը» նախադասութեամբ։ Դա համարժէք էր պաշտօնական կոչ-հրաւէրի։
Իրականում, սակայն, ես եւ իմ ընկերները շատ աւելի կարեւոր բան էինք արել, որ օրուայ խն-դիրներով տարուած կոմունիստները չէին հասցրել նկատի ունենալ. 1987 թուականի հոկտեմբերի 24-ից լոյս տեսնող «Անկախութիւն» շաբաթաթերթը ողջ Սովետական Միութեան տարածքում առա-ջին քաղաքական այլընտրանքային պարբերականն էր։ Նրա գերխնդիրը միայն ազատ լրատուութիւնը չէր, ինչպէս իմ մոսկովեան ընկերներ Սերգէյ Գրիգորեանցի եւ Ալէքսանդր Պոդրաբինեկի՝ Մոսկուայում մի քանի ամիս աւելի վաղ հրատարակած «Գլաստնոստ» հանդէսինը եւ «Էքսպրես խրոնիկա» շաբաթաթերթինը։ Ի դէպ, Սերգէյի հետ համաձայնեցնելով՝ մենք անմիջապէս 1987 թուականին ձեռնամուխ եղանք «Գլասնոստ»-ի հայկական տարբերակի՝ «Հրապարակայնութեան» հրատարակմանը։ «Հրապարակայնութիւն»-ը նաեւ նախապատրաստեց ԱԻՄ-ի տեսական հանդէսի՝ 1988-ից լոյս տեսնող «Հայրենիք»-ի հրապարակումը Մովսէս Գորգիսեանի կողմից։ Սակայն կրկնում եմ, այդ պարբերականները ունէին, անտարակոյս, խիստ կարեւոր լրատուական, ինչպէս նաեւ կրթականլուսաւորչական, սակայն անմիջականօրէն ոչ քաղաքական առաքելութիւն։
«Անկախութիւն» շաբաթաթերթը, լինելով խորհրդային կայսրութիւնում տեւականօրէն՝ երկու տասնամեակից աւելի նախ ընդյատակում, ապա բացայայտ գործող միակ քաղաքական կազմակերպութեան՝ Ազգային միացեալ կուսակցութիւն - Ազգային ինքնորոշում միաւորման պաշտօնաթերթը, քաղաքացիներին ազատ լրատուութեամբ ապահովելու խնդրին զուգահեռ, շատ աւելի կարեւոր ու արմատական՝ քաղաքական, համակարգի փոփոխման նպատակ էր հետապնդում։ Հէնց միայն թերթի՝ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ անունը յանդուգն մարտահրաւէր էր կայսրութեան գոյութեան գաղափարահոգեբանական հիմնական կարգախօսին՝ կոմունիստական Մոսկուայից համընդհանուր կախուածութեան գիտակցութեանը։ Այդ ըմբռնումով Վրաստանի ազգային հերոս Մերաբ Կոստաւան 1988 թուականին ասում էր. «Մեր յաջորդ քայլերն անելուց առաջ մենք սպասում ենք, ուզում ենք տեսնել, թէ ինչով կաւարտուի քո եւ Գորբաչովի մենամարտը»։ Վեաչեսլաւ Չորնովիլը «Ուկրայնսկի վիստնիկ»-ի շուրջն համախմբուելու հարցում տատամսող իր հայրենակիցներին ասում էր. «Հայերը «Անկախութիւն» անունով թերթ են հրատարակում, իսկ մենք զգուշանում ենք անկախ տեղեկատո՞ւ հրատարակել»։ Լինելով ազգային-ազատագրական եւ ժողովրդավարական պայքարի խօսնակ՝ «Անկախութիւն» թերթը, մարդկային ու ազգային արժանապատիւ մտածողութեան զարթօնք ապահովելով, էականօրէն նպաստում էր մարդկանց սր-տերից վանելու տասնամեակներ շարունակ արհեստականօրէն պատուաստուած, բռնակալների դաշնակից եւ մարդ արարածին ստրուկ դարձնող վախի զգացումը։ Կար եւս մէկ հանգամանք. երի-տասարդութեանը խանդավառում էր այն, որ ժամանակակիցներից մէկը, տասնեօթ տարուց աւելի բանտերում անցկացնելուց յետոյ վերադառնալով հայրենիք, առանց վարանումի շարունակում է պայքարել անկախ Հայաստանի համար։ Դա վստահութիւն եւ պայքարի լիցք էր հաղորդում։ Կարէն Դեմիրճեանի բանագնացի մտորումներից կարելի էր ենթադրել, որ նրան ինձ հետ բանակցելու ու-ղարկողները պատկերացում չունէին զանգուածների համաժողովրդական պահանջների մասին. դա նրանց չէր յուզում։ Նրանց գերխնդիրը իրենց անձնական իշխանութիւնը պահպանելն էր։ (Այդ տրա-մաբանութեամբ էլ կարելի է բացատրել 1999 թուականի խորհրդարանական ընտրութիւնների ժա-մանակ նախորդ տարուայ քաղաքական հակառակորդների հետ «Միասնութիւն» անունը կրող դա-շինքի անդամ, այլ խօսքով՝ Վազգէն Սարգսեանի համար իշխանութիւնը պահպանելու միջոց դառ-նալու պատրաստակամութիւնը)։ Բանագնացի միջոցով Կարէն Դեմիրճեանին առաջարկեցի դուրս գալ հրապարակ եւ յայտարարել, որ ինքը միանում է ժողովրդին։ Երկու օրից Կ. Դեմիրճեանը կա-տարեց առաջարկիս տեխնիկական կողմը. դուրս եկաւ հրապարակ, բայց ոչ թէ ժողովրդին միանա-լու, այլ մոսկովեան տէրերին ցոյց տալու, որ ինքը ժողովրդի հետ չէ։ Նրա այդ օրուայ ելոյթի ամենա-կարեւոր նորութիւնը ժողովրդի համար այն էր, որ «Ղարաբաղը իր գրպանում չէ»...

Այդ ժամանակաշրջանում մի էական փոփոխութիւն նոյնպէս կատարուեց Հայաստանի հանդէպ կիրառուող քաղաքականութիւնում։ Երբ Ռուսաստանի քաղաքների խանութներում կատարեալ դա-տարկութիւն էր, մերձբալթեան հանրապետութիւնների հետ նաեւ Հայաստանում սկսուեց ապրան-քային առատութիւնն իշխել, եւ նոյնիսկ Հիւսիսային Կովկասից մարդիկ ժամանում էին Հայաստան՝ սննդամթերք տանելու։ Պոլիտբիւրոն այդ բանն անում էր անկախութեան կողմնակիցներին անկա-խութեան նաեւ սոցիալական հիմնաւորումներից զրկելու նպատակով։ Արդիւնքում Հայաստանի բնակիչներն իսկապէս աւելի բարւոք՝ պարենային առատութեան պայմաններում էին գտնւում, քան մասնաւորապէս կենտրոնական Ռուսաստանի բնակիչները։
Հրապարակում Լենինի նկարի վերացման ¥շատե՞րն էին հաւատում, որ շուտով հրապարակից նաեւ արձանն է սրբուելու¤ յաջորդ օրը բոլորի խօսակցութեան առարկան այդ էր. «Գիտէ՞ք, կենտրո-նական հրապարակում, «Արմենիա» հիւրանոցի դիմաց այրել են Լենինի հսկայ նկարը...»: Տրիկո-տաժի ֆաբրիկայում առաւօտուանից ինձ տարբեր մարդիկ էին մօտենում եւ խանդավառ պատմում։ Չնայած ես նախորդ օրը ուշ գիշերին ժամանած Ազատ Արշակեանից տեղեկացել էի մանրամասնու-թիւնների մասին, բայց բոլոր պատմողներին այնպէս էի պատասխանում, կարծես առաջին անգամ էի լսում։
Գործն աւարտելուց եւ դէպքի վայրից շուրջ հինգ հարիւր մետր հեռանալուց յետոյ կալա-նաւորուել էր երկու մասնակիցներից մէկը՝ Ռազմիկ Զոհրաբեանը։ «Նա շատ պինդ մարդ է. չի մատ-նի», - վստահեցնում էր Ազատը, բայց ինքն էլ խիստ դժգոհ էր Ռազմիկի կալանաւորումից։ Այդպիսի բան չէր նախատեսուած։
- Ռազմիկը իմ մասնաճիւղի տպարանի պատասխանատուն էր, ու նրանց տնից ահագին նիւթեր են գտել, - իրավիճակը ներկայացրեց Ազատը։
- Բայց ինչո՞ւ էիր այդպիսի մարդու ուղարկում։
- Այսպիսի գործի նորաթուխների ուղարկել չէի կարող։
Ռազմիկն Ազատի հարեւանը լինելուց բացի ժամանակին եղել էր նաեւ արդէն մէկ անգամ 2 տարուայ ազատազրկման դատապարտուած Աշոտ Նաւասարդեանի դասընկերը։ Պարզ է, որ օ-ղակն աւելի էր սեղմւում։


ԳԼՈՒԽ Ժ
«Վերջապէս, ո՞վ ես դու»

Մտքովս անցաւ տեսնել Մանիկին. չէ՞ որ իր հետ էի ստուգել այդ նկարի նիւթը։ Բարձրացայ տնօրէնի ընդունարան։ Տնօրէնը չկար։ Ներս մտաւ գլխաւոր մեխանիկ Զաւէնը ու ինձ տեսնելով՝ ու-րախ, սակայն զգուշաւոր հարցրեց.
- Իմացե՞լ ես։
- Ի՞նչը, - միամիտ, անիրազեկ մարդու ոճով հարցրի ես։
- Էրեկ հրապարակում վառել են Լենինի նկարը։
- Ո՞վ, ինչո՞ւ, - հարցրի ես։
- Վառողներից մէկին բռնել են։ Ասել ա, Լենինը մեր ազգի թշնամին ա, Աթաթուրքի դաշնակիցը։ Եթէ իրա նկարը չվառէի, ինձ էի վառելու։ Որոշեցի նկարը վառել։ 7
Դա ասուեց Մանիկի ու միւս աղջիկների ներկայութեամբ։ Ես որեւէ վերաբերմունք ցոյց չտուեցի։ Քիչ անց ընդունարան մտաւ արտադրամասերից մէկի պետը՝ Խաչիկը.
- Բարի՛ լոյս, ընկեր Գեւորգեանը չի՞ եկել ¥այն թուերին այդ կեղծ ընկեր դիմելաձեւը կամ թուրք-մոնղոլականից ռուսներին ու նրանցից էլ մեզ անցած Կարպիչ, Սերգէիչ կամ Սերոբիչ, օտարամոլ ձեւերը շատ մոդայիկ էին¤։
- Դեռ ոչ, - պատասխանեցին աղջիկները։
- Կսպասենք, - արտաբերեց Խաչիկն ու տեղաւորուեց ընդունարանի աթոռներից մէկին։
- Լամպերից քանի՞սն է փչացած, - ներկայութիւնս արդարացնելու համար հարցրի ես, բոլոր լոյ-սերը միացրէք, որ երեւայ։
- Հա՜, Պարո՛յր, լսե՞լ ես Լենինի նկարը վառելու մասին։
- Ի՞նչ նկար, - հարցրի ես։
- Վա՜հ, սաղ Էրեւանը դրա մասին ա խօսում, չե՞ս իմացել, - այդ պահին նկատեցի Մանիկի զար-մացած հայեացքը, որը կարծես ասում էր. «Չէ՞ որ քիչ առաջ գլխաւոր մեխանիկը քեզ ասաց դրա մասին»։ Յետոյ ասես ինչոր բան կռահելով՝ նրա դէմքին խորը մտահոգութիւն գրուեց։
- Արա՛, դրանք գիժ են, դրանց սաղին կկախեն, - ինքն իրեն շարունակում էր խօսել Խաչիկը։
Երբ մի ժամ անց ես մի քանի լիւմինեսցենտային լամպերով վերադարձայ ընդունարան, Մանիկի աչքերը ուռած էին ու արցունքոտ։
- Մանի՞կ, ի՞նչ է պատահել, ինչո՞ւ ես լալիս, - սովորականի պէս հարցրի ես։
- Ոչի՛նչ, - մի պահ դադարից յետոյ աւելացրեց, - մամաս լաւ չի. դա յիշեցի։
Իսկ ես ենթադրեցի, որ Մանիկը կռահել է, որ Յարութիւնի հետ գրազս, հետեւաբար եւ ես, կապ ունենք այդ ցնցող գործի հետ։ Ու Խաչիկի արտասանած «դրանց կկախենը» նաեւ ինձ է վերաբե-րում։ Յաջորդ օրը տեսայ նաեւ Յարութիւնին։ Հարիւրաւոր մարդկանց ասածները վերապատմեց, բայց չէր կռահել, որ ինքն էլ է մասնակցել այդ գործին։ Իմ սիրելի ընկերն այս գործին իր էական մասնակցութեան մասին իմացաւ 28 տարի անց՝ այս գրքից քաղուած «Լուսինէ» անունով վիպակի լրագրային տարբերակը կարդալուց յետոյ։
Մոսկուան հայ անկախականներին զսպելու նպատակով խիստ միջոցների էր դիմել։ Այլ հանրա-պետութիւններից Երեւան էին բերուել գաղտնի ոստիկանութեան հարիւրաւոր գործակալներ։ Ծի-ծաղելի վիճակում էին յայտնւում մեզ իբրեւ թէ գաղտնի հետեւող շիկամազ տղամարդիկ ու կանայք, որպէս կանոն, թուխ մազերով, սեւ աչքերով տեղաբնակների միջավայրում։ Նրանց մէկ անգամ տես-նելուց յետոյ յիշելը ոչ միայն հեշտ էր, այլեւ չյիշել հնարաւոր չէր։ Եւ իրենք պիտի գաղտնի հե-տեւէին։ Եկաւ մի պահ, որ նրանց գործողութիւնները կարելի էր բնութագրել որպէս տոտալ հե-տապնդում, որի նպատակը ոչ թէ քեզ գաղտնի հետեւելն է, այլ բոլոր տեղաշարժերդ, հանդիպում-ներդ ու արարքներդ բացայայտելն ու գրանցելը։ Դրան զուգահեռ աւելանում էին տարբեր մասնա-ճիւղերից կալանաւորուածները. Ազատի մասնաճիւղից Ռազմիկից բացի կալանաւորուած էին երկու երիտասարդներ՝ Կոստան ու Գագիկ անուններով, Աշոտի մասնաճիւղից՝ Մարտիրոսեան եղբայրնե-րը, Ռուբէնի մասնաճիւղից՝ Սահակեան Քաջիկը, որ 3,5 տարուայ կալանքից յետոյ անյայտ հիւանդութիւնից մահացաւ, Անահիտ Կարապետեանը, ուսանողներ Ֆիրդուսին ու Գարեգինը։ Ես նրանց անձնապէս չէի ճանաչում, բայց կալանաւորուելուց յետոյ ինձ անուանապէս էին տեղեկաց-նում կալանաւորուածների մասին։ Խորհրդի 5 անդամներից որեւէ մէկս դեռ կալանաւորուած չէր, բայց զգում էինք, որ կալանքը մօտենում է։ Միայն Անդրանիկ Մարգարեանն էր համոզուած, որ գործը ԱՄԿ խորհրդին չի հասնի ու կկարողանանք շարունակել գործել. «Բռնուածներից որեւէ մէկը ցանկութեան դէպքում անգամ չի կարող ղեկավարների մասին որոշակի բան ասել։ Չէ՞ որ աւելորդ ոչինչ չգիտեն»։ Տեսականօրէն Անդրանիկը ճիշտ էր, բայց հէնց այդ չիմացողներից մէկն էլ կողմնո-րոշել էր։ Օգնել էր նաեւ կալանաւորուածների քարտէզածանօթագրումը։ Դա հետագայում ինձ ներ-կայացրեց դատախազ Ղամբարեանը. «Անահիտ Կարապետեանը չի ճանաչում քեզ, սակայն լաւ է ճանաչում Ռուբէնին, որը քեզ է ճանաչում։ Քաջիկ Սահակեանը՝ նոյնպէս։ Մարտիրոսեանները քեզ չեն ճանաչում, բայց լաւ գիտեն Աշոտին, իսկ Աշոտը քո ընկերն է։ Կոստանի ու Գագիկի հետ դու ծանօթ չես, չես ճանաչում նաեւ Ռազմիկին, բայց նրանք ծանօթ են եւ մտերիմ են Ազատի հետ, որ քո ընկերն է։ Այս եւ ուրիշ մարդիկ իրար էլ չեն ճանաչում, բայց նոյն օրը, նոյն ժամին Երեւանի 40 վայ-րերում նոյն բովանդակութեամբ գրառումներ են կատարում։ Ո՞վ է կազմակերպիչը։ Պարզ չէ՞...»: Իսկ այդ պահին իմ զգացողութիւնն այլ բան էր թելադրում. ՊԱԿ-ը այդ վերջին շրջանում շատ սեւեռուած էր մեզ հետապնդում։ Ակնյայտ էր, որ հիմա նրանք աւելին գիտեն, քան մենք ենք կարծում։ Դժուար էր առաջին չորս տարիների կալանքի ծանր յուշերի ճնշման հոգեվիճակում հան-գիստ նոր կալանքի նախապատրաստուել, բայց ո՞րն էր այլընտրանքը։ Չէ՞ որ ինքս էի ուրիշներին սովորեցնում, որ յանուն ազգի ազատութեան դու պիտի պատրաստ լինես զոհաբերել քո անձնա-կան ազատութիւնը...
Զգալով վերահաս վտանգը՝ ես որոշեցի տեսնել քեզ։ Վստահ չէի, որ կգտնեմ։ Ուստի չնայած այդ օրը քիչ ժամանակ ունէի, եկայ ձեր տան մօտ՝ յաջորդ օրուայ համար ժամադրուելու ակնկալի-քով։ Ես շուրջ մէկ ամիս քեզ չէի տեսել եւ պատրաստ էի քո ցանկացած կշտամբանքն ընդունել որ-պէս իմ վերաբերմունքի բնական գնահատական։ Դու դժկամութեամբ դուրս եկար եւ ձեր բակի դռ-նից գրեթէ չհեռացար։ Իմ ցուցադրականօրէն անհոգ եւ խանդավառ ողջոյնի ոգու անպատեհութիւնը զգացնել տուեցիր առանց ձեւականութեան.
- Արագ ասա ասելիքդ. ես ժամանակ չունեմ։
- Ես եկել եմ ներողութիւն խնդրելու իմ երկար բացակայութեան համար։
- Դրա անհրաժեշտութիւնը չկայ։ Դու ինձ հասկացրիր, որ իմաստ չունի քեզ սպասելը, քեզ հաւատալը։
- Լուսինէ՛, մի՛ շտապիր դատապարտել։ Ես քեզ ամէն ինչ կբացատրեմ, - փորձեցի քեզ հանգստացնել՝ ինքս էլ չհասկանալով, թէ ինչպէս պիտի կարողանամ ե՛ւ բացատրել, ե՛ւ հաւատա-րիմ մնալ ԱՄԿ գաղտնապահական կանոններին։
- Դու ի՞նչ եւ ինչպե՞ս պիտի բացատրես։ Ասում ես՝ աւելի յաճախ կհանդիպենք, ու անյայտանում ես։ Առաջ ես անհոգ էի ու հանգիստ։ Հիմա տեսնում եմ, որ չեմ կարողանում անտարբեր լինել։ Ան-հանգստանում եմ ու սպասում, իսկ դու չկաս։
- Բայց ես եկել եմ, - ընդմիջեցի քեզ՝ ներքուստ պատանուն վայել բերկրանք ապրելով, որ ինձ կարօտում ես, հետեւաբար կներես։
- Սպասի՛ր։ Ես քեզ փնտրել չեմ կարող։ Ո՛չ հասցէդ ունեմ, ո՛չ հեռախօսդ։
- Դու ինքդ չուզեցիր։
- Դու լաւ ես յիշում, թէ այդ երբ չուզեցի։ Յետոյ իմ բոլոր ակնարկները չլսելու տուեցիր։ Դու ճա-նաչում ես իմ շատ ծանօթների, նրանց մասին մանրամասնութիւններ պատմում, իսկ նրանք քո մա-սին ոչինչ չգիտեն։ Ոչ ոք քեզ չի ճանաչում։ Դու ո՞վ ես եւ ի՞նչ ես ուզում ինձնից։
- Լուսինէ՛, խնդրում եմ, հանդիպենք վաղը ու ամէն ինչի, ամէն-ամէն ինչի մասին ինչ դու կկամե-նաս, կխօսենք։
- Իսկ ինչո՞ւ վաղը, ինչո՞ւ ոչ երեկ։
- Ես քեզ կբացատրեմ։
- Բայց դա ինձ պէտք չէ։ Միակ բանը, որ ուզում եմ, դու շուտ դուրս գաս իմ կեանքից, ու վերս-տանամ իմ հոգու անդորրը։ Ես չեմ ուզում քեզ կարօտել ու անյոյս սպասել քո գալստեանը, գիշերը մի քանի անգամ զարթնել թուացեալ մեղեդու ձայնից, խելագարի ուրախութեամբ նետուել լուսա-մուտի կողմը ու յետոյ ամբողջ գիշեր ինքս ինձ հարցնել՝ ինչո՞ւ, ո՞ր մեղքիս ու ո՞ր սխալիս համար։
- Լուսինէ՛, ես իսկապէս ցաւում..., - դու թոյլ չտուեցիր ընդհատել քեզ։
- Ես քեզ համար խաղալիք եմ։ Սկզբում, երբ անտարբեր էի քո նկատմամբ, դա ինձ չէր յուզում։ Հիմա դու մխրճուել ես իմ կեանքի մէջ. մխրճուել ես ու չկաս։ Ես այդ չեմ ուզում։
- Լսի՛ր, խնդրում եմ։ Մենք վաղը ամէն ինչի մասին կխօսենք, ու դու ինձ կհասկանաս։
- Բայց ես չե՛մ ուզում, - ամենայն վճռակամութեամբ կասեցրիր ինձ։ - Ես այսօր էլ չէի գայ։ Պար-զապէս չեմ ուզում քեզ պէս վարուել։ Եկայ քեզ հրաժեշտ տալու եւ խնդրելու այլեւս ինձ չանհան-գստացնել։
Կարծես պատրաստւում էիր հեռանալ։ Այդ պահին յիշեցի անցեալում կիրառածս եւ իրեն արդա-րացրած մի մօտեցում։
- Լուսինէ՛։ Ես քեզ վաղը՝ ժամը 5-ին, կսպասեմ մեր անկիւնում։
- Քո գործն է։ Ես չեմ գայ, - ձայնդ շատ խիստ էր ու վճռական։
Ես հասկացայ, որ դու ձեւականութիւն չէիր անում։ Դու հեռանում էիր: Շախմատային լեզուով ասած, ես ցայտնոտի մէջ էի, այն շախմատիստի վիճակում, որ յաղթական դիրք ունի, բայց ժամացոյցի դրօշն ուր որ է ընկնելու է: Այդ պատճառով արագ-արագ վրայ տուեցի.
- Լա՛ւ, խնդրում եմ, մինչեւ վաղը մտածիր եւ եթէ զգաս, որ չես գալու, ժամը 5-ին մի րոպէով մօտեցիր ու ասա՝ Պարո՛յր, ես չեմ ուզում այլեւս քեզ հանդիպել, - վրիպեցի, եւ դու անմիջապէս նկա-տեցիր այդ։
- Ի՞նչ, Պարո՞յր։ Պարոյրն ո՞վ է։
Ես գլուխս կորցրի եւ վախենալով քո այդ օրուայ վրդովմունքն աւելի խորացնելուց, այդ պահին ամէն ինչ քեզ խոստովանելու փոխարէն՝ չասելով, որ երեխայական կատակ է եղել արածս, որ իմ ա-նունը իրականում ոչ թէ Վարուժան է, այլ Պարոյր, նախապէս որոշածիս համաձայն՝ այդ խոստովա-նութիւն-խօսակցութիւնը հետաձգեցի յաջորդ օրուան.
- Ընկերներս ինձ նաեւ Պարոյր են ասում:
- Բա ինչո՞ւ մինչեւ այսօր չէիր ասում։ Այս ի՞նչ խաղեր են՝ Վարուժան, Պարոյր, ամենագէտ վա-րորդ ու անյաջող դերասան։ Վերջապէս ո՞վ ես դու։ Այս ի՞նչ...
- Լուսինէ՛, դու կարո՞ղ ես հանգիստ լսել ինձ։
- Ո՛չ, չեմ կարող ու չեմ ուզում, - դու քայլեցիր մեր պատսպարան անկեան կողմը եւ սկսեցիր ան-ձայն հեկեկալ։ Փորձեցի գրկել ցնցուող ուսերդ, բայց կտրուկ ետ քաշուելով՝ չթոյլատրեցիր։ Հարիւր տարուայ փորձառութիւն չունէի. տեսնում էի, որ քեզ ցաւ ու տառապանք էի պատճառել, բայց ան-զօր էի։ Ինքս ընդամէնը քսանչորս տարեկան էի։ 23-3
- Լուսինէ՛, Լուսինէ՛, խնդրում եմ, - սրանք էին իմ միակ խօսքերը։
Քիչ անց, դու խաղաղուեցիր եւ աչքերդ սրբելով՝ ասացիր.
- Ես գնում եմ, - բայց չէիր շարժւում։
Համարձակութիւն ստանալով՝ ես մօտեցայ քեզ.
- Խնդրում եմ, մի՛ շտապիր։
Դու լուռ էիր։
- Ես քեզ կսպասեմ։ Կգա՞ս։
- Չգիտեմ, - մտացրիւ պատասխանեցիր ինձ։ Գրեթէ անտարբեր, այնուամենայնիւ չմերժեցիր իմ միակողմանի հրաժեշտի համբոյրը եւ արագ հեռացար։

ԳԼՈՒԽ ԺԱ
«... թէ առջեւում ինչ փորձութիւններ են...»

Մենք չէինք պատկերացնում, թէ առջեւում մեզ ինչ փորձութիւններ են սպասում։ Ես շտապեցի պոլիտեխնիկական ինստիտուտ։ Վերականգնուած էի, սակայն երրորդ կուրսի փոխարէն` երկրորդ կուրսում։ Դրանից էլ էի գոհ։
Նկատեցի, որ ինձ հետեւում են։ Անհանգստացնող էր. ուրեմն քեզ էլ կարող է նկատած լինէին։ Ժամանակ ունէի եւ որոշեցի մի փոքր խաղ խաղալ հետեւողների գլխին ու նաեւ համոզուել, թէ իսկապէս հետեւո՞ւմ են։ Կէս ժամ այս ու այն կողմ վազեցնելուց յետոյ մտայ Նալբանդեան փողոցի շէնքերից մէկի մուտքով եւ վեր բարձրանալու փոխարէն միւս կողմից արագ դուրս եկայ բակ։ Բակի կողմից մտայ կողքի մուտքը եւ ետ՝ Նալբանդեան փողոցի դռան մօտ հասնելով, կանգնեցի դռան ետեւում։ Հետեւում էի իրավիճակին։ Երբեք միաժամանակ այդ քանակութեամբ ինձնով զբաղուած չէկիստներ չէի տեսել։ Ինձ կորցնելով՝ կորցրել էին նաեւ իրենց գլուխները։ Արագ ինքնաշարժեր էին մօտենում, եւ նրանցից դուրս նետուող գործակալները, յանձնարարութիւն ստանալով, վազում էին այս ու այն կողմ։ «Գործը լուրջ է», - մտածեցի ես, բայց մտովի աւելի առաջ գնալ չհասցրի, որովհետեւ երկու հոգի արդէն վազում էին իմ ուղղութեամբ։ Կամ պիտի աստիճաններով արագ վեր վազէի, կամ... Ես հանգիստ, իբրեւ թէ իրենց չնկատելով, դուրս եկայ 19-րդ դարի ազատութեան մեծ երգիչ, բանաստեղծ Միքայէլ Նալբանդեանի անունը կրող փողոց։ Գործնական տեսքով շարունակելով ընթացքս՝ հասայ նոյն փողոցում գտնուող Խորհրդային Հայաստանի Պետական անվտանգութեան կոմիտէ (ՊԱԿ)։ Մտայ ընդունարան եւ ասացի, որ ուզում եմ հանդիպել գնդապետ Սայեադեանին։ Նա էր ազատութեան եւ նոյնիսկ այլախոհութեան թշնամի երդուեալ ոհմակի հիմնական դէմքը։ Իրեն ճանաչում էի 17 տարեկանից։ Անմիջապէս ընդունեց։ Ասացի, եթէ բան ունէք ասելու, ուղղակի հարցրէք, թէ չէ ինձ թւում է՝ ինձ հետեւում են։ «Չէ՜, այդպիսի բան չկայ, եթէ Դուք բան կունենաք ասելու, ուղղակի ասէք կամ կարող էք գրաւոր բերել», - պատասխանեց Սայեադեանը։ Աւելին չասաց ու չփորձեց հարցնել։ Նա ինձ լաւ էր ճանաչում եւ արդէն մի անգամ 1967 թուականին հասցրել էր պարտուել։ Բայց իմ այդ յանպատրաստից այցով ես ցոյց տուեցի, որ թուլանում եմ, որ նեարդերս լաւ վիճակում չեն։ Փորձառու չէկիստների աչքից, իհարկէ, դա չէր վրիպուի։ Դա որեւէ բախտորոշ նշանակութիւն չունեցաւ եւ ունենալ չէր կարող, սակայն տարիներ անց ես հասկացայ, որ իմ խաղը միանշանակ չի գնահատուել։ Ինձ հետեւողները գժուել են՝ պարզելով որ ամբողջ օրը հետեւում էին, որպէսզի արձանագրէն, որ ես իրենց շէֆի հետ եմ հանդիպելու։ Հետագայում հայրենիքի դաւաճանութեան մեղադրանքով քաղաքական, պետական յատուկ վտանգաւոր յանցագործների կալանավայր բերուած Նորիկ Գրիգորեանը պատմել էր այս պատմութիւնը, որպէս իմ կողմից իրենց ձեռ առնելու օրինակ, բայց կարծում եմ՝ այդ նոյն օրը սայեադեաններն արձանագրել էին նաեւ իմ անհանգիստ լինելու հանգամանքը։ Անհանգիստ լինելը բնական էր, բայց, ըստ իս, դա պիտի իմ գաղտնիքը մնար։
Սայեադեանից յետոյ եղայ Ներքին գործոց նախարարութեան գլխաւոր վարչութիւնում եւ տեղեկացրի, որ այսուհետեւ երեկոները դասերի եմ յաճախելու։ Գրանցեցին, շնորհակալութիւն յայտնեցին, որ տեղեակ եմ պահել եւ նախազգուշացրին, որ միւս օրերին ժամը եօթից յետոյ պէտք է տանը լինեմ։
Ճարտարագիտական համալսարանում (Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում) մեր խմբի ուսանողները ինձ ուրախութեամբ եւ հետաքրքրութեամբ դիմաւորեցին։ Նախկինում հայրենասիարական գործունէութեան համար դատուած լինելուս մասին լսել էին։ Առաջին դասս էր ու հիմնականում անցեալում սովորածիս կրկնութիւնը։ Ինչ-որ կանխազգացում ինձ ստիպեց մինչեւ վերջ չմնալ դասերին։ Շտապեցի տուն։ Ճանապարհին նկատեցի, որ ինձ հետեւում են։ Երբ հասայ տուն, պարզուեց, որ այնտեղ արդէն սպասում էին ոստիկանութեան աշխատակիցներ։
- ժամը ինն է լինում։ Ինչո՞ւ տանը չէք, - հարցրին ինձ։ - Չէ՞ որ Ձեր նկատմամբ սահմանուած վարչական հսկողութեան կանոններով Դուք պէտք է երեկոյեան ժամը 7-ից յետոյ տանը լինէք։
Զգում էի, որ ինչ-որ բան այն չէ։
- Ես պոլիտեխնիկական ինստիտուտում էի։
- Մենք ի՞նչ իմանանք, թէ Դուք որտեղ էիք։ Դուք պիտի տանը լինէիք։
- Ես տեղեկացրել եմ, որ սովորում եմ երեկոյեան բաժնում։ Այսօր խօսել եմ նաեւ Ակոպովի հետ ու իրեն էլ տեղեկացրել։
Այդ Ակոպովը Ներքին գործոց նախարարութեան առանձնայատուկ նուիրեալ բարձրաստիճան սպաներից էր։ Իսկապէս տեղեկացրել էի իրեն։ Ոստիկանները պահանջեցին միասին գնալ բաժին։ Այդ ժամին ինձ սպասում էր անմիջականօրէն ինձ կցուած, հպարտութեամբ իր սասունցիական ծա-գումը ամէն առիթով յիշատակող կապուտաչեայ կապիտան, կարծեմ, Մանուկեանը։
- Դու, ուրեմն, Մոսկուա՞ ես գնացել, - հարցրեց մտահոգ։
- Ես քեզ ասել էի դրա մասին, ու դու թոյլ էիր տուել։
- Ես թո՞ւյլ եմ տուել, - ոչ թէ ժխտում էր, այլ ասես բարձրաձայն արտայայտում ներսում կու-տակուած մտահոգութիւնը։
- Ասացիր՝ գրաւոր ոչինչ պէտք չէ։ Աշխատի՛ր, որ դրա մասին շատ մարդ չիմանայ։ Ես այդպէս էլ արեցի, - ես իրողութիւնն էի յիշեցնում։
- Բայց իմացել են ու ինձ էլ հարցնում են։
- Ասա ճիշտը, որ բանաւոր թոյլատրել ես։
- Հասկանո՞ւմ ես՝ ինչ ես ասում, - պատասխանեց անկեղծ զարմանքով, - իմ պագոնները կպո-կեն։
Դա ասուեց որպէս անվերապահ ու անառարկելի փաստարկ։ Ես իմ մտածածը չկարողացայ բարձրաձայնել. «Ուրեմն քո պագոններն աւելի՞ կարեւոր են, քան անմեղ մարդու կալանաւորուելը»։
- Ես իրաւունք չունէի քեզ թոյլ տալ գնալ Մոսկուա։ Պիտի զեկուցէի վարչութիւն։
Ներս մտաւ մայեոր Ակոպովը՝ ամենայն հաւանականութեամբ, Մանուկեանի մասնագիտական ղեկավարը վարչութիւնից։
- Ի՞նչ գործով էիք գնացել Մոսկուա։
- Ընկերուհուս մօտ։
- Ո՞վ է Ձեր ընկերուհին։
- Դա իմ գործն է, ի՛մ ընկերուհին է։
Ակոպովը կարծես անակնկալի եկաւ. մի պահ ընկրկեց։ Դա երեւի կապ ունէր իր հարցի անհեթե-թութեան զգացողութեան հետ։
- Իսկ ուրիշ ո՞ւմ էք հանդիպել, - ակնյայտ էր, որ մոսկովեան կապերս ինչ-որ չափով յայտնի էին դարձել սրանց։
- Սա ի՞նչ է, հարցաքննութի՞ւն։
- Հարցաքննութիւնը յետոյ կլինի, - սպառնաց Ակոպովը, - հիմա զրուցում ենք։ Ո՞ր օրն էք մեկնել Մոսկուա։
- Ստոյգ չեմ յիշում. մէկ ամիս առաջ։
- Իսկ մենք որոշակի գիտենք, թէ երբ էք գնացել եւ երբ վերադարձել, - ինքնագոհ ծոր տուեց Ա-կոպովը եւ ինձ ներկայացրեց օդանաւի երկու տոմսերի պատճէններ: - Սրանք ես ինքս գտայ, պա-հանջեցի եւ ստուգեցի Մոսկուա - Երեւան օդանաւի ուղեւորների բոլոր ցուցակները ու տեսնում եմ՝ մեր Հայրիկեանն էլ է նրանց մէջ:
Մոսկուա մեկնելու հետ կապուած ես կերպարանափոխուել էի՝ առանց մօրուքի, ակնոցով, փոխուած հագուստներով՝ Աշոտի կօշիկներով ու Յակոբջանի ձմեռային գլխարկով։ Իմ անձնագրով էի մեկնել, որպէսզի բացայայտուելու դէպքում ակնյայտ խախտում արած չլինէի։ Ինձ իր ինքնա-շարժով օդանաւակայան տարաւ մեր հին ընկերներից Կարօ Ճղլեանը։ Տանը մօրուքս սափրելով ու կերպարանափոխուելով՝ բակի դռնից դուրս չեկայ, այլ հարեւանների այգիների պատերն անցնելով՝ դուրս եկայ զուգահեռ փողոց։ Կերպարանափոխումս այնքան յաջող էր, որ երբ պայմանաւորուած տեղում բացեցի Կարոյի ինքնաշարժի դուռը, ինձ չճանաչեց։ Քիչ անց Մանիկը, որ պիտի օդանաւա-կայանում սպասէր մինչեւ մեկնէի, նոյնպէս չճանաչեց։ Յաջորդ օրը Ազատը պիտի զանգահարէր նրան եւ առանց ներկայանալու հարցնէր. «Ինչպէ՞ս են գործերը»։ Իմ բարեյաջող թռիչքի դէպքում, այսինքն՝ եթէ ինձ չկալանաւորէին օդանաւակայանում, Մանիկը պիտի պատասխանէր՝ «Ամէն ինչ լաւ է»։ Ես, Կարոն եւ Մանիկը կարողացանք առանց պոչի հասնել «Զուարթնոց» օդանաւակայան։
Մոսկուայում դիմաւորող Ելենա Սիրոտենկօն, նոյնիսկ իրեն մօտենալուցս յետոյ չճանաչեց։ Փոր-ձում էր խուսափել, բայց տեսնելով ժպիտս ու լսելով ձայնս՝ մատները տանելով շուրթերին՝ զար-մանքի բացականչութիւն արեց։
- Ահա, թէ ումից է հարկաւոր կոնսպերացիա (գաղտնապահութիւն) սովորել, - ասաց նա։
Դրանից քսան օր առաջ էինք հանդիպել Երեւանում։ Եկել էր արտասահման մեկնելուց առաջ հրաժեշտ տալու իր հայ բարեկամներին, այդ թւում՝ նաեւ ինձ։ Ի դէպ, այդպէս էլ չմեկնեց։ Իմ կալա-նաւորումից յետոյ որոշել էր մնալ Ռուսաստանում՝ ինձ օգտակար լինելու համար։ Տեսնես նրա մտքով անցնո՞ւմ էր, որ միայն ինը տարի յետոյ իրաւունք կստանայ հանդիպել ինձ։ Հիմա նա Սիբի-րում մեր ունեցած երեք երեխաների՝ Ազատուհու, Թամարի եւ Դաւիթի հետ ապրում է ԱՄՆ-ում։
Մոսկուայում ինձ հաւանաբար նկատել էին՝ հետս շփուող մոսկովեան այլախոհներին հետեւե-լով։ Մոսկովեան գաղտնի գործակալները արձանագրել էին, որ կասկածելի մէկը այսինչ ինքնաթի-ռով մեկնել է Երեւան, ու Ակոպովը հպարտանում էր՝ ինձ մերկացրած լինելով։
Մանուկեանն ու միւսները ակնյայտօրէն վախենում էին Ակոպովից։ Երբ Ակոպովն ու նրա հետ մէկ այլ քաղաքացիական հագուստով անձ դուրս եկան տեսուչ Մանուկեանի աշխատասենեակից, նա դարակից ինչ-որ թուղթ դրեց սեղանին եւ ասաց.
- Անձնագիրդ է պէտք։ Անձնագիրդ մօ՞տդ է, - երեւի իրեն մերձաւոր համարելով՝ եզակիով էր դի-մում։
- Անձնագիրս տանն է, - պատասխանեցի՝ հայեացքս գլխիվայր երեւացող թղթից չկտրելով։
Մանուկեանը տեսնում էր, որ ես փորձում եմ հասկանալ, թէ այդ ինչ թուղթ է, բայց չէր խանգա-րում։ Հասկացայ. դատախազի որոշումն էր՝ մեր տանը խուզարկութիւն կատարելու մասին։ Հաւա-նաբար Մանուկեանն ուզում էր ինձ տեղեկացնել, բայց զգուշանում էր ինչ-որ բանից։ Կամ երեւի այլ բան կար, որ առայսօր չեմ պարզել։
Կարծում էի, որ ինձ կկալանաւորեն, բայց զարմանալիօրէն ինձ թոյլ տուեցին տուն գնալ։
Գիշերուայ ժամը 11-ը կլինէր։ Ես տաքսի կանգնեցրի եւ պատուիրեցի ինձ տանել Նուբարաշէն։ Առաջին իսկ խաչմերուկի մօտ, երբ տաքսին հասաւ հանրակառքի գծերին, ներսումս քեզ տեսնելու մի անյաղթահարելի զգացում զարթնեց։ Մինչ ես փորձում էի հասկանալ, թէ ինձ հետ ինչ է կատարւում, մենք հասանք հանրակառքի վերջին կանգառին։ Դա պաշտօնապէս կոչւում էր «Կոմերիտմիութեան այգի», իսկ ժողովուրդն ասում էր՝ «Թոխմախ գեօլ»։
- Մի րոպէ կանգնեցրո՛ւ, - դիմեցի տաքսու վարորդին։
Այդ հատուածում սովորաբար կանգնել զրուցելու սովորութիւն ունէին Բութանիա թաղամասի «լաւ տղերքը»։ Իմ ընկերներից ոչ ոք չկար այդ պահին։ Ես մօտեցայ այդտեղ կանգնած երեք երիտասարդներին։ Նրանցից մէկը իմ ընկերոջ զարմիկն էր։ Նա այդ շրջանի երիտասարդների կողմից յարգուած տղերքից մէկն էր։
- Բարե՛ւ, տղե՛րք, - ողջունեցի նրանց։ - Չգիտե՞ք, թէ որտեղ են Արիսն ու Սմբատը։
Ես հարցրի տեղական հեղինակութիւնների մասին։ Նրանք, շրջապատում յարգուած լինելուն զուգահեռ, մեր գաղափարների հետեւորդներից էին դեռեւս վաթսունական թուերից։ Մեր ընդյատակեայ գործունեութեան սկզբնական փուլում մեզնից տարիքով մի քանի տարի մեծ Յովսէփ Բաղրամեան անունով մի ընկեր ունէինք։ Հիմա նա ամուսնացած է Հայաստանի հետ եւ ապրում է Կալիֆոռնիայի Մոնթէբելօ քաղաքում։ Այդ նա էր մեզ ծանօթացրել Արիսի ու Սմբատի հետ։
Ընկերոջս զարմիկը ինձ լաւ էր ճանաչում։
- Այսօր ես նրանց չեմ տեսել, - պատասխանեց նա։ - Ես կարող եմ զանգահարել նրանց կամ պէ՞տք է նրանց որեւէ բան փոխանցել։
Նրան մի կողմ կանչեցի եւ խնդրեցի գտնել Արիսին կամ Սմբատին եւ կանչել «Թոխմախ գեօլ» կոչուող լճակի փրկարարական կէտ.
- Քեռուդ մօտ։ Էնպէս արա՝ աղմուկ չլինի, չեմ ուզում, որ ուրիշները տեղեակ լինեն Արիսենց փնտրելուս մասին. հասկանո՞ւմ ես։
- Եղաւ։ Հիմա կկազմակերպեմ։
Ես վերադարձայ տաքսի եւ ասացի վարորդին.
- Միտքս փոխեցի, Նուբարաշէն չեմ գնում։ Գնում եմ հօրեղբօրս տուն. դա էստեղ մօտակայքում է։
Այն ժամանակ Դմիտրով կոչուող փողոցով մենք գնացինք մինչեւ ջրանցքի մօտի շէնքը։ Վարդգէս հօրեղբօրս ընտանիքը ապրում էր այդ հինգյարկանի շէնքի բնակարաններից մէկում։ Եթէ վարորդը ՊԱԿ-ի գործակալ էր, նա կզեկուցէր, որ ես գնացել եմ հօրեղբօրս տուն։ Ձեւացրի, թէ մտնում եմ շէնք։ Երբ ետ նայեցի, տեսայ՝ տաքսին արագ հեռանում է։ Նախազգացումս ինձ յուշում էր, որ ես վարորդին չէի հետաքրքրում։ Քայլերս ուղղեցի դէպի փրկարարական կէտ, որտեղ պէտք է հանդիպէի ընկերներիս։ Մի պահ մտածեցի զանգահարել ԱՄԿ անմիջականօրէն ինձ հետ աշխատող Յարութիւն Մսրեանին, Գագիկ Մարգարեանին ու Պօղոս Մաջարեանին։ Նրանք, մանաւանդ Յարութիւն Մսրեանը, ամենավստահելի ԱՄԿ-ականներից էին, կարելի է ասել իմ ոսկէ պահեստազօրը։ Ապրում էին հնագոյն Երեւանի՝ երկու հազար ութ հարիւր տարուայ պատմութիւն ունեցող Էրեբունի ամրոցի մերձակայ Էրեբունի թաղամասում։ «Կարող են նրանց հեռախօսները լսել, - զգուշացայ, - չարժէ վտանգել մեր պահուստային ուժերը։ Վատթարագոյն դէպքում կարելի է քայլելով կէս ժամից հասնել։ Միւս կողմից, յատուկ ասելու բան չկայ։ Նրանք գիտեն, թէ իմ կալանքի դէպքում, ում հետ պէտք է աշխատեն»։ Այդ ես չգիտէի, որ ամէն բան իմ նախատեսած ձեւով չի զարգանալու։ Յարութիւնի վերաբերեալ ՊԱԿ-ը հաւանաբար որոշ տեղեկութիւններ կարողացել էր քաղել, սակայն նախընտրել էր տնտեսական գործունէութեան մեղադրանքով նրա նկատմամբ գործ յարուցել։ Նա ռուսաստանեան կալանավայրերում անց կացրեց 5 տարի, իսկ այժմ ապրում է Կալիֆոռնիայի Սաքրամենտօ քաղաքում։ Գագիկը բնակւում է Հոլիվուդում, իսկ Պօղոսը՝ Ուկրաինայում։ Նրանք, որ պայքարել էին Հայաստանի անկախութեան համար Հայաստանի ձեւական անկախանալուց յետոյ ապրում էին դրսում եւ երազում մի օր Հայաստան վերադառնալու մասին, բայց ինչո՞ւ երազ դարձնել այն, ինչ ընդամէնը կատարելիք քայլ է։
Փրկարարական կայանին մօտեցայ աննկատ, լճակի արեւելեան կողմի արահետով։ Արիսն ու Սմբատն այնտեղ չէին։ Միայն Աղասին ու մէկ այլ հին ընկեր՝ Լեւոնն էին այնտեղ։ Լեւոնը յայտնի էր Դաբաղ Լեով մականունով։ Ընկերներս ակնյայտօրէն անհանգստացած էին։
- Զարմիկս զանգեց ու ասաց, որ եթէ որեւէ մէկը հարցնի, հիմա հասկացայ, որ քեզ նկատի ունէր, ասեմ, որ Արիսն ու Սմբատը Երեւանից դուրս են եկել եւ դեռ չեն վերադարձել։ Նա ասաց, որ ինքը մի տաս րոպէից կլինի այստեղ, - ասաց Աղասին։
- Ի՞նչ է եղել, - անհանգստացած խօսեց Լեւոնը։
- Երեւում է, սրանք ուզում են ինձ նորից կալանաւորել։
- «ԿաԳէԲէ՞ն»։
- Չէ՛, միլիցիան, բայց, իհարկէ, ԿաԳէԲէ-ի պատուէրով։
- Միլիցիան քո դէմ ի՞նչ ունի։
- Վարչական հսկողութեան կանոնների խախտում։
- Քեզ փախնե՞լ է պէտք, - օգնութիւն ցոյց տալու պատրաստակամութեամբ հարցրին ընկերներս։
- Չէ՜, - պատասխանեցի այլ աշխարհի, սակայն ինձ աջակցելու պատրաստ իմ ընկերներին։ Տարիներ յետոյ ինձ համար պարզ դարձաւ, թէ մինչ այդ իրենցից ստացած կենցաղայինտղայական դասերը որքան օգտակար պիտի լինէին, մանաւանդ քրէական կալանաւորական աշխարհի հետ առնչուելիս։
- Առաւելագոյն ժամկէտը, որին կարող են ինձ դատապարտել, երկու տարի է։ Երկու տարուայ համար իմաստ չունի, - իսկապէս օրէնքը նախատեսում էր մինչեւ երկու տարուայ կալանք։
- Ի՞նչ կարանք անենք, քեզ օգնելու համար, - հարցրեց Աղասին։
- Յատուկ ոչինչ։ Ինչ որ պիտի լինի, կլինի։
- Ուրեմն ըտենց ստից բանի համար գնալու ես նստե՞ս, - շարունակեց Լեւոնը։
- Ստից բանի համար չի, իրենց վախի համար է։ Էս էլ իմ ճակատին գրածն է։ Ազատութիւնը հեշտ ու հանգիստ չի տրւում։
Յաղթամարմին, ինձնից մէկ ու կէս գլուխ բարձր, մշտապէս ինքնավստահ ու ինքնագոհ Լեւոնի դէմքը խորը զարմանք արտայայտող, ակնյայտօրէն մոլորուած, տեղը չգտնող մարդու դէմք էր դարձել։ Մի գլանակ դրեց բերանը եւ շարունակելով զրուցել ինձ հետ՝ ձեռքը ետ տարաւ։ Չհասկացայ, թէ ինչ է անում, եւ լսեցի բառի իսկական իմաստով, մի մռնչոց՝ իա ՜հ...
Լճի եւ մերձակայ անտառակի տարածքով սփռուեց այդ բարկացկոտ ու թերեւս, յուսահատական կանչը։ Տարբեր կողմերից մի քանի մինչ այդ աներեւոյթ երիտասարդներ վազելով մօտեցան ու ներողութիւն խնդրելով լուցկի մատուցեցին նրան։ Լուցկին վերցնելով եւ ծխախոտը կպցնելով՝ նա, ասես ինքը չէր մռնչացողը, հարցրեց.
- Մեր՝ Օրջոնիկիձէի դատախազը կարա՞յ մի բան անի։
Ես հասկացայ, թէ ինքն ինչ նկատի ունէր։ Նրա հայրը՝ Համիկ ձաձան ( նրան այդպէս էին դիմում որդու ընկերները) մեծ կապեր ունէր։ Լեւոնի հայրը այն ժամանակուայ Երեւանի ամենամեծ խորովածանոցներից մէկի՝ Թոխմախ գեօլից Արէշ գնացող ճանապարհի անկիւնի ապակեպատ ռեստորանի տնօրէնն էր։
- Լեո՛վ, ով էս տեսակ գործերի միջամտի, ինքն էլ կտուժի։ Ինձ հիմա մի աւտօ է պէտք, որ ես վստահ լինեմ, որ հետեւող չկայ։
- Համարի էղած։
Աղասին ու Լեւոնը զանգահարեցին ինչոր մէկին ու ինձ ասացին, որ հինգ րոպէից մի ինքնաշարժ կլինի Թոխմախ գեօլ ջրամբարի ճանապարհամերձ ամբարտակի մօտ։ Մեքենան խոստացուած ժամին տեղում էր։
- Անփորձանք, - հրաժեշտ տուեցին ընկերներս՝ այդ խօսքով հաւանաբար արտայայտելով իրենց արդարացուած տագնապները։ Ես այլեւս երբեք չտեսայ նրանց։ Գիտեմ, որ Երեւանում են, եւ առիթներ էլ եղել են. իմացել եմ, որ միասին մասնակցել ենք յուղարկաւորութեան, բայց լռել են, երեւի չպատկերացնելով, թէ ես ինչպիսի ջերմութեամբ եմ յիշում իրենց։ Արիսի ու ընկերոջս զարմիկի հետ ժամանակ առ ժամանակ հանդիպում ենք։ Սմբատի հետ միայն հեռախօսով եմ խօսել։ Նրանից իմացայ, որ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից 1995 թուականին ահաբեկչութեան ենթարկուած ընկերոջս՝ Գիա Ճանտուրիայի յուղարկաւորութիւնից վերադառնալիս խափանուած մեր մեքենան տեղափոխելու եւ Երեւան հասնելու հարցում մեզ օգնած մարդկանցից մէկն էլ ինքն է եղել։ Ի դէպ, Վրաստանում երկու մտերմագոյն ընկերներ ունէի՝ հին սերնդի քաղկալանաւոր Մերաբ Կոստաւան եւ Գիա Ճանտուրիան։ Մերաբը կասկածելի աւտօվթարի զոհ դարձաւ, իսկ Վրաստանի քրիստոնէադեմոկրատների առաջնորդ, պառլամենտական խմբակցութեան ղեկավար Գիան լկտիաբար գնդակարհարուեց իր տան դիմաց։ Նրա կինը՝ իմ ղեկավարած միջազգային ներդաշնակիչ կենտրոնի «Դեմոկրատիա եւ անկախութիւն» կազմակերպութեան անդամ, իմ եւ Սուսաննայի լաւ ընկերուհին՝ Իրինա Սարիշվիլին, այդ ահաբեկչութեան ժամանակ իր մարմնով ծածկել էր ամուսնուն, ծանր վիրաւորուել էր, սակայն հրաշքով կենդանի էր մնացել։

ԳԼՈՒԽ ԺԲ
«Դէպի քեզ՝ անցեալի բեռն ուսերիս»

Բութանիացի ընկերներիս տրամադրած ինքնաշարժով տաս րոպէից մենք Սեւան հիւրանոցի մօտ էինք։ Ճանապարհին ես խորհում էի դէպքերի հետագայ հնարաւոր ընթացքի մասին։ «Կրկի՞ն կալանք»։ Սիրտս կծկուեց յիշողութիւնների ծանրութիւնից։ Չորս տարի առաջ, երբ ես առաջին անգամ էի կալանաւորւում, չէի անհանգստանում, որովհետեւ գաղափար չունէի, թէ ուր եմ գնում։ Բայց այժմ ես յանկարծակի արձանագրեցի, որ սարսափում եմ այն մտքից, որ կարող է կրկին յայտնուեմ այնտեղ։ Ողջ ճանապարհին ասես լեզուս չորացած լինէր անհանգստութիւնից, եւ ես ոչ մի խօսք չփոխանակեցի երիտասարդ վարորդի հետ։ Յիշեցի իմ առաջին ազատազրկման վերջին ամիսը, աւելի ճիշտ՝ քսան օրը։ Ինձ ասացին, որ ճամբարում թոյլ տուած կարգապահական խախտման համար տասնհինգ օրով ուղարկւում եմ պատժախուց՝ կարցեր։ Մորդովիայի Բարաշեւօ գիւղում տեղակայուած մեր թիւ 3/5 ճամբարը շատ փոքր էր՝ մինչ այդ եղած քաղաքական ճամբարներից ամենափոքրը եւ չունէր իր պատժախուցը։ Այդ պատճառով ինձ պէտք է պատիժը կրելու համար տեղափոխէին Լեսնոյ գիւղում տեղակայուած 19-րդ քաղաքական ճամբար։ Լեսնոյը Բարաշեւոյից մօտ 20կմ հեռու էր։ Ինձ կալանավայրից դուրս տարան չորս աւտոմատաւոր զինուորների ուղեկցութեամբ։ Գնում էինք դէպի երկաթուղային կայարան, սակայն այնտեղ սովորականի նման կանգնել սպասելու փոխարէն ինձ տարան կալանաւորների համար նախատեսուած հոգեբուժական կալանավայրի դարպասների ուղղութեամբ։ Երկու հսկիչներ միացան այս խմբին։ Երբ հասանք դարպասներին, ես հարցրի.
- Ինձ ո՞ւր էք տանում։
- Ուր որ պէտք է, - կոպիտ պատասխանեց հսկիչներից մէկը։
Մէջքիս հազարաւոր մրջիւնների շարժ զգացի, բայց փորձեցի ցոյց չտալ, թէ ինչ է կատարւում իմ ներսում։ Այնուամենայնիւ պիտի խոստովանեմ, որ դա իմ կեանքի ամենածանր պահերից մէկն էր. «Իմ ազատուելուց մի քանի օր առաջ ինձ տանում են հոգեբուժարան։ Սա վերջն է, - մտածում էի ես։ - Ի՞նչ կարող եմ անել»։
Ինձ առաջնորդեցին ներս՝ մի մեկուսացուած սենեակ։ Զինուորները մնացին դրսում։ Մի խումբ՝ 7-8 հսկիչներ մտան։ Ես հարցրի.
- Ի՞նչ է կատարւում։
- Ձա՛յնդ կտրիր ու լո՛ւռ կանգնիր, - հնչեց աւագ հսկիչի հրամանը։
Մի կալանաւոր վարսաւիրի կանչեցին եւ նրան հրամայեցին խուզել մազերս։ Համաձայն գործող ներքին կարգապահական կանոնների՝ ազատուելուց երեք ամիս առաջ կալանաւորը կարող է պահել մազերը։ Ես յիշեցրի դրա մասին։
- Դո՞ւ պիտի մեզ ասես, թէ ինչ անենք։ Մենք գիտենք դրա մասին, բայց դու քեզ ո՞ւմ տեղն ես դրել։ Եւ ինչո՞ւ ես կարծում, թէ ազատուելու ես։ Դու դիմադրո՞ւմ ես մեզ։ Ձեռնակապեր հագցրէք դրա ձեռքերին, - ասաց հսկիչների ղեկավարը։
Ես մի փոքր խաղաղուեցի՝ պարզելով, որ ինձ տարել են հոգեբուժարան սադրանքի համար, այլ ոչ որպէս հիւանդ։ Բարեբախտաբար, մնացեալ հսկիչները պատրաստուած չէին սադրիչ գործողութիւնների համար։ Բերիայի դատավարութիւնից յետոյ կոմունիստների մէջ մնացել էր բացայայտ ապօրինի հրամաններ տալու համար պատասխանատուութեան կանչուելու հնարաւորութեան ահը։ Եթէ ես իսկապէս դիմադրէի, այլ խօսք։ Սրանք, բնականաբար, գործի կանցնէին, կմշակէին ոսկորներս, եւ յետոյ 15 օր մեկուսացման պայմաններում տառապիր...
Ես պատասխանեցի հանգիստ եւ յստակ.
- Ո՛չ, ես չեմ դիմադրում։ Կանչէք պատասխանատու ղեկավարներից մէկն ու մէկին։
- Ես եմ վերադասը, - նա բղաւելով մօտեցաւ ինձ։ - Նստի՛ր աթոռին։
Ես լուռ նստեցի։ Կրկին հարցրեց.
- Դու ի՞նչ է, էլի դիմադրո՞ւմ ես։
- Ո՛չ, - պատասխանեցի ես հանգիստ ու ցածրայձայն։ - Ես հպատակւում եմ բռնութեանն ու կամայականութեանը։
Հսկիչը այդպիսի դրսեւորման արձագանքելու յանձնարարական, անկասկած, չէր ստացել եւ վարսաւիրին յանձնարարեց գործի անցնել։
Ես երկար մազեր ու մօրուք ունէի։ Մազերս կտրեցին, բայց մօրուքիս ձեռք չտուեցին։ Այդ է պատճառը, որ կալանքից վերադարձայ մեծ մօրուքով ու առանց մազերի։
Յետոյ ինձ տարան պատժախուց։ Այդ 15 օրերը ես գտնւում էի առանձնայատուկ խիստ ռեժիմի պայմաններում։ Երեւի առաջին անգամն էր, որ ես հաճոյքով, գրեթէ երջանիկ էի գնում տուգանային մեկուսարան։ Այդ հոգեվիճակը կարող է հասկանալ միայն նա, ով երբեւէ գտնուել է տագնապալի անորոշութեան ճիրաններում եւ նախընտրելի է համարել տառապալի որոշակիութիւնը։
Ես ուզում էի վերանալ այդ մտքերից, բայց դրանք իմ ներսում գլուխ էին բարձրացնում մէկը միւսի ետեւից ու անզօր էի կանխել։ Յիշեցի, թէ ինչպէս հինգ օր խաւար, խիստ փոքր, գրեթէ տեղաշարժուելու հնարաւորութիւն չընձեռող պատժախցում արգելափակուած էի հիւանդութեան վերջին փուլում գտնուող թոքախտաւոր կալանաւորի հետ։ Նա հազում էր եւ աջ ու ձախ թքում։ Նախազգուշացումիցս յետոյ մի քանի րոպէ վերջ տուեց, ապա դադարեց ինձ հետ խօսել եւ արդէն խորխախառը թուքը շաղ էր տալիս պատերին ու յատակին։ Ես այն ժամանակ ընդամէնը քսանմէկ տարեկան էի, շատ երիտասարդ՝ հասկանալու համար, թէ որքան վտանգաւոր իրավիճակում էի, բայց եւ այնքան երիտասարդ, որ պատրաստ էի չթաքցնել նողկանքս եւ բուռն հակադարձել։ Երբ նա հարթակին անշարժ պառկած, մէկ անգամ էլ ցուցադրաբար թքեց, ես, պառկած տեղիցս (ստիպուած էինք իրար կողքի պառկել) վեր կենալով, ցածր առաստաղի տակ տեղաւորուելու համար գլուխս թեքելով, կանգնեցի նրա գլխավերեւում՝ վճռականօրէն որոշելով դէմքին ոտքի հարուածներով պատասխանել իր հերթական թքոցին։ Նա կարծես հասկացաւ, թէ ինչ է սպասւում, եւ դադարեցրեց։ Ուրեմն կարող էր ու չէր անում։ Մի քանի շաբաթ անց, երբ ես նորից պատժախցում էի, նրան կրկին բերեցին մեկուսարանի իմ խուցը։ Ես կանգնեցի դռների միջեւ եւ ասացի.«Ես դրան ներս չեմ թողնի։ Խոզի հետ նոյն խցում չեմ նստի»։ Աւագ լէյտենանտ Լարինն ու երկու հսկիչներ ներս էին հրում նրան, իսկ ես կառչած դռան փեղկերից պահում էի եւ դուրս հրում։ Վոլոդեա անունով այդ կալանաւորը անակնկալի էր եկել, եւ ես տեսնում էի, որ հոգեկան տառապանքի մէջ է։ Կալանաւորական կեանքում ամենաահաւոր բաներից մէկն է խցից վտարուած լինելը։ Իրականում նա ինքն էլ բացասական անձ չէր. այդ հիւանդութիւնն ստացել էր Վլադիմիրի բանտում. Ի վերջոյ նրան իմ խուց չմտցրին։ Հաւանաբար Լարինը, վախեցած հետեւանքներից, բայց ինձ վարչակազմին չենթարկուելու համար դատապարտեցին լրացուցիչ 15 օր պատժախցի։ Իսկ դժբախտ Վոլոդեան հետագայում հիւանդանոցում կնքեց իր մահկանացուն։

Վարորդը հարցրեց.
- Ես քեզ այստեղ սպասե՞մ։
Ես ծանր երազից իրականութիւն վերադարձայ եւ դանդաղ, մտքում պատկերացնելով մեր հանդիպումը, չմոռանալով, որ տանն էլ ծնողներս ու քոյրերս անհանգիստ սպասում են, պատասխանեցի.
- Ես մէկ ժամից շուտ չեմ վերադառնայ։ Ի՞նչն է քեզ աւելի յարմար. - եւ պատասխանի չսպասելով՝ աւելացրի, - ես մի ժամից այստեղ կլինեմ։
- Եղաւ։ Ես էլ մի ժամից կվերադառնամ։
Այն թուերին փոխադրամիջոցների հարցը շատ լուրջ էր։ Երեկոյեան ժամը իննից յետոյ կարող էիր փողոցում մնալ։ Ոստիկանութիւնից դուրս գալիս չգիտէի, թէ ինչպէս եմ տուն հասնելու։ Այդ պատճառով զանգահարեցի տուն եւ հայրիկիս ասացի, որ ուշանալուս դէպքում չանհանգստանան։ Կարեւորը տուն վերադառնալուս լուրն իրենց յայտնելն էր։
Մինչեւ քո տունն ընկած հարիւր մետր ճանապարհն անցնելիս ես ժամանակ առ ժամանակ ետ էի նայում, ինչպէս այստեղ գալու ընթացքում ինքնաշարժի մէջ։ Ուզում էի վստահ լինել, որ ոչ ոք չի հետեւում։ Ոչ ոք չկար. թիկունքս մաքուր էր։ Ձմեռային ցուրտ գիշեր էր դատարկ փողոցներում։ Շատ հեշտ էր նկատել, որ ինձ ոչ ոք չի հետեւում։ Ես մօտեցայ քո լուսամուտներին եւ լուռ նայեցի վեր՝ փորձելով նրանց միջով ինչ-որ բան նշմարել։ Լոյսերն անջատուած էին։ Կարելի էր ենթադրել, որ դուք քնած էք։ Ես մտածում էի, թէ ինչպէս եմ բացատրելու այս կէսգիշերային այցելութիւնս։ Քեզ պէտք էր նախազգուշացնել, հոգեբանօրէն նախապատրաստել ՊԱԿ-ի հետ հնարաւոր հանդիպմանը, ասել, որ եթէ այդպիսի բան լինի, ապա չվախենաս (այդ օրը մեր բաժանումից յետոյ հետեւողների առկայութիւնը դա անխուսափելի էր դարձնում)։ Իմ փորձից գիտէի, թէ որքան կարեւոր է նախապատրաստուած լինելը։ Միւս կողմից գիտէի, որ միեւնոյն է, քեզ ոչինչ չէր սպառնում։ Դու պիտի ասէիր, ինչ գիտէիր։ Իսկ դա միանգամից քեզ պիտի ՊԱԿ-ի համար անհետաքրքիր անձ դարձնէր։ Ինձ համար թերեւս ամենատհաճն այն էր, որ դու, իմ մասին, մեր պայքարի մասին ՊԱԿ-ի միջոցով առաջին տեղեկատուութիւնն ստանալով, կարող էիր սխալ պատկերացում կազմել։ Չէ՞ որ նրանք՝ սատանայի այդ դաշնակիցները, այդորակ գործերի մասնագէտներ էին։
Ինձ քեզ մօտ էր բերում դէպի կեանքը տանող մի անորոշ ենթագիտակցական զգացում։ Քիչ առաջ ես խաւարի ու մահուան մթնոլորտի մերձաւորութեան պայմաններում քեզ մօտ լինելու անբացատրելի ձգտումը նմանեցնում եմ տասնութ տարեկանում զգացածիս։ «Տառապանքս փորձ ունէր»։ 1967 թուականին, երբ 18 տարիս էր լրացել, ինձ անսպասելիօրէն տարան Պետական անվտանգութեան կոմիտէ կոչուած ԿաԳէԲէ... Հարցաքննում էին ԱՄԿ գործով։ Գնդապետ Սայեադեանը արդէն հասել էր հոգեբանական յաղթանակի. ինձ համոզել էր, որ իրենք ամէն ինչ գիտեն ԱՄԿ-ի մասին եւ ինձնից իրենց իմացածը ուզում են լսել միայն իմ այսուհետեւ ճիշտ ապրելու տրամադրուածութեան մէջ համոզուելու եւ ինձ չկալանաւորելու համար։ «Դու անհանգստանում ես, որ քեզ մատնի՞չ կասեն։ Բայց քեզ են մատնել. չմատնէին, քեզ ինչպէ՞ս կիմանայինք ու կբերէինք այստեղ», - ասում էր չէկայի հին գայլաղուէսը։ Ահաւորն այն էր, որ ծնողներս էլ էին ինձ համոզում ամէն ինչ պատմել. «Տեսնում ես, քեզ մատնել են, ՊԱԿ-ն ամէն ինչ գիտի...»։ Ես զգում էի, որ այլեւս չեմ դիմանում, ու հնարաւոր է, որ սկսեմ խօսել։ Ու յիշեցի երեւանեան` «Ով «բ»-ութիւն արել է՝ արել է. ես «բ» չեմ դառնայ» կարգախօսը, որ հետագայում «Փորձառութիւն առանց փորձի» (Խորհուրդներ ընդյատակեայ կազմակերպութիւններին) ուսումնասիրութեան մէջ ձեւակերպեցի այսպէս. «Մատնիչը նա չէ, ով առաջինն է ցուցմունք տալիս ՊԱԿ-ին, այլ նա, ով ընդհանրապէս ցուցմունք է տալիս»։ 18-ամեայ հասակում փրկութիւն թուաց ինքնասպանութիւնը. որոշեցի, որ երրորդ յարկի լուսամուտից դուրս եմ նետուելու եւ գլխիվայր ընկնելու ներքեւ։ Այդ պահն աւարտած համարելով, արդէն պատկերացնում էի հարազատներիս վիշտը։ Հանգիստ էի ընկալում նրանց ողբը, բայց երբ մի պահ այն ժամանակ սիրածս աղջկան պատկերացրի լալիս, նրա արցունքները, նրան վիշտ պատճառելը ամենաանթոյլատրելի արարքները թուացին։ Ես ասես վերալիցքաւորուած, վերափոխուած հզօր ու աներեր վերադարձայ ռազմաճակատ, ու սայեադեաններն այլեւս չնչին արարածներ էին։ Իմ սէրը, իմ առաջին ամենամեծ սէրը այդպէս էլ չիմացաւ, որ իր սիրով, աւելի ճիշտ՝ իր սիրոյ մեծութեան մասին իմ պատկերացումով, փրկել է կեանքս։

Ես կանգնած նայում էի քո պատուհաններին։ Չգիտէի՝ ինչ անել։ Եթէ գոնէ մի մոմի լոյս լինէր ներսում, ես կսուլէի մեր մեղեդին։ Գիտէի, որ դու այդտեղ ես, ինձնից մի քանի մետր այն կողմ, ու հանգստութիւն էր համակում հոգուս։ Շուրջ մի ժամ ժամանակ ունէի եւ արդէն ըմբոշխնում էի այդ մէկ ժամը քո մերձաւորութեամբ, քո լուսամուտի տակ անցկացնելու բերկրանքը։ Ինչ-որ նոր ու անծանօթ հաճոյքի էի հաղորդակցւում։ Ակամայ պատկերացնելով յաջորդ օրը՝ բացայայտեցի, որ վաղը ինձ վտանգաւոր ոչինչ չի սպասում։ «Դատ կլինի, բայց օրէնքով երկրորդ խախտման՝ Մոսկուա կատարած ուղեւորութեան համար, ինձ միայն տուգանք է հասնում։ Միայն յաջորդ դատավարութեան դէպքում կարող է քրէական պատասխանատուութիւն, այսինքն՝ կալանք լինել։ Դատավարութիւնը մինչեւ երեկոյ կաւարտուի, եւ ես յետոյ կգամ քեզ մօտ խոստովանութեան ու կազատուեմ խիղճս տանջող ծանր բեռից։ Կամ ես կդառնամ քո կշտամբանքի առարկան, կամ դու կներես ինձ այս փոքրիկ սուտը, եւ մենք իսկական ընկերներ կդառնանք»։ Դա իրատեսութիւն չէր։ Քո կենսատրամադրող դաշտն էր տիրել ինձ, ու սկսում էի համակուել լաւատեսութեամբ։ Այդ մի քանի րոպէների ընթացքում իմ հոգին վերափոխուել էր. լցուել վերելքի ու բերկրանքի շնչով։ Դեռեւս տասը րոպէ առաջ ինձ կեղեքող տագնապների հետքն իսկ չէր մնացել։


ԳԼՈՒԽ ԺԳ
«Այդ դո՜ւ ես, դու եկե՜լ ես»

Ինձ թուաց, թէ լուսամուտիդ աղօտ երեւացող վարագոյրը շարժուեց։ Աչքերիս չհաւատացի, երբ ապակու ետեւում որպէս ուրուապատկեր նշմարուեց դէմքդ։ Ինձ թուաց, թէ ես երազում եմ եւ նոյնիսկ վախ ապրեցի։ Յետոյ դու դէմքդ մօտեցրիր լուսամուտին եւ երեւի տեսնելով, որ ես եմ, նետուեցիր դուրս։ Ճերմակ գիշերազգեսով ու հողաթափերով դու վազեցիր ինձ մօտ եւ մեղմաձայն բացականչեցիր.
- Այդ դո՜ւ ես, դու եկե՜լ ես։
Դու այնպէս նետուեցիր իմ գիրկը, այնպէս փարուեցիր, ինչպէս երբեք չէիր փարուել ինձ։ Եւ համբուրում էիր եւ գգւում քնքշանքով եւ այնպէս սեղմում քեզ, ասես տարիներ իրար չէինք տեսել։ Ցերեկուայ սառն ու անհաղորդ Լուսինէից ոչինչ չկար քեզանում։ Ես չէի հասցնում խօսել։ Դու համբոյրների միջեւ ընկած երկվայրկեաններն օգտագործում էիր ուղղակի եւ հռետորական նոր հարցեր տեղալու համար։
- Գիտե՞ս՝ ինչ ահաւոր երազ տեսայ քո մասին։ Այնպէս էի անհանգստանում։ Ի՞նչ է պատահել, ինչո՞ւ ես եկել։ Չէ՜, լաւ է, որ եկել ես, թէ չէ մինչեւ վաղը ես կխենթանայի։ Վաղո՞ւց ես այստեղ, սուլե՞լ ես։
Արցունքներդ թրջում էին դէմքս։
- Մի՛ արա, ես այստեղ եմ, Լուսինէ, ես այստեղ եմ, Լո՛ւս ջան, ամէն ինչ լաւ է, - մի կերպ կարողանում էի տեղաւորուել ինձ տրամադրածդ ժամանակային միջանցքներում։
Դու յուզմունքից եւ թերեւս նաեւ ցրտից դողում էիր։ Արագ հանեցի վերարկուս. գցեցի ուսերիդ։
 Կմրսես, շշնջացի ականջիդ։
 Դու կմրսես, մի՛ հանիր, - անհանգստացար քո հերթին եւ յետոյ յայտնագործութիւն արած մարդու պէս ասացիր, - գնանք, գնանք ներս։
Ես միայն մի պահ վարանեցի։ Յետոյ հետեւեցի քեզ ու յայտնուեցի ձեր գողտրիկ բնակարանում։
- Լոյսը չվառենք, լա՞ւ, - ասացիր դու։
- Ինչպէս կամենաս, - այնպիսի զգացողութիւն ունէի, ասես մի երազից մէկ այլ երազ էի փոխադրուել։
Չեմ կարող ասել, թէ որքան տեւեց մեր ինքնամոռացումը, բայց այն ուղեկցեց ինձ ամիսներ, տարիներ, տասնամեակներ... Ես մոռացայ, որ քեզ լուրջ բան ունէի ասելու։ Դու ամէն կերպ օգնում էիր հասկանալու, որ դրանք քեզ, մեզ պէտք չեն։
- Ո՞վ կայ տանը, - հարցրի ես առաջին սթափեցումից յետոյ։
- Ոչ ոք, քուրիկս ասել է, որ կուշանայ։ Ընկերուհու տանն է։
Մենք, իրար փաթաթուած, կանգնած էինք ձեր բնակարանում՝ դռան մօտ եւ ասես վախենալով իրար կորցնել՝ քարացել էինք տեղում։ Վերարկուս սահելով ընկաւ քո ուսերից։ Զգալով, թէ ինչպէս ես մրսում, քեզ առաջարկեցի անկողին մտնել։
- Իսկ ես կնստեմ քեզ մօտ, - տագնապ չառաջացնելու համար աւելացրի շտապ։
Դու քեզ հետ բացարձակապէս կապ չունեցող հարիւրամեայ կնոջ փորձառութեամբ ծիծաղեցիր եւ մայրական գուրգուրանքով ասացիր.
- Ի՞նչ խելօք տղայ ես, - ու անմիջապէս գորովալի հեգնեցիր, - կնստես կողքիս։
Յատակից բարձրացնում էիր վերարկուս։ Ես շտապեցի օգնել։ Դու ձեռքս բռնած կիսախաւարում քայլելով ինձ ու քեզ տարար քո մահճակալի մօտ։ Նստեցիր անկողնուդ եւ առանց ձեռքս բաց թողնելու ուսերիդ գցեցիր ծածկոցը։
- Ինչ լաւ արեցիր, որ եկար, - դու արդէն հանգիստ էիր։ - Այսօր ես քեզ շա՞տ վշտացրի։
- Չէ, դու ճիշտ էիր։
- Գիտե՞ս, չէի հասկանում, թէ ինձ հետ ինչ էր կատարւում, բայց հիմա գիտեմ։ Գիտեմ։
Մի պահ լռեցիր, մինչդեռ ես սպասում էի, ակնկալում, որ կասես։ Այդ ասելիքդ պիտի ինձ համար ինդուլգենցիայի՝ փրկութեան գրաւական լինէր։ Սակայն դու այլ բաներից խօսեցիր.
- Վախենում էի՝ հաւատայիր ինձ ու այլեւս չգայիր։ Ես քո գնալուց յետոյ հասկացայ, որ կխելագարուեմ առանց քեզ։ Ես չգիտեմ, ես կարծում էի, թէ սէր կոչուածը ինձ չի վերաբերում ու չի վերաբերի, բայց հիմա, - դու կրկին մի պահ կանգ առար, թւում էր, մտքերդ ճիշտ արտայայտելու համապատասխան բառեր գտնելու համար եւ շարունակեցիր, - գիշեր-ցերեկ քեզ հետ եմ, նոյնիսկ երազում։ Քիչ առաջ զարթնեցի մի վախենալու երազից։ Երկուսով ինչ-որ այրուող դաշտում էինք։ Կրակը երեք կողմից մօտենում էր։ Դու ինձ ետ ուղարկելով մի փայտ վերցրիր եւ սկսեցիր դրանով կանգնեցնել կրակի առաջխաղացումը։ Մի տեղ հանգցնում էիր, միւս տեղից կրակը շարունակում էր առաջ գալ։ Գնում էիր այլ տեղ, քո հանգցրածը նորից էր կպչում։ «Մարդ չկա՞յ էստեղ, - գոռացիր բարձրաձայն, - ձա՛յն տուր մարդկանց»։ Բայց մօտակայքում ոչ ոք չկար։ Ետեւում կրակի երկու ճիւղեր մօտենում էին իրար ու պատրաստւում օղակել մեզ։ Դու, նայելով այդ ուղղութեամբ, գոռացիր. «Արագ ե՛տ վազիր»։ «Գնանք միասին», - խնդրեցի ես։ «Գնա՛, մի՛ խանգարիր», - կոպտելու աստիճան հրամայական խօսեցիր դու եւ աւելացրիր. - «Իմ մասին մի՛ մտածիր, կրակի միջով էլ լինի, կանցնեմ, կգամ»։ Մխրճուեցիր ծխի ամպի մէջ։ Ես արդէն խեղդւում էի ու վազելով հեռացայ։ Կրակի օղակից դուրս գալով՝ սպասեցի քեզ։ Դու չկայիր։ Ես, այրուող ծառերի ու մացառների եզրով վազելով գոռում էի. «Վարուժա՜ն, Վարուժա՜ն»։ Մի քանի անգամ փորձեցի առաջ վազել, բայց անմիջապէս էլ ետ մղուեցի. օդ չկար, շնչահեղձ էի լինում։ Յոգնած ու յուսահատուած ընկայ ծնկներիս ու արդէն չէի կանչում, այլ հեկեկում էի՝ Վարուժա՜ն, Վարուժա՜ն։ Մէկ էլ դու կիսաայրուած հագուստներով, մրոտուած դուրս եկար ծխից ու ծիծաղելով ասացիր. «Այստեղ եմ, ի՞նչ ես իրար անցել»։ Զարթնեցի, պարզւում է, իրականում էլ լաց էի եղել։ Այնքան կենդանի երազ էր։ Յիշեցի խօսքերդ. «Այստեղ եմ» ու վազեցի լուսամուտի մօտ։ Պատկերացնո՞ւմ ես զարմանքս. դու իսկապէս այստեղ ես։ Ինձ թուաց, եթէ մի վայրկեան էլ ուշանամ, կանյայտանաս։ Դրա համար անմիջապէս դուրս նետուեցի։

Լուսինէ՛, մի զարմացիր, որ հիմա այսպէս մանրամասն, գրեթէ բառացի յիշում եմ քո երազը։ Շատ տարիներ անց մի իրավիճակում յայտնուեցի, որ ոչ միայն ծանօթ, այլեւ ապրուած թուաց, այն տարբերութեամբ, որ դու չկայիր, եւ ես էլ մենակ չէի։ Լաչինում էինք՝ ներկայիս Քաշաթաղի շրջան։ Չորս կողմից կրակների մէջ էր յայտնուել մեր հիմնադրած գիւղերից մէկը՝ ԱԻՄԱՒԱՆ 9-ը (Աիմաւան եւ թուահամարը. այդպէս էինք կոչում մեր հիմնած, հիմնականում փախստականներով բնակեցրած բնակավայրերը)։ Կամ պիտի հեռանայինք՝ համարելով, որ վառուողն ընդամէնը թուրքի գիւղ է, ինչպէս ընդունուած էր ասել այդ տարիներին, կամ էլ փորձէինք փրկել։ Այդտեղ էր, որ յանկարծ նկատեցի հետեւից նահանջի ճանապարհը փակող կրակը ու յիշեցի քո երազը։
Վազելով մի խումբ տղաների հետ օգնութեան հասան պատասխանատուները՝ Լեւոն Ստեփանեանը (հիմա ընտանիքով Ամերիկայում է) եւ Պօղոս Աբրահամեանը (հիմա նա Հայաստանի զինուած ուժերի հակատանկային գնդի հրամանատարն է)։ Ինձ մտացրիւ կանգնած տեսնելով, բացականչեցին. «Պարո՛ն Հայրիկեան, դուք գնացէք, մենք կհանգցնենք»։ Յետոյ Լեւոնը հարցրեց. «Էդ ի՞նչ էիք մտածում ծխի մէջ կանգնած»։ Բնական է, որ ոչ քո մասին, ոչ էլ քո երազի մասին պիտի պատմէի։ Ի դէպ, ազատագրուած տարածքներում շատ բան կարելի էր փրկել, եթէ պետական մօտեցում լինէր։ Իսկապէս կռուածների հետեւից արդէն ապահով գնացող եւ հետագայում իրենց կռուած տղայ լինելու մասին հէքիաթներ պատմող կամ առաւել բարձր գոռացող թալանավոզների սիրած մասնագիտութիւնն էր տներն այրելը։
1992 թուականին ՀՀ նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանն ինձ առաջարկեց դառնալ տարածաշրջանի գլխաւոր պատասխանատու՝ պարետ։ Մենք ընդդիմադիրներ էինք։ (Նրա պաշտօնաստանձնման (ինագուրացիայի) օրը ես եւ իմ կուսակցութիւնը սեւ դրօշներով էինք դիմաւորել)։ Այդուամենայնիւ համաձայնեցի, քանի որ այդ բնոյթի գործ ոչ պաշտօնապէս ես արդէն անում էի։ Պիտի խորհրդարանը հաստատէր։ Պատգամաւորների մի խումբ գտնում էր, որ Լեւոն Տէր-Պետրոսեանը ուզում է ինձ ասպարէզից հեռացնել, նոյնիսկ, իրենց խօսքերով թուրքի ձեռքով գլուխս ուտել, այդ պատճառով դէմ քուեարկեցին։ Ես մէկ առ մէկ իմ անվտանգութեամբ մտահոգ պատգամաւորներին եւ Հայաստանի Հանրապետութեան Գերագոյն խորհրդի յուլիսի 29-ի դռնփակ նիստում խորհրդարանին ներկայացրի իրավիճակը եւ երկու ամսով տարածաշրջանի պարետ հաստատուեցի։ Այդ երկու ամիսը ՀՀ առաջին նախագահի համաձայնութեամբ, ներքին կարգով դարձաւ անժամկէտ։ Պարետ նշանակուելուս առաջին շաբաթների հիմնական գործերից մէկը հրձիգ «ֆիդայիների» ձեռքը բռնելն էր։ Արդարանում էին. «Թուրքինն ա» խօսքերով։ «Այսինքն՝ արդէն յե՞տ ենք տալիս մարդասիրական միջանցքը»։ Պապանձւում էին՝ չէ՜։ «Եթէ նոյնիսկ ետ էք տալիս, - դիտաւորեալ շեշտում էի իրենց կողմից ետ տալու հարցը, - էսքան տարածք, հող, ջուր, անտառ, արօտավայր թողնում էք, մի քանի խրճիթ այրելո՞վ էք ելք գտնում։ Թէ՞ կռիւն էն խեղճ մարդկանց հետ է, ովքեր այս տներում ապրել են»։ Առաջին օրերին հրկիզումներով զբաղւում էին նաեւ զինուորականները։ Յիշում եմ, գնդապետ Ղամբարեանը ինքը զեկուցեց, որ իր հրամանով են այրել տները ու տեսնելով, մեղմ ասած, վրդովմունքս` ներողութիւն խնդրեց սխալ հրաման տալու համար։
Ռազմական գործողութիւններից շաբաթներ անց այդպիսի «հերոսական» մի հրկիզում էլ կատարեց այն ժամանակ իմ կողմից Սիւնիքի աշխարհազօրի հրամանատար նշանակուած, մեր կազմակերպութեան Վանաձորի մասնաճիւղի նախագահ, այժմ Հայաստանի բանակի գեներալ Արշալոյս Փայտեանի վարորդը՝ Ռուբիկը։ ԱԻՄԱՒԱՆ 2-ում էինք. յանկարծ տեսանք, որ տներից մէկը վառւում է։ Բոլորին հրամայեցի շտապել հանգցնել։ Հազիւ էինք մօտեցել վառուած տանը, երբ իսկական կրակի տակ ընկանք։ Անհամար փամփուշտների ճարճատիւններին յաջորդեցին պայթիւններ։ Առանց հրահանգի փռուեցինք գետնին։ Հազիւ կարողացանք առանց զոհեր տալու անվտանգ տեղ հեռանալ։ Պարզուեց, նկուղում մեծ քանակութեամբ զինամթերք էր պահեստաւորուած եղել...
Սիւնիքի աշխարհազօրը ստեղծեցի պարետ նշանակուելուց յետոյ։ Այն ընդհանուր թուով վեց հարիւրից աւելի կամաւորներ ունեցաւ՝ հիմնականում աիմականներ, բայց ո՛չ միայն։ Նրա խնդիրը պետական ռազմական միաւորների թիկունքում փախստականների բնակեցումն էր, սակայն պետական բանակի բացակայութեան պայմաններում (բացառութեամբ յատուկ գնդի), երբ առաջին գծից կամաւորները կամաւոր էլ հեռանում էին, մեր աշխարհազօրայինները ստիպուած էին լինում դիմակայել հակառակորդին, եւ տարբեր կռիւներում յիսունմէկ զոհ տուեցինք։ Դրանց թւում էին իմ լաւ ընկեր բանաստեղծուհի Ալվարդ Վարդանեանը, ով ինձ հետ եկել էր ԱԻՄԱՒԱՆ-1՝ տեղում դպրոց հիմնադրելու նպատակով, խոստումնալից երիտասարդ դերասանուհի Աղաւնի Տէր-Ստեփանեանը (նկարահանուել է «Փանջունի» շարժանկարում), որ պիտի առաջին բուժօգնութիւն ցոյց տար փախստականներին ու աշխարհազօրայիններին։
Աւելացնեմ, որ հետագայում 1994 թուականից փախստականներին այդ տարածքում բնակեցնելու մեր նախաձեռնութիւնը բացայայտ պետական հովանաւորութիւն ստացաւ։ Հիմնականում այդ է պատճառը, որ ադրբէջանցիները խօսում են փախստականների ճամբարների մասին, իսկ Հայաստանը հիմնականում ինքն է լուծումներ որոնում։ Տարածքի վարչակազմի պատասխանատու նշանակուեց նախկինում «Ղարաբաղ կոմիտէ»-ի անդամ Ալէքսան Յակոբեանը, եւ սկսուեց նաեւ Բերձոր քաղաքի վերականգնումը։ Սակայն բարոյաքաղաքական ու մարդասիրական ներկայութիւնս (իհարկէ, իմ կազմակերպութեան հետ) շարունակում եմ առայսօր, իսկ մարդկային կեանքեր փրկելու համար սեփական կեանքը զոհաբերած մեր զինակիցների` մեր քոյրերի ու եղբայրների յիշատակը յաւերժացնելու նպատակով ԱԻՄԱՒԱՆ-1-ում, որ հիմա Աղաւնօ է վերանուանուած, հազարամեայ խաչքարերի հարեւանութեամբ Սրբոց նահատակաց անունը կրող եկեղեցին է խոյանում։ Նրա օծումը, Տիրոջ կամքով կկատարուի 2002 թուականի մայիսին՝ ԱԻՄԱՒԱՆՆԵՐԻ հիմնադրման, այդ ազգային մեծ նախաձեռնութեան 10-ամեակի նախօրեակին։ ¥2003 թ. յուլիսի 28-ին տեղի է ունեցել եկեղեցու օծումը։ - Խմբ.¤
Ի դէպ, այդ ժամանակաշրջանի՝ 1992-1993 թուականների մասին։
1992-ը հայ ժողովրդի պատմութեան փորձութիւններով լի շրջան էր։ Մի կողմից Ստեփանակերտը ազատագրւում էր շրջափակումից, վերջ էր տրւում Շուշիից իրականացուող ռմբակոծումներին, եւ հայկական զինուած ուժերը վերականգնում էին ցամաքային կապը պատմական Հայաստանի Արցախ եւ Սիւնիք աշխարհների միջեւ, իսկ միւս կողմից ադրբէջանական ուժերը գրաւում եւ հայազրկում էին Շահումեանի շրջանը, Մարտակերտը։ Ուղղակի հրետանային կրակով ռմբակոծւում էին Գորիսը, Կապանը, բազմաթիւ այլ սահմանամերձ բնակավայրեր։ Տասնեակ հազարաւոր հայեր՝ դարձած գաղթականներ, Երեւանով անցնում էին Ռուսաստան եւ անյայտութիւններ։
Ռազմավարութիւն եւ մանաւանդ ազգային բանակ չունեցող, սակայն պետականութիւնը վերականգնած մեր ժողովուրդը ամենալուրջ պետական մօտեցում պահանջող խնդիրները լուծում էր հիմնականում մասնաւոր նախաձեռնութիւններով։ Մեր արդարամիտ քաղաքագէտներն ու պատմաբանները երեւի ինչոր ժամանակ անդրադառնան ՀՀՇ-ի կողմից ազգային բանակի ստեղծման գաղափարին հակադրուելու յանցաւոր դրսեւորմանը, բայց որպէս այդ գաղափարի նախաձեռնող կազմակերպութեան ներկայացուցիչ՝ ուզում եմ ներկայացնել իմ եզրակացութիւնը։ Այդ ժամանակներում Հայաստանում գործող կազմակերպութիւններն ու անհատներին կարելի է խմբաւորել նաեւ ազգային ¥ոչ ազգայնական¤ եւ քաղաքական բնութագրումներով։ Ազգային ուժերը որեւէ գաղափարի կամ նպատակի համար պայքարում էին առանց այդ նպատակի նուաճման դէպքում իրենց օգտին ակնկալիքների։ Ի տարբերութիւն նրանց` քաղաքական կամ այդպիսին համարուող ուժերը որեւէ նպատակի անդրադառնում էին միայն իշխանութեան հասնելու տեսանկիւնից։ Նոյնիսկ, եւ մանաւանդ, անկախութեան հանրաքուէից յետոյ Հայաստանի անկախութեան թշնամիները բացայայտ եւ ծպտեալ ամէն ինչ անում էին, որպէսզի հայ ժողովուրդը հոգեբանօրէն մնայ ստրկամիտ ու օտարահաճ։ Քննարկման առարկայ էին դարձել ժողովրդավարութիւնը (ժողովրդի կողմից ընտրուած նախագահ, համայնքապետեր, բազմակուսակցական խորհրդարան), սահմանադրութիւն եւ ազգային բանակ ունենալու կամ չունենալու հարցը։ Մանաւանդ ազգային՝ օրինաւոր եւ պետական բանակի գաղափարին հակադրուելը ակնյայտ էր դարձնում, որ Հայաստանում իշխանութեան էին եկել ազգայինին հակադրուող, օտարի սպասաւոր եւ լաւագոյն դէպքում ապազգային՝ քաղաքական իշխանութիւնը գերխնդիր համարող ուժեր։ Նրանք նախ ասպարէզ նետեցին «Մեր պաշտպանուածութիւնը մեր անպաշտպանուածութեան մէջ է» տխրահռչակ (աւելի ճիշտ կլինէր ասել՝ տխմարահռչակ) կարգախօսը, ապա դէմ քուէարկելով Գերագոյն խորհրդում ԱԻՄ առաջարկ-նախաձեռնութիւններին` պետականութեան առկայութեան պայմաններում հայ ժողովրդին թողեցին ճգնաժամային իրավիճակում թէեւ հերոսական, սակայն համազգային հարցեր լուծելու անկարող «ֆիդայութեան» յոյսին։ Չէ՞ որ մենք քսաներորդ դարի սկզբում գնացել էինք այդ` իրեն չարդարացրած ճանապարհով։ ՀՀՇ-ական իշխանութիւնները 1990-1991 թուականներին ազգային բանակի փոխարէն Վազգէն Սարգսեանի գլխաւորութեամբ երկրապահական ջոկատներ անունով ՀՀՇ-ական պալատական գվարդիա ստեղծեցին։ Գլխաւոր «գաղափարախօսներին» չառանձնացնեմ, սակայն ՀՀՇ-ականների ներսում առաջացած հակասութիւնների մասին պատկերացրի առաջին հերթին այն ժամանակ, երբ Վազգէն Սարգսեանը 1992 թուականին ինձ խնդրեց ազգային բանակի համար զօրահաւաք կազմակերպելու պահանջով ցոյց կազմակերպել Լեւոն Տէր-Պետրոսեանի դէմ։ Նա իր այդ նախաձեռնութիւնը կարող էր նաեւ Լեոն Տէր-Պետրոսեանի հետ համաձայնեցրած լինել, բայց դա մեզ չէր էլ հետաքրքրում։ Յամենայն դէպս, տուեալ փաստը ենթադրել էր տալիս, որ Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան նախարար Վազգէն Սարգսեանը, հաւանաբար, իր պաշտօնից ելնելով աւելի վաղ, քան միւս ՀՀՇ-ականները՝ հասկացաւ կանոնաւոր բանակի անհրաժեշտութիւնը։ Այլապէս նա լինելու էր աշխարհի միակ պաշտպանութեան նախարարը, որ բանակ չունէր։ Մենք Հայաստանի ամենահզօր քաղաքական ընդդիմադիր ուժն էինք այդ ժամանակ. առաջին նախագահական ընտրութիւններում ես երկրորդն էի եւ աւելի շատ ձայներ էի հաւաքել, քան միւս 4 թեկնածուները միասին։ Մենք էինք, որ սեւ դրօշների յայտնի ցոյցով ժողովրդին ահազանգեցինք Հայաստանում անօրէն եւ ազգին սեւ օրեր բերող իշխանութեան հաստատուելու մասին։ Բայց մարդիկ նրանով են մարդ, որ յաճախ դժուարանում են հաւատալ, որ իրենց նման մարդակերպի մէջ կարող են այդքան վատ որակներ լինել։ Քանի որ Վազգէն Սարգսեանի խնդրանքը համապատասխանում էր ԱԻՄ-ի օրուայ կարգախօսներին, շատ արագ եւ առանց դժուարութիւնների կազմակերպեցինք այդ ցոյցը։ Հիմնական կարգախօսներն էին` «Մեզ բանակ է պէտք, ոչ պալատական գվարդիա», «Պահանջում ենք զօրակոչ»։
Քաղաքական, այսինքն՝ այդ պահին ընտրողների ձայների մասին միայն մտածող ուժերը, առաջնորդւում էին այն նկատառումով, որ նոյնիսկ ամենահայրենասէր ու գիտակից ծնողները, բնականաբար, չեն կամենում բաժանուել իրենց զաւակներից։ Այդ պատճառով նրանք ի սկզբանէ, թերեւս ենթագիտակցաբար, դէմ են բանակին։ Չէ՞ որ բանակը, թէկուզ ժամանակաւոր, տանելու է իրենց զաւակներին, եւ այնտեղ նրանց կարող է վտանգ սպառնալ։ Այդ իրավիճակում յայտնուեցին «խելօքներ» եւ նրանց «գերխելօք» ՀՀ նախագահի թեկնածուն, որ խօսում էին երկիրն առանց բանակի պաշտպանելու հնարաւորութեան մասին։ Նրանք իշխանութիւն էին. ունէին խօսափողներ, իշխանական լծակներ եւ 1991 թուականի նախագահական ընտրութիւններից առաջ շատ արագ տարածեցին այդ աղտեղութիւնը։ Եթէ առաջնորդուելիս լինէին ազգային մտահոգութիւններով եւ ոչ ամէն կերպ իշխանութիւնը պահպանելու ձգտումով, որը նաեւ հասարակութեան հաշուին հարստանալու միջոց էր, ապա հաշուի կառնէին նաեւ պատմական փորձառութիւնը։ Օրինակ, 11-րդ դարում Անիի Բագրատունեաց թագաւորութեան տրամադրութեան տակ կար ութսունհազարանոց հայկական բանակ։ Ճիշտ հասկանալով յղփացած ու բարոյազրկուած անեցու հոգեբանութիւնը` Հայաստանը Բիւզանդական կայսրութեան մաս դարձնել ձգտող բիւզանդացիները հայերին առաջարկեցին որոշակի գումարի դիմաց Անիի պաշտպանութիւնը վերցնել իրենց վրայ։ Անին հարուստ քաղաք էր եւ ուրախութեամբ համաձայնեց։ Ես տհաճութեամբ եմ պատկերացնում այն ժամանակուայ կերածխմած հայերին. «Մենք կեանք կանենք, դրանք թող փողով մեզ պաշտպանեն»։ Այդ կեանք անելը երկար չտեւեց. ընդամէնը մի քանի տարի անց ԱլփԱրսլանը հիմնովին նուաճեց Անին։ Բիւզանդական քառասունհազարանոց բանակը չկամեցաւ յանուն հայերի պաշտպանութեան վտանգել իրեն, իսկ անեցիները կանոնաւոր բանակ չունէին։ Դա միայն Անիի անկումը չէր. դա մեր մեծ անկման սկիզբն էր։ Այդ ժամանակներից սկիզբ առաւ հայերի՝ երկրից զանգուածաբար արտագաղթելու եւ այլ ափերում փրկութիւն գտնելու ինքնասպան՝ ազգասպան սովորութիւնը։
Այսպիսով, ընտրութիւններից առաջ թեկնածուներից մէկն ասում է՝ ինձ ընտրէք, եւ ես առանց ձեր երեխաներին բանակ տանելու կլուծեմ ազգային անվտանգութեան հարցը եւ, անտարակոյս, նախընտրելի է դառնում այն հիմնական թեկնածուի համեմատութեամբ, ով խօսում է բանակի անհրաժեշտութեան եւ հարկ եղած դէպքում «տիկնայք փափկասունք Հայոց աշխարհի»-ի ոգով նաեւ կանանց բանակ զօրակոչելու մասին։ Իհարկէ, կեանքն ստիպեց յանգել բանակի անհրաժեշտութեանը, սակայն ծանրագոյն հարուածը բանակի գաղափարին արդէն հասցուած էր։ Տասնեակ հազարներով կամաւոր ռազմաճակատ մեկնելու պատրաստ ժողովուրդը զանգուածաբար խուսափում էր բանակից։ Մենք Եւրոպայի կենտրոնում, եւրոպական արժէքներով ապրող պետութիւնների հարեւանութեամբ չէինք ապրում ¥երանի՜ մի օր հասնենք դրան¤, եւ դա պատմական այն պահն էր, երբ պիտի ինքներս լուծէինք մեր անվտանգութեան հարցերը։ Իսկ կոմունիստական Մոսկուայի կամքով Հայաստանում իշխանութեան եկած ուժերը, իրենք էլ չհասկանալով, գնում էին եւ իրենց հետ աշխարհի հնագոյն ժողովուրդներից մէկի, պատմութեան քառուղիներից մի կերպ քսաներորդ դար հասած վերջին մնացորդը տանում էին ինքնասպանութեան։ Հասարակութեան մէջ ընդհանուր առմամբ բացասական վերաբերմունք էր ձեւաւորուած բանակի նկատմամբ, եւ շուրջ տաս տարի պէտք եղաւ մեր ժողովրդի այդ տրամադրուածութիւնը հիմնականում փոխելու համար։

Այս նիւթն ամփոփեմ մի զուարճալի պատմութեամբ։ 1998 թուականին Հայաստանի Հանրապետութեան նորընտիր նախագահը՝ Ռոբերտ Քոչարեանը, ինձ՝ սահմանադրական բարեփոխումների գծով իր գլխաւոր խորհրդականին, հրաւիրեց պետական բարձրագոյն պարգեւների շնորհման մի միջոցառման։ Առաջինը Լաչինի շրջանը բնակեցնելու համար պետական բարձր պարգեւ տրուեց մի մարդու, որ մեզնից երկու տարի յետոյ էր պետութեան կողմից գործուղղուել այդ կողմերը, իսկ այն ժամանակ Արցախի բարձրագոյն պաշտօնեայ Ռոբերտ Քոչարեանի` ինձ որպէս տարածաշրջանի պարետ գրած բազմաթիւ նամակներ ունեմ գրապահոցումս։ «Է՛հ, հայերիս էլ խորթ չեն համաշխարհային դրսեւորումները. Ամերիկան Կոլումբոսը յայտնագորուեց, բայց Ամերիկօ Վեսպուչիի անունով է կոչւում, - մտովի զուարճանում էի ես։ - Բայց ինչո՞ւ է ինձ հրաւիրել նման միջոցառման». չասէք` նոյնիսկ զարմանալ, այլ ուղղակի չէի հասկանում։ Եթէ Ռոբերտ Քոչարեանին հակառակորդ համարէի, կասէի՝ կամենում է արժէզրկել մեր ներդրումը, բայց հակառակորդ չէ։ Շատ լաւ գիտակցում է, որ ինքը Հայաստանի նախագահ դարձաւ շնորհիւ ընտրութիւնների երկրորդ փուլում մեզնից ստացած աջակցութեան։ Ուրե՞մն։ Սա էլ թող մնայ ինձ անհասկանալի երեւոյթներից մէկը։

ԳԼՈՒԽ ԺԴ
«Վաղը կխօսենք»

- Ես նկատեցի, որ յուզուած ես, բայց կարծեցի, թէ իմ անակնկալ այցելութեամբ եմ քեզ անհանգստացրել, - ասացի ես։
- Ընդհակառակը, եթէ չգայիր, չէի պատկերացնում, թէ մինչեւ վաղը ինչպէս էի դիմանալու։
- Ուրեմն գալո՞ւ էիր, կեա՛նքս։
Պատասխանելու փոխարէն դու կրկին փարուեցիր ինձ, ու յետոյ մենք ե՛ւ խօսեցինք, ե՛ւ լռեցինք, ե՛ւ ապրեցինք, ե՛ւ վերացանք։
Ես փորձեցի քեզ ներկայացնել իսկութիւնն իմ մասին.
- Լուսինէ՛, դժուարանում եմ քեզ ասել այն, ինչ ինքս ինձ դժուարութեամբ եմ բացատրում։ Ես որեւէ չար մտադրութիւն կամ յետին նպատակ չեմ ունեցել։ Խնդրում եմ, կարողացի՛ր քեզ տրամադրել ինձ լսել համբերութեամբ ու հանդուրժողաբար։ Ես, իհարկէ, ես ես եմ, նա, ում դու արդէն ինքդ ես ճանաչում, բայց...
- Բայցդ պահի՛ր վաղուան, - դու ծիծաղելով ընդհատեցիր։ - Չէ՞ որ մենք պայմանաւորուել ենք դրա մասին վաղը խօսել։ Բացի այդ ինձ համար նշանակութիւն չունի։ Դու ինձ օգնեցիր բացայայտել ինքս ինձ՝ իմ մէկ այլ էութիւնը. երեւի դա հոգին է։ Ես չէի էլ պատկերացնում, որ ինձանում նաեւ այսպիսի մէկը կայ։ Դու յաճախ մտահոգում, վշտացնում ես ինձ, չէ՛, ես ինքս եմ վշտանում, բայց ես այնքան հարստացած եմ, այնքան լիացած, որ մի քանի ամիս առաջ պատկերացնել իսկ չէի կարող։ Քեզ, քո հոգուն իմ հոգին է գտել, երեւի։ Ուղեղս երբեմն ըմբոստանում է այս իրավիճակի դէմ, բայց նա ի՞նչ իրաւունք ունի կանգնելու հոգուս ճանապարհին։ Ես իմ Վարուժանին գտել եմ ու հէնց նրան եմ սիրել, - հաւանաբար, դու ինքդ էլ չնկատեցիր, որ առաջին անգամ օգտագործեցիր «սէր» բառը։
Ես ենթարկուեցի քո տրամադրութեանը. «Վաղը կխօսենք»։
Քո ձեռքերը ոչ միայն ինձ կարգի չէին հրաւիրում, այլ դարձել էին իմ դաշնակիցը։ Մենք հասկացանք, որ միմեանց համար շատ աւելին ենք դարձել, քան կարծում էինք։ Մօտեցանք այն սահմանին եւ եղանք հոգեւոր այն տիրոյթում, երբ վերանում է միմեանց համարը, ու միմեանցը դառնում է մէկ ամբողջութիւն։
Երեւի երբեւէ ես մեր այդ հանդիպման մասին աւելի մանրամասն գրեմ, իհարկէ, քո թոյլատուութեամբ, բայց մի բան մոռացութիւնից փրկելու համար թղթին եմ ուզում յանձնել այսօր։ Չէ՞ որ մենք մահկանացուներ ենք։ Չէ՞ որ այս օրը երկրային կեանքում ապրելու մեզ տրուած վերջին օրը կարող է լինել։
Այդ օրը ես հասկացայ, որ կենսակերտման յարաբերութիւններում կայ մի բան, որ թերեւս աւելի կարեւոր է, քան ... այն ամէնը ինչի մասին մարդիկ սիրում են խօսել։ Ես ոչ միայն ուզում էի քեզ գրկել, շոյել, համբուրել, ի վերջոյ սիրել ու քո մարմնի հետ նոյնանալ, այլ ուզում էի պատսպարուել քեզնում։ Թերեւս իմ բացառիկ իրավիճակն էր նպաստում, բայց մարդ արարածը, հաւանաբար, իրեն ամենից ապահով զգում է մայրական մարմնում եւ լոյս աշխարհ գալու պահից բնազդով պահպանելով ետ վերադառնալու կենսական մղումը եւ ֆիզիկապէս անկարող լինելով դա անել, այլ ուղի է գտնում։ Դա ապահով հանգրուանի որոնման գործողութիւն է, որն աւարտւում է այդ ապաստանին պահ տրուելով...

Լուսինէ՛, երեւի դա մեր ամենաերջանիկ օրն էր։ Ուրախութեան ու մորմոքի արցունքներ, ցաւի ու բերկրանքի շշունջներ, կայացում եւ անէացում... Այս ամէնը միախառնուել իրար ու մի կատարեալ ներդաշնակութիւն էին դարձել։
Երկուսս էլ ուզում էինք էլի իրար հետ լինել, բայց դժուար չբաժանուեցինք։ Դու անհանգստանում էիր, որ քոյրիկդ ուր որ է կվերադառնայ, իսկ ինձ մարդ էր սպասում, եւ պիտի շուտ տուն հասնէի։ Բացի այդ, մենք իրարով լիացած, երջանիկ էինք ու գիտէինք, որ վաղը մերն է, որ վաղը հանդիպելու ենք։

Ծնողներս ինձ էին սպասում։ Մեր տանն էին նաեւ Կարոն, երգիչ Յարութը եւ Անդրանիկը։ Նա Հայաստանի Հանրապետութեան ներկայիս վարչապետն է։ Մինչ այդ հասցրեց կալանաւորուել, ստանալ երեք տարի, հրաժարուել ԱՄԿ-ից ու մէկ տարով կրճատել իր ազատազրկման ժամկէտը, հաւաքագրուել ՊԱԿ-ին ու պայքարել անկախ Հայաստանի գաղափարի, իր նախկին ընկերների ու ղեկավարի դէմ։ Յարութիւնը հիմա էլ երգում է պետական քառաձայն երգչախմբում։ Քոյրերս՝ Լուսինն ու Սոնան, պառկած էին, բայց չէին քնել։ Մօտեցայ, համբուրեցի, ասացի, որ ամէն ինչ լաւ է.
- Քնէք։
Տանն առանձնապէս վտանգ ներկայացնող բան չունէի, բայց ստուգելով որոշ թղթեր՝ գտայ ու այրեցի։ Դրանք «Խօսնակ Ազգային միացեալ կուսակցութեան» տեսական հանդէսի համար գրած յօդուածների ձեռագրեր էին։ Տնային պայմաններում ընդյատակեայ գործերից խօսելու իրաւունք չունէինք։ Այդ պատճառով ԱՄԿ խորհրդի անդամ Անդրանիկի հետ յատուկ որեւէ բան չխօսեցինք։ Կարեւոր ամէն բան արդէն պայմանաւորուել էինք։
- Ի՞նչ էր դրանց ուզածը, - իրեն բնորոշ ոճով հարցրեց Անդրանիկը։
- Կարո՞ղ ա մի բան սարքեն, - խօսեց Յարութը։
Նոյնը մտահոգում էր ծնողներիս։ Ասացի, որ ըստ օրէնքի՝ միայն տուգանք կարող է լինել։
Յարութիւնին ճանապարհելուց յետոյ, երբ փողոցում մնացինք Կարոյի ու Անդրանիկի հետ, Անդրանիկն ասաց, որ մեր իրաւաբան ընկերը՝ Մանուկ Թոփուզեանը, պատրաստ է անհրաժեշտութեան դէպքում փաստաբանի դերը կատարել. «Չնայած լաւ կլինի, որ ՊԱԿ-ին ցոյց չտանք, որ ինքը մեզ հետ է», - աւելացրեց նա։ Մանուկը այժմ Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան աշխատակազմի ղեկավարն է։ Մեզ հետ էր դեռեւս 1967 թուականից։ Այն ժամանակ կռահեցի, թէ ինչ նկատի ունէր Անդրանիկը։ Տարիներ յետոյ իմացայ, որ Անդրանիկի պատասխանատուութեամբ Մանուկենց տանն են տպագրուել ԱՄԿ պաշտօնաթերթ «Փարոս 2 (լրացուցիչ)» եւ «Փարոս 3» համարները։ Ի դէպ, «Փարոս 3»-ը տպագրելու յանձնարարութիւնը Անդրանիկին փոխանցել եմ ՊԱԿ-ից, տեսակցութեան ժամանակ, քննիչների ներկայութեամբ, քրոջս միջոցով։ Աներեւակայելի է, բայց իրողութիւն։ Մինչ կալանաւորուելս նկատել էի, որ շատ յաճախ փոքր քոյրս ասածներս հասկանում էր խօսելուցս առաջ։ ՊԱԿ-ում ինձ վրայ եղած կասկածները կարող էին վերանալ, եթէ մի լուրջ գործ արուէր։ Ուստի տեսակցութեան ժամանակ քրոջս միջոցով Անդրանիկին փոխանցեցի շտապ կարգով հերթական «Փարոս»-ը տպագրելու յանձնարարականը։ Դա արեցի հետեւեալ կերպ. «Դասերդ ինչպէ՞ս են», - հարցրի Սոնային։ «Լաւ»։ «Դասի գնո՞ւմ ես»։ Այս տարօրինակ հարցը մտաւոր լարուածութիւն առաջացնելու համար էր։ «Այո՛», - պատասխանեց քոյրս։ «Սուսանը ինչպէ՞ս է»։ «Լաւ», - եղաւ պատասխանը։ Հազար ու մի Սուսան կար, բայց քանի որ դրանից առաջ ես հարցրել էի դասի գնալու մասին, Սոնան իսկոյն կռահեց, որ խօսքը իր համակուրսեցի Սուսաննայի մասին է։ Սուսաննան Անդրանիկի նշանածն էր։ Այդ ընթացքում մի յարմար պահ որսալով՝ ներքեւից մատներով ցոյց տուեցի երեք թիւը ու կենտրոնացած աչքերին նայելով՝ մտքումս գերլարուած ասացի. «Թող շտապ «Փարոս 3»-ը տպագրեն», իսկ բարձրաձայն՝ կբարեւես։ Սոնայի հայեացքից զգացի, որ հասկացաւ։ Տարիներ յետոյ քոյր ու եղբայր փորձել ենք հասկանալ, թէ ինչպէս էր ինքը կարողանում ինձ ճիշտ հասկանալ, բայց չենք կարողացել։ Ինքը փոխանցել էր Անդրանիկին, եւ վերջինս անմիջապէս կեանքի էր կոչել իրեն տրուած յանձնարարութիւնը։


ԳԼՈՒԽ ԺԵ
1974 թուական, 12-ը փետրուարի, Երեւան

1974 թուականի փետրուարի տասներկուսն էր։ Առաւօտեան հրաժեշտ տուեցի տագնապած ծնողներիս, յուզուած քոյրերիս ու անձնագրով ներկայացայ Օրջոնիկիձէի շրջանի ոստիկանութիւն։ Ես գիտէի, որ ինձ կարող են ընդամէնը տուգանել։ Նախկինում մէկ անգամ տուգանուել էի Հրազդա-նի շրջանում ուսուցչուհի աշխատող քոյրիկիս՝ Լուսին Հայրիկեանին, այցելելու, վարչական սահմա-նը խախտելու համար։ Գիտէի, որ կալանաւորելուց առաջ եւս մէկ անգամ տուգանելու են, եւ յետոյ միայն իրաւունք կունենային կալանաւորել։ Բայց կալանաւորեցին։ Հիմա ինձ մեղադրում էին Մոսկուա այցելելու եւ երեկոյեան տնից բացակայելու համար, այսինքն՝ համարում էին, որ երկու խախտում եմ արել։ Սակայն, քանի դեռ դատարանը գնահատական չէր տուել, ոստիկաններն ի-րաւունք չունէին երկրորդ խախտումը կայացած համարելու եւ երրորդի մեղադրանքով ինձ կալա-նաւորելու։ Գործ ունէինք սովետական իրաւաբանութեան հետ. դատախազը տուել էր իր սանկ-ցիան, եւ ինձ տարան նախ «ԿէՊէԶէ» կոչուած բանտը, յետոյ՝ մի քանի օր անց, Երեւանի թիւ 1 կոչուած քննչական մեկուսարան՝ քրէական բանտ։
Մեր տունը խուզարկել էին, բայց ոչինչ չէին գտել։
Շուրջ երեք շաբաթ պահեցին Երեւանի առաջին քննչական մեկուսարանում։ Այնտեղի պայման-ներն ու յարաբերութիւնները չեմ ներկայացնի։ Հիմա այնպիսի զգացողութիւն ունեմ, ասես դու անմի-ջականօրէն լսում ես ինձ եւ, իհարկէ, բանտային գորշութիւնները քեզ չեմ մատուցի։ Երբ տհաճ յիշողութիւններդ ես ներկայացնում, ակամայ նվնվացողի տպաւորութիւն կարող ես թողնել։ Իսկ ո՞վ կուզենայ այդպիսին լինել։
Մարտի 5-ին տարան, այսպէս կոչուած, Օրջոնիկիձէի շրջանի ժողովրդական դատարան։ Առա-ջին անգամ տուգանքի դատապարտուելիս եղել էի այդ դատարանում։ Հասցրել էի ծանօթանալ դա-տարանի մի քանի աշխատակցուհիների, մասնաւորապէս՝ դատաւորի քարտուղարուհի Գայեանէի հետ։ Նա իրաւաբանականի ուսանողուհի էր։ Մի քանի նիւթէր էի տուել կարդալու, ու երբեմն զրու-ցել էինք հէնց դատարանում։ Մեր հպանցիկ յարաբերութիւնը մտերմութիւն կոչել չէր կարելի, բայց հոգեհարազատութիւն զգացել էի առաջին պահից։
Ես հնարաւոր էի համարում ինձ երկրորդ անգամ տուգանքի դատապարտելն ու դատարանի դահլիճից ազատ արձակելը, որ նշանակում էր քեզ մօտ գալու հնարաւորութիւն ստանալ։ Դա օրէն-քի պահանջն էր։ Գիտէի, որ հերթական անակնկալ ու անբացատրելի անյայտացումիցս յետոյ քեզ հետ հաշտութեան եզրեր գտնելը դժուար կլինէր, բայց ծրագրում էի առաջին իսկ հնարաւորութեան դէպքում հանդիպել քեզ, եւ մեր վերջին հանդիպումն ինձ վստահութիւն էր ներշնչում, որ մեր յարաբերութիւնների մթագնող ամպերը վայրկենապէս կանէանան։
Պատրանքներս սին էին։ Մինչ դատավարութեան սկսելը, երբ ինձնից եւ երկու ոստիկաններից բացի ոչ ոք չկար, Գայեանէն մտաւ դատարանի դահլիճ։ Չգիտեմ՝ ինքը պատկերացնո՞ւմ էր արդեօք, թէ մարդկայնօրէն որքան կարեւոր էր իր այդ քայլը անորոշութեան ու թշնամական միջավայրում յայտնուածիս համար։ Ես ինձ այնպէս պահեցի, ասես չէի ճանաչում, բայց նա զարմանալիօրէն ո-րեւէ մտահոգութիւն չդրսեւորեց։ Ոստիկաններն էլ չխոչընդոտեցին։
- Ինչպէ՞ս պատահեց, որ այստեղ յայտնուեցիր, - հարցրեց տխուր։
- Ինքս էլ չգիտեմ, բայց օրէնքով ընդամէնը պիտի տուգանէին։ Կարող է այդպէս էլ աւարտուի։
- Չէ՛, դատարանի նախագահը հրաժարուեց այս գործից, ու դատը պիտի դատաւոր Ստեփանեանը վարի, կարծեմ այդպէս էր դատաւորուհու ազգանունը. ստոյգ չեմ յիշում։ - Եթէ տու-գանքով աւարտուելու լինէր, նախագահը չէր հրաժարուի, - աւելացրեց Գայեանէն։
- Ինչո՞ւ ես այդպէս կարծում։
- Անցեալ անգամ, երբ քեզ տուգանքի դատապարտեց, իրեն շատ վատ էր զգում։
- Յիշում եմ, ասել ես, բայց իր վատ զգալուց ի՞նչ է փոխւում։
- Իսկ ի՞նչ կարող էր անել, - դատապարտուածի շունչ կար նրա խօսքերում։ Դա ինձ դրդեց տե-ղին ու վիճակին անյարիր այս հարցը տալ.
- Երբ դու էլ դատաւոր դառնաս, այդպէ՞ս ես վարուելու։
- Չգիտեմ, - անկեղծօրէն, սակայն ասես ինչ-որ մտքերի աշխարհում խորասուզուելով՝ պատաս-խանեց մինչ այդ ընդգծուած կենսախինդ Գայեանէն։
- Եթէ հրամայում են, ու չես անում, դա նշանակում է, որ դու այլեւս դատաւոր չես։ Ես քիչ յետոյ կվերադառնամ։ Տեսնեմ՝ ինչ կայ-չկայ, - խօսեց Գայեանէն, սակայն գնալուց առաջ հարցրեց, - դու փաստաբան չունե՞ս։
- Ինչի՞ս է պէտք, - պատասխանս ասես նաեւ բացատրութիւն պարունակէր, եւ Գայեանէն արձա-գանքեց.
- Այսինքն՝ ճիշտ ես։ Փաստաբանն այս գործով ի՞նչ պիտի անի, եւ աւելացրեց։ - Դու մի՛ տխրիր։ Ծանր յօդուած չէ։
- Ես տխուր չեմ, - փորձեցի մի բան ասել, բայց ոչ միայն տխուր էի, այլեւ գլուխս կորցրած։ Կարծես թէ առաջին անգամ էի բանտում կամ դատարանում յայտնւում։ Երեւի կանխազգում էի, որ շատ երկար ժամանակով կամ անվերադարձ եմ մեկուսացւում։
Գայեանէն վերադարձաւ մի քանի րոպէից։
- Գայեանէ՛, չի՛ կարելի, - փորձեց խօսել ոստիկաններից մէկը։
- Ինձ կարելի է. ես դատարանի աշխատակից եմ ու մինչեւ դատավարութեան սկսելը հարցեր կան ճշտելու, - ժպիտն ու հեգնական ոճն ընդգծում էին կատակելը, սակայն երեւի մի այդպիսի բա-ցատրութիւն պէտք էր զոյգ ոստիկաններին, որովհետեւ չառարկեցին։ - Համ էլ ի՞նչ գործ է որ, - շա-րունակեց Գայեանէն։
Ոստիկանները, կարծում եմ, գիտէին, թէ ինչ գործով եմ անցեալում դատապարտուած եղել եւ, թւում էր, համակրում են։ Նրանք նոյնիսկ մի փոքր հեռացան։
- Շատ մարդ կայ, - ասաց Գայեանէն, - կարծում եմ, թէ քեզ դատարանից ազատ են արձակելու։
- Կարո՞ղ ես քոյրիկիս՝ Սոնային, գտնել եւ ասել, որ պոլիտեխնիկական ինստիտուտի մեր խմբի ուսանողների ցուցակն արձանագրող մատեան կամ նման մի բան բերի։ Այդ ցուցակն արդէն բաւա-կան է ինձ ազատ արձակելու համար։
Սոնան, որ այդ ժամանակ նշանուած էր հետագայում Մոսկուայում կեղծ մեղադրանքով գնդա-կահարուած Ստեփան Զատիկեանի հետ, սովորում էր Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի չորրորդ կուրսում։
- Հիմա կփորձեմ։ Ուրիշ ի՞նչ ունես ասելու, պարզելու։
- Առայժմ միայն այդքանը, եթէ քեզ համար դժուար չէ։
Քոյրս Գայեանէին ասել էր, որ ինքը արդէն եղել է մեր խմբում եւ պարզել, որ մատեանը փոխուած է, ու նոր մատեանում միակ փոփոխութիւնն այն է, որ ուսանողների թւում իմ անունը չկայ։ Դա նաեւ նրան՝ իմ համակուրսեցիներին էր զարմացրել։ Ես չէի հասցրել մօտիկից ծանօթանալ նոր համակուրսեցիներիս, այսինքն՝ մտերիմներ չէինք դարձել, բայց նրանք պատրաստակամութիւն էին յայտնել վկայութիւն տալու, որ վարչական հսկողութեան խախտման ժամին ես լսարանում եմ եղել, ու մատեանն էլ փոխել են։
Բարձրագոյնում վերականգնուելու ողջ պատմութիւնն արագ ընթացող վաւերագրական շար-ժանկարի նման պատկերացաւ աչքերիս առաջ։
Ընդունելութիւն ստացայ երեկոյեան բաժնի դեկան Յակոբեանից։ Պատմեցի, որ ինձ չորս տարի առաջ 3-րդ կուրսից կալանաւորել են, եւ այժմ վերադառնալով հայրենիք՝ կամենում եմ շարունակել ուսումս։ Հետաքրքրուեց, թէ ինչ գործով եմ դատապարտուած եղել եւ յիշեց չորս տարի առաջ տեղի ունեցած դէպքերը։ Ուղղակի ոչինչ չասաց, բայց համակրանքն ու օգնելու ցանկութիւնն ակնյայտ էր։
- Ընդհանրապէս երեք տարուց աւելի ընդմիջման դէպքում չեն վերականգնում, բայց բացառու-թեան կարգով կարող ենք։ Դու մի դիմում գրի՛ր ռեկտորի անունով եւ խնդրի՛ր մակագրել՝ թողնելով իմ հայեցողութեանը։
Այդպէս էլ արեցի։ Պայմանաւորուած օրը դիմումով ներկայացայ ռեկտոր, կարծեմ, Գասպարեա-նին։ Կարճ լսեց ինձ եւ կատարեց խնդրանքս։ Դեկան Յակոբեանը հասցրել էր գրապահոցից պա-հանջել իմ գործը։ Երբ մենք կրկին հանդիպեցինք, նա, ինձ ցոյց տալով դպրոցից տրուած բնութա-գիրը, ասաց.
- Ես իմ երկարատեւ տարիների գործունէութեան ընթացքում այսպիսի բնութագիր չեմ յիշում, - նրանում Նուբարաշէնի դպրոցի ուսմասվար, մեր դասղեկ Յովհաննիսեանն ինձ ներկայացրել էր որ-պէս ապագայի մեծ մտաւորական։ - Իհարկէ, դու սովորելու իրաւունք ունես։ Սխալուելը երիտա-սարդի համար բնական է, բայց դու պատիժդ կրել, վերադարձել ես, - նա կարծես ինքն իրեն ու ան-յայտ ընդդիմախօսի ինչ-որ բան էր ապացուցում կամ նախապատրաստւում սպասուող խօսակցու-թեան։  Մի շաբաթից կգաս, կարծում եմ՝ ամէն ինչ պատրաստ կլինի։
Իսկապէս, մի շաբաթից դեկան Յակոբեանն ինձ շնորհաւորելով՝ «յամենայնդէպս» տուեց վերա-կանգման հրամանիս պատճէնը։ Դրանում գրուած էր, որ բացառութեան կարգով ես վերա-կանգնւում եմ, սակայն երկրորդ կուրսի երկրորդ կիսամեակից։
Այդ հրամանի պատճէնը ես ունէի եւ ծրագրում էի ներկայացնել դատարանին։
Վկաների թւում էր դեկան Յակոբեանը։ Նա հրաւիրուած էր ապացուցելու, որ ես ուսանող չեմ, հետեւաբար ինստիտուտում իմ լինելը վարչական հսկողութեան ժամին յարգելի խախտում չէ։ Դե-կանին ես յիշում էի միայն դրականօրէն եւ համոզուած էի, որ ճիշտը կասի եւ դրանով կօգնի ինձ դուրս գալ դատարանի դահլիճից։ Բայց կոմունիստական իշխանութիւնները հաստատ որոշել էին մեկուսացնել ինձ, եւ իմ սիրելի դեկանը հարցը ներկայացրեց այնպէս, իբր խօսուել է վերականգման հարցը քննարկելու հնարաւորութեան մասին միայն եւ ընդամէնը վերականգման հրամանի նախա-գիծ է եղել, որը ես, առանց դրա իրաւունքն ունենալու, վերցրել եմ։ Նա խօսելիս իմ կողմը նայել չէր կարողանում։
Ամբաստանեալը հարցեր տալու իրաւունք ունէր, եւ ես հարցրի. թէ ես ուրեմն գողացե՞լ եմ վե-րականգման հրամանի պատճէնը։
- Ո՛չ, ուղղակի՝ վերցրել, - Յակոբեանը շարունակում էր հայեացքը փախցնել։
Ոչ միայն ես, այլեւ դահլիճում հաւաքուած մարդիկ տեսնում էին, թէ ինչպէս է ոչնչացուել մարդը մարդու ներսում։
- Պարոն Յակոբեա՛ն, ես շատ եմ ցաւում այն բանի համար, որ դուք իմ պատճառով ստիպուած եղաք ձեզ այսպէս պահել, եզրափակեցի ես։
Նա որեւէ կերպ չարձագանքեց։ Երեւում էր, որ ամօթի զգացումը խեղդում է իրեն։ Նա դատաւո-րի թոյլատուութեամբ գլխիկոր հեռացաւ դահլիճից։
Փաստօրէն, ստիպուած էի ապացուցել, որ ես ուսանող եմ: Մի պահ մտածեցի՝ չդիմե՞մ դատա-րանին Ամենայն Հայոց Կաթողիկոսին վկայ կանչելու միջնորդութեամբ: Հասկանալի լինելու համար անդրադառնամ մի փոքր հանգամանալից: Քեզ հանդիպելուց առաջ 1974 թուականի ամռանը կու-սակրօն քահանայ դառնալու ցանկութեամբ դիմեցի Վեհափառ Հայրապետին: Միջնորդս Էջմիածնի ճեմարանի տեսուչ-տնօրէն, ծայրագոյն վարդապետ հայր Արիս Շիրվանեանն էր: Նա երգիչ Յարու-թի մտերիմն էր, իսկ ես իրեն հոգեհարազատ համարեցի մի այսպիսի դէպքից յետոյ: Իր այցէքարտի վրայ գրուած էր՝ Հայաստան, Էջմիածին: Յարութը իրեն բնորոշ ոճով հարցրեց.
- Հա՛յր սուրբ, ինչո՞ւ Սովետական բառը չէք գրել: Մեր երկրի անունը Սովետական Հայաստան է: (Պաշտօնապէս կոչւում էր Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետութիւն)։
Հայր Արիսը, իրեն յատուկ շարժումով գլուխը մի փոքր յակելով եւ իբրեւ թէ զգուշաւոր աջ ու ձախ նայելով, պատասխանեց.
- Սովետականները կուգան ու կերթան, Հայաստանը կմնայ:
Վեհափառը ընդունելով եւ լսելով ինձ՝ յանձնարարեց հայր Արիսին համարել ինձ Ճեմարանի վերջին կուրսի ուսանող: Մի քանի քննութիւն պիտի արտահերթ յանձնէի: Հարցրեց.
- Ծնողներդ ո՞րտեղից են:
- Մայրական կողմս Վանից, հայրականս՝ Պոլսից, բայց Ռումինիայով են եկել Հայաստան:
Վազգէն Առաջինը ինքն էլ էր ներգաղթել Ռումինիայից, բայց Հայրիկեաններին գիտէր որպէս պոլսեցիներ, հաւանաբար, 1915 թուականի ապրիլի 24-ի գիշերը կալանաւորուած մտաւորականնե-րի թւում եղած, Պոլսի յայտնի «Արդի վարժարանի» տնօրէն Աբրահամ Հայրիկեանի միջոցով: Այդ վարժարանում վերջին տարիներին ուսուցիչ է աշխատել Ռուբէն Սեւակը: Աբրահամ Հայրիկեանի մասին յիշատակութիւն կարելի է գտնել Մեծ եղեռնի առաջին զոհ մտաւորականների շարքում:
Մի քանի շաբաթ անց, երբ ես ներկայացրի ընդունելութեան համար անհրաժեշտ բոլոր փաս-տաթղթերը, հայր Արիսը դրանք վերցնելու փոխարէն ինձ առաջարկեց մի փոքր զբօսնել վանքի բա-կում: Հեռուից սկսեց.
- Վեհափառը խնդրեց քեզ փոխանցել հետեւեալը: Նա վստահ է, որպէս հայրենասէր մարդ իրեն ճիշտ կհասկանաս։ Կառավարութիւնից Վեհափառին յայտնել են, որ դու վերականգնուած ես քո նախկին ինստիտուտում եւ կարող ես այնտեղ սովորել:
- Բայց ես ուզում եմ հոգեւորական դառնալ, - իսկապէս ուզում էի եւ մտածում էի համատեղել ազգային ընդյատակեայ եւ կրօնական գործունէութիւնը: Հիմա գիտեմ, որ դրանք այնքան էլ համա-տեղելի չեն, բայց այն ժամանակ շատ երիտասարդ էի...
- Վեհափառն ասաց, որ դու կհասկանաս, որ Եկեղեցու շահերն աւելի կարեւոր են, քան մէկ մար-դու շահերը:
- Բայց եկեղեցին էլ պարտաւոր է պաշտպանել թէկուզ մէկ հաւատացեալի իրաւունքները:
- Վեհափառը չի կարող ո՛չ ասել կառավարութեանը, - տխուր եզրափակեց հայր Արիսը:
Ի դէպ, նա այժմ եպիսկոպոսի կարգավիճակով Հայ Առաքելական Եկեղեցու իր սպասաւորու-թիւնը շարունակում է Երուսաղէմում:
- Հա՛յր սուրբ, - դիմեցի ես, - Անթիլիասո՞ւմ էլ այսպէս կվարուէին:
- Այո՛, - շիրվանեանական հանդարտ յումորով պատասխանեց հայր Արիս Շիրվանեանը, - միայն թէ հակառակը:
Այսպիսով, հայր Արիսը եւ Վազգէն Առաջին Կաթողիկոսը կարող էին վկայել, որ ես վերա-կանգնուած եմ եղել եւ ուսանող եմ, այսինքն՝ վարչական խախտում չեմ կատարել: Բայց պարզ է, որ ես այդպիսի միջնորդութեամբ հանդէս չէի գայ:
Այն ժամանակ ամենից աւելի հարազատներս ու նախ եւ առաջ մեր ընտանիքի անդամներն ու-րախացան այդ մերժումից։ «Այնքան աղօթեցիք, որ Տէրը լսեց ձեր ձայնը, - ասացի քոյրերիս, - բայց ո՞ւմ միջոցով՝ ԿաԳէԲէի...»։
1990 թուականին երկամեայ ընդմիջումից Հայաստան վերադառնալով՝ ես, ինչպէս նախորդ տա-րիներին բանտից վերադառնալիս տուն գնալուց առաջ, այցելեցի Սուրբ Էջմիածին: Յետոյ բարձ-րաստիճան հոգեւորականներից մէկն ինձ ասաց, որ Վեհափառը սպասելիս է եղել, որ կայցելեմ նաեւ իրեն եւ տխրել է, որ այդպէս չեմ վարուել: Այդ բանն ինձ պատմող հոգեւորականին ասացի, որ չէի կարող ինձ ստիպել այցելել մէկին՝ անկախ Հայ Առաքելական Եկեղեցու եւ նրա Վեհապետի հաստատութեան նկատմամբ տածածս յարգանքին, ով Հայաստանի անկախութեան գաղափարի վերաբերեալ բացասաբար է արտայայտւում:
- Ի՞նչ նկատի ունէք, պարո՛ն Հայրիկեան, հարցրեց Սբ. Էջմիածնում սպասաւորող հոգեւորակա-նը:
- Այն, որ ԱԻՄ-ի կողմից անկախութեան գաղափարի բարձրացման եւ մասնաւորապէս Մովսէս Գորգիսեանի առաջնորդութեամբ Ազատութեան հրապարակում Անկախ Հայաստանի խորհրդանիշ Եռագոյնի ծածանմանն ի պատասխան՝ ասել էր. «Որոշ մարդիկ պատրաստւում են մեր երկիրը սկուտեղի վրայ մատուցել մեր դարաւոր թշնամուն»:
Հոգեւորականը ժպտաց: Երեւաց, որ յիշում էր Վեհափառի այդ անյաջող ելոյթը:
- Դա անցեալ է, պարո՛ն Հայրիկեան, հիմա Վեհափառն ասում է՝ «Կեցցէ՜ անկախ Հայաստանը»:
- «Սովետական ժողովուրդների եղբայրական ընտանիքում», - լրացրի ես՝ մէջբերելով Վեհափա-ռի՝ անկախութեան օգտին այն օրերին արած ձեւակերպումը: Հոգեւորականը կրկին ժպտաց եւ մե-րոնքականի ոգով աւելացրեց, շուտով այդ մասը չի ասի։
- Այդ ժամանակ էլ կհանդիպենք, պատասխանեցի ես։ Աւելորդ համարեցի պատմել տարիներ առաջ ՊԱԿ-ի կամքով առաջնորդուելու պատմութեան մասին։ Տարիքային բարձրութիւնից այսօր արդարացուած չեմ համարում այդ մաքսիմալիստական վերաբերմունքը ե՛ւ իմ, ե՛ւ ինձ հետ առնչուած մարդկանց նկատմամբ։ Կուզէի, որ գիտենայիր՝ այսօր այդպէս չէի վարուի...

Իրեն աննկարագրելի լկտի պահեց կոմունիստական ռեժիմի փրկչի կարգավիճակով հանդէս ե-կող Ակոպովը, իր պագոնների փրկութեան գործին մինչեւ վերջ հաւատարիմ մնաց կապիտան Մա-նուկեանը։ Մերժուեցին իմ բոլոր միջնորդութիւնները։ Դատախազը (այդ ստահակի անունն ու ազ-գանունը չեմ յիշում), իմ՝ Մոսկուա մեկնելն ու դասի գնալը համարեց վարչական հսկողութեան կո-պիտ խախտում եւ «քանի որ անցեալում ես դատուած եմ եղել խիստ վտանգաւոր պետական յանցագործութեան համար», պահանջեց առաւելագոյն պատիժ։
Դատավճռի պատրաստման համար դատաւորների մեկուսանալու ընթացքը մէկ ժամից աւելի տեւեց։ Իմ գործից իրենց դժգոհութիւնն արդէն բացայատօրէն արտայայտող ոստիկանները թոյլ տուեցին հերթով ներս գալ հարազատներիս ու ընկերներիս։ Ամէն բան խօսել հնարաւոր չէր. գաղտ-նի ձայնագրուելուց զգուշանում էի։ Մանիկը ոչինչ չէր խօսում. միայն լալիս էր։ Քոյրերս ընկճուած էին։ Երկրորդ անգամ որդուն կալանավայր ճանապարհող հայրս փորձում էր ինձ ուժ տալ, ես իմ արտաքուստ անվրդով տեսքով ձգտում էի իրեն ու մայրիկիս հանգստութեան զգացողութիւն փո-խանցել. «Դատաւորը կարող է դատախազի ասածը չանել։ Որ անի էլ, 2 տարին մի մեծ բան չէ», - ասելը հեշտ էր։
Ի՜նչ լաւ է, որ դու, Լուսինէ՛, չառնչուեցիր այդ բոլոր նողկալի երեւոյթներին։ Չնայած ո՞վ գիտէ... Միայն քսանութ տարի անց ես տեղեկացայ, որ նաեւ քեզ էին կանչել, քննել, վախեցրել ու թոյնով լց-րել իմ հանդէպ...
Գայեանէն պատմեց, որ դատախազը մի քանի հոգու ներկայութեամբ ասել է. «Գիտէ՞ք՝ քիչ ա-ռաջ ինչ վատ բան եմ արել ես»։ Դրանից իր հանդէպ ունեցածս արգահատանքի զգացողութիւնը միայն աւելացաւ։ Քոյրիկիս խնդրեցի իմ պահարանից Մարիամիկին վերադարձնել ինձ որպէս յիշա-տակ նուիրած մանուշակագոյն ասեղնագործ թաշկինակը, որ Մեծ Եղեռնից փրկուած իր տատիկի օ-րիորդական ժամանակուանից մնացած յիշատակ էր։ Խնդրեցի թեւ ու թիկունք լինել մայրիկիս։ Հին ընկերներիցս Վազգէն Կարախանեանից տեղեկացայ, որ կալանաւորուած են նաեւ Ազատն ու Աշո-տը։ Դա իմ ստացած ամենածանր հարուածն էր. ուրեմն գործող խորհրդի 5 անդամներիցս 3-ն արդէն կալանաւորուած էինք։ Դեռ չգիտէի, որ մի քանի ամսից մանր տնտեսական յանցագործութեան ¥պահեստում պակասորդի¤ մեղադրանքով կալանաւորելու են նաեւ խորհրդի անդամութեան թեկանածու Վազգէն Կարախանեանին, աւելի ուշ՝ Ռազմիկ Մարկոսեանին ու Անդ-րանիկ Մարգարեանին։ Այս եւ վերեւում նշածս բազմաթիւ անուններն այն օրերին, իհարկէ, քեզ անյայտ էին ու ոչինչ չէին ասի, բայց 70-ականներին նրանք բոլորն էլ յանուն Հայաստանի անկա-խութեան պայքարի մարտիկներ էին։ Նրանք, ինչպէս փոխանցավազքի ժամանակ ամէն մէկը, մեր ժողովրդի ազատագրական պայքարի դժուարին ճանապարհի իրեն վերապահուած հատուածն անցնելով՝ ազատութեան դրօշը փոխանցում էին յաջորդներին կամ առաւել տոկուններին։ Մինչեւ որ հասանք եզրագծին՝ մեր պետականութեան վերականգնմանը։
Դատաւորուհի Ստեփանեանը տառացի արտագրեց մեղադրական եզրակացութիւնը։ Ըստ էու-թեան դատ չկայացաւ։ Մերժեցին իմ բոլոր միջնորդութիւնները, ձեւականօրէն քննուեցին վկաներ, լսեցին ինձ եւ... դատապարտեցին 2 տարուայ ազատազրկման, որ պիտի անցկացնէի խիստ ռեժիմի պայմաններում։
Դատավճռի ընթերցումից յետոյ որեւէ մէկի հետ շփումն աւարտուեց։ Ինձ տեղափոխեցին մէկ այլ սենեակ։ Արգելքը, սակայն, վերաբերում էր բոլորին՝ Գայեանէից բացի։
- Դատավճիռը բողոքարկելո՞ւ ես, - հարցրեց նա։
- Չգիտեմ, - պատասխանեցի անորոշ։
- Անպայման փորձի՛ր։ Ոչինչ չես կորցնում, բայց կարող է մի բան ստացուի։
Ուզում էր օգտակար լինել՝ սկսած տրամադրութիւնս բարձրացնելուց, վերջացրած ինձ շոկոլադ հիւրասիրելով։ Եկաւ նաեւ այդ վերջին ջերմ րոպէներին հրաժեշտ տալու պահը... Առջեւում «գրկա-բաց եւ սրտատրոփ» սպասող քրէական, ապա քաղաքական բանտերի դռներն էին, իսկ դատարանի շէնքի մուտքի մօտ սպասում էր կալանաւորական «Վոռոն» բեռնատարը, որ «պատուոյ պահակնե-րի» ուղեկցութեամբ ինձ ապահով հասցրեց Երեւանի թիւ մէկ քննչական մեկուսարան։


ԳԼՈՒԽ ԺԶ
Կրկին «ՉէԿա»-յում՝ Պետական անվտանգութեան կոմիտէում

Ակնյայտ էր, որ կոմունիստներն ուզում էին ամէն կերպ մեկուսացնել ինձ եւ հասան դրան։ Այս-պիսի անհեթեթ մեղադրանքով կալանաւորելու հանգամանքից ելնելով՝ ենթադրում էի, որ ԱՄԿ գործով այդքան կալանաւորուածների մէջ ինձ մատնողներ, իմ ղեկավար դերի մասին ցուցմունք տուողներ եւ կալանաւորելու հիմք տուողներ չկան։ Բայց ՊԱԿ-ը, հաւանաբար, ձեռք էր բերել կողմ-նակի կամ, ինչպէս ասում են, անուղղակի օպերատիւ ապացոյցներ։
Այդ դատավարութիւնից մէկ օր անց ինձ տեղափոխեցին Պետական անվտանգութեան կոմիտէի բանտ, ուր քննում էին նախ որպէս վկայ Ռուբէն Խաչատրեանի գործով, իսկ որոշ ժամանակ անց որպէս Հայաստանի անկախութեան կազմակերպուած պայքարի ղեկավար։ Որեւէ ցուցմունք տալուց հրաժարուելով` պահանջեցի տալ օրէնքով նախատեսուած կէսժամեայ տեսակցութիւնը։ Ինձ համար շատ որոշակի էր, որ երկու տարուայ ազատազրկման ժամկէտը ՊԱԿ-ին քիչ է թւում։ Ազատուելու եւ քեզ գոնէ երկու տարի յետոյ տեսնելու յոյսը անէանում էր, Լուսինէ՛։ Տեսակցութիւն ստացայ, բայց հասկանում ես, որ չէի կարող քեզ վտանգելով քոյրերիս որեւէ բան ասել քո մասին։ Այդ տեսակցութեան ժամանակ էր, որ փոխանցեցի «Փարոս 3»-ի յանձնարարականը։ Չնայած Մոսկուայի հայաստանեան դրածոներն ու կամակատարները շատ աւելի ծանր պատիժ էին նախա-պատրաստում եւ կարող էին նոյնիսկ ռեցիդիվիստ ճանաչել, բայց բարոյապէս ինձ համար անհամեմատ աւելի հեշտ էր. ես իմ պայքարի անմիջական միջավայրում էի՝ ՊԱԿ-ի հետ դէմ յանդի-ման։

1974 թուականի հոկտեմբերնոյեմբեր ամիսներին ինձ կրկին դատեցին, այս անգամ արդէն հա-կասովետական գործունէութեան համար։ Դատախազ Խուդոյեանը ՊԱԿ-ի հրամանով պահանջեց ինձ ճանաչել ռեցիդիվիստ եւ դատապարտել 10 տարուայ ազատազրկման եւ 4 տարուայ աքսորի։ Ընդմիջման ժամանակ մօտեցաւ ինձ եւ ասաց, որ դատաւոր Դանիէլեանի հետ խօսել է ինձ ռեցիդի-վիստ չճանաչելու եւ պակաս դատապարտելու մասին։ Ես խնդիր չունէի։ Արդէն տրամադրել էի ինձ ամենավատին եւ ինչպէս իմ վերջին խօսքում էի ասել. «Որքան շատ տարիների դատապարտուեմ ես, այնքան թոյլ էք դուք, եւ նոյնքան ուժեղ՝ ես»։ Դատախազի պահանջից յետոյ դահլիճում գտնուողները չկարողացան զսպել իրենց յուզումը։ Ախր, ոչ մի իրական ապացոյց չկար, իսկ ակնյայտօրէն ինքնատիրապետումը կորցրած վկայ Ռուբէնը կիսատ-պռատ ցուցմունքներ էր տալիս այն մասին միայն, որ իրեն թւում է, թէ ինչպէս իր հետ, այդպէս էլ Ազատի, Աշոտի ու Անդրանիկի հետ եմ ես աշխատել, խորհուրդներ տուել, թէ ինչպէս գործել եւ ՊԱԿ ընկնելու դէպքում ինչպէս պահել իրենց։ Որպէս վկայ քննուած եւ դատաւորից դատարանի դահլիճում լինելու թոյլտուութիւն ստացած Ելենա Սիրոտենկօն չկար։ Ո՞ւմ մտքով կանցնէր, որ նրան վարչական կալանքի էին ենթարկել դատարանից մոսկովեան այլախոհական շրջանակներին լուրեր փոխանցելու մեղադրանքով։ Քոյրերս աղիողորմ լալիս էին, նրանց հետ էր վշտացած, սակայն ինքնատիրապետումը կատարելապէս պահապանած Ստեփան Զատիկեանը։ Անձայն աչքերն էին սրբում որպէս ԱՄԿ-ականներ պինդ լինելու պարտաւորուած Սուսաննան, Անահիտը, Ջուլիետան, Արշալոյսը, Մարթան, Կարինէ Արշակեանը։ Վերջինիս կորուստը կրկնակի էր։ Կալանաւորուածներ՝ ԱՄԿ խորհրդի անդամ Ազատ Արշակեանն իր ամուսինն էր, իսկ խորհրդի միւս անդամ Աշոտ Նաւասարդեանը՝ հարազատ եղբայրը։ Յակոբջանը դատարանի դահլիճից դուրս գալիս ասես կենդանի մեռեալ լինէր։ Նա դրսում մնացած ԱՄԿ խորհրդի միակ ներկայացուցիչն էր։ Դատարաններում ընդունուած է ոգեւորել, խանդավառել, յոյս տալ կալանաւորին, բայց դատախազի պահանջը նշանակում էր դանդաղ մահ։ Այս բանը գիտակցող ընկերներս ասելու խօսք չունէին։ Մայրիկիս վիճակն էր շատ վատ։ Ոստիկանների պահանջով դահլիճը պէտք է դատարկուէր, բայց ինքը քայլել չէր կարողանում։ Ցածրաձայն, առանց որեւէ խօսք ասելու, աչքերը կծկած ողբում էր եւ հայրիկիս թեւին յենուած, գրեթէ անզգայացած՝ դանդաղ ընթանում դէպի դուռը։ Ոստիկաններն ու զինուորները, հաւանաբար, մտնելով նրա վիճակի մէջ, չէին արագացնում։ «Մա՛, մայրի՛կ, լսո՞ւմ ես ինձ, - փորձեցի ոգի տալ ես, - ամէն ինչ շատ լաւ է։ Լսո՞ւմ ես։ Ես սպասում էի, որ ինձ գնդակահարութիւն են տալու, իսկ սրանք ընդամէնը տաս տարի են տալիս։ Լսո՞ւմ ես, մա՛, ես շատ ուրախ եմ»։ Միայն մի պահ աչքերը բացեց, փորձեց ժպտալ, բայց չկարողացաւ։ «Տղա՛ս, ես մամային հոգ կտանեմ, դու քեզ հետեւիր», - ինձ դիմեց երկու քարի արանքում յայտնուած հայրս։ Երբ նրանց յետեւից դուռը փակեցին, լսեցի մայրիկիս ողբաձայն հեկեկոցը։ Պարզւում է, դահլիճում իրեն զսպում էր, որպէսզի իմ ներկայութեամբ լաց լինելով ինձ չյուզէր ու դրանից աւելի էր վատացել։ Յետոյ իմացայ, որ դատարանի ու դատախազութեան աշխատակիցներն են եղել առաջին օգնութիւն ցոյց տուողները։ Նրա կեանքը մեծ դժուարութեամբ են կարողացել փրկել։ Լեզուն կուլ էր գնացել։ Հայրս ստիպուած էր եղել բերանը բացելու եւ լեզուն քաշելու համար ուժ գործադրել ու կոտրել էր առջեւի ատամները։ Այս բոլորն ամենայն մանրամասնութեամբ պատմում էր հարազատներիս օգնած, այն ժամանակ ինձ անծանօթ, սակայն 1987 թուականին ընտանիքով ԱԻՄ-ին անդամագրուած Ջանփոլադ Միրզոյեանը։ Նրա աւագ որդին՝ Գեւորգ Միրզոյեանը, 1987-1992 թուերի ամենագործուն անկախականներից էր։
Դատավարութեան ընթացքին հետեւում էր քաղաքական աշխարհը։ Հայ մտաւորականութեան կատարեալ անտարբերութեան պայմաններում Սախարովի խնդրանքով Մոսկուայից Երեւան էին ժամանել եւ երկու օր դատական նիստին կարողացան ներկայ գտնուել Եուրի Օռլովն ու Տատեանա Խոդորովիչը։ Սախարովը իմ պաշտպանութեամբ հանդէս էր եկել «Նիւ Եօրք թայմս»-ում։ Դատավարութիւնից անմիջապէս յետոյ Նիւ Եօրքում ռուսերէնով լոյս է տեսնում «Պարոյր Հայրիկեանի գործը» գիրքը։
1961 թուականից գործող Քրէական դատավարութեան օրէնսգրքով փակ դատ կարող էր լինել բացառիկ դէպքերում եւ Քրէական օրէնսգրքի որոշակի յօդուածներով։ Իմ յօդուածները՝ 65-ի երկրորդ մաս եւ 67` դռնփակ դատական նիստ չէին նախատեսում։ Սակայն ՊԱԿ-ի համար օրէնքն ի՞նչ էր։ Դրսում ՊԱԿ-ի աշխատակիցներն իրենց կարգ ու կանոնն էին հաստատում։ Առաջին նիստի ժամանակ ես քոյրերիս խնդրեցի դուրս գալ դահլիճից եւ ներս գալ միայն այն ժամանակ, երբ բոլոր կամեցողները ներս մտած կլինեն։ Դատական նիստից առաջ, եթէ քոյրերս դահլիճում չէին լինում, ես դատաւորին ասում էի, որ կխանգարեմ դատավարութիւնը, քանի որ օրէնքի խախտումով դռնփակ դատավարութիւն են իրականացնում։ «Սա դռնբաց նիստ է», - պատասխանում էր դատաւորը։ «Այդ դէպքում թող թոյլ տան ներս գալ քոյրերիս»։ Դատաւորը ոստիկաններին կարգադրում էր ներս թողնել ամբաստանեալի քոյրերին։ «Չեն գալիս», - բացատրում էր ոստիկանը։ «Ինչո՞ւ»։ «Էլի մարդիկ կան։ Ասում են, մինչեւ նրանց ներս չթողնէք, չենք գայ», - պատասխանում էր ոստիկանը։ «Ո՞վ է ներս չթողնողը. դատարանում դատաւորից վեր մարդի՞կ կան։ Էլ ի՞նչ դատ», - պոռթկում էի ես։ «Ներս թողէք բոլորին», - կարգադրում էր դատաւորը։ «Ընկե՛ր դատաւոր, շատ են, չեն տեղաւորուի», - բացատրում էր ոստիկանը։ «Ամբաստանեա՛լ Հայրիկեան, դահլիճը բոլորին տեղաւորել չի կարող։ Ասէք այն մարդկանց անունները, ում ուզում էք ներս հրաւիրել»։ Այդպէս ինձ յաջողւում էր դատավարութիւնը կիսաբաց դարձնել։ Եուրի Օռլովն իր յուշերում միամտաբար գրում է, թէ իրեն դատարանի դահլիճ էին թողել ակադեմիկոսի իր վկայականի ուժով։ Տեղեակ չէ, որ տաստասնհինգ րոպէ դատաւորի հետ բանակցել եմ, սպառնացել հրաժարուել դատավարութիւնից մինչեւ որ նրան եւ Տատեանա Խոդորովիչին ներս թողեցին։
Դատավարութեան առաջին օրը պարզում են նաեւ փաստաբանի հարցը։ Ես յայտարարեցի, որ ակադեմիկոս Սախարովին եմ հրաւիրում որպէս փաստաբան։ Օրէնքը որեւէ արգելք չէր նախատեսում։ Դատաւոր Դանիէլեանը, հաւանաբար ՊԱԿ-ի յուշարարութեամբ ազդարարեց. «Դատարանը պարտաւոր չէ հրաւիրել Ձեզ ցանկալի դատապաշտպանին։ Դուք պէտք է հրաւիրէք Սախարովին», այսինքն՝ չառարկեց։ Որպէս վկայ Մոսկուայից հրաւիրուած Ելենան անմիջապէս փոխանցել էր ցանկութիւնս։ Երբ ես իմացայ, որ ժամանել են Սախարովի ներկայացուցիչները, դատաւորին յիշեցրի իր խօսքերը։ Նրա առաջին հարցն էր. «Ի՞նչ իմացաք, որ եկել են»։ «Եկել են եւ դրսում են», - չպատասխանեցի իր հարցին։ «Բայց դահլիճում տեղ չկայ», - փրփուրներից կախուեց դատաւորը։ Այդ ժամանակ քոյրերս ասացին՝ մենք դուրս կգանք, թող մեր փոխարէն նրանք ներս գան։ Այդպէս միջազգային հանրութեան հետ ուղղակի կապ պահպանելու առաքելութիւն ունեցող մեր ռուս բարեկամները դատավարութեանը անմիջականօրէն մասնակցելու հնարաւորութիւն ստացան։
Պարզուեց, որ Խուդոյեանի արտայայտած համակրանքը կեղծ չէր։ Չէր ստել, եւ ինձ ռեցիդիվիստ՝ կրկնայանցագործ, չճանաչեցին. դատապարտեցին 7 տարուայ ազատազրկման խիստ ռեժիմի կալանավայրում եւ 3 տարուայ աքսորի։
Նոյնքան ժամկէտով եւ նոյնպիսի կալանքի այլ գործերով դատապարտուեցին Ազատ Արշակեանը, Ռազմիկ Զոհրաբեանը, մի փոքր պակաս՝ աքսորը երկու տարի՝ Աշոտ Նաւասարդեանը։ Չորս տարի ազատազրկում եւ երկու տարի աքսոր ստացած Ռազմիկ Մարկոսեանը։ Միւսներին դատապարտեցին չորսից պակաս տարիների։ Ամենավերջինը դատուեց Անդրանիկ Մարգարեանը։ Նրա վերաբերեալ գրեթէ ոչ մի փաստ չունէին. միայն որոշ ինքնախոստովանութիւններ, բայց երկուսուկէս տարուայ ազատազրկման դատապարտեցին։ ԱՄԿ-ը վերացնելու խնդրով գլուխները կորցրած ՊԱԿ-ը մի տարուայ ընթացքում նոյն կազմակերպութեան գործով տասներկու դատավարութիւն անցկացրեց։ Դա աննախադէպ բան էր խորհրդային կայսրութեան վերջին տասնամեակների պատմութիւնում։ Դրանով կոմունիստները փաստօրէն ընդունում էին կազմակերպուած եւ հզօր անկախական շարժման՝ ընդդիմութեան գոյութիւնը Հայաստանում։ Իրենցից առաջ դա մենք էինք հասկացել եւ դեռեւս ՊԱԿ-ի բանտում սկսեցինք հաւաքականօրէն քաղաքական, մասնաւորապէս անկախութեան հանրաքուէ անցկացնելու, որպէս արդար հանրաքուէի անցկացման նախապայման քաղկալանաւորներին ազատ արձակելու, իրաւապահների կողմից գրանցած անկախութեան հանրաքուէի կազմակերպութիւնը՝ ԱՄԿ-ն, պաշտօնապէս գրանցելու եւ յանուն անկախութեան քարոզչութեան իրաւունքով օժտելու վերաբերեալ պահանջներ ներկայացնել։ Այդ պահանջներն ուղեկցում էինք համատեղ հացադուլներով։
Գրում եմ ու մտածում, արդեօ՞ք քեզ հետաքրքիր է այս ամէնը։ Բայց չգրել գոնէ որոշ մանրամասնութիւններ, նշանակում է շարունակել քեզ անյայտութեան մէջ պահել։ Բացի այդ, եթէ չգրել այսօր, ապա ե՞րբ։ Չէ՞ որ 1973-74 թուականներին խորհրդի հինգ անդամներից երկուսը՝ 1950 թուականին ծնուած Աշոտ Նաւասարդեանն ու 1949 թուականին ծնուած Յակոբջան Թադեւոսեանն արդէն չկան։ ՊԱԿ-ի կողմից երկրորդ անգամ կալանաւորուելու «երջանկութիւնից» խուսափած Յակոբջան Թադեւոսեանը «պատիւ ունեցաւ» կալանավայրում յայտնուել ՀՀՇ իշխանութիւնների հոգածութեամբ. 1990 թուականին Յակոբջանին ծանօթ ինչ-որ «կռուող տղերք» Ադրբէջան գնացող մի վագոն էին թալանել։ Դա առիթ դարձրին նրան բանտ տանելու եւ տեւական տառապանքների ու տուայտանքների մատնելու համար։ Յակոբջանը անկախ Հայաստանի կալանավայրից հիւծուած ու հոգեպէս ուժասպառ դուրս գալուց երկու տարի անց մահացաւ երկարատեւ ու ծանր հիւանդութիւնից, իսկ քառասունութամեայ Աշոտ ՆաւասարդԵանը յանկարծամահ եղաւ։
Նախաքննութեան սկզբում ԱՄԿ անդամներս ապացուցում էինք, որ կապ չունենք ԱՄԿ գործերի ու կազմակերպութեան հետ, իսկ չէկիստները ձգտում էին ապացուցել հակառակը, որ մենք հէնց ԱՄԿ-ն ենք։ Հասկանալով, որ սա մեր անաւարտ գործն ինչ-որ հանգրուանի հասցնելու վերջին հնարաւորութիւնն է, փոխեցինք մեր մարտավարութիւնը եւ սկսեցինք խոստովանել, որ բոլորս էլ ԱՄԿ-ական ենք։ Չէկիստներն այնպէս էին գլուխները կորցրել ուրախութիւնից, որ չմտածեցին, թէ այս ինչպէ՞ս պատահեց, որ տարբեր խցերում մեկուսացուած յամառ մարդիկ յանկարծ միաժամանակ որոշեցին հանդէս գալ խոստովանութեամբ։ Փոխգնդապետ Ծատուրեանը հերթական հարցաքննութեան ժամանակ հպարտութեամբ տեղեկացրեց, որ Մոսկուայից իրեն գնդապետի աստիճան են տուել։ Դա իհարկէ, ԱՄԿ-ն բացայայտելու վարձատրութիւնն էր, բայց նրանք դեռ չգիտէին, թէ ինչեր էինք նախապատրաստել իրենց համար։
Մերոնց ես էի կարգադրել ցուցմունքներ տալ ԱՄԿ-ի հետ վերացական կապ ունենալու մասին։ Վերացականութիւնը պէտք էր այն բանի համար, որ որեւէ մէկի գործը որպէս կազմակերպիչպատասխանատու չբարդանար, եւ արտայայտւում էր նրանով, որ ԱՄԿ անունից հանդէս գալը հիմնաւորում էին «Փարոս 2»-ի կոչին հետեւելու փաստով։ Սկզբից անհանգստանում էի, որ որոշ կալանաւորուածներ, մինչեւ ՊԱԿ-ում յայտնուելը, անմիջականօրէն ինձ հետ կապուած չլինելով, չեն ենթարկուի ու չեն անի ասածներս, բայց ՊԱԿ-ն ակամայ լուծել էր այդ հարցը։ Բոլոր կալանաւորուածներին հարցաքննութիւնների նախնական փուլում ասել էին, որ գիտեն, թէ ով է կազմակերպութեան ղեկավարը եւ լաւ գովազդել էին։ ՊԱԿ-ը իմ զինակիցներին բացատրել էր, որ նրանք զուր են թաքցնում իրական ղեկավարին, որ իմ մասին իրենք արդէն գիտեն։ Իրականում շարքային ԱՄԿ-ականները չգիտէին եւ միայն կարող էին ենթադրել, որ այն Հայրիկեանը, ով արդէն մէկ անգամ չորս տարով եղել էր քաղկալանավայրում, ում կալանաւորական յուշերն ու գրառումները բաժանւում էին որպէս ընթերցանիւթ, ում ազատասիրական, հայրենասիրական երգերի իմացութիւնը գրեթէ պարտադիր էր ԱՄԿ-ականների համար, ԱՄԿ ղեկավարն է։ Չէկիստներն էլ, նախնական փուլում պատկերացում չունենալով մեր ներկազմակերպական կառոյցի մասին, ակնկալում էին, որ երկարատեւ կալանքի սպառնալիքի պայմաններում մէկն ու մէկը վերջապէս ցուցմունք կտայ իմ դէմ։ Բոլորին հարցաքննում էին ինձ հետ ունեցած ծանօթութեան, ինձնից ստացած հրահանգների, գոնէ խորհուրդների մասին։ ՊԱԿ-ը կարծում էր, թէ իմ մասին լռող կալանաւորուածները պարզապէս դիմադրում են։ Այնինչ հիմնական մասը անձամբ ծանօթ էլ չէր ինձ հետ, սակայն նրանք ՊԱԿ-ի օգնութեամբ եկել էին այն համոզման, որ ես իրենց ընդհանուր ղեկավարն եմ։ Դրա շնորհիւ բոլոր կալանաւորուածները, առաջնորդուելով ԱՄԿ կարգապահական կանոններով, անվերապահօրէն ենթարկուեցին ինձ՝ իրենց անմիջական ղեկավարների ղեկավարին։ Կրկնում եմ, նպաստում էր նաեւ այն, որ նրանք մինչեւ կալանաւորուելը գիտէին իմ մասին, կարդացել էին իմ յուշագրութիւնները եւ, ամենակարեւորը, գիտէին երգերս.

«Հայ ենք մենք, հայ ենք մենք՝ հա՛յ, հա՛յ, հա՛յ,
Լինենք զինուոր երկրին պաշտպան...»

«Կրկին ոտքի՛, կրկին ոտքի՛, հայորդինե՛ր...
Պայքարն է լոկ վճիռը մեր, վճիռը մեր
Եւ այդ կռւում` մենք անվարան ու անվեհեր...»։

Երբ իրենց յաջողութիւնից երջանկացած չէկիստները արձանագրեցին բոլորիս պատկանելութիւնը Հայաստանի անկախութեանը` հանրաքուէի միջոցով ձգտող կազմակերպութեանը, մենք յայտարարեցինք, որ ազատ խօսքը հետապնդող իշխանութիւնների մեղքով ընդյատակում գտնուող ԱՄԿ-ի բացայայտ գործող անդամներն ենք եւ սկսեցինք հանդէս գալ տարբեր քաղաքական պահանջներով։
Առաջին մէկօրեայ հացադուլն արեցինք յունիսին։ Քանի որ նոյն բովանդակութեան մի եռօրեայ հացադուլ էլ նախատեսում էինք օգոստոսի 11-ից եւ չէինք ուզում ՊԱԿ-ին զգացնել տալ, որ կայուն կապ ունենք իրար հետ, պայմանաւորուեցինք, որ միայն այն ԱՄԿ-ականներն են հացադուլ անելու, ում խցերը միջանցքի իմ կողմում են։ Այդ բանն անում էինք այն նկատառումով, որ վերլուծելիս չէկիստները ենթադրէին, որ մենք կապ չունենք իրար հետ, այլ ուղղակի լուսամուտներից ենք իրար փոխանցել հացադուլ անելու որոշումը։ «Եթէ կապ ունենային, ինչպէ՞ս կարող էր պատահել, որ Ազատն ու Աշոտը չմասնակցէին հացադուլին», - այդպէս պիտի մտածէին չէկիստները ու չխստացնէին մեր վերահսկողութիւնը, չտեղափոխէին մեզ օգնող հսկիչներին։ Սակայն այդ բանը եղաւ երկու ամիս անց։ Հայ հսկիչներին Ռուսաստանից բերած հսկիչներով փոխարինեցին օգոստոսի հացադուլից յետոյ։

ԳԼՈՒԽ ԺԷ
Գրում եմ, ուրեմն ապրում եմ, կամ

Ալեոշա անունով մի հսկիչ կար, որ վատ մարդ չէր, բայց հերթափոխի պետ դառնալուց յետոյ իրեն չափազանց խիստ էր պահում մեր հանդէպ։ Յունիսի հացադուլի նախորդ օրը իր հերթափոխն էր։ Կանչեցի եւ մի դիմում տուեցի իր անունով (սովորաբար հերթափոխի պետին դիմում չեն գրում), որում տեղեկացնելով յաջորդ օրը հետեւեալ պահանջներով (նշել էի, որոնք են) հացադուլ անելու որոշմանս մասին՝ խնդրում էի միւս խցերում գտնուող բոլոր նրանց, ովքեր իրենց ԱՄԿ-ական են համարում, տեղեկացնել, որպէսզի նրանք էլ ցանկութեան դէպքում ինձ հետ հանդէս գան։ Մի քանի րոպէից բացեց ճաշադռնակը. «Ուրեմն դու հաւատո՞ւմ ես, որ ես էսպիսի բան կանեմ», - հարցրեց ինքնավստահ։ «Դէ, ես քեզ գրել եմ. դու ոնց յարմար ես գտնում, էդպէս էլ արա», - պատասխանեցի ես։ «Դու մեզ ինչի՞ տեղ ես դրել», - վրդովուեց Ալեոշը։ Նրա կարգադրութեամբ հերթապահող հսկիչը փակեց ճաշադռնակը, բայց մի քանի րոպէից կրկին իմ խցի դռան մօտ էին։ Ալեոշն ինչոր բան էր կասկածել։ «Ետ վերցրո՛ւ դիմումդ»։ «Ինչի՞ յետ վերցնեմ, քեզ եմ գրել, դա արդէն քո դիմումն է։ Ինչ կուզես արա, բայց ճիշտ կլինի, որ տղերքին տաս կարդան»։ «Արա սա փորձանք ա։ Ի՞նչ տղերք։ Էստեղ քեզնից բացի ուրիշ մարդ չկայ»։ «Ո՞նց չկայ, բա...»։ «Փակի՛, - ընդհատելով ինձ՝ կարգադրեց հսկիչին եւ դիմումս ճաշադռնակից ներս նետեց»։ Յաջորդ օրը հացադուլի առիթով ինձ կանչեցին պետի մօտ։ Այդպիսի բան ՊԱԿ-ի պատմութեան մէջ չէր եղել։ Միաժամանակ նոյն բովանդակութեան եօթ դիմում էին ստացել ու բողոքի հացադուլ յայտարարել։ Իրար էին անցել։ Չէ՞ որ նաեւ մոսկովեան տէրերին պիտի զեկուցէին։ Ի՞նչ ասէին։
Բանտի պետ մայեոր Սիրունեանը հեռուից սկսեց, բայց վերջում հասաւ նրան, թէ ինչպէ՞ս եմ միւս խցեր փոխանցել։ «Ուրեմն ինձ հետ էլի՞ մարդ կայ անող»։ «Չէ, չեն անում, - փորձեց ինձնից թաքցնել, բայց այդպէս էլ հարցի մէջ խորանալ չէր կարող, - պարզապէս հետաքրքրւում են»։ «Վա՛հ, ինչ հետաքրքիր է, - իբր ինքս ինձ խօսեցի ես, - ուրեմն դա կարգին մարդ է։ Միայն իրեն էի դիմել, որ միւսներին փոխանցի։ Ասում էր՝ չեմ անի, բայց արել է»։ «Ո՞ւմ», - համակ լարուածութիւն էր դարձել բանտապետը։ «Ի՞նչ կարեւոր է։ Ես պաշտօնական դիմում եմ գրել»։
Ալեոշը մի քանի օր չերեւաց։ Երեւի կասկածելիների ցուցակում էր յայտնուել։ Եթէ ուրիշ ոչինչ, ապա ՊԱԿ-ի հերթապահ հարցը կար ու կար` «Ինչո՞ւ քեզ եւ ոչ ուրիշին»։ Ալեոշն յայտնուեց անակնկալ։ Ինքն անձամբ բացեց խցիս դռան ճաշադռնակը եւ ինձ մօտ կանչեց։ Շատ մօտ էր կանգնել. գլխով համարեա ներս էր կախուել։ Վերեւից ճաշադռնակի անցքով աջ ու ձախ նայելով ինչոր մէկի կօշիկի ծայրերը տեսայ։ Ուրեմն թաքնուած ուզում են լսել, թէ ինչ եմ խօսելու այս խեղճի հետ։
- Լսի, ի՞նչի ես էդպիսի բան անում։ Չէ՞ որ ընտանիք ունենք, երեխէք։ Ինչո՞ւ ես տուններս քանդում։
- Ալեոշ ջան, ի՞նչ է եղել, - իբրեւ թէ չհասկանալով հարցրի ես։
- Ի՞նչ պիտի լինի։ Ի՞նչի ես ասում, թէ հացադուլի մասին իմ միջոցով ես փոխանցել։ Ի՞նչի ճիշտը չես ասում։
- Ալեոշ ջան, հացադուլի մասին կարամ ասեմ, որ լուսամուտից եմ ասել, բայց դիմումի բովանդակութիւնը ո՞նց ասեմ, թէ լուսամուտից եմ ասել։ Բայց նշան չունի, - իր զարմացական հայեացքի տակ իր բառապաշարով շարունակեցի, - ախպեր ջան, դու ասա, թէ ոնց ա պէտք սրանից յետոյ ասեմ, ասա, ըտենց էլ կանեմ։ Ես քեզ էնքան շնորհակալ եմ, որ մենակ թէ դու ասա, քեզ համար ինչն ա ճիշտ։
Այլեւս իրեն տիրապետել չկարողացաւ։ Չրխկոցով փակեց ճաշադռնակը։ Դրանից յետոյ աշխատում էր, որքան կարելի է հեռու մնալ ինձնից, կամ այդպէս յանձնարարել էին։
Այսպիսի զաւեշտական իրավիճակները մեղմում էին բանտի գորշութիւնը, բայց ես մխիթարութիւն գտնում էի հիմնականում ստեղծագործելու մէջ։ Բոլոր ձեռագրերս հաւաքում էին։ Բանաստեղծութիւնները յետոյ վերարտադրել դժուարանում էի, սակայն երգերը յիշւում էին։ Այդ ամիսներին ծնուեցին «Անկախականների օրհներգը», «Զինուորի աղօթքը», Տէրեանի «Մի՞թէ վերջին»-ի ու Վարուժանի «Ձօն»-ի բառերով գրածս երգերը.

«Մենք ուզում ենք, որ անկախ լինի Հայքը,
Որ ոչ մի հայ է՛լ պանդուխտ չլինի,
Հայրենիքի սիրով վանում ենք ահը,
Որ երկիրը մեր միշտ ազատ լինի...
Դէ եկէ՛ք, եղբայրնե՛ր, մենք միանանք,
Միասնութեամբ ենք անպարտ մենք։
Հայրենեաց սուրբ սիրով մենք վեհանանք,
Հայաստանն ազատենք»։

«Ես հայրենիքիս փրկութեան ելքն եմ փնտրում,
Իսկ դու ինձ անափ օվկիանն ես նետում...»։

Քեզ երեւի առաւել հասկանալի կամ հարազատ կլինի իմ «Տխուր է մենակ այս բանտում, Ցաւ ու կսկիծ է ամէն օր» երգը` իր «Թէ քեզ չի այրում նոյն վիշտը, կապող յուշերը կխամրեն...» տողերով։
Ամենամեծ գործն, իհարկէ, ԱՄԿ երկրորդ ծրագիրկանոնադրութեան պատրաստումն էր, որ դրսում եղած ժամանակ չէինք հասցրել աւարտել։ Մաս առ մաս գրելով՝ փոխանցում էի Աշոտին ու Ազատին, ստանում իրենց նկատառումները եւ վերջնական խմբագրում։ Որպէսզի ժամանակ առ ժամանակ խուցս խուզարկող չէկիստները չհասկանային, թէ ինչ եմ գրում, ասում էի, որ օրէնքով թոյլատրուող նշումներ են իմ գործի վերաբերեալ։ Իսկ ինչ վերաբերում է անհասկանալի լեզուին, ես ասում էի՝ ինձ համար եմ գրում, դուք ինչո՞ւ պէտք է հասկանաք։ Գրում էի հայատառ լատիշերէնով, որի ձայնաւորները հիմնականում սղում էի։ Օգտագործում էի երեքից հինգ տոկոս գերմաներէն, լիտուերէն եւ եբրայերէն, մօտ տաս տոկոս ֆրանսերէն բառեր, շուրջ քսանական տոկոս ռուսական ու լատիշական բառեր եւ հայկական բառեր՝ առանց ձայնաւորների։ Ամէն մարդ իր լեզուամտածողութիւնն ունի եւ եթէ նոյնիսկ գտնէի մէկին, որ իմ չափով գիտենար իմացածս լեզուները, միեւնոյն է, մեր բառապաշարները չէին նոյնանայ. իմ գրածը միայն ինձ համար էր։ Այդպէս նախապատրաստում էի վերջում հայերէնով մաքրագրելու համար։ Թղթերը հաշուով էին տալիս եւ երկու օրը մէկ ստուգում էին քանակը։ Դա էլ խնդիր էր, որ յաղթահարում էի մեր դաշնակիցը դարձած մի քանի հսկիչների միջոցով։ Երեւի ժամանակն է այդ ազգասէր ու ազատասէր, սակայն պատահականօրէն չէկայում աշխատող մարդկանց անունները գրելու, բայց առանց իրենց հետ համաձայնեցնելու, իհարկէ, չեմ անի։ Բանտում նորմալ մարդն ազատուելու, գործը մեղմելու խնդիրների մասին է մտածում, իսկ մերոնց համար, սա նոյնպէս աննախադէպ դրսեւում էր. միայն մի խնդիր կար՝ հայ ժողովրդի ազատագրումր։ Բանտում պայքարն աւարտուած չէինք համարում։ Ցաւօք սրտի, այդ «ԱՄԿ Ծրագիր, Կանոնադրութիւն եւ Պարագայք» հանրագումար փաստաթուղթը դուրս ուղարկելու ճանապարհին ընկաւ չէկիստների ձեռքը եւ հրապարակուեց միայն 1991 թուականին։ Սակայն նրա առանցքային մասերը ինձ յաջողուեց 1976 թուականին «ԱՄԿ-ն իր գոյութեան 10-րդ տարում» յօդուածաշարի տեսքով գրի առնել եւ այն տարիների ԱՄԿ բացառիկ նուիրեալ Անահիտ Կիրակոսեանի միջոցով ուղակել դուրս։ Թէ ինչպէս յաջողուեց այդ ամէնն անել հեռաւոր Մորդովիայից ՊԱԿ-ի գնդապետ Դրոտենկոյի ու իր աչալուրջ օգնականների հսկողութեան պայմաններում, յատուկ պատմութիւն է, եւ դրա ամբողջական մատուցումը՝ ապագայի խնդիր։ Անահիտը եկաւ, որպէս մտերիմ ընկերուհի, ու Դրոտենկօն թոյլ տուեց, որ իր աշխատասենեակում իր ներկայութեամբ երկու ժամ զրուցենք։ Այդ տեսակցութիւնից առաջ ինձ լրիւ մերկացրել ու խուզարկել էին, բայց կեանքում անկարելի ոչինչ չկայ, եթէ գործդ աստուածահաճոյ է։ Իննսունական թուականներին այդ փաստաթուղթը կարողացանք վերականգնել շնորհիւ ռուսերէն թարգմանութեան, որ ձեռք բերուեց Միւնխէնում գտնուող «Սամիզդատ»-ի գրապահոցից։

ԳԼՈՒԽ ԺԸ
Վերադարձ «Գուլագ»

Առաջին կալանքիս տարիների նման ինձ տարան Ռուսաստան՝ այն ճամբարը, որից ազատուել էի մէկուկէս տարի առաջ։ Իմ բախտը բերեց. որպէսզի ճանապարհից նամակներ ու յանձնարարականներ չուղարկեմ, յատուկ պահակախմբով եւ օդանաւով տարան։ Երեք օրից Մորդովիայի Բարաշեւօ գիւղի ԺԽ 395 համակարգի համար 3-5 կալանավայրում էի։ Աշոտի տեղափոխումը կալանաւորական վագոնով մէկուկէս ամիս էր տեւել եւ ուղեկցուել էր խոշտանգումներով։
Աշոտին հանդիպեցի Երեւանի ՊԱԿ-ում 1976 թուականի աշնանը։ Դրանից առաջ հանդիպել էի Ազատին։ ՊԱԿ-ն ուզում էր ինձ հետ լուրջ խօսել։ Քանի որ ես իրենց հետ խօսելու բան չունէի, առաջարկեցի խորհրդային իրականութեան պայմաններում աննախադէպ մի բան. «Ձեզ հետ կխօսեմ Ազատի եւ Աշոտի հետ հանդիպում տալու դէպքում»։ Եւ չէկիստները գնացին դրան։ Կրկին ինքնաթիռով ինձ տեղափոխեցին Հայաստանի ՊԱԿ-ի բանտ։ Ամէն կերպ համոզում էին շուտ ազատուել կալանավայրից. Գորբաչովի ութսունականներին սկսած պերեստրոյկայի նախատիպն էր։ Հաւանաբար հասկացել էին, որ իրենց էլ ձեռնտու չէր ԱՄԿ գոյութեան հաստատումը կալանաւորների միջոցով։ Հելսինկեան համաձայնագիրն էլ նոր խնդիրների առաջ էր կանգնեցնում։ Բայց մեզ հետաքրքրողը ոչ թէ մեր, այլ Հայաստանի ազատագրումն էր, ուստի հիմնական մասով հրաժարուեցինք փոխզիջումներից։
Աշոտի առողջականը շատ վատ էր։ Ամիսներ պառկել էր հիւանդանոցում։ Պայմանաւորուեցինք, որ ինքը առանց որեւէ ներման դիմումի պիտի համաձայնի ազատուել, եթէ կառաջարկեն, իսկ ես կտրուկ ընդհատեցի խօսակցութիւններս եւ ստիպեցի ինձ անմիջապէս ետ ուղարկել։ Դա իմ կեանքի ամենատխուր շրջանն էր։ Կամաւոր հրաժարւում էի ազատութիւնից՝ յանուն անորոշ հեռուներում գտնուող բարձր գաղափարների։ Այդ օրերին էլ գրեցի Աշոտ Նաւասարդեանին եւ նրա ընկերուհուն (հետագայում կնոջը)՝ Յասմիկին նուիրուած իմ թերեւս ամենատխուր «Հարսանեկան օրհներգ» երգը, որի կրկներգն է.

«... Թէ մեզ էլ մէկ-մէկ
Յիշէք ու տխրէք,
Կենացներ խմէք։
Գինով թասը՝ ձեզ,
Դառնութիւնը՝ մեզ...
Ձեր ուրախութիւնն էլ՝ մեզ...»։

Ես չէկիստներին ասացի, որ եթէ ինձ թոյլ չեն տալու անկախութեան օգտին գործունէութիւնը շարունակել, ինձ ազատութիւն պէտք չէ, եւ ես իրենց հետ խօսելիք չունեմ։ Բերանս ապակու կտորներ լցրեցի եւ սպառնացի կուլ տալ, եթէ անմիջապէս չլուծեն ինձ ետ՝ քաղճամբար տեղափոխելու հարցը։ Աւելի համոզիչ դարձնելու համար այրեցի խցի լուսամուտի թեք մեխուած տախտակներից կազմուած, կալանաւորին միայն երկինք տեսնելու հնարաւորութիւն տուող փայտէ ճաղաշարը։ Սպառնում էի. «Եթէ ներս մտնէք, ապակիները կուլ կտամ»։ Դիմացի՝ Սայեաթ-Նովայի բարձրայարկ շէնքի վերին յարկերի բնակիչները իրար ձայն էին տալիս. «Տեսէ՜ք, բանտի լուսամուտը վառւում է»։ Խուճապի մատնուած մեկուսարանի պետ Վազգէն Սիմոնեանը (նրան ճանաչում էի 1968 թուականից) շատ արագ յայտնեց ինձ, որ մի քանի ժամից Ռուսաստան գնացող էտապ կայ, եւ ինձ կտեղափոխեն։ Այդպէս էլ եղաւ։ Այս արարքով ես ուզում էի նաեւ կոնտրաստ ստեղծել իմ ու հիւծուած ընկերոջս` Աշոտի հանգիստ պահուածքի մէջ։ Համոզուած էի, որ յետոյ էլ ՊԱԿ-ը պիտի իր կարճ խելքով ինձ ցաւ պատճառելու համար վերաբերմունքի կոնտրաստ ցոյց տայ ...
Երեւանի ՊԱԿ-ի բանտից տեղափոխումս՝ Էտապս շուրջ երկու ամիս տեւեց. տանջալի երկու ամիսներ։ Որպէս կանոն՝ քրէականների հետ էի։ Երբեմն միայն իրար անցնելով ինձ մեկուսացնում էին միւսներից։ Դա իմ առաջին շփումը չէր քրէական աշխարհի հետ. առաջին կալանքի ժամանակ նոյնպէս Երեւանից Մորդովիա տեղափոխման ճանապարհին՝ Թբիլիսի, Ռոստով, Խարկով, Ռուզաիվկա, Սարանսկ քաղաքների բանտերով, շփուել էի այդ աշխարհի հետ։ Էական խնդիրներ չունեցայ։ Գլուխները ընդգծուած յարգանքով էին վերաբերում եւ դարձնում հացընկեր։ Թբիլիսիի բանտում ահաւոր մրսեցի, եւ ձայնս գրեթէ լրիւ կորցրի։ Ամիսներ շարունակ կրում էի դրա հետեւանքները։
Նախազգացումս ճիշտ էր, Աշոտին ազատեցին 1977 թուականի Նոր տարուայ նախորդ օրը, Ազատին՝ մի քանի ամիս անց։ Ժամկէտից շուտ ազատ արձակուեցին նաեւ Անդրանիկը, Ռուբէնը, Արարատը։ Այդ փուլում բանտերում մնացինք ես, Բագրատը, Զոհրաբեան եւ Մարկոսեան Ռազմիկները, քրէական կալանավայրում՝ Քաջիկ Սահակեանը, որ ազատուելուց յետոյ անյայտ հիւանդութիւնից մահացաւ։
1977 թուականին քաղաքական կալանավայրերում մնացին միայն մի քանի հայ ԱՄԿ-ականներ, սակայն ԱՄԿ պայքարի նոր փուլ էր սկսւում. Մոսկուա գրած պաշտօնական նամակներով իրենց ԱՄԿ անդամ էին յայտարարում այլ ազգերի գրեթէ բոլոր սկզբունքային քաղկալանաւորները։ Դա ուկրաինացի նշանաւոր բանաստեղծ, իմ լաւ ընկերոջ, 1986 թուականին պատժախցում «յանկարծամահ եղած» Վասիլ Ստուսի նախաձեռնութիւնն էր։ ԱՄԿ-ին անդամագրուած մարդկանց անունները պարտաւոր ենք երբեւէ մէկ առ մէկ մատուցել ԱԶԱՏ ՈՒ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ քաղաքացիներին։ Այստեղ կամենում եմ գոնէ մի քանի անուններ տալ։ Ռուսներից՝ Եուրի Ֆեոդորով, Մուրժենկօ, Սերգէյ Սոլդատով, Պեոտր Սարտակով, Եուրի Բուտթենկօ, ուկրաինացիներից՝ Վասիլ Ստուս, Ռոման Սեմենիւկ, Իրինա Կալինեց, Ստեֆանիա Շեբատուռա, Իւան Գէլ, Վեաչեսլաւ Չորնովիլ, Զօրեան Պոպոդիւկ, Միկոլօ Մատուսեւիչ, հրէաներից՝ Էդիկ Կուզնեցով, Միխայիլ Հէյֆեց, մոլդովացիներից՝ Վալերի Գրաուր, լատիշներից՝ Մայգոնիս Ռաւինշ, լիտուացիներից՝ Պեատրաս Պաուլայտիս, Նիոլէ Սադունայտէ, ուզբեկներից՝ Բաբուռ Շակիռով եւ ուրիշներ. թող ներողամիտ լինեն նրանք, ում անուններն այս պահին չյիշատակեցի։ Այդ ժամանակահատուածի մեր գործունէութեան մասին բաւական մանրամասն գրել է սանկտպետերբուրգցի յայտնի գրող, նախկին քաղկալանաւոր Միխայիլ Հէյֆեցը Լոնդոնում 1985 թուականին ռուսերէնով հրատարակած իր «Ռազմագերի քարտուղարը. վիպակ Պարոյր Հայրիկեանի մասին» գրքում։ Տարիներ անց այդ գիրքը կարդալիս ես զարմանքով նկատեցի, Լուսինէ՛, որ նա շատ կցկտուր յիշել է նաեւ քեզ, պատմել մեր ծանօթանալու եւ յարաբերութիւնների մասին։ Նոյնիսկ իմ կեղծանունն է ճիշտ գրել՝ Վարուժան։ Սա նշանակում է, որ իմ խոհերի ու զգացումների մասին նրա հետ խօսելիս, պատմել եմ նաեւ քո մասին։ Դա «Աղջիկները սիրում են հայրենասէրներին» գլխի սկզբում է։ Ապշում եմ այդ մարդու յիշողութեան վրայ։ Վերջին անգամ Միշային ես տեսայ 2001 թուականի գարնանը՝ երկու օրով Երուսաղէմում գտնուելուս ժամանակ։ Ես անչափ երախտապարտ եմ նրան։ Նա իւրովի է մեկնաբանում մեր յարաբերութիւնները.
«...Յետոյ պնդում է աղջիկը. «Դու ինչ-որ բան ես թաքցնում ինձնից, ու մենք պիտի բաժանուենք։ Ես դա զգում էի ամենասկզբից, բայց այն ժամանակ կարեւոր չէր թւում, իսկ հիմա... Մեր հանդիպումները շատ լուրջ են ինձ համար։ Առաջուայ պէս ես չեմ կարող հսկել ինքս ինձ։ Ամէն բան կարեւոր է դարձել։ Եթէ չես վստահում ինձ, ուրեմն, ես քեզ այնքան էլ պէտք չեմ՝ հրաժեշտ տանք միմեանց»։ Պարոյրը համաձայնել է. իմ կարծիքով նրա համար եւս այդ զգացումը լուրջ բնոյթ է կրել, եւ ինչպէս միշտ էր արել նման դէպքերում, գերադասել էր ընդհատել, քանի դեռ ուշ չէր։
Իսկ աղջիկը հաւանաբար այլ ելք էր ակնկալել...
Ինչո՞ւ էր նա թաքցրել իսկական անունը...
Զօրեան Պոպադիւկը մի անգամ ասաց. «Միշա՛, եթէ միայն իմանայիք, թէ ինչպէս են աղջիկները սիրում հայրենասէրներին...»։ Անկասկած դա էր եղել «խաբէութեան» պատճառը։ Պարոյրն ուզել էր, որ աղջիկը հաւանի անյայտ վարորդի ¥այդպէս էր ներկայացել¤՝ իր թուլութիւններով, կատակներով, համեստ հեռանկարով, այլ ոչ թէ ռոմանտիկ, այսինքն՝ յօրինուած հերոս, առաջնորդ, մարտիկ...»։
Այսպիսով, իմ աւագ ընկերը գրում է, իսկ դա նշանակում է, որ ես իրեն այդպէս եմ պատմել մեր բաժանումից ընդամէնը երկու տարի անց, որ ես իմ իրական անունը թաքցրել եմ, որպէսզի տեսնեմ՝ կհաւանե՞ս արդեօք դու անյայտ վարորդի կերպարով հանդէս եկողիս... Տրամաբանական մեկնաբանութիւն է։
Լուսինէ՛, կալանաւորական տխուր եւ զաւեշտալի պատմութիւններով քեզ՝ իմ ենթադրեալ ընթերցողին, չյոգնեցնեմ։ Երբեւէ կհրատարարակեմ արդէն այսօր շուրջ երկու հազար էջ կազմող պատրաստի յուշերս, ու հետաքրքրուողները կկարդան։
Միայն ամփոփ ասեմ, որ «Յամառօրէն ուղղման ճանապարհին չկանգնող» եւ նաեւ այլ ազգերի քաղկալանաւորներին հայկական Ազգային միացեալ կուսակցութեան անդամ, այսինքն՝ ազգերին՝ անկախութիւն հանրաքուէի ճանապարհով ռազմավարութեան կողմնակից դարձնելու համար 1981 թուականին Ուրալում պատժեցին՝ ազատազրկման ժամկէտս եւս 3 տարի աւելացնելով։
Կար եւս մի բան, որ ոչ թէ կատաղեցնում, այլ մոլեգնեցնում էր ՊԱԿ-ին։ Դա արտաքին աշխարհի եւ այլ կալանավայրերի հետ կայուն կապ ապահովելու իմ կարողութիւնն էր։ Երկար տարիներ դա եղել է իմ եւ միայն իմ ու մի քանի մտերիմներիս գաղտնիքը։ Մի քանի ձեւեր ունէի։ Բոլորն էլ աչքի էին ընկնում առանձնայատուկ յանդգնութեամբ։ Ներկայացնեմ միայն դրանցից մէկը։ Կալանավայրերում երեւի ինձնից աւելի շատ նամակ ստացող չկար կամ քիչ կար։ Իմ գրած նամակները յաճախ առգրաւում էին, սակայն ինձ ուղարկուողները մեծ մասամբ ստանում էի։ Առանձնապէս շատ էին գրում Ելենան, Ազատ Արշակեանի քոյրիկը՝ Անժիկը, քոյրերս, Անահիտ Կիրակոսեանը, Սուսաննան, մինչ կալանաւորուելը՝ իրաւապաշտպան Ռոբերտ Նազարեանը։ Նամակների մի մասը գալիս էր ծանուցագրերով, որ ըստ գործող փոստային կանոնների՝ պարտաւոր էին ներկայացնել նամակը ստացողին, որպէսզի նա ստորագրէր, եւ փոստը արդէն ստորագրուած ծանուցագիրը ետ ուղարկէր նամակն ուղարկողին։ Այդպիսի նամակի առաքումը կրկնակի թանկ արժէր, բայց նամակն ուղարկողը ստացողի ստորագրութեան եւ նրա նշած օրուայ շնորհիւ յստակ տեղեկանում էր իր նամակի հասնելու օրուայ մասին։ Մեր բոլոր նամակները խստագոյնս ստուգւում էին, սակայն ծանուցագրերը՝ ոչ, որովհետեւ որպէս կանոն՝ մենք դրանք ստորագրում էինք գրաքննիչի ներկայութեամբ, հետեւաբար նրանց վրայ որեւէ գաղտնագիր անել չէինք կարող։ Այդպէս էին կարծում մեզ աշխարհից կտրել կամեցողները։ Շատ նամակ ստանալը ինձ հնարաւորութիւն տուեց կողմնորոշուել որոշ հարցերում. քանակը սկսում էր որակ աշխարհ բերել։ Ես մի քանի ծանուցագրեր աննկատ վերցրել էի ինձ մօտ եւ դրանք մեծ զգուշութեամբ փոխարինում էի։ Գրաքննիչն ասում է, որ ես պէտք է ստորագրեմ պատուիրուած նամակն ստանալու համար։ Պէտք է ստորագրեմ նաեւ ծանուցագրի վրայ։ Ես վերցնում էի նոր ծանուցագիրը եւ նրա փոխարէն տալիս անցեալ անգամ ինձ բերած նամակի ծանուցագիրը։ Դրա վրայ գաղտնագրով արդէն գրուած էր լինում այն, ինչ պէտք էր դուրս փոխանցել։ Գաղտնագիրը գրում էի սովորական գլխացաւի դեղի՝ անալգինի լուծոյթով։ Ստացողը պէտք է տաք արդուկով երեւակէր գրածս, որն իր հերթին ծածկագրում էի։ Այս ձեւը գործեց մի քանի տարի եւ լիարժէքօրէն արդարացրեց իրեն։ Թէ ինչպէս էինք կապ պահպանում այլ կալանավայրերի հետ, կպատմեմ մէկ այլ առիթով։
Պերմ քաղաքի քրէական բանտում ինձ պահեցին 1980 թուականի նոյեմբերից մինչեւ1982 թուականի փետրուար։ Այն աստիճան անհեթէթ մեղադրանք էր ներկայացուած, որ խորհրդային դատախազութիւնը մէկ անգամ եւ երկու անգամ դատարանը գործը վերադարձրին նախաքննութեան։ Սակայն ՊԱԿ-ը շատ լկտի էր ու ինձ քրէականների ձեռքով վերացնելու ձգտման մէջ յամառ ու հետեւողական։ Ի վերջոյ դատեցին եւ ժամկէտս աւելացրին երեք տարով։ Դատելուց յետոյ տեղափոխեցին Իրկուտսկի մարզի հիւսիսում գտնուող թմրամոլների համար նախատեսուած ճամբար։ Թէ ինչ «ուրախ» ժամանակներ անցկացրի ես՝ երբեւէ չծխած եւ ոգելից խմիչք չօգտագործած անձս այդ միջավայրում, պատկերացնելը դժուար չէ։ Էլ չեմ խօսում այն մասին, թէ ինչպիսի ապրումների ու տառապանքների արժանացան ընտանիքիս անդամները, իմ հարազատները։ Հարիկիս առողջականն այնքան էր վատացել, որ չէր կարողացել գալ։ Մեծ քոյրս` Լուսինը, մնացել էր գնդակահարուած Ստեփան Զատիկեանի երեխաների ու հայրիկիս խնամելու համար։ Ուրալի Պերմ քաղաքում այդ շուրջ մէկ ամիս տեւած դատավարութեան ընթացքում ինձ հետ հաւասար դատւում էին տնից-տեղից կտրուած, շատ սուղ դրամական միջոցներով օտարութեան մէջ գոյատեւելու դատապարտուած մայրս ու փոքր քոյրս՝ Սոնան, Սուսաննա Աւագեանը, Անահիտ Կիրակոսեանը, Ջուլիետա Թորոսեանը եւ Ելենա Սիրոտենկօն։ Եթէ ընթացքում չօժանդակէին Սոլժինիցինի ֆոնդը եւ մոսկովեան այլախոհները, ապա մերոնք անելանելի վիճակում կյայտնուէին։

Այդ դատավարութիւնից դէպի կալանավայր ընկած ճանապարհին մի գիշեր կիսակայարանում, ուր գնացքը կանգնում է առաւելագոյնը 5 րոպէով, լսեցի Ելենայի ձայնը։ Վագոնի կիսաբաց լուսամուտից հարց էր տալիս միջանցքում հերթապահող զինուորին։ «Չէ՛, այստեղ քաղկալանաւոր չկայ, այդպիսի մարդ չկայ, լսեցի զինուորի պատասխանը»։ Ինչպէս նա, այդպէս էլ Լենան չգիտէին, որ չնայած այն բանին, որ քաղական յօդուածով դեռ երեք տարի էլ աքսոր ունէի, այլեւս քաղկալանաւոր չէի համարւում։ Դա անդրոպովեան իշխանութիւնների առանձնայատուկ ծրագիրն էր իմ նկատմամբ։ «Լսի՛ր, այդ ես եմ, - դիմեցի զինուորին, - կանչի՛ր պահակախմբի պետին»։ Պահակախմբի պետը՝ նոյնպէս զինուորական, իրերս խուզարկելիս խնդրել էր ինձ մօտ եղած մի քանի ծաւալաբացիկներից մէկը։ Մերժել էի։ Հիմա առաջարկեցի, որը կուզի, միայն թէ թոյլ տայ խօսել Ելենայի հետ։ Դրա համար պէտք էր խցից միջանցք թողնել։ Այդ բանն անելու միայն մի առիթ կար. զուգարան տանել։ Մինչ սերժանտը խորհում էր, լսուեց շարժուելու ազդանշանը, եւ ճանապարհ ընկանք։ Յաջորդ կանգառում ինձ թոյլատրեցին մօտենալ լուսամուտին եւ մի քանի բառ փոխանակել Ելենայի հետ.
- Այս ո՞ւր ես գնում, - աւելի խելօք բան հարցնել ի վիճակի չէի։
- Քեզ հետ, պատասխանեց նա։
- Ինչո՞ւ , - փորձեցի տագնապս փոխանցել։
Չպատասխանեց։ Հարցրեց իմ որպիսութիւնը։
- Լա՛ւ եմ, մի՛ արի։ Վերադարձի՛ր Մոսկուա։
Ելենան ինձ չլսեց։ Կէսգիշերով հեռաւոր Սիբիրում սիրեցեալի հետքերով եկած աղջկայ կերպարը զինաթափել էր զինուորներին։ Նրանց պետը չվերցրեց ծաւալաբացիկը։ Աւելին, թոյլ տուեց Լենայից ստանալ եւ ինձ փոխանցել հաց, պանիր եւ երշիկ։ Տեղն ու տեղը բաժանեցի բոլոր կալանաւորներին։ Ապշած ու ցնցուած էին բոլոր կալանաւորները։ «Այ քեզ աղջի՜կ, ինչպէ՞ս է իմացել քո տեղը։ Ինչպէ՞ս է հասել քո ետեւից»։ Փորձում էին գտնել պատասխանը ու չէին կարողանում։ Յաջորդ առաւօտեան մեր գնացքը հասաւ Ուստ-Կուտ քաղաք։ Կայարանից վորոնոկով տարան յատուկ թմրամոլների համար նախատեսուած ճամբար։ Դա Իրկուտսկի մարզի ամենահիւսիսային մատչելի կէտն էր։ Յետոյ սկսւում էր Եակուտիան։ Գնացքից կալանաւորական ինքնաշարժ տեղափոխելու հրմշտոցի մի քանի վայրկեանների ընթացքում տեսայ քիչ հեռւում կանգնած իր սիրոյ տաժանապարտը դարձած Ելենային։ Դէպի կալանավայր տանող ճանապարհը անցանելի էր միայն յատուկ ամենագնաց բեռնատարների համար։ Այդ տեղերում փոխադրամիջոց չկար։ Ելենան՝ բարեկեցիկ պայմաններին սովոր այդ նրբակազմ մոսկովուհին, լեսովոզ բեռնատարով իմ նոր կալանավայր էր հասել ինձնից կէս ժամ անց ու տեսակցութիւն խնդրել։ Մերժեցին, եւ նա ձեռնունայն վերադարձաւ ՈւստԿուտ, ուր բնակարան վարձեց ինձ մօտ լինելու եւ հարկ եղած դէպքում օգտակար լինելու համար։ Ես խիստ դէմ էի դրան։ Անընդմէջ լրացուցիչ հոգեկան տագնապներ էի ապրում, բառի իսկական իմաստով տառապում՝ իրեն սպառնացող վտանգները պատկերացնելով։ Բայց նա հեռաւոր Սիբիրում գտաւ բարի մարդկանց ու նրանց աջակցութեամբ հաստատուեց Ուստ-Կուտում։ Ճիշտ է, ես անկեղծ դէմ էի դրան, բայց եւ փաստ է, որ Ելենայի ներկայութիւնը տեղական ոստիկանական իշխանութիւններին սեփական նախաձեռնութեամբ կամայականութիւններ դրսեւորելու գայթակղութիւնից ձեռնպահ պահող ազդակ դարձաւ։ Միայն մի դէպքում վերեւների ցանկութիւնը վերջապէս կռահած ճամբարի պետ Կոստանտինովը որոշեց սկսել իմ ոչնչացումը, բայց ուշացել էր։ Փրկուեցի իմ դիմումի հետքերով Մոսկուայից մի մեծ պատուիրակութեան ժամանումի շնորհիւ։ Ես բաւական հիմնաւոր բողոքել էի հիւանդ, թմրամոլ կալանաւորների նկատմամբ Կոնստանտինովի կողմից կիրառուող ապօրինի միջոցների, յատկապէս տրուդոտերապիա (աշխատաբուժում) միջոցառման դէմ։ Ինձ հետ բացարձակապէս կապ չունեցող կալանաւորների ճակատագրով զբաղուելը օգնեց նաեւ ինձ։ Այդ բնոյթի կալանավայրերից բողոքներ, այն էլ այդպէս հիմնաւորուած, քիչ են գրում։ Այդ պատճառով դիմումս Մոսկուայում մեծ ուշադրութեան էր արժանացել, ու բազմամարդ պատուիրակութիւն էին ուղարկել։ Պարզուեց, որ այնքան էլ ճիշտ չէ «լաւութիւն անողի գլուխը ծակ ա» գեղջկական ասոյթը։ Յանձնաժողովը զարմանալիօրէն գտաւ, որ բողոքս հիմնաւոր է։ Կոնստանտինովը խիստ նկատողութիւն ստացաւ, իսկ ես «սառնարան» պատժախցում, ուր արգելափակուած էի ըստ էութեան անժամկէտ, յանձնաժողովի այցելութեան հետ կապուած, անցկացրի միայն երեք օր։
Ինչպէ՞ս էր Լենան յայտնուել մեր կալանաւորական վագոնը Ուստ-Կուտ տանող գնացքում։ Իհարկէ, հասկանում ես, որ ես միայն կցկտուր տեղեկատուութիւն եմ տալիս։ Պերմի բանտից ինձ յատուկ պահակախմբով օդանաւով տեղափոխեցին նախ Նովոսիբիրսկ, ապա Իրկուտսկ։ Իմ առողջական վիճակով անհանգիստ ռուսական այլախոհական շրջանակներին յաջողուել էր Ներքին գործոց նախարարութեան առողջապահական ծառայութիւնների միջոցով պարզել, որ ես Իրկուտսկ քաղաքի բանտում եմ։ Պահանջել էին հետազօտում. թոքերումս սպիացած հետք էին նկատել։ Ասում էին, որ տեւական թոքերի բորբոքման հետեւանք է։ Ես տեղեակ չէի, թէ ինչ է կատարւում եւ հրաժարուեցի լրացուցիչ բուժստուգումից, ինչին գրեթէ միջազգային աջակցութեամբ հասել էին իմ ռուս բարեկամները։ Ելենան անմիջապէս թռչում է Իրկուտսկ։ Ընդունելութիւն է ստանում բանտի պետից. «Ես Պարոյր Հայրիկեանի նշանածն եմ, կարո՞ղ եմ իրեն ուտելիք փոխանցել»։ «Այստեղ այդպիսի մարդ չկայ», - կոպիտ պատասխանել էր բանտի պետը։ Ելենան փորձել էր խնդրել, բայց աւելի կոպիտ պատասխան էր ստացել.
- Ես ձեզ ասացի՝ մեզ մօտ այդպիսի մարդ չկայ։ Մեր խօսակցութիւնն աւարտուած է։
«Ես յուսահատ, անձայն արտասուելով, հեռանում էի բանտից՝ չիմանալով ինչ անել, - հետագայում պատմում էր ինձ Ելենան։ - Յանկարծ ետեւիցս ոտնաձայներ լսեցի եւ ցածր ու զգուշաւոր կարգադրութիւն. «Շարունակէ՛ք քայլել, ինձ մի՛ նայէք, եւ ուշադիր լսէ՛ք ինձ. ձեր ընկերոջը առաւօտեան գնացքով ճանապարհել ենք Ուստ-Կուտ։ Եթէ դուք օդանաւով թռչէք Բրատսկ քաղաք, այսօր գիշեր կարող էք նոյն գնացքով իր հետ մեկնել Ուստ-Կուտ։ Ես խոնարհւում եմ ձեր առջեւ, դեկաբրիստկա՛», - ասաց ու ինձ անցնելով՝ հեռացաւ նոյն բանտի պետ գնդապետը։ Նա կարող էր նաեւ խաբել, բայց նոյնիսկ մի ակնթարթ չկասկածեցի։ Երկու ժամ անց իր խորհրդով օդանաւով հասայ Բրատսկ, իսկ աւելի ուշ եկաւ ձեր վագոնը տանող գնացքը»։

Պիտի խոստովանեմ, Լուսինէ՛, որ ոչ միայն դու, այլեւ մարդկային կեանքն ընդհանրապէս սկսել էր օտարանալ ու մշուշուել։ Մի օր ես սարսափով նկատեցի, որ չեմ կարօտում ոչ մէկին, չեմ երազում լինել իմ սիրելի հայրենիքում, նոյնիսկ հայրենի տունը չի ձգում։ Այդ ամենի փոխարէն գլուխ էր բարձրացրել մի նոր կարօտ՝ թէկուզ անապատում, թէկուզ Սիբիրում ազատ լինելու ձգտումը։ Միայն թէ մի օր զարթնէի ու չլսէի հսկիչների «վե՜ր կաց», «շա՛րուի՜ր», «ստուգո՜ւմ» եւ նման կարգի այլ կանչերը։
Ի դէպ, գրեցի հայրական տուն եւ յիշեցի։ Հիմա չկա մեր հայրական տունը։ Մի երեւելի բան չէր. հայրս էլ հիացած չէր. մաս-մաս էինք կառուցել, բայց չկայ։ Ինձ արտաքսելուց յետոյ ինձ մօտ՝ ԱՄՆ ժամանող մայրս (հայրս մահացաւ իմ արտաքսումից եօթ ամիս առաջ) Ադրբէջանից փախստական մի ընտանիքի խորհրդանշական մի գումարով վաճառում է մեր տունը՝ պայմանով, որ իմ վերադարձի դէպքում այդ մարդիկ նոյն գնով պէտք է տունը ինձ ետ վաճառեն։ «Ես չէի հաւատում, որ քեզ թոյլ կտան վերադառնալ, տղա՛ս, - ասում էր մայրս, - բացի այդ, հերիք է, չէի ուզում էլի տանջուէիր։ Համ էլ, տունն ինչո՞ւ դատարկ մնար, փախստական մարդիկ են, թող ապրեն մինչեւ վերադարձդ»։ Վերադարձիցս յետոյ այդ խեղճ փախստականներն ինձ առաջարկեցին իրենց համար գնել ուղիղ տաս անգամ աւելի արժեցող մի տուն Արէշում։ Յետոյ իմացայ, որ ՀՀՇ-ն է թիկունք կանգնել, ինչ-որ երկրապահ կոչուածներ ասել են. «Չհամաձայնէք, եթէ անհանգստացնի, մենք կանգնած ենք ձեր թիկունքին»։ ՀՀՇ-ն յոյս ունէր, որ իր այլանդակութիւններից յոգնած՝ ես մի օր կհեռանամ Հայաստանից, եւ փորձում էր արագացնել դա։ Մայրս զարմացաւ մեր տան նոր բնակիչների պահուածքից, բայց խորհուրդ տուեց արհամարհել։ Յետոյ իմացայ, որ հիմնական մասով քանդել են եւ վերակառուցել։ Դրա փոխարէն ես ինչ-որ բաներ կառուցում եմ եւ կկառուցեմ։ Նա, ով իր կեանքի օրօք Հայաստանում գոնէ մի տուն չի կառուցում, նա չի մասնակցում Հայաստանի կայացմանը...

1980 թուականին իմ նկատմամբ կեղծ գործի յարուցումը Ազատ Արշակեանի ու Աշոտ Նաւասարդեանի համար ազդանշանի դէր է կատարում։ Կարելի է նաեւ ենթադրել, որ նրանք դա իրենց խղճին ուղղուած մարտահրաւէր են համարում։ Նրանք որոշում են բացայայտ՝ իրենց անունները նշելով հրատարակել ԱՄԿ պաշտօնաթերթ «Փարոս»-ի 4-րդ համարը։ Նիւթերը վերցնում են Սարանսկի բանտից Անահիտի օգնութեամբ դուրս ուղարկածս «ԱՄԿ-ն իր գոյութեան 10-րդ տարում» յօդուածաշարից։ Այդ յօդուածաշարը պատրաստելիս Սարանսկի բանտում ինձ փաստօրէն ապահովագրում էր ինձ հետ ժամանակաւորապէս նոյն խցում գտնուող հռչակաւոր Էդիկ Կուզնեցովը։ Այդ մէկ ամսուայ ընթացքում նրանից ստացածս դասերն ու խորհուրդներն ինձ ուղեկցեցին ամբողջ կեանքում։ Մեզ հետ ապրողներից միակ մարդն է, ում մասին ես առանց վարանելու ասել եմ՝ հանճար։ Հետագայում նրան հանդիպեցի 1988 թուականին։ Նա «Ազատութիւն» ռադիոկայանի ռուսական խմբագրութեան տնօրէնն էր։ Փարիզաբնակ աիմական, իմ լաւ ընկեր Կարէն Ագուլեանի հետ ժամանել էր Հռոմ` ինձ Եթովպիայից դիմաւորելու։ Յետոյ, երբ Գերմանիայում էի, եղանք իրենց տանը։ Ծանօթացայ կնոջ՝ Լարիսա Բերնշտայնի հետ։ Մի տարի անց Էդիկին հանդիպեցի արդէն որպէս «Ժողովրդավարութիւն եւ Անկախութիւն» կազմակերպութեան հրէական բաժնի ներկայացուցիչ։ Այն մարդկանցից է, ում մոռանալ հնարաւոր չէ։ Անցեալ տարի ինձ կրկին բախտ վիճակուեց տեսնել նրան եւ հիւրընկալուել Երուսաղէմի իր շքեղ առանձնատանը։ Կինը Երուսաղէմի փոխքաղաքապետն է։
Ազատին ու Աշոտին իրենց գաղափարն իրականացնելիս օգնում են Մովսէս Գորգիսեանը, Մեխակ Գաբրիէլեանը, Սուսաննա Աւագեանը եւ ուրիշներ, սակայն նրանցից որեւէ մէկի վրայ ՊԱԿ-ը նիւթեր հաւաքել չի կարողանում։ Երկու ղեկավարներին` Ազատ Արշակեանին եւ Աշոտ Նաւասարդեանին Հայաստանի պատմութեան մէջ առաջին անգամ դատարանը կրկնայանցագործ՝ ռեցիդիվիստ է ճանաչում եւ դատապարտում ութական տարիների ազատազրկման եւ երեքական տարիների աքսորի։
Անդրոպովեան դաժան հետապնդումների տարիներն էին եկել։ Կեղծ մեղադրանքով աքսորավայրում լրացուցիչ ազատազրկման է դատապարտւում եւ լրացուցիչ շուրջ երկու տարուայ կալանք կրում նաեւ անկոտրում Ռազմիկ Մարկոսեանը։ Ի դէպ, Ռազմիկի հետ կապուած մի պատմութիւն կայ, որ քեզ ներկայացնելը տեղին եմ համարում։
1986 թուականին Սիբիր՝ Իրկուտսկի մարզի ՈւստԿուտի շրջանի Եակուրիմ աւան` իմ աքսորավայր այցելած Սուսաննա Աւագեանը հարցրեց.
- Շարունակո՞ւմ ես գրել, թէ յոգնել ես։
- Չգիտեմ, իրականում այդպէս է եղել, թէ ոչ, - պատասխանեցի ես, - բայց երեխայ ժամանակ Վարդգէս հօրեղբօրս արած մի պատմութիւն, կարծես, մշտական ուղեցոյց է եղել։ Ասում էր, Ջուզեպպէ Վերդին ամենաշատ օպերաներ գրած կոմպոզիտորն է. երեսունութ օպերա է գրել։ Բայց շատ ծոյլ է եղել. եթէ ստեղծագործութիւնները նօտագրելիս քամին էջերը ցած է թափել, նա չի հաւաքել. նորն է գրել, նորից է գրել։ Վերջին շրջանում առանձնապէս չի գրւում, բայց անցեալում երբեւէ յոգնելու զգացողութիւն չեմ ունեցել։ ԿաԳէԲէ-ի տարածն էլ համարել եմ քամու տարած։
- Լաւ է, որ չես տխրել ու չես յուսահատուել։
- Յուսահատուելը գուցէ, բայց տխրելու առիթներ եղել են։ Մի քանի լաւ բանաստեղծութիւններ էի գրել տասնիններորդ ճամբարի պատժախցում։ Քանի անգամ փորձեցի վերականգնել, չի ստացւ ում։
- Ինչի՞ մասին էին։
- Դրանցից մէկի առաջին տողերը յիշում եմ.
«Որպէսզի Մասիսը՝ հայութեան խորհուրդն յաւիտենական,
Անշղթայ, ազատ ու հայկեան լինի», - սկսեցի ես, - մնացեալի աղօտ բովանդակութիւնն եմ յիշում։ Հինգ տուն էր։
- Եւ բոլոր տներն աւարտւում էին «Կեցցէ՜ ազատ ու անկախ Հայաստան» տողո՞վ, - հարցրեց, աւելի ճիշտ՝ ինձ նոկաուտ արեց Սուսաննան։
Ես պապանձուել էի։ Խօսեցի խորը քնից զարթնած մարդու պէս։
- Տաս-տասներկու բանաստեղծութիւններ գրուեցին պատժախցային այդ տասնհինգ օրերի ընթացքում։ Թուղթ ու գրիչ տալիս էին դատախազին՝ դիմում գրելու համար։ Քանի որ դատախազին կարող ես դիմումդ փակ ուղարկել, ես այդ թղթերը կիսում էի, կէսի վրայ գրում էի դատախազին հասցէագրած ձեւական կամ լուրջ դիմումը, իսկ միւս կէսի վրայ գրառումներ անում։ Կարողացել էի ամէն օր քիչ-քիչ շարժելով յատակի բետոնից պոկել քնահարթակը պահող, յատակի մէջ շուրջ կէս մետր խրուած փոքր, շատ նեղ գերանը։ Գիտէի, որ ինձ խուզարկելու են ու ոչ միայն հերթական անգամ վերցնելու գրածներս, այլեւ ինձ պատժելու են կարցերում գրելու համար։ Այդ պատճառով գրածներս թողեցի կոճղի տակ։ Ես դրանք փաստօրէն թաղել եմ։ Դու երեւի ինչոր բան շփոթում ես։
- Չեմ շփոթում։ Դա ես կարդացել եմ որպէս քո գրած, այո՛, տասնիններորդ ճամբարի պատժախցում, խցի համարն էլ տակը նշուած էր, - յամառեց Սուսաննան։
Ես հրաշքի ականատես էի ու չէի կարողանում հաւատալ։
- Լա՛ւ, մի քիչ չես յիշո՞ւմ բովանդակութիւնը, - հարցրի իրականութիւն վերադառնալու ներքին ճիգով։
- Եզրափակիչ մասն ասեմ, որովհետեւ լաւ եմ յիշում.
«Եւ որ վերջապէս լուծուի, վերանայ
Հայկական կոչուած հարցն ամօթալի,
Ու շերեփների կարիք չլինի
Օտարի եփած հարիսաներին», - յետոյ Մհերի մասին էր ասւում, որ վերածնուող Մհերի հետ կրկին յառնի նրա յաղթական ոգին։ Այսպիսի բաներ էին ու վերջում՝
«Կեցցէ՛ ազգային միասնութիւնը,
Կեցցէ՛ ազատ ու անկախ Հայաստան»։
- Ես կխելագարուեմ։ Ինքն է։ Աստուած լսել է սրտիս ձայնը, բայց դա ինպէ՞ս է ձեզ մօտ յայտնուել։
- Կարծեմ Ռազմիկ Մարկոսեանի եղբայրն էր Ռազմիկի մօտից՝ աքսորավայրից բերել։
- Իսկ Ռազմիկին ո՞վ է տուել։ Սպասի՛ր, իսկ կա՞յ մի գործ, որտեղ պատժախուց նետուած գերեալ զինուորի պատկեր է...
- «Պառկած է գլուխը խաչուած ձեռքերին,
Իր խցի խաւարում լքուած, մենաւոր», - ընդմիջեց ինձ Սուսաննան։ - Այդ շարքում կայ նաեւ «Տէրեանի հետ պատժախցում» անունով մի գողտրիկ գործ.
«Գարունը այնքան ծաղիկ է վառել,
- Փշալարերն են ձիւնից ազատուել...»։
Ես այլեւս կասկած չունէի։ Այդ պատժախցիս բանաստեղծութիւնները փրկուել էին։ Ինչպէսը պարզուեց աւելի ուշ։
Ինձնից մի քանի օր անց տուգանային մեկուսարանի նոյն պատժախուց են տանում Ռազմիկ Մարկոսեանին։ ՊԱԿ-ը երկու Ռազմիկների նկատմամբ յատուկ վերաբերմունք ունէր։ Երբ ասել էին՝ ձեզ ուզում ենք ժամկէտից շուտ ազատել, Զոհրաբեանն ասել էր՝ չէկիստների հետ խօսելու բան չունեմ։ Տնեցիների ուղարկած սնունդը ճամբարային սովի պայմաններում չէր ընդունել. «Հայրենիքի դաւաճանների բերածն ինձ պէտք չէ»։ Իսկ Մարկոսեան Ռազմիկն ասել էր. «Ազատուելու համաձայն եմ միայն Հայրիկեանից յետոյ»։ «Ինչո՞ւ», - վրդովուել էին չէկիստները. «Դէ, սկզբից ղեկավարներին ազատէ՛ք։ Սիրուն չի լինի նրանցից առաջ ընկնել»։ Զգացել էին, որ արհամարհելով ծաղրում է, ու առիթը չէին փախցնում պատժելու համար։ Ռազմիկը, տեղեակ լինելով, որ իրենից առաջ ես եմ եղել այդ խցում եւ լաւ իմանալով ինձ, ինչպէս ինքն է պատմում, եզրակացրել է. «Եթէ Պարոյրը եղել է այստեղ, մի բան թողած կլինի», ու սկսել է քչփորել ամէն ինչ։ Նկատել է, որ շատ աննշան, բայց շարժւում է բետոնի մէջ խրուած գերանիկը եւ դրա տակից գտել է գրածներս։ Դրանից յետոյ կարողացել է նախ պատժախցից, ապա եւ կալանավայրից դուրս հանել, իր հետ տանել Ղազախստան եւ ուղարկել Երեւան։
Ռազմիկը 1987 թուականից բացայայտ գործող հայաստանեան առաջին քաղաքական կազմակերպութեան Ազգային ինքնորոշում միաւորման հինգ հիմնադիրներից մէկն էր։ Այժմ կառավարութեան անդամ է՝ կրօնի գործերով պետական կոմիտէի նախագահը։

1982 թուականին տեղեկացայ, որ իմ վերջին ստացած երեք տարին լրանալուց յետոյ յանձնարարական կայ եւս երեք տարով աւելացնել ժամկէտս։ Արդէն սկսում էի զղջալ, որ անցեալում հրաժարուել էի արտասահման մեկնելու առաջարկից։ Ես պայքարը լքել չէի ուզում, բայց դա արդէն պայքար չէր, այլ դանդաղ մահ, եւ քանի որ ինքս էլ, բոլոր փոխզիջումային առաջարկներից հրաժարուելով, նպաստում էի դրա իրականացմանը, ուրեմն դանդաղ ինքնասպանութիւն էր։ Մինչ այդ եօթ անգամ ընդհանուր հաշուով 33 ամիս պատժուել էի ճամբարային խիստ ռեժիմի բանտի՝ ՊէԿէՏէ-ի։ Դա յայտնի ամենախիստ ռեժիմն էր խիստ բանտային մեկնաբանութեամբ։ Մինչեւ անդրոպովեան ժամանակները վեց ամսից աւելի տալու իրաւունք չունէին։ Պատժախցերում անց էի կացրել 305 օր։ Բայց այդ երկար տարիներին մերձաւոր հարազատներիցս բացի ինձ հետ էին իմ ընկերներն ու ընկերուհիները։ Նրանց թիւը տարիների ընթացքում նուազում էր, սակայն ոմանք կարողացան մինչեւ վերջ հաւատարիմ մնալ... իրենք իրենց։ 1982 թուականի յուլիսի 5-ին՝ իմ ծննդեան օրը, ինձ թոյլատրեցին գրանցուել (ամուսնանալ) ինը տարի կալանավայրերիս, երբեմն, բառի իսկական իմաստով, պատերի տակ թափառող Ելենա Սիրոտենկոյի հետ։ Ճակատագիրն էլ իմ հանդէպ բարեհաճ էր դառնում։ Երեւի Տէրն էլ ինձ յիշեց, ու 1983 թուականին ինձ տեղափոխեցին սովորական խիստ ռեժիմի քրէական ճամբար։ Ես իմ բոլոր ժամկէտները նստեցի, ինչպէս այնտեղ էին ասում՝ «օտ զվանկա դո զվանկա» ¥զանգից զանգ¤։


ԳԼՈՒԽ ԺԹ
Վերադարձ, 1987 թուական, Երեւան

Քեզնից բաժանուելուց յետոյ ես կալանավայրերում եւ աքսորում եղայ շուրջ 13 տարի եւ 7 ամիս։ Այդ տարիներին յաճախ էի քեզ յիշում, բայց եւ հասկանում էի, որ բանտից իմ գոյութիւնը որեւէ կերպ քեզ յիշեցնելը կնշանակէր ակնկալիք ունենալ։ «Մարդ պիտի կարողանայ իր բեռն ինքը տանել, իր վիշտն իրեն պահել», - մտածում էի ես։
Երեւան վերադարձայ 1987 թուականի ամռանը։ Անմիջապէս ձեռնամուխ եղայ Ազատի ու Աշոտի ազատման գործին։ Ստեղծեցի նրանց պաշտպանութեան յանձնախումբ եւ միասնական ուժերով հասանք նրան, որ աշնանը նրանք վերադարձան տուն։ Ժամանակներն էլ էին փոխուել. Գորբաչովն սկսել էր գլասնոստ խաղալ։
Հին ընկերներիս հիմնական մասը յոգնել էր. մի մասն էլ երեւի կուլ էր գնացել ՊԱԿ-ի ճնշմանը։ Զատիկեան Ստեփանի եւ ԱՄԿ-ի հետ կապուած Յակոբի, Զաւէնի գնդակահարութեան գործը կոմունիստական Մոսկուան լաւ օգտագործել էր մարդկանց ահաբեկելու համար։ Ի պաշտպանութիւն Զատիկեանի հանդէս եկած ակադեմիկոս, Նոբելեան մրցանակի դափնեկիր Սախարովին էլ աքսորել էին Գորկի քաղաք։ Ի դէպ, այն ժամանակ քրէական կեղծ մեղադրանքով կալանաւորել էին նաեւ ԱՄԿ հիմնադիր, արդէն վաթսունն անց նկարիչ Հայկազ Խաչատրեանին։ Բանտում էր յայտնուել նաեւ 1966-1968 թուականների Հայկազի զինակից Շահէն Յարութիւնեանը։
Վերադառնալով Երեւան՝ տեսայ, որ գրեթէ ամէն ինչ պէտք է զրոյից սկսել։ Բարեբախտաբար, կային մարդիկ, ում հետ կարելի էր անել նախնական քայլերը։ Դրանք էին Ռազմիկ Մարկոսեանը, Սուսաննա Աւագեանը, Մովսէս Գորգիսեանը (յետմահու ՀՀ ազգային հերոս) եւ Մեխակ Գաբրիէլեանը։ Այս հնգեակը իր վրայ վերցրեց ԱՄԿ-ն վերակենդանացնելու դժուարին աշխատանքը. ծնուեց ԱԻՄ-ը, սկսեց հրատարակուել «Անկախութիւն» շաբաթաթերթը։ Կարճ ժամանակում հարիւրաւոր մարդիկ միացան մեր պայքարին։
ԱՄԿ-ԱԻՄ-ի բարոյաքաղաքական աջակցութեամբ բնօրրանում չխեղդուեց ազգային զարթօնքի մաս կազմած Արցախեան շարժումը։ Ի դէպ, ո՛չ տխրահռչակ «Ղարաբաղ» կոմիտէն (իմա` ՀՀՇ) իր իշխանութեան ութ տարիներին` իր անդամ ՀՀ առաջին նախագահով, ո՛չ էլ Արցախից սերող Հայաստանի երկրորդ նախագահը իրենցից կախուած նուազագոյն հնարաւորը չարեցին արհեստականօրէն տարանջատուած ազգի երկու հատուածների միաւորման համար. Ադրբէջանի ու Մոսկուայի գերիշխանութեան տարիներին գոռում էին՝ միացում եւ յաջողացրին ապահովել արցախցիների մասնակցութիւնը միասնական ազգային խորհրդարանի ընտրութիւններին ¥1990-1995 թուականներին Հայաստանի խորհրդարանի չորս տոկոսը Արցախից ընտրուած պատգամաւորներ էին¤, իսկ իրենց իշխանութեան տարիներին իրենք արցախցիներին զրկեցին այդ իրաւունքից։ Արցախից Հայաստանի Հանրապետութեան վարչապետ, պաշտպանութեան նախարար, նոյնիսկ նախագահ ընտրուել կարելի է, բայց ՀՀ նախագահի եւ ՀՀ խորհրդարանի ընտրութիւններին արցախցիների մասնակցութիւնը, պարզւում է, անթոյլատրելի է։ Ո՞վ, ի՞նչը ստիպեց մեզ հրաժարուել արդէն առկայ ձեռքբերումից, թէ պարտադիր է ապացուցել, որ դաւաճանութիւնը յաւերժ մեր էութեան մէջ է։ Դժուա՞ր է ըմբռնել, որ միջազգային հանրութեան կեանքին մասնակից դառնալու հնարաւորութիւնից է զրկուած արցախահայը։ Արեւմտեան Բեռլինն էլ Արեւմտեան Գերմանիայի մաս չէր, բայց մասնակցում էր Բունդեստագի ընտրութիւններին։ Արի ու համոզիր քեզ, որ սրանց համար գոնէ Արցախի հարց գոյութիւն ունի, որ միայն աթոռ փախցնելը չէ իրենց գերխնդիրը կամ հիմնախնդիրը։

Աշխարհի բոլոր լրատուական միջոցներն ու քաղաքական շրջանակներն արձանագրեցին, որ 1988 թուականի յունուարի 12-ին՝ Ուկրաինական քաղկալանաւորների պաշտպանութեան օրը, Երեւանում տեղի ունեցաւ հայ, ուկրաինացի եւ վրացի ժողովրդավար ազգային գործիչների խորհրդաժողովը, որը հիմք դրեց կոմունիստական կայսրութեան ժողովուրդների ազատագրական, ժողովրդավարական պայքարի համագործակցութեանը։ Աշխատանքներին մասնակցում էին եւ դրանք լայնօրէն լուսաբանեցին ռուսաստանեան ժողովրդավարները՝ «Էքսպրես խրոնիկա» շաբաթաթերթի խմբագիր Ալէքսանդր Պոդրաբինեկը, «Գլասնոստ» հանդէսի հրատարակիչ Սերգէյ Գրիգորեանցը։ Բաւական է նշել մասնակիցներից Վեաչեսլաւ Չորնովիլի եւ Մերաբ Կոստաւայի անունները։ Ի դէպ, երկուսն էլ տարիներ անց աւտովթարի զոհ դարձան։

1987 թուականին ես Երեւանից Մոսկուայով մեկնում էի Սիբիր։ Մոսկուաբնակ ռուս ընկերոջս՝ Ալէքսանդր Օգորոդնիկովին խնդրել էի արտասահմանեան լրագրողների հետ հանդիպում կազմակերպել։ Երկու երեխաներս Ելենայի հետ Ելենայի ծնողների տանն էին՝ Մոսկուայի «Րեչնոյ վոկզալ» շրջանում։ Ժամանակ շահելու համար տաքսի վերցրի, սակայն մեծ ծախսի տակ չընկնելու համար Մոսկուայից Ուլեանովսկ մեկնող նոյն ուղղութեամբ գնացող մի հայ երիտասարդի հետ որոշեցինք միասին տաքսի վերցնել։ Կարո՞ղ էի պատկերացնել, որ այդ երիտասարդը իր ներկայութեամբ խառնելու էր չէկիստների հաշուարկները ու, փաստօրէն, փրկելու կեանքս։ Օդանաւակայանից երեխաներիս մօտ մեկնելու ճանապարհին մի աւտովթարի մէջ ընկանք։ Ամենաձախ, որ նշանակում է ամենաարագ գծով էինք սլանում։ Մեծ երկյարկանի խաչմերուկներից մէկում, երբ ճանապարհի կտրուկ վայրէջքի պատճառով տեսադաշտը խիստ փոքրանում է, մեր դիմացից մեծ արագութեամբ ընթացող «ժիգուլի» մակնիշի ինքնաշարժը կտրուկ արգելակեց։ Մեր ինքնաշարժը, արգելակուող անուադողերի վայնասունով ազդարարելով վտանգը, հետեւից մխրճուեց այդ ինքնաշարժի մէջ։ Չհասցրինք փառք տալ Տիրոջը էժան պրծնելու համար։ Մէկ այլ ինքնաշարժ մեր հետեւից մխրճուեց մեր ինքնաշարժի մէջ։ Հարուածից ծոծրակումս ահաւոր ցաւ զգացի, գլուխս կպաւ առաստաղի երկաթին, բայց միայն այդքանը։ Այդ վթարից տասնհինգ տարի է անցել, բայց թիկունքից ստացած հարուածի յիշողութիւնն այնքան ուժեղ է, որ ամէն անգամ կտրուկ արգելակելիս լարում եմ մկաններս ու ոչ այնքան առաջ, որքան ետ եմ նայում՝ համոզուելու, որ ետեւից մէկ այլ ինքնաշարժ չի հարուածում։ Վթարին յաջորդած առաջին բանը որպէս անխոհեմ ինքնավստահութեանս վկայութիւն` հետեւեալ մտովի արածս արտայայտութիւնն էր՝ բառացի. «Լաւ է, որ պանիկեոր չեմ, թէ չէ կմտածէի, որ արհեստական վթար է»։ Շտապ օգնութեան մեքենան զարմանալիօրէն արագ յայտնուեց, իսկ պետաւտոտեսչութիւնից՝ ոչ ոք։ Ճերմակ խալաթաւոր բժիշկները վազեցին օգնելու տուժածներին։ Նրանցից երկուսը յատկապէս ուշադիր էին իմ նկատմամբ։ Ես ասացի, որ լաւ եմ, որ օգնութեան պէտք չունեմ ու ուղարկեցի մեր առջեւ ինքնաշարժի մէջ տնքացող կնոջ մօտ։ «Չէ՛, դուք կարող էք չզգալ, յետոյ կվատանաք։ Թոյլ տուէք ստուգել», - պնդում էին նրանք յատկապէս ինձ։ Մենք մեր իրերն էինք վերցնում ճզմուած ուղեբեռնախցիկից։ Ուղեկիցս յումորի հոյակապ զգացողութիւն ունէր։ Ցոյց տալով իր իրերից ծորացող կոնեակը, ասաց. «Թէ կարող էք սրան օգնել, օգնէք, թէ չէ մեզնից վազն եկէք»։ Սրանք հիասթափութիւն ապրող մարդու տեսքով կանգնած էին։ «Լաւ ենք, լաւ։ Շնորհակալութիւն, մի՛ անհանգստացէք», ամփոփեցի ես ու թեթեւ պայուսակս վերցնելով դուրս եկայ փողոցից։ Վերջին պահին լսեցի մեր առջեւի «Ժիգուլի»ի վարորդի բացատրութիւնը. «Ես ի՞նչ անեմ. կողքի շարքից մի սեւ «Վոլգա» կտրուկ փոխեց գիծը, անցաւ իմ դիմաց ու արգելակեց։ Նրան չխփելու համար ես էլ արգելակեցի։ Ինքն անմիջապէս արագութիւն վերցրեց ու շարունակեց ճանապարհը, բայց ես չհասցրի արագութիւն վերցնել»։ Այս ամէնը հետաքրքրական թուաց, բայց առաջին տպաւորութիւնս այն էր, որ նա պարզապէս փորձում է արդարանալ։ Շտապում էի տեսնել ձագերիս։ Ժամադրութիւն ունէի Ալէքսանդր Օգորոդնիկովի հետ, իսկ գիշերը պէտք է մեկնէի Սիբիր, որտեղից հրամայական ոճի հեռագիր էի ստացել արագ վերադառնալու մասին։ Ինձ գործուղել էին Երեւան՝ նորակառոյց մանկապարտէզի համար առկայծումային ¥լիւմինեսցենտային¤ լամպեր պատուիրելու համար։ Չճարուող՝ դեֆիցիտ ապրանք էր։ Հեռագրում գրում էին. «Արագ վերադարձէք. լամպեր պէտք չեն»։ Երբ տուն մտայ, Ելենան ժպտալով ասաց.
- Շնորհաւորում եմ, Գորբաչովը պատասխանել է քեզ։
- Որտե՞ղ է, - ուրախացայ ես, - ի՞նչ է գրում։
- Ուրեմն դու դեռ յոյս ունես նրանից պատասխա՞ն ստանալ, - քմծիծաղեց մոսկովեան այլախոհական շրջանակներում «Պրոֆեսոր» անունով յայտնի Ելենան։
- Իսկ ի՞նչ պիտի անի, որ չպատասխանի։ Դա էլ իր օգտին չէ։
Խօսքը աքսորավայրիցս գրած դիմումի մասին էր, որով ես կոչ էի անում մեզ՝ հանրաքուէի միջոցով ԽՍՀՄ կազմից Հայաստանի դուրս գալու՝ Հայաստանի անկախութեան կողմնակիցներին թոյլատրել կազմակերպութիւն ունենալ եւ անկաշկանդ զբաղուել քարոզչութեամբ։ Դիմումս եզրափակել էի կամաւորապէս աքսորիս ժամկէտը մինչեւ «Պերեստրոյկա եւ գլաստնոստ» յայտարարած Գորբաչովից պատասխան ստանալուս ժամկէտը երկարացնելու մասին յայտարարութեամբ։ Փաստօրէն արդէն երկու ամսից աւելի «իմ հաշուին» էի աքսորավայրում ու պատասխան չկար։ Յայտարարութիւնս մարտին Մոսկուայում տուած մամուլի ասուլիսով սփռել էի աշխարհով մէկ, բայց թւում էր, դա էլ չէր յուզում կոմունիստներին։ Սակայն միայն թւում էր. նրանք որոշել էին պատասխանել կոմունիստաբար։
- Ահա պատասխանդ, - ասաց Ելենան ու ինձ տուեց այդ օրուայ՝ 1987 թուականի մայիսի 10-ի «Սովետսկայա Ռոսիա» օրաթերթի համարը։ Յօդուածում խօսւում էր «Ֆրանս պրես» գործակալութեան հետ ունեցած ինչ-որ խնդիրների մասին ու սահուն անցում կատարելով ինձ հետ իբր վերջերս անցկացրած հարցազրոյցին` գրում էին, որ ես, վերագնահատելով իմ անցեալ գործունէութիւնը, այն սխալ եմ համարում եւ որոշել եմ ապրել այլ կերպ։ Կարդացողի տպաւորութիւնն այն կարող էր լինել, որ գործ ունի կոմունիստների համար ընդունելի ու համակրելի մարդու հետ։
- Բայց ստում են, - եղաւ իմ առաջին զարմանքը։
- Իսկ դու սպասում էիր, որ «Սովետսկայա Ռոսիա»-ն պիտի ճի՞շտը գրէր, - պատասխանեց Ելենան։ - Օգորոդնիկովը այս հեռախօսահամարով սպասում է քո զանգին, - աւելացրեց նա։
Քիչ անց ես մեր մոսկովեան ընկերներից մէկի բնակարանում հանդիպեցի ընկերոջս եւ նրա հրաւիրած արտասահմանեան թղթակիցներին։ Խօսակցութեան նիւթը գորբաչովեան ժողովրդավարացում քաղաքականութիւնն էր, աւելի ճիշտ՝ դրա ստայօդութեան մերկացումը։ Բացի իմ դիմումին պատասխանելու նրա անկարողութեանը, ես մի հեռահար հիմնաւորում էլ ունէի. «ԽՍՀՄ-ում չկայ օրէնք հանրաքուէի մասին։ Եթէ Գորբաչովը դեմոկրատ է, թող ԽՍՀՄ Գերագոյն խորհրդի մինչեւ 1981 թուականը հանրաքուէի մասին օրէնք ընդունելու որոշումը իրականութիւն դարձնի։ Առանց այդպիսի օրէնքի չի կարելի ժողովրդի կարծիքն իմանալու հնարաւորութեան, էլ չենք ասում ժողովրդավարութեան մասին խօսել։ Այլ խօսքով, դիւանագիտական լեզուով ապացուցում էի, որ Գորբաչովին հաւատալ չի կարելի»։
Այդ օրը նաեւ այլ հարց էր ասպարէզ եկել՝ «Սովետսկայա Ռոսիա»-յի վերոնշեալ հրապարակումը։ Ես հերքեցի նրա առաջին պահի անհասկանալի յայտարարութիւնը եւ տեղեկացրի, որ ինձ շտապ ետ են կանչել աքսորավայր։ «Թերեւս Գորբաչովից պատասխան կայ», - կատակեցին ոմանք։
Սաշայի (Օգորոդնիկով) հետ մենակ մնալով՝ արդէն մեր կալանաւորական կանոններով խօսեցինք այդ հրապարակման մասին։
- Ինձ զարմացնում է դրանց ամբարտաւանութիւնը։ Չէ՞ որ գիտէին, անպատասխան չէի թողնի, - ասացի ես։
- Իսկ եթէ գիտէին, որ դու պատասխանել չես կարող, - բազմանշանակ ակնարկեց Սաշան, - ի՞նչ աւտովթար էր։
- Չէ՛, Սաշա, այդպիսի վթարից մարդ չէր մահանայ, - ասացի ես, սակայն կասկածը սողոսկեց սիրտս։ «Ինչո՞ւ էին այդպէս յամառում ծանր վիճակում կնոջը թողած եւ յատկապէս ինձնով զբաղուել տրամադրուած «բուժաշխատողները»»։
Պատասխանը ստացայ մի քանի ամիս անց, երբ Մոսկուայում մէկ այլ ընկերոջ, յայտնի այլախոհ, հետագայում «Ռեֆերէնդում» հանդէսի հրատարակիչ Լեւ Տիմոֆէեւի հետ գնացինք մոսկովեան պետաւտոտեսչութիւն եւ փորձեցինք մանրամասն տեղեկութիւններ ստանալ այդ վթարի մասին։ Պարզուեց, որ այդ օրը ոչ այդտեղ, ոչ էլ Մոսկուայի այլ վայրում այդ որակի աւտովթար չի եղել։ Առաջին իսկ հայեացքից իր հանդէպ պատկառանք ներշնչող, գնահատականներում գիտնականին վայել բծախնդրութիւն դրսեւորող Տիմոֆէեւը փորձեց տարբեր պաշտօնեաների միջոցով ճանապարհ գտնել, մի ամբողջ օր կորցնելով եղանք մի քանի գերատեսչութիւններում, ոստիկանութեան քաղաքային վարչութեան գրապահոց յիշեցնող հաստատութիւնում, սակայն անարդիւնք։ Այդ վթարը որեւէ տեղ յիշատակուած չէր։
Երկու տարի անց վրացի յայտնի այլախոհ դոկտոր Էդուարդ Գուդաւան երեխայի պէս հեկեկալով պատմում էր ընկերոջս, այժմ Թիֆլիսի գեղատեսիլ բարձունքում հողին յանձնուած Վրաստանի ազգային հերոս Մերաբ Կոստաւայի մահուան մանրամասնութիւնները. «Աւտովթարից անմիջապէս յետոյ ժամանած բժիշկները Մերաբին առաջարկում են ստուգուել եւ «հանգստացնող» ներարկում են կատարում։ Մերաբը, որ վթարից յետոյ ինքնուրոյն քայլելով դուրս էր եկել ինքնաշարժից, քայլելով հեռացել ու նստել է ճանապարհի եզրի մի քարի, մահանում է «շոկ»-ից»։ Այսօր ողջ Վրաստանը նրա անունով է երդւում, իսկ ինձ ամէն առիթով յատուկ վերաբերմունքի են արժանացնում որպէս իրենց Մերաբ Կոստաւայի ընկեր։
Յիշեցի մեր խօսակցութիւնը Օգորոդնիկովի հետ. «Բայց ո՞րն էր սուտը գրելու իմաստը» եւ բանալի պատասխանը. «Այդպիսի բան միայն մի դէպքում կարող էին թոյլ տալ, եթէ վստահ լինէին, որ դու կենդանի չես»։ Իսկ թերթի յօդուածը նրա համար էր, որ յետոյ արդարանային. «Հայրիկեանը մեր մարդն էր. ընդունել էր անցեալում իր թոյլ տուած սխալները, մենք նրա մասին դրական հրապարակումներ ունէինք։ Ինչո՞ւ պիտի նրա մահը կամենայինք...»։ Իսկ Սիբիր ինձ կանչում էին Իրկուտսկի մարզի կոմունիստական կուսակցութեան առաջին քարտուղարի միջոցով՝ փոխանցելու Գորբաչովի իւրայատուկ պատասխանը. «Վամ օտուետա նե բուդետ»։ Դե արի ու մտածիր։ Ստիպուած եղայ մտածել մօտ երկու ամիս եւ գտայ պատասխանը. «Մոլչանիէ - զնակ սոգլասիա» եւ վերադառնալով Երեւան՝ սեպտեմբերին ազդարարեցի Ազգային ինքնորոշում միաւորման ստեղծման մասին։

Գերեալ ազգերի հետ Երեւանում հիմնած համագործակցութիւնը հետագայում ընդարձակուեց եւ իր մէջ ներառաւ բոլոր ազգերի առաջադէմ ուժերին։
Որքան էլ զբաղուած, ես չէի մոռացել, աւելին՝ ինձ շարունակում էր հետապնդել քեզ գտնելու ձգտումը։ Որեւէ նկատառում, բնական է, չունէի, բայց պարտաւոր էի զգում։ Առաջին անգամ Մովսէսի հետ եկանք այն տուն, որի լուսամուտների տակ սուլում էի «Բայց դու անցնում ես ու ետ էլ չես նայում» երգի մեղեդին, բայց... Ոչ ոք քեզ չէր ճանաչում։ Ոչ ոք չէր յիշում։ Հարցրի նաեւ Արամ քեռու մասին։ Ասացին՝ կարծես թէ այդպիսի մէկը եղել է, բայց վաղուց մահացել է։
Դու չկայիր։ Շողիկին մի անգամ հարցրի։ Նա ցրուած ասաց, որ չի յիշում։ Այնքան մօտ չէինք, որ խնդրէի օգնել։ Մտածում էի, որ գուցէ մի օր դու ինքդ քո մասին յիշեցնես։ Դժուար թէ ես այդ տարիների ընթացքում անճանաչելիօրէն փոխուած լինէի։

Յետոյ եկաւ նոր կալանքը։ Բոլոր քաղկալանաւորներին ազատ արձակող գորբաչովեան ռեժիմն զգաց, որ անզօր է մեր դէմ եւ դիմեց հին աշխատելաձեւին։ 1988-ի մարտին ԱՄԿ-ն ընդյատակից հանելով՝ յանուն անկախութեան ու ժողովրդավարութեան, յանուն ազատ խօսքի ու ինքնորոշման ի-րաւունքի բացայայտ պայքարող կազմակերպութեան՝ Ազգային ինքնորոշում միաւորման՝ ԱԻՄ-ի ստեղծման, Գորբաչովի միջազգային մակարդակի խաբեբայ լինելը մերկացնելու, հայ եւ ադրբէջանցի ժողովուրդներին կոմունիստական Մոսկուայի գործադրելիք սադրանքների մասին նախազգուշացնելու, համատեղ ընդդէմ կոմունիստական չարիքի պայքարելու կոչերի ու կազմակերպական աշխատանքների, Սումգաիթի իրական կազմակերպիչների մասին հրապարակած եւ աշխարհին լսելի ձեւով եւ ... եւ այն բանի համար, որ շարունակում էի հաւատալ իրական ժողովրդավարութեանն ու հայրենիքիս շուտափոյթ ազատագրմանը` կալանաւորուեցի։ Սակայն ԱԻՄ-ը արդէն հասցրել էր հզօր կազմակերպութիւն դառնալ։ Նրան անդամագրուել էին բազմաթիւ հին քաղկալանաւորներ՝ Բագրատ Շահվերդեանը, Ալէքսանդր Մանուչարեանը, Ռաֆայէլ Պապայեանը, Գեորգի Խամիզուրին, հետագայում նաեւ հին ԱՄԿ-ականներ Յակոբջան Թադեւոսեանը, Ազատ Արշակեանը, Աշոտ Նաւասարդեանը, կալանավայրից վերջին ազատուած հայ քաղկալանաւորը՝ Վարդան Յարութիւնեանը։ Մտաւորականների մի խումբ, դոկտոր պրոֆեսոր Վարագ Առաքելեանի գլխաւորութեամբ, նոյնպէս համալրել էր ԱԻՄ-ը։ Այդ բոլորից վեր, իհարկէ, կանգնած էր երեսունը չբոլորած մեծն Մովսէս Գորգիսեանը, մարդ, որ չնայած իր երիտասարդ տարիքին, կարողացաւ աներեւակայելի ծանր պայմաններում՝ մի կողմից ՊԱԿ, միւս կողմից հայրենասիրականի համարում ունեցող «Ղարաբաղ» կոմիտէ անուան տակ հանդէս եկող պատեհապաշտներ ու պաշտօնապաշտներ, կեանքի կոչել մեր համատեղ մշակած հիմնական ծրագրերը։
Ինձ կալանաւորեցին Մոսկուայում՝ հերթական մամուլի ասուլիսից յետոյ։ Մովսէսին ինձ հետ էի տարել, որպէսզի շփուելով ռուսական եւ միջազգային քաղաքական, այլախոհական շրջանակների հետ պատրաստ լինէր հարկ եղած դէպքում փոխարինելու ինձ։ Վերջին հանդիպումս CBS գործակալութեան ներկայացուցիչների հետ էր։ Վիվիան անունով աշխատակցուհին իր «Վոլվոյով» ինձ տեղափոխեց մինչեւ «Ռոսիա» հիւրանոցի մետրոյի կայարանը։ Չուզեցի նեղութիւն տալ եւ մինչեւ վերջ չգնացի։ Դա էլ իմ սխալն էր։ Պարզւում է, Մոսկուայի բոլոր մետրոներում ոստիկանների հերթապահութիւն էին նշանակել եւ յանձնարարել ինձ կալանաւորել։ Հեռուից նկատեցի, որ իմ երեւալով ոստիկանների մէջ աշխուժութիւն առաջացաւ։ Մարդկանց հոծ զանգուածը կիսելով՝ նետուեցին իմ ուղղութեամբ. փախչել չէի հասցնի։ Տեղափոխեցին Երեւան եւ ազատ արձակեցին, որպէսզի մի քանի օրից, երբ Երեւանը կիսակատար «Ղարաբաղ» կոմիտէի կոչով «Մեռեալ քաղաք» էր յայտարարուած, ինձ կալանաւորէին։
Մարտից ՊԱԿ-ի բանտում էի։ Քննութեան հարցերին չէի պատասխանում։ Ինքս ինձ համար արձանագրութիւններում գրում էի, որ օտարի վարձկանների հարցերին չեմ պատասխանի։
Յունիսին ՊԱԿ-ի շէնքը շրջապատում են շուրջ քսան հազար քաղաքացիներ՝ պահանջելով ազատ արձակել ինձ։ Կոմունիստների պատմութեան մէջ դեռ չէր եղել դէպք, որ մարդկանց ահ ու սարսափ ՊԱԿ-ի դիմաց ցոյց անէին։ Նման մի մեծ, շատ աւելի մեծ ցոյց նախատեսուած էր անել իմ ծննդեան օրը՝ յուլիսի 5-ին, բայց դա արդէն չափից աւելի կլինէր, որովհետեւ իմ անձի շուրջ եղած գործողութիւնների միջոցով ասպարէզ էին գալիս կոմունիստների համար խիստ վտանգաւոր գաղափարներ։ Այդ պատճառով յուլիսի 5-ին կազմակերպուեց օդանաւակայանի սադրանքը։ Ի վերջոյ համաշխարհային հասարակայնութեան ճնշման տակ յուլիսին կոմունիստները որոշեցին ինձ ազատ արձակել, բայց Հայաստանում թողնել նշանակում էր ականատեսը լինել իրական ժողովրդավարութեան սրընթաց յաղթարշաւի, ուստի որոշեցին ազատումը համատեղել արտաքսումով։ Բայց ուր էլ տանէին, ստիպուած պիտի լինէին յետ բերել, որովհետեւ աշխարհի ոչ մի պետութիւն առանց մարդու համաձայնութեան նրան իր երկրի քաղաքացիութիւն չի տալիս։ Իսկ ես կոմունիստներին նախազգուշացրել էի, որ եթէ որոշեն արտաքսել, ապա ուր էլ տանեն, չեմ համաձայնելու։ Այսպիսով, ինչպէս գրում էր «Ուոլ Սթրիթը» տարան մի պետութիւն (Եթովպիա), որը պատերազմի թոհ ու բոհի մէջ խրուած ինձ ընդունեց որպէս Մոսկուայից եկած պատուիրակութեան անդամ։ Նախ յատուկ օդանաւով ինձ տարան Մոսկուա, ապա այնտեղ մէկ օր Լիֆորտովոյի ինձ լաւ ծանօթ բանտում պահելուց եւ դատախազի հետ հանդիպումից յետոյ (կարդաց արտաքսման անգրագէտ հրամանագիրը՝ ներում շնորհել եւ արտաքսել) նոյնպէս յատուկ օդանաւով, որում միայն ես էի եւ ութ չէկիստներ, թերես նաեւ Եթովպիա տարուող զէնք, տարան Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբա։ Այնտեղ արդէն խիստ հսկողութեան տակ, սակայն բարձրակարգ հիւրանոցում էին պահում։ Շուրջ տաս օր պատուաւոր պատանդի՝ պալատում արգելափակուած արքայազնի կարգավիճակում էի։ Լաւագոյն զբօսավայրեր, կառավարական հանգստավայրեր, լաւագոյն ուտեստներ եւ ռեստորաններ, բայց ես ի վերջոյ հացադուլ սկսեցի, որով խառնեցի դրանց բոլոր հաշուարկները։ Ստիպուած եղան թոյլ տալ կապուել արտաքին աշխարհի հետ։ Պարզւում է, ԱՄՆ պետական դեպարտամենտը եւրոպական բոլոր դեսպանութիւններին նախազգուշացրել էր ինձ դիմաւորել եւ ապաստան տալ։ Միաժամանակ իրենց երկրների քաղաքացիութիւն տրամադրելու պատրաստակամութիւն յայտնեցին ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Կանադան։ Ես շնորհակալութիւն յայտնեցի եւ յայտարարեցի, որ շուտով կոմունիստներին ստիպելու եմ՝ ինձ թոյլ տալ վերադառնալ Հայաստան։
Եթովպիայից անցայ Իտալիա։ Օդանաւում «Թայմս» հանդէսում տեսայ լուսանկարս եւ մանրամասն հաղորդագրութիւն իմ անձի եւ Եթովպիա արտաքսուած լինելուս մասին։ Աղմկարար երիտասարդ իտալացիներ օդանաւի մէջ իրար յետեւից լուսանկարուելու առաջարկներ էին անում։ Չէի մերժում։ Չնայած գորբաչովասէր իտալական եւ ամերիկեան շրջանակների՝ ինձ մեկուսացուած տեսնելու ջանքերին` արդէն Իտալիայում ինձ դիմաւորեցին Էդիկ Կուզնեցովի ու Կարէն Ագուլեանի ջանքերով տեղեկացուած մամուլի ներկայացուցիչներ։ Նրանք նոյնպէս Միւնխէնից ժամանել էին Հռոմ։ Ես հիւրանոց էի մտնում, երբ աշխատակիցներն ինձ ձայնեցին. «Պարո՛ն, հեռուստաալիքներով ձեզ են ցուցադրում»։ Ընկերներս տեղեկացրին ինձ մեկուսացնելու փորձի մասին, բայց իրենք արդէն միջոցներ ձեռնարկել էին։ Իտալիա էին ժամանել Ստամբուլում ծնուած եւ Փարիզում ապրող հօրեղբօրս աղջիկը՝ Սիլվան, ում առաջին անգամ էի տեսնում, ինչպէս նաեւ ֆրանսահայերի երիտասարդական նորաստեղծ կազմակերպութեան ներկայացուցիչներ Պատրիկն ու Լուսինեանը։ Հռոմում գտնուող ուսանողուհի Անահիտ Քէշիշեանը կարողացել էր իմ գտնուելու վայրը պարզել ամերիկեան դեսպանատան միջոցով։ Հռոմում հէնց առաջին պահից շրջապատուած էի բարեկամներով։
Մի քանի օրից Ֆրանսիայում էի։ Շառլ դը Գոլ օդակայանում դեռ օդանաւի մէջ ինձ դիմաւորեց Ֆրանսիական իշխանութիւնների պաշտօնական ներկայացուցիչ Բեռնար Քուշները։ Նա դեռ օդանաւակայանում կազմակերպուած մամուլի ասուլիսում ինձ Ֆրանսիայում հաստատուելու պաշտօնական առաջարկ արեց եւ փաստաթղթեր յանձնեց։ Այստեղ Փարիզում ես վերջապէս զգացի, որ Ազատ աշխարհում եմ եւ բարձրաձայնեցի այդ զգացողութիւնս։ Մի քանի օր եղանք Գեր-մանիայում, իսկ յետոյ ես մեկնեցի ԱՄՆ, այն երկիրը, որը իմ արտաքսուելու պահին եւրոպական երկրների իր բոլոր դեսպանութիւններին նախազգուշացրել էր դիմաւորել եւ քաղաքական ապաստան տրամադրել ինձ։
Բազմաթիւ հանդիպումներ ունեցայ Ազատ աշխարհի խորհրդարանականների ու ղեկավարների հետ, տարբեր ազգերի քաղաքական վտարանդիներին միաւորող անձը դարձայ, ընտրուեցի գերեալ ազգերի «ժՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ ԵՒ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ» միջազգային ներդաշնակող կենտրոնի նա-խագահ, միջազգայնօրէն ճանաչում ստացայ որպէս «Սովետական Միութիւն» կոչուող կոմունիստա-կան կայսրութեան ժողովրդավարական շարժումների հիմնադիր եւ առաջնորդ։
Այդ ամէնը շատ կարեւոր էր, սակայն «իմ սիրտը լեռներում» էր՝ Հայաստանում։ Խորհրդային իշ-խանութիւնների համար աննախադէպ կարճ ժամանակահատուածում, 1990 թուականի նոյեմբերին միջազային լայնածաւալ աջակցութեան շնորհիւ կարողացայ ստիպել կոմունիստներին վերականգ-նել իմ քաղաքացիութիւնը եւ թոյլ տալ վերադառնալ Հայաստան։ Աւելին, նրանք գրաւոր ներողու-թիւն խնդրեցին իմ անարդար դատապարտումների համար։ Դէ, ի՞նչ մեծ բան էր. ընդամէնը 17 տա-րի, 11 ամիս եւ 5 օր՝ չհաշուած Եթովպիա, Եւրոպա, Ամերիկա աքսորը (ի վերջոյ՝ կամաւոր չէի մեկ-նել)։ Իսկ դրա դիմաց ես՝ մենք, ստացանք անհնար ու անհասանելի թուացող, տասնեակ սերունդների համար տենչալի, անձնական եւ ազգային ճակատագրերի ընդհանրութիւնը սեփական դառը ճակատագրով հաստատագրած միլիոնաւոր մարդկանց տէրզօրեան գաղթի եւ սիբիրեան աքսորի ճանապարհին կամ հայ լինելու համար մահուան դատապարտուածի վերջին եզրակացութեան՝ «Ա՜խ, եթէ մենք էլ մեր թագաւորն ունենայինք, այսպէս չէր լինի» խօսքերով արտայայտուող երազի իրականացմանը՝ ԱՆԿԱԽ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆԸ։

ԳԼՈՒԽ Ի
Կեանքը շարունակւում է

Ոչ կողմնակի, կարող եմ ասել նոյնիսկ սրտացաւ մարդիկ վերջին տասնամեակի իրադարձու-թիւնների եւ իմ ներկայ կարգավիճակի լոյսի ներքոյ, յաճախ հարցնում են, թէ ես արդեօ՞ք դժգոհ չեմ իմ անցած ուղուց ու ճակատագրից։ Մի՞թէ դժուար չի եղել թէկուզ յանուն բարձր նպատակի այդքան երկար կտրուած լինել կեանքից։ Ինձ միշտ թուացել է, թէ դու էլ այդ հարցնողների մէջ ես։
Նախ ասեմ դժգոհելու մասին։ Խնդրում եմ հաւատա անկեղծութեանս։ Ես իմ ճակատագրից բո-ղոքելու իրաւունք չունեմ։ Ինքս էի ընտրել ազգային գործչի, հիմա՝ պետականութեան վերականգ-նումից յետոյ, նաեւ քաղաքական գործչի ուղին ու գիտէի, թէ ինչ հետեւանքներ կարող էր ունենալ ինձ եւ իմ մերձաւորների համար։ Սակայն գոնէ հայ իրականութեան մէջ կա՞յ մէկը, ով այսքան յաջողութիւնների հասած լինի։ Ես գոհ եմ իմ սերնդակիցներից։ Անկախ այս կամ այն մանրմունր ընտրութիւններում մարդկանց դրսեւորած թուլութիւններից, տուեալ պահին իշխանութեան լծակնե-րին տիրացած մարդկանց գայթակղումներից ժողովուրդն ընդհանուր առմամբ գնաց այն ճանա-պարհով, որի մունետիկն ու ճարտարապետը լինելու շնորհին Տէրն ինձ՝ նուաստիս էր արժանացրել։ 1988 թուականին ամերիկեան կոնգրեսի սենատոր Դիքոնսինի եւ կոնգրեսական Հոյերի համատեղ յանձնաժողովի յատուկ հրաւիրած ունկնդրութիւնում ես ընդգծում էի «Չարի կայսրութիւնը» ինքնո-րոշման հանրաքուէներով, յանուն դրանց նպատակաուղղուած պայքարի միջոցով տապալելու հնա-րաւորութիւնը։ Յայտնի դիսիդենտ, դոկտոր Չէլիձէն՝ որպէս ընդդիմախօս, նախազգուշացնում էր այդ դիրքորոշման վտանգաւորութեան մասին։ Այսինքն՝ կոմունիստների իշխանութեան պայմաններում հանրաքուէի գաղափարը անհասկանալի ու անընդունելի էր ոչ միայն շարքային քաղաքացու, այլ նաեւ Չէլիձէի պէս յայտնի իրաւապաշտպանի համար։ Սակայն փաստ է, որ կոմու-նիստական կայսրութեան վերջը հանրաքուէով տրուեց, իսկ հայ ժողովուրդը Անկախութեան հան-րաքուէում՝ դարակազմիկ այդ միջոցառման ժամանակ, իմ գաղափարին տուեց իր ձայների ինն-սունեօթ տոկոսից աւելին: Ժամանակին անկախութեան գաղափարի համար ինձ անխոհեմ ար-կածախնդիր, ծայրայեղական կամ, լաւագոյն դէպքում, ռոմանտիկ էին կոչում. ժողովրդավարու-թեան, մասնաւորապէս, ժողովրդի կողմից ընտրուած երկրի ղեկավարի հաստատութիւն ստեղծելու պահանջի համար՝ իշխանատենչ - կարիերիստ, ազգային բանակի գաղափարը համարում էին ֆա-նատիկոս Հայրիկեանի պատերազմատենչութեան դրսեւորում, Սահմանադրութիւնը՝ ցնորամիտ ե-րեւակայութեան արդիւնք, որն աւելորդութիւն էր համարւում. բազմակուսակցական - համամասնա-կան ընտրութիւնները, մարդու իրաւունքները հիմքերի հիմք ընդունելը մեր իրականութեան համար՝ չարդարացուած։ Բայց ահա մեր ժողովուրդը տէրն է կամ տէրը լինելու ճանապարհին է այս եւ այլ արժէքների։ Ես էլ այդ ամենի ականատեսն եմ։ Իրաւունք ունե՞մ արդեօք դժգոհ լինելու ճակատագ-րից։ Մէկ մարդու համար այսքան ձեռքբերումը ճակատագրի ընդգծուած բարեհաճութիւն չէ՞... եւ արդեօ՞ք խորհրդանշական չէ, որ ՀՀՇ-ական խորհրդարանը տարուայ 365 օրերից պատահականօ-րէն Հայոց Սահմանադրութեան օր ընտրեց իմ ծննդեան օրը՝ յուլիսի հինգը։ (ՀՀՇ-ական ասելով՝ նկատի ունեմ 90-ական թուականների սկզբներին մեր դեմ բացահայտորեն պայքարող հիմնական ուժին): Երեւի լսել ես այն օրերին Ներքին գործոց նախարար Վանօ Սիրադեղեանի՝ 1996 թուականի խոստովանութիւնը՝ իմ նկատմամբ իրենց կիրառած նպատակաուղղուած սադրիչ միջոցառումների մասին):
Այս կամ այն ընթացիկ ընտրութիւններում առաջին տեղ չգրաւելու պատճառների մէջ չխորանա-լով՝ նշեմ, որ ցաւել եմ, իհարկէ, սակայն դա արդէն իմ խնդիրը չէ: Սերնդակիցներս թող մտածեն, թէ ինչպէս են պատասխանելու մեզնից յետոյ եկողներին:

Փորձութիւնների նոր փուլ էր սկսւում, որին մեր ժողովուրդը պատրաստ չէր ու չէր էլ կարող պատրաստ լինել։ Կոմունիստները յակուած չէին ասպարէզը զիջելու իրապէս ժողովրդավարական ուժերի։ Անկախութեան յաղթարշաւն անկասելի էր։ Հին՝ Մոսկուայից, թելիկներով կառավարուող մանկլաւիկ իշխանութիւնները պարզապէս ժամանակաւորապէս նահանջում էին ու հեռագնայ քայլերով նախապատրաստում իրենց վերադարձը։ Նրանք գնում էին վերադառնալու յոյսով։ Պէտք էր աննկատ նենգութեամբ վարկաբեկել անկախութեան եւ ժողովրդավարութեան գաղափարները։ Դա արուեց մեծ վարպետութեամբ։ Իշխանութիւնը տրուեց շինծու «Ղարաբաղ» կոմիտէից սերուած ՀՀՇ-ին, որի ձեւաւորած կառավարութեան անդամները կամ չէկայի գործակալներ էին ու դիմակափոխուած նոմենկլատուրային կոմունիստներ կամ լաւագոյն դէպքում` անկախութիւնից ու ժողովրդավարութիւնից անտեղեակ մարդիկ։ Իրենց մոսկովեան տէրերի հետ միասին, նրանցից ստացած հրահանգներով նրանք ինձ առաւելագոյնս հեռու պահեցին անցումային փուլի աշխատանքներին անմիջականօրէն մասնակցելու հնարաւորութիւնից։ Եւ ոչ միայն. այլեւ կենտրոնում (Մոսկուա) տեւականօրէն մշակուած, ինձ մեթոդաբար վարկաբեկելու քաղաքականութիւն էին իրականացնում։
1990 թուականի մայիսին ես հեռակայ կարգով ընտրուեցի պատգամաւոր։ Դա նշանակում էր՝ անմիջապէս հայրենիք վերադառնալու իրաւունք։ Յուլիսի 24-ին Հայաստանի Հանրապետութեան Գերագոյն խորհուրդը որոշում է ընդունում իմ քաղաքացիութիւնը վերականգնելու մասին։ Յուլիսի 30-ին նոյն Գերագոյն խորհուրդը յանձնարարում է կառավարութեանը մէկշաբաթեայ ժամկէտում լուծել Հայրիկեանի վերադարձի հարցը։ Մէկ շաբաթում Հայաստանի նորընծայ կառավարութիւնը պէտք է ինձ ընդամէնը մէկ դիւանագիտական կամ հասարակ անձնագիր ուղարկէր, որով ես Հայաստան վերադառնալու տոմս գնէի։ Սակայն այդ գործը ձգձգուեց այնքան ժամանակ, մինչեւ որ դրա վերաբերեալ առանձնայատուկ վերաբերմունք հանդէս բերեցին ամերիկեան աւելի քան ութսուն սենատորներ ու կոնգրեսականներ։ Այդ ընթացքում ՊԱԿ-ի ղեկավար Կրիւչկովը վարչապետ դարձած Վազգէն Մանուկեանին եւ ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար Աշոտ Մանուչարեանին ասում էր՝ այնպէս պիտի անէք, որ Հայրիկեանը չգայ իշխանութեան։ Սակայն նրանց թիմը, իշխանատենչութեամբ արբած, արդէն անում էր այդ բանը՝ չհասկանալով, որ խօսքը ոչ այնքան ինձ, որքան իմ դաւանած գաղափարներին ու սկզբունքներին էր վերաբերում։ Իսկ դրանք իմը չէին, այլ քաղաքակիրթ մարդկութեանը...
Կոնգրեսական Դէյնը Ռոըրբախերի հետ մենք այցելեցինք Վաշինգտոնի խորհրդային դեսպանութիւն։ Դեսպանութեան ողջ անձնակազմն իրար էր անցել։ Ամերիկեան կոնգրեսականը ներկայացրեց քառասուն սենատորների եւ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի աւելի քան քառասուն անդամների կողմից ստորագրուած յայտարարագիրը, որում խիստ վրդովմունք էր արտայայտւում ինձ Հայաստան վերադառնալն արգելելու կապակցութեամբ։ «Պարո՛ն կոնգրեսմեն, այդ հարցը լուծուած է։ Զուտ ժամանակի եւ տեխնիկայի հարց է։ Մենք ամէն օր սպասում ենք պարոն Հայրիկեանի անձնագրին, որպէսզի ինքը կարողանայ Հայաստան վերադառնալ», - իրար ընդմիջելով՝ ասում էին դեսպանատան պատասխանատուները։
Ի վերջոյ ինձ թոյլատրուեց Հայաստան վերադառնալ... նոյեմբեր ամսին։ Ակնյայտ էր, որ ողջ Հայաստանում չկար մէկը, որ ազգային ժողովրդավարական նոր ապրելաձեւին աւելի պատրաստ լինէր, հոգեբանօրէն նախապատրաստուած աւելի քան նա, ով պայքարում էր յանուն այդ բարեփոխումների, բայց դեռեւս իրենց ուժը պահած կոմունիստները ՀՀՇ անունով հանդէս եկող նէոկոմունիստներին արդէն զգացնել էին տուել իշխանութեան համը։ Այն, ինչ կոմունիստները կամենում էին եւ չկարողացան անել բանտ ու աքսորի միջոցով, այժմ փորձում էին անել իրենց կամակատար «Ղարաբաղ» կոմիտէի տղաների միջոցով։ Գերագոյն խորհրդի յանձնաժողովներից մէկի՝ «Անկախ պետականութեան վերականգման յանձնաժողովի» (այդպէս էր անունը, կարծես թէ կարող էր նաեւ կախեալ պետականութիւն լինել) նախագահի ընտրութիւնն էր։ Թեկնածուներից մէկը ես էի, միւսը՝ մի ՀՀՇ-ական։ Առաջին քուէարկութեան ժամանակ ես ստացայ շուրջ հարիւր ձայն, իսկ նա՝ ընդամէնը վաթսուն։ Կրկնական քուէարկութիւն էր սպասւում, եւ բոլորը խօսում էին, որ դա, բնականաբար, այն նուազագոյն տեղն է, ուր ես պէտք է ներդնեմ իմ կարողութիւններն ու փորձառութիւնը։ Իմ մտքով չէր անցնում, թէ ում հետ գործ ունեմ։ Միայն տարիներ յետոյ իմ լաւ բարեկամ, այժմ Հայաստանի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշէս Թումանեանը պատմեց լրացուցիչ մանրամասնութիւններ։ Օպերացիան ղեկավարել էր անձամբ Գերագոյն խորհրդի նախագահ, հետագայում Հայաստանի Հանրապետութեան նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանը, իրականացրել էին Գերագոյն խորհրդում նրա տեղակալներն ու օգնականները։ Խորհրդարանում ազդարարուեցին կրկնական քուէարկութեան արդիւնքները. ՀՀՇ ներկայացուցիչ մրցակիցս ստացել էր 135 ձայն, իսկ ես` 50 ձայն։ (Հետագայում նա լքեց ՀՀՇ-ն եւ ամէն ինչ անում էր դրա բացասական ժառանգութիւնից ժողովրդին ազատելու համար։ 49 տարեկան հասակում յանկարծամահ եղաւ, այդ պատճառով անունը չեմ նշում։)։ Զարմացայ, բայց այդպիսի արդիւնքներ էին ազդարարել։ Ինչպէ՞ս պատկերացնէի կամ ինչպէ՞ս հաւատայի, որ հաշուիչ յանձնաժողովի 6-7 անդամներ, բոլորն էլ խորհրդարանականներ, սրիկաներ են։ Իրականում 135 ձայն ես էի ստացել, սակայն քանի որ նրանց հաւատալով, վստահուած անձ չէի նշանակել, իմ ստացած ձայները վերագրել էին իրենց աւազակախմբի անդամին։ Կոմունիստական դաստիարակութեամբ ստայակների մի խումբ էր եկել իշխանութեան, որ ութ տարուց աւելի զբաղուած էր մեր նուիրական գաղափարների ու ազգային արժէքների պղծմամբ։ Դրանք այնպիսի խոր արմատներ են գցել, որ առայսօր հետապնդում են մեզ։ Օրինակ, հայաստանաբնակ հայերս մնում ենք ստալինեան ուղղագրութեամբ գրող ժողովուրդ, որպէս ազգ միակն ենք, որ երկու ուղղագրութիւն ունենք՝ ազգային-դասական եւ ստալինեանխորհրդային։ Աշխարհասփիւռ ազգի պետութիւնն արգելում է երկքաղաքացիութիւնը։ Սահմանադրութեամբ ամրագրուած չէ խորհրդարանի ձեւաւորման կարգը, որը հնարաւորութիւն է տալիս օրուայ պառլամենտական յարաբերական մեծամասնութեանն իրեն առաւելութիւն տուող ընտրական օրէնսգիրք մատուցել հերթական ընտրութիւններից առաջ։ Երկրի տնտեսական կարողութիւնը սեփականաշնորհուեց` մոռացութեան մատնելով պետական դրամատներում իրենց խնայողութիւնները պահ տուած հարիւր-հազարաւոր մարդկանց, մանաւանդ` զառամեալ աւանդատուներին եւ այլն, եւ այլն...
1992 թուականին Վաշինգտոնում Մարտին Քոլմանը պատմեց մի բան, որ գերազանցեց իմ ամենավատ պատկերացումները ՀՀՇ-ի մասին։ Բաւական նուրբ սկսեց. «Ես մազաչափ իսկ չեմ կասկածում, որ այդպէս չէ, բայց պարտաւոր եմ քեզ տեղեակ պահել»։
- Յիշո՞ւմ ես՝ Դէյնը Ռոըրբախերը անցեալ տարի ժամանել էր Հայաստան։
- Իհարկէ՛, յիշում եմ։ Մենք բաւական երկար ժամանակ ենք իրար հետ անցկացրել այնտեղ։ Ես ծրագրուածից դուրս իրեն Խոր վիրապ պատմական վայրը տարայ այն ժամանակ։
- Այն, ինչ ուզում եմ ասել, ինքը չի պատմել, այլ ժակը։
Ժակը մեր ընդհանուր վաշինգտոնեան ընկերներից էր։ Նա յայտնի էր անկարգելով (պարաշիւտով) Հիւսիսային բեւեռում կատարած իր վայրէջքով։ Երբ Հայաստան վերադառնալու թոյլատրութիւնն ուշանում էր, եւ ես ծրագրում էի Թուրքիայով մօտենալ Հայաստանի սահմանին, Ժակն ասում էր, որ դա ճիշտ որոշում է, եւ պատրաստւում էր ընկերակցել ինձ։ Թուրքական իշխանութիւններն ի վերջոյ դէմ արտայայտուեցին. ասել էին, որ չեն կամենում սրել սահմանային իրավիճակը։
- Հայաստանից վերադառնալուց յետոյ, շարունակեց Մարտինը, - երբ Ժակը հետաքրքրւում է, թէ արդեօ՞ք Դէյնը հանդիպել է քեզ, նա ասում է, որ հանդիպել է ու մի առիթով շատ տխուր է։ Քեզ էլ չի կարողացել ասել։
Ես իսկապէս զարմացայ. ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ երբեւէ ես Դէյնը Ռոըրբախերին տխրեցնելու առիթ չէի ունեցել։ Մարտինը նկատեց զարմանքս։
- ս էլի եմ ասում, որ ես չեմ հաւատում։ Պարզապէս ուզում եմ, որ դու տեղեակ լինես։ Դէյնը ասել է, որ քո մասին ասում են, թէ դու պահանջում ես քեզ Հայաստանի Հանրապետութեան նախագահ ընտրել, քանի որ 18 տարի բանտում ես եղել։
- Բայց ես երբեք այդպիսի բան չեմ ասել։
- Ժակն էլ է ասում. «Դէյնը, սուտ կլինի։ Մենք այդքան շփուել ենք Պարոյրի հետ։ Երբեւէ այդպիսի տօն նկատե՞լ ես իր խօսուածքում»։ «Բայց հասկանո՞ւմ ես, - ներկայացրել է Դէյնը, - ասողները մէկը կամ երկուսը չէին, այլ շուրջ քսան հոգի, ու բոլորն էլ՝ պառլամենտական։ Հո մարդ այդքան չէր ստի»։
- Որտեղի՞ց իմանար ամերիկացի կոնգրեսմենը, որ սուտը վարդապետութիւն դարձրած կոմունիստների ապօրինի զաւակ ՀՀՇ-ականները կարող էին ստել ոչ միայն տասնեակներով, այլեւ հարիւրներով։ «Նրանք սիրում են Պարոյրին, - շարունակել էր մեր վշտացած ընկերը, - այդ խօսքերն ասացին Պարոյրի կենացը խմելու առիթով ու միայն սրտացաւութեամբ էին նշում ասածս»։
Ասած ստորութիւնը հաւաստի դարձնելու այդ չէկիստական ոճը ինձ լաւ ծանօթ էր։ 1987 թուականին, երբ Հայաստան վերադառնալով՝ ԱՄԿ-ի վերակենդանացման առաջին քայլերն էինք անում, տեղեկացայ, որ պայքարից հեռացած մեր հին ընկերներից մէկը աջ ու ձախ ինձ փառաբանում է` ներկայացնելով որպէս շատ պինդ, յամառ, խելացի, հայրենասէր անձ, սակայն վերջում սրտացաւօրէն աւելացնում է. «Ափսոս միայն, որ ամերիկացիների, մասոնների ու հրէաների ազդեցութեան տակ է ընկել, շա՜տ ափսոս»։
Իրականում քո լաւը լինելն ո՞ւմ է պէտք, եթէ ազդեցութեան տակ ես ընկել...
Մարտինն ինձ խորհուրդ էր տալիս մեր հերթական հանդիպումներից մէկի ժամանակ անդրադառնալ այդ խնդրին։ Սովորութիւն ունէինք երեկոները միասին ընթրելու կամ Բաբ Ռալիի տանը (աշխատում էր «Ամերիկայի ձայն»-ում որպէս քաղաքական մեկնաբան, գլխաւոր խմբագիր), որ Դէյնի մօտ ընկերն էր կամ որեւէ ռեստորանում։ Յաճախ մեզ հետ էին լինում նաեւ կոնգրեսականներ Դէյվիդ Դրայերն ու Քրիստոներ Քոկսը։ Ես Մարտինի խորհրդին հետեւել չէի կարող։ Աւելի յարմար նկատեցի ժամանակի ընթացքում յարաբերութիւններիս սառեցումը, չնայած մինչեւ կեանքիս վերջը ջերմօրէն կյիշեմ մեր պայքարին ամէն կերպ աջակցած իմ այս ամերիկացի ընկերներին. իհարկէ, նաեւ սենատոր Դոուլին, ով Գորբաչովին Հայաստանում ռազմական դրութիւն մտցնելուց ետ պահող յայտարարագրի հիմնական կազմակերպիչը եղաւ, սենատոր Հելմսին, որ 1988 թուականին իմ տեսակէտը հիմք ընդունելով՝ ջախջախեց Խորհրդային Միութեանը MFN կարգավիճակ տալու նախաձեռնութիւնը (ելոյթը տպագրուած է «Congresional record»-ում)։ Խորին ջերմութեամբ կյիշեմ Ջին Քըրքփաթրիքին ու դեսպան Լիխտենշտէյնին, որ ինձ թեւ ու թիկունք եղան թէ՛ Փարիզի եւ թէ՛ Պրահայի խորհրդաժողովները նախապատրաստելիս եւ դրանց ընթացքում սենատոր Ուելոփին, ով Պրահայի խորհրդաժողովին ի նպաստ մեծ միջոցառման ժամանակ իր ճառում այնպիսի տեսակէտներ արտայայտեց իմ անձի եւ գործունէութեան վերաբերեալ, որ կրկնելն անհամեստութիւն կլինի։ Նոյն վիճակում եմ յայտնւում, երբ մտաբերում եմ 1990 թուականին ամերիկեան պահպանողականների 17-րդ խորհրդաժողովում այն ժամանակուայ ԱՄՆ պաշտպանութեան նախարար եւ ներկայիս փոխնախագահ Ռիչարդ Չէյնիի շնորհած պատուոյ տախտակի բովանդակութիւնը. «...Նրան, ում վճռականութիւնը 300 միլիոն մարդու ազատագրման սկիզբ դրեց...»։
Իհարկէ՛, այս անունները նշելիս յատուկ ակնածանքով պէտք է ընդգծել կոմունիստական «Չարի կայսրութեան» տապալման մեծ նախաձեռնող ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռէյգանի անունը։ 1988 թուականին նա Ելենային ու մէկամեայ որդուս՝ Դաւիթին Մոսկուայում խոստացել էր օգնել ինձ բանտից ազատելու հարցում։ Իրականում օգնեց ոչ միայն ինձ, այլեւ միլիոնաւոր մարդկանց։
Սրանք հիմնականում հանրապետական գործիչներ են։ Պրահայի խորհրդաժողովում «Ռոկֆելեր» հիմնադրամի ներկայացուցիչն ասաց, որ իրենց հիմնադրամը նոյնպէս աջակցել է այդ կարեւոր խորհրդաժողովի աշխատանքներին՝ յատկացնելով 25.000 դոլար։ Դրանից յետոյ հարցրեց, թէ ես՝ մենք, ինչո՞ւ ենք նախապատուութիւն տալիս հանրապետականներին։
Ես բացատրեցի, որ այստեղ որեւէ նախասիրութեան հարց չկայ։ Իրենք հանրապետականներն են աւելի ուշադիր Խորհրդային Միութեան գերեալ ժողովուրդների (ներառեալ ռուսների) ճակատագրի նկատմամբ եւ եթէ դեմոկրատներն էլ այս հարցում աջակցեն մեզ եւ ոչ կոմունիստ՝ միակուսակցական ժողովրդավարութեան մասին ճամարտակող Գորբաչովին, ապա մենք միայն շնորհակալ կլինենք։
Նախագահ Ռէյգանի խոստման մասին։ Ես երազների չեմ հաւատացել եւ երբեւէ, նոյնիսկ կալանավայրում, երբ թւում է, թէ ժամանակի յաւելուրդ կայ, երազներին առանձնայատուկ ուշադրութիւն չեմ դարձրել, բայց մի անգամ` 1988 թուականին, Երեւանի ՊԱԿ-ի բանտում տեսած մի երազի մասին մի այսպիսի փոքրիկ գրութիւն եմ թողել գործի հետ կապուած թղթերիցս մէկի վրայ. «Այսօր երազումս տեսայ Սերգէյ Գրիգորեանցին։ Ասում էր, որ Լենան եւ Դաւիթը հանդիպել են Ռէյգանի հետ։» Գրութեան վերջում աւելացրել էի. «Տեսնես սա ի՞նչ է նշանակում»։ Եթէ գրի առած չլինէի, կկասկածէի, թէ իսկապէ՞ս այդպիսի երազ տեսել եմ։ 1987 թուականի աշնանը խորհրդային այլախոհների հետ հանդիպելու ցանկութիւն էր յայտնել ԱՄՆ Պետական դեպարտամենտի մարդու իրաւունքների հարցերով պատասխանատու դեսպան Շիֆտերը։ Մոսկուայի ամերիկեան դեսպանատուն հրաւիրուած էինք ես, Սերգէյ Գրիգորեանցը, Սերգէյ Կովալեովը, Գլեբ Եակունինը, Լեւ Տիմոֆէեւը, Ալէքսանդր Պոդրաբինեկը եւ Ալէքսանդր Օգորոդնիկովը։ Դա առաջին բացայայտ պաշտօնական հանդիպումն էր ամերիկեան իշխանութիւնների ներկայացուցչի հետ։ Ընդհանուր զրոյցի վերջում դեսպան Շիֆտերը ինձ խնդրեց մի փոքր երկար մնալ։ Պարզուեց պաշտօնական մասից դուրս, զուտ մարդկայնօրէն կամենում է հասկանալ, թէ ինչպէ՞ս է որ ես դիմացել եմ այդքան տարիներ ու հիմա էլ շարունակում եմ պայքարն ամենավճռական ձեւով։ Ես երբեք ինքս ինձ այդպիսի հարց չէի տուել, որովհետեւ ինձ ներսից տեսնելով՝ լաւ գիտէի, որ երկաթի նման անկոտրում ու հաստատակամ չեմ եղել, որ մշտապէս հոգեկան, տուայտանքների մէջ եմ եղել ու պարզապէս այդ ամէնը պահելով իմ ներսում՝ որեւէ կերպ դրանք յաղթահարելու ուղիներ եմ գտել։ Այնուամենայնիւ, մտածելով կռահեցի, որ գաղտնիքը գաղափարականութեան, հզօր կամքի, խիզախութեան, լաւ առողջութեան, դիմացկունութեան կամ գիտակցական բարձր մակարդակի մէջ չէ, այլ մէկ ու միակ գերագոյն զգացումի՝ սիրոյ։ Սէրն է, հայրենիքի, մարդկանց նկատմամբ ունեցած սէրը, որ քեզ համակում է յոյս ու հաւատով ու դարձնում է բազմակողմանի հզօր։ Լքեց քեզ սէրը, չկաս...
Ամիսներ անց՝ արդէն կալանավայրում եղածս ընթացքում, Մոսկուա է ժամանում ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռէյգանը։ Նա նոյնպէս հանդիպում է այլախոհական շրջանակների ներկայացուցիչների հետ։ Ուկրաինայից հանդիպմանը մասնակցում է Վեաչեսլաւ Չորնովիլը։ Իմ բացակայութեան պայմաններում հրաւիրում են կնոջս՝ Ելենային։ Նա այդ հանդիպմանը գնում է մէկ տարին չբոլորած որդուս՝ Դաւիթի հետ։ Հանդիպման ժամանակ մի պահ Դաւիթը լալիս է։ «Ի՞նչ է ուզում փոքրիկը», - հռետորական հարց է տալիս ԱՄՆ նախագահը։ «Խնդրում է իր հայրիկին շուտ ազատել», - որդուս լացը մեկնաբանում է ուկրաինացի եղբայրս՝ Չորնովիլը։
Ես այդ հանդիպման մասին ոչ մի տեղեկութիւն չունէի։ Այն, որ Ելենան նախագահ Ռէյգանի հետ հանդիպման կտանի Դաւիթին, պատկերացնել չէի կարող, բայց երազը եւ երազի միջոցով տեղեկատուութիւն ստանալս փաստ է, իրողութիւն։
Ինչ վերաբերում է այն հարցին, թէ ինչպէս եմ վերաբերւում ճանապարհիս հանդիպած դժուարու-թիւններին, ապա պիտի ասեմ, որ որեւէ պահի գոնէ չտրտմելու համար մարդ պիտի սիրտ ու հոգի չունենար։ Իհարկէ, բազում անգամներ, մեղմ ասած, անձայն ոռնացել եմ, քանի՜-քանի՜ անգամներ ամենայն բծախնդրութեամբ նախապատրաստուել ինքնասպանութեան՝ «միայն թէ չկոտրուեմ, հայ-րենիքս բռնադատողների առաջ բարոյապէս չընկրկեմ» (էութեամբ դեռ քրիստոնեայ չէի ու չգիտէի, որ սպանելը, նաեւ ինքնասպանութիւնը, մեղք է), բայց վերջում այդ դժուարութիւնները, դրանցից բխող ցաւերը երգ ու բանաստեղծութիւն եմ դարձրել ու նրանցով ապրել.

«Կեանքս լիքը չէ, ես եմ լեցուն
Եւ ոչ թէ կեանքն է ինձ լիացնում,
Այլ ես եմ մաս-մաս տրուելով նրան`
Չարը բարի դարձնում, խաւարը՝ լոյս,
Հիւսիսը՝ հարաւ եւ անկումս՝ յոյս...»։

«...Մեր ազգը այսօր զինուոր շահեց։
Սրանից վսեմ՝ էլ ի՞նչ...»։

«...Բա՛նտ, ազատութեան մայրն ես միշտ եղել,
եւ սիրում է քեզ կալանաւորը...»։

«...Մենք գերուած ենք, աքսորուած ենք,
Բայց երկիր, դու ազատ կլինես...»։

«...Դէ եկէք, եղբայրնե՛ր, մենք միանանք,
Միասնութեամբ ենք անպարտ մենք,
Հայրենեաց սուրբ սիրով մենք վեհանանք,
Հայաստանն ազատենք...»։

«...Աստուած մեզ հետ է, եւ օրհնեալ է մեր ուղին,
եւ կյաղթենք, որքան էլ նենգ է թշնամին»։

«Ես ու դու ամպեր լինէինք,
Երկնքում ազատ լինէինք,
Կապոյտում ճերմակ սահելով՝
Փնտրէինք, իրար գտնէինք...»։

1974 թուականի նոյեմբերին դատարանում արտասանածս «Վերջին խօսքը» անսպասելի արձա-գանք ունեցաւ։ Մոսկովեան ընկերներս այն կարողացել էին դուրս հասցնել։ Արեւմուտքում թարգա-մանուել էր բազմաթիւ լեզուներով եւ օրինակելիի նմուշ դարձել։ Այդ, ընդհանուր առմամբ, քաղա-քական ելոյթում մի քանի քնարական զեղումներ կային. «Ես կեանքը շատ եմ սիրում, աւելի, քան կարելի է պատկերացնել, բայց քանի դեռ Հայաստանն անկախ չէ, եւ քանի դեռ ես կենդանի եմ, ըստ երեւոյթին, իմ կացարանը բանտն է լինելու»։ Թերեւս կեանքը սիրելու մասին խօսելու ներշնչողը դու էիր, որովհետեւ դու ես, որ ներկայացար ինձ առանց պայմանականութիւնների ու նախապաշարում-ների, այնպէս, ինչպէս կեանքն է ներկայանում...
Ես արդէն 11 տարի է, Երեւանում եմ եւ ամէն անգամ, երբ լսում եմ Լուսինէ անունով ինչոր մէկի մասին, ակամայ ցանկութիւն եմ ունենում պարզել, թէ քանի՞ տարեկան է, ինչո՞վ է զբաղւում եւ, ի վերջոյ, արդեօ՞ք դա դու չես։ Դո՛ւ չես... Դու չես...
Ես չգիտեմ, թէ դու ինչպէս կընկալէիր, եթէ ես քո իրական անունը եւ քեզ վերաբերող երկու տուեալներ ճիշտ ներկայացնէի այս պատումում։
Այդ պատճառով էլ թոյլ տուեցի այս մի քանի փոփոխութիւնները։ Մնացեալ անուններն ու տեղա-նուններն, ինչպէս տեսնում ես, պահպանել եմ անփոփոխ:
Բագրատ Շահվերդեանն արտագաղթել է եւ ապրում է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում, Ռազմիկ Մարկոսեանը Հայաստանի կառավարութեան անդամ է, Անահիտ Կիրակոսեանն ու Կարօ Ճղլեանը աշխատում են կառավարութիւնում՝ պետական գնումների ոլորտում։ Սուսաննա Աւագեանը պետական գրապալատի պատասխանատուներից է, Ռազմիկ Զոհրաբեանը Հանրապետական կուսակցութեան գործիչ է, Ազատ Արշակեանը անցեալում խորհրդարանական էր, իսկ հիմա զբաղւում է, աւելի ճիշտ, փորձում է զբաղուել ձեռներէցութեամբ։ Անժիկը, որ հետագայում դարձաւ 1987 թուականից բացայայտ գործող ԱՄԿ-ի՝ Ազգային ինքնորոշում միաւորման հինգ հիմնադիրներից մէկի՝ Մեխակ Գաբրիէլեանի կինը երեք երեխաների մայր, յանկարծամահ եղաւ 1998 թուականին։ Երգիչ Յարութիւնը շարունակում է երգել պետական երգչախմբում, Մանիկը Ամերիկայի Միացեալ Նահանգներում՝ Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքում է։ Տարբեր մարդիկ, տարբեր ճակատագրեր... Կեանքը շարունակւում է։

Լուսինէ՛, հիմա դու իմացար քո՝ «վերջապէս դու ո՞վ ես» հարցի պատասխանը։ Հաւատում եմ, որ քեզ մօտ ամէն ինչ լաւ է. շատ աւելի լաւ, քան ընդունակ եմ երեւակայելու։ Յուսով եմ, ինձ այնպէս ես մոռացել, որ այս պատմութիւնը կարդալով, մտածում ես. «Ի՜նչ ծանօթ պատմութիւն է», եւ միայն՝ այդքանը։ Իսկ եթէ աւելին կյիշես, ապա այս պատմութեանն աւելացրու եւս մի նախադասութիւն. «Լուսինէ՛, ես շատ եմ ցաւում քեզ թէկուզ մէկ օր տխրութիւն պատճառած լինելուս համար եւ խնդ-րում եմ, կարողացի՛ր ներել ինձ...»։

18 նոյեմբեր - 4 դեկտեմբերի,
2001 թուական, Երեւան


ԳԼՈՒԽ ԻԱ
Վերջաբան կամ «Փակենք մեր աչքերն ու լինենք միասին...»


Այս պատմութեան լրագրային տարբերակը՝ «Լուսինէ» վերնագրով, 2001 թուականի դեկտեմբերին հրապարակուեց Երեւանում՝ «Հայոց աշխարհ» օրաթերթի հերթական համարներում, միաժամանակ լոյս ընծայեցինք առանձին գրքով։ Դրա նկատմամբ հետաքրքրութիւնը շատ աւելի մեծ էր, քան ես ակնկալում էի։ Ընթերցողներից ոչ մէկն անտարբեր չէր մնում։ Օրինակներն արագ սպառւում էին։ Որոշ քանակութիւն էլ վաճառքի համար ուղարկեցինք Կալիֆոռնիա։ Ինձ առաջարկուեց թատրոնի համար պիես գրել։ Իմ լաւ ընկեր կինոռեժիսոր Վիգէն Չալդրանեանն ասաց, որ այդ վիպակում` «Լուսինէ» տարբերակում, ինքը շարժանկար է տեսնում։ Մի քանի մարդիկ, որ առիթ էին ունեցել ընթերցելու նախնական տարբերակը, տխրեցին՝ տեսնելով, որ փոխել եմ հերոսուհու անունը։ Յատկապէս կանայք անհանգստացած էին, թէ ինչու ես չեմ որոնել Լուսինէին։ Նրանցից ոմանք պահանջում էին ինչ-որ բան անել, աւելի հեռուն գնացողներն իրենք էին կամենում գտնել «այդ խեղճ աղջկան»։ Բուռն արձագանքեց նաեւ մամուլը։
Իմ ռուս ընկերները, մասնաւորապէս` Արկադի Պարտաշնիկովը, առաջարկեցին գիրքը տպագրել Մոսկուայում։ Արկադին, ում հետ ես մտերմացել էի քրէական ճամբարում եւ այժմ յաջողակ գործարար է Մոսկուայում, վիպակի բովանդակութեան հետ նախնական ծանօթութիւնից յետոյ ասաց, թե՝ Հաւանաբար գործ ունենք Լեւ Տոլստոյի նկարագրած երեւոյթի հետ. «Գրական ստեղծագործութեան յաջողութեան հիմնական նախապայմանը անկեղծութիւնն է»։ Դու չես մտածել, թէ ինչպէս գրես ընթերցողին հաճելի լինելու համար։ Դու պարզապէս անկեղծ գրել ես ճշմարտութիւնը։ Այդ պատճառով էլ այս գործում յաջողութիւնը կուղեկցի քեզ»։
Գրքին ջերմ արձագանքեցին նաեւ ամերիկացի ընկերներս։ Նիւեորքաբնակ Մաթէոս ՏէրՄանուէլեանը անգլերէն թարգմանեց մի հատուած, իսկ Քոլորադոյում բնակուող Քամերոն Ջոնսոնը անգլերէն թարգմանութիւնը խրախուսելու համար շօշափելի նուիրատուութիւն կատարեց։ Նրա ընկերական միջավայրից գրականագէտներ ինձ խորհուրդ տուեցին այս պատումը հարստացնել ամերիկեան քաղաքական շրջանակների հետ հանդիպումների նկարագրութեամբ եւ ամերիկեան մամուլի վկայակոչումներով։ «Այդ դէպքում կմեծանայ նաեւ ամերիկեան ընթերցողների հետաքրքրութիւնը», - կարծում էին նրանք։ Ես հետեւեցի այդ յորդորին եւ ներկայացրի հատուածներ ոչ միայն ամերիկեան, այլեւ ռուսալեզու մամուլից։
Ես ընդամէնը մի նամակով էի սկսել։ Յետոյ այն դարձել էր պատմուածք, վիպակ։ Իսկ այժմ տեսնում եմ, վէպ է դառնում, որում նուազում է քեզ վերաբերող հատուածի տոկոսային յարաբերութիւնը։ Ես այդպիսի նպատակ չեմ հետապնդել։ Մեր ժամանակներից ինչոր բան տալ, այո՛, սակայն միայն այդքանը։ Ուստի չնայած մէկը միւսից հետաքրքիր պատկերներ ու իրադարձութիւններ ինձնից դուրս գալու եւ թղթին տրուելու պահանջ են ներկայացնում, որոշեցի սահմանափակուել այսքանով, իսկ գրքի անունը փոխել նոր անուան մէջ պահպանելով քո պայմանական անունից բխող «լոյս» արմատը։

Ամէն սերունդ պատմութիւնը սկսում է զրոյից։ Ամէն սերունդ իւրացնում է նախորդների փորձառութիւնը՝ անցեալից վերցնում է հազարամեակներում կուտակած ձեռքբերումները եւ դրանց աւելացնելով իրենը՝ փոխանցում յաջորդ սերնդին։ Այս տխուր պատմութեանը համընթաց ես ձգտում էի իմ ժամանակակիցներին, յատկապէս երիտասարդներին փոխանցել դրուագներ իմ փորձառութիւնից եւ, մասնաւորապէս, ցոյց տալ, որ անկասելի է սիրոյ յաղթանակը, երբ նրա ուղեկիցներն են յոյսն ու փորձութիւններով ապացուցուած հաւատը։ Ինչպէս կարելի է նկատել, իմ եւ իմ ընկերների բանտային կեանքի տաժանելի տարիներն ասես ընդամէնը մեր սիրոյ եւ հաւատի ստուգումը լինէին։ Ասես հեռաւոր մի դիտակէտից ամենակարող մի ուժ փորձարկելիս լինէր մեզ, թէ արդեօ՞ք ճշմարիտ են մեր սէրն ու հաւատը։ Իսկ մենք մեզ համար հնարելով բարոյական կամ գաղափարական պայքար եզրոյթները, կարծում էինք, թէ բոլորովին այլ տիրոյթում ենք, այլ չափանիշների աշխարհում։ Իրականում մեր հոգու կորովը պահպանել կարողանալու դէպքում մի օր պիտի հասկանայինք, որ բոլոր սերունդներին բնորոշ է նաեւ մոռացումը անառարկելի ճշմարտութիւնների, որպէսզի ասես մարդկութեան անցած ճանապարհն սկզբից մինչեւ վերջ անցնելով` կրկին յանգենք դրանց անժխտելիութեանը, դրանց բացարձակութեանը։ Ո՞վ եմ ես՝ փոշիացման ու անէացման ենթակայ թոյլ արարածս, որ կարողանամ ճակատագրի դէմ կռուել եւ յաղթել կամ ճակատագիրն ինձ ենթակայեցնել։
Պատասխանը գտնելու համար խոնարհաբար բացում ես Աստուածաշունչը եւ մտովի հազարամեակներ ետ գնալով՝ հազարամեակներ առաջ ես գնում։ Վա՜յ ես ասում քեզ, քո երեկուայ օրուան, վա՜յ ես ասում անփառունակ ու ինքնագոհ ներկայիդ ու հազար վա՜յ քո անուղղելի, սնանկ եւ ունայն էութեան նիւթեղէն ակնկալիքներին։ Յետոյ վերադառնում ես ինքդ քեզ եւ բախտաւոր ես, եթէ յաւերժի աշխարհից կարողացել ես մասունքներ պահպանել քո մտաւոր աշխարհում։ Անակնկալ բացայայտում ես, թէ ինչ է նշանակում՝ «Եթէ մանանեխի հատի չափ հաւատք ունենաք, այս սարին կ’ասէք՝ փոխադրուիր այստեղից այնտեղ, եւ նա կ’փոխադրուի. եւ ոչինչ անկարելի չի լինիլ ձեզ համար»։ Կամ՝ «Աստուած սէր է»։
Ու նկատում ես, որ ողջ էութեամբ ծունկի գալով՝ խանդավառ բացականչում ես՝ ՍԷՐՆ ԱՄԵՆԱԿԱՐՈՂ Է...

Ես այժմ Հայաստանի Հանրապետութեան նախագահին առընթեր Մարդու իրաւունքների յանձնաժողովի նախագահն եմ. կատարում եմ ազգային օմբուդսմանի աշխատանքին համազօր աշխատանք։ Չնայած իր կարեւորութեանը` Հայաստանում դա կամաւոր աշխատանք է։ Միաժամանակ, ես այժմ Ինքնորոշում միաւորում անունը կրող քաղաքական կազմակերպութեան՝ ԱՄԿ-ԱԻՄ-ի նախագահն եմ։ Աշխատանքներս այնպէս եմ կազմակերպում, որ զգալի ազատ ժամանակ եմ ունենում եւ կարողանում եմ յաճախ լինել Հայաստանի տարբեր մարզերում, նաեւ Արցախում։ Այգի եւ հողամաս ունեմ Գողթ գիւղում՝ Երեւանի մերձակայքում, ուր յաճախ ծառ ու հողի ընկերակցութեամբ փորձում եմ մեկուսանալ, աւելի ճիշտ՝ լինել ինքս ինձ հետ։ Այնուամենայնիւ, ժամանակիս հիմնական մասն անց եմ կացնում Երեւանում, ուր կամայ թէ ակամայ եւ յաճախ աշխատանքի բերումով հանդիպում եմ հին ու նոր ծանօթների։ Այդ ծանօթների թւում պատահում են նաեւ նախկին չէկիստներ։ Նրանց մի մասն այժմ որպէս պրոֆեսիոնալ աշխատում է Հայաստանի Ազգային անվտանգութեան նախարարութիւնում։ Ես նաեւ ներքուստ վատ չեմ տրամադրուած նրանց նկատմամբ, եւ անկախութեան առաջին տարիների նրանց՝ հաշուէյարդարի ենթարկուելու տագնապները վաղուց փարատուած են։
Մի քանի օր առաջ իմ բնակարանի մօտակայքում՝ նախկին Ալաւերդեանի, ներկայիս` Հանրապետութեան փողոցի դեղատան մօտ հանդիպեցի ՊԱԿ-ի հին օպերատիւնիկներից մէկին. հիմա թօշակառու է։
- Բարեւ, պարո՛ն Հայրիկեան, ինչպէ՞ս էք։
- Լա՛ւ, փառք Աստծուն, - պատասխանեցի, - Դուք ինչպէ՞ս էք։
- Լաւ։ Կարդացի ձեր «Լուսինէն», շատ հաւանեցի։ Դուք իսկապէ՞ս նրան չէք գտել։
- Ոչ։
- Չի էլ արձագանքե՞լ։
- Ոչ։
- Զարմանալի է. պիտի որ արձագանքէր։ Ես իրեն յիշում եմ։
- Ինչպէ՞ս։
- Դէ, ինձ ու մեր տղաներից մէկին, դու իրեն պիտի յիշես, յանձնարարուած էր իրեն ՊԱԿ հրաւիրել։ Գնացինք պոլիտեխնիկական ինստիտուտ, տարանք ՊԱԿ։
- Ուրեմն ինքը քննուե՞լ է ՊԱԿ-ի կողմից։
- Պարզ չէ՞, - իր հերթին զարմացաւ հին օպերատիւնիկը, - քննում էին բոլոր նրանց, ում դու բարեւել էիր, իսկ այդ աղջկայ հետ քեզ շատ անգամներ էին տեսել։
Ես խնդրեցի երեկոյեան հանդիպել Օղակաձեւ զբօսայգու սրճարաններից մէկում եւ զրուցել։ Համաձայնեց։
- Խնդրանքս այն է, որ եթէ որեւէ տեղ գրելու լինէք, անուններ չտաք։ Մասնագիտական էթիկայի խնդիր է։ Պատմածս պետական գաղտնիք չէ, բայց ադաթներ կան, ու խօսենք մի պայմանով, որ ոչ իմ անունը, ոչ էլ ուրիշ որեւէ մէկինը չէք գրելու։
Համաձայնեցի։
- Ես նրա անունը չեմ յիշում։ Ծառայութեան ընթացքում հարիւրաւոր այդպիսի մարդկանց ենք հրաւիրել ՊԱԿ («հրաւիրել» բառը յատուկ շեշտադրումով արտաբերուեց)։ -Գիրքդ կարդալիս նրան անմիջապէս յիշեցի։ Դէ, քո նկատմամբ հետաքրքրութիւնը սովորականից աւելի էր։ Վարուժան անունն էլ օգնեց։ Առաջին անգամ այդ աղջկանից լսեցինք այդ անունդ։ Երկու հոգով իրեն հրաւիրեցինք իրենց դեկանատ։ Ասացինք, որ ՊԱԿ-ում ուզում են իր հետ զրուցել, եւ մեր աւտոյով բերեցինք անվտանգութեան կոմիտէ։
- Շա՞տ վախեցաւ։
- Բոլորովին, - արագ պատասխանեց զրուցակիցս, կարծես չէր հասկանում, թէ ուր ենք գնում։ Նրա հետ երեք կամ չորս անգամ զրուցեցին, այն ժամանակ այդպէս էին կոչում այդ հարցաքննութիւնները։ Ես ներկայ եմ եղել առաջինին եւ վերջինին։
- Բայց, սպասէք, ես թերթել եմ իմ գործը եւ նրա հարցաքննութեան արձանագրութիւններ չեն հանդիպել։
- Չէին էլ հանդիպի։ Դա միայն ձեր օպերատիւ գործի մէջ կարող է պահպանուած լինել։ Դատական գործի նիւթերի հետ մի՛ խառնէք։ Օպերատիւ նիւթերը մի քանի անգամ աւելի են։
- Ինչի՞ էին իրեն քննում։
- Հըմ, ինչի էին իրեն քննում, հարցնում է պարոն Հայրիկեանը։ Պարզ չէ՞. հարցնում էին, թէ ինչպէս է քեզ հետ հանդիպել, ո՞ր խմբում է աշխատել, որո՞նք են եղել իր պարտականութիւնները, կազմակերպութիւնից ո՞ւմ է ճանաչում, ի՞նչ գրքեր ու գրականութիւն ես դու տուել իրեն կարդալու համար եւ նման հարցեր։ Սկզբում ասում էր, որ քեզ չի ճանաչում։ Դէ, հարցնում էին Պարոյր Հայրիկեանի մասին, ո՛չ Վարուժանի։ Երբ ասաց, որ այդպիսի մարդու չի ճանաչում, մի քանի լուսանկար ցոյց տուեցին, որտեղ դուք միասին էիք։ Աղօտ լուսանկարներ էին, որակը լաւը չէր, բայց պարզ երեւում էր, որ դուք էք։ Այդ ժամանակ նա ասաց. «Բայց սա Վարուժանն է»։ Յետոյ ուրախ աւելացրեց, իսկ ես մտածում էի, թէ որտեղից տեղեկութիւն ստանամ իր մասին։ Ինչ որ բա՞ն է պատահել իրեն։ «Այստեղ մենք ենք հարցեր տալիս», - խիստ ընդհատեց Հ...եանը։ «Բայց ես ձեր հարցեր տալուն դէմ չեմ։ Ուղղակի ինձ հետաքրքրում է, թէ Վարուժանը որտե՞ղ է»։ «Էդ էր մնացել պակաս, որ դէմ էլ լինէիր։ - Կրկին սաստեց, - Էդ էլ նրա նոր ծածկանունն է, հա՞»։ Ընկերուհիդ զարմացած էր. ես տեսնում էի, որ ինքը չի հասկանում, թէ իրենից ինչ են ուզում։ «Ես իրեն ճանաչել եմ այդ անունով ու խնդրում եմ, եթէ կարելի է ասել, թէ նրան ինչ է պատահել, որտե՞ղ է նա»։ «Սա դեռ չի հասկանում, թէ ինքը որտեղ է», - ասես ինքն իր հետ խօսեց Հ...եանը եւ նայեց ինձ։ «Դէ, պատմի՛ր»։ «Ես պատմելու բան չունեմ, - ասաց ընկերուհիդ, - Վարուժանը իմ ընկերն է, պայմանաւորուել էինք, ու չեկաւ։ Դրա համար եմ անհանգստանում»։ «Մոռացի՛ր նրա մասին։ Որտեղ էլ որ է, էլ ետ չի գայ։ Դրա նմանների տեղը բանտն է։ Դու քո մասին մտածիր, որ նրա հետքերով չգնաս»։ Պարզամիտ աղջնակ էր երեւում։ Երբ քո հետքերով գնալու սպառնալիքը լսեց, ուրախացաւ. «Կկարողանա՞մ իրեն տեսնել, իր հետ լինել»։ «Եթէ մեզ չօգնես, հաստատ իր հետ կլինես, բայց կողքի գաղութում»։ Սկսեց հասկանալ, որ քո գործը լուրջ է։ Մենք նրան ընդյատակեայ գործունէութեան մասին էինք հարցնում։ Հարցնում էինք ձեր խօսակցութիւնների, քո ընկերների, քո ծրագրերի մասին, բայց ինքը քո գործերի մասին ոչինչ չգիտէր։ Իսկ անձնականի վերաբերող հարցերին սիրալիր, բայց հաստատակամ պատասխանում էր. «Դրանք իմ անձնական կեանքին են վերաբերում, ու ոչ ոքի չեմ ասի»։ Այդպէս մի քանի անգամ կանչեցինք, ու պարզ դարձաւ, որ ինքը ձեր գործերի հետ կապ չունի։ Մեր բաժնի պետն ասաց. «Կարծես թէ այս աղջիկը դրանց հետ չի, բայց բերէք մի անգամ էլ զրուցենք ու մի լաւ նախազգուշացնենք, որ հեռու մնայ», - դա նշանակում էր՝ վախեցնել։ Լուսինէն, ինչպէս դու ես գրքումդ նրան կոչում, կրկնում էր իր նախկին ասածները, միայն ժամանակ առ ժամանակ մեզ իր դժգոհութիւն էր յայտնում. «Դուք անկասկած սխալւում էք։ Ինքը կարող էր կատակներ անել, բայց յանցագործ չէ»։ «Ոչ միայն յանցագործ է, այլեւ ծանր յանցագործ»։ «Բայց կարող է դուք սխալւում էք»։ «Մենք երբեք չենք սխալւում, նա կոմունիստական գաղափարախօսութեան դէմ է գնացել», - շէֆս փորձում էր անառարկելիօրէն հիմնաւորել։ Ախր, ժամանակներն էին այդպիսին։ Ես էլ էի համոզուած, որ ինքը ճիշտ է ասում։ Դպրոցի առաջին դասարանից այդ էին ներշնչել։ Ու յանկարծ ընկերուհիդ հարձակման անցաւ. «Չէ՞ որ ժամանակին Չարենցին էլ են տարել. յետոյ պարզուել է, որ անմեղ է եղել»։ «Ճիշտ ես, մեր կուսակցութիւնն ինքն է այդ սխալները բացայայտել ու արդարացրել անհատի պաշտանմունքի տարիների անմեղ զոհերին։ Սա այդ դէպքը չէ։ Էդ ընկեր կոչածդ քանի՜-քանի՜ անմեղ երիտասարդների իր յիմար, չէ, յանցաւոր գաղափարների ազդեցութեան տակ գցեց ու դժբախտացրեց»։ «Ո՞րն է յանցաւոր գաղափարը»։ «Աղջի՛կ, - համբերութիւնից դուրս եկաւ Ս...եանը, չե՞ս հասկանում, նա մեր պետութիւնը քանդել է ուզում, մեր հակառակորդների ջրաղացին ջուր է լցնում»։ «Իրեն դրանից ի՞նչ օգուտ»։ Այդ հարցին երեւի այնքան էլ հեշտ չէր պատասխանել, ու մեր բաժնի պետը այլ հարցի անցաւ. «Եթէ դու մեզ հետ խաղ ես խաղում եւ թաքցրիր ճշմարտութիւնը, դա երկար չի տեւի։ Դու ԿաԳէԲէ-ում ես, չէկայում։ Հասկանո՞ւմ ես, թէ դա ինչ է։ Վաղ թէ ուշ մենք ամէն ինչ կիմանանք, եւ դու աւելի խիստ կպատժուես։ Էնպէս որ աւելի լաւ է հիմա ամէն ինչ խոստովանես ու վիճակդ չբարդացնես»։ «Բայց քանի՞ անգամ կարելի է նոյն բանն ասել, - այդպէս համարձակ կարող էր միայն բացարձակ անմեղ մարդը վրդովուել։ - Ես խոստովանելու բան չունեմ»։ Մենք արդէն համոզուել էինք, որ ինքը կազմակերպութեան անդամ չէ, բայց կարգը պահանջում էր ապահովագրուել, եւ շէֆս ասաց. «Լաւ, հիմա քեզ թողնում ենք, բայց եթէ ինչ-որ բան կյիշես, ահա քեզ հեռախօսի համարներ։ Զանգահարի՛ր մեզ»։ «Ես ձեզ հետաքրքրող յիշելու բան չունեմ»։ «Հիմա չունես, վաղը կարող է ունենաս։ Եթէ դու անկեղծ ես եղել մեզ հետ եւ միայն ճշմարտութիւնն ես ասել, վստա՛հ եղիր, այդ յանցագործը կստանայ իր արժանի պատիժը»։ Լուսինէն հարցրեց, թէ քանի տարով են քեզ բանտարկելու։ Ի պատասխան՝ Ս...եանն ասաց. «Ինչո՞ւ ես հետաքրքրւում։ Քո ինչի՞ն է պէտք ինքը։ Երիտասարդ, գեղեցիկ, լաւ սովորող աղջիկ ես։ Սա նրա երկրորդ կալանքն է հակապետական գործունէութեան համար։ Նա այլեւս բանտից դուրս չի գայ, ե ր բ ե՜ք»։ Ընկերուհիդ ակնյայտօրէն յուզուեց. «Բայց այդպիսի բան...» «Օ՜, - խօսեց Ս...եանը։ Դու վշտանո՞ւմ ես։ Միամիտ աղջիկ, Էդ Դոն Ժուանը... դու գիտե՞ս, թէ դա քանի աղջկայ հետ է։ Խաբում է ամէն քայլափոխին։ Ցոյց տա՞նք միւս ընկերուհիների հետ լուսանկարները»։ Լուսինէն ասես ցնցուեց այդ մտքից, իսկ շէֆս շարունակում էր. «Մարդկայնօրէն մենք քեզ օգնում ենք փրկուել այդ ստայակից։ Դու դեռ մեզ շնորհակալութիւն կյայտնես դրա համար»։
Ընկերուհիդ գնաց յուզուած ու մտահոգ։ Դրանից յետոյ իրեն չենք անհանգստացրել։
- Ինչի՞ց էր մտահոգ, - հարցրի՝ փորձելով մի քանի բան աւել լսել քո մասին։
- Դժուար է որոշակի պատասխանել. կարող է նրանից, որ քեզ երկար ժամանակով են ազատազրկելու կամ էլ, որ ուրիշ ընկերուհիներ ես ունեցել։ Լաւ, - իր հերթին հետաքրքրուեց ՊԱԿ-ի նախկին աշխատակիցը, որեւէ կերպ չի՞ փորձել կապուել քեզ հետ կամ ուղղակի մարդկայնօրէն յիշեցնել իր մասին։
- Ո՛չ, ես փորձել եմ գտնել, բայց իր կողմից որեւէ բան չեմ զգացել։
- Հետաքրքրական է, որ ինքը ոչինչ չի արել։ Քեզնով էնպէս էր տարուած, որ ինձ թւում էր՝ կփնտրի, կգտնի դեռ այն տարիներին։ Իհարկէ, գիտէ, որ հետագայում լայնօրէն յայտնի դարձած Պարոյր Հայրիկեանը իր ընկեր Վարուժանն է։
Ես շնորհակալութիւն յայտնեցի մեր հեռաւոր անցեալի հետ իմ վերջին կապաւորին եւ պատրաստւում էի հրաժեշտ տալ, երբ նա աւելացրեց. «Կարող է սխալ դուրս գամ, բայց եթէ յիշողութիւնս ինձ չի դաւաճանում, նրա գործն ամփոփուեց «Ամուսնացել է արտասահմանցի ուսանողի հետ եւ մեկնել արտասահման» տեղեկանքով։
- Ո՞ր երկիր։
- Չեմ յիշում, - կամ չէր ուզում յիշել «բարեկամս»։

Կեանքը մեր փոխարէն պատասխանում է բոլոր հարցերին, ու մեր բոլոր ճիգերը յորդահոս գետը նետուած տաշեղի ափին մերձենալու ճիգեր են յիշեցնում միայն։ Երեւի եկաւ մեր իրական բաժանման պահը, եւ այս վիպակ նամակը քեզ ուղղուած իմ վերջին հրաժեշտի խօսքն էր։ Բայց սպասի՛ր մի փոքր, եկ հրաժեշտից առաջ միասին լսենք ¥լսե՞նք, թէ վերապրենք¤ մի քանի ամիս առաջ գրածս «Անամոք սէր» երգը։ Վաղը կրկին մէկը ինձ կհարցնի, թէ ով է այս երգի ներշնչողը։ Ես կրկին կասեմ որոշակի նախակերպար չկայ, որ դա ուղղակի երգ է, սակայն ինքս ինձ կխօստովանեմ, որ ամէն անգամ հնչեցնելիս ես փակում եմ աչքերս, ոչնչացնում ժամանակ կոչուած անհեթեթութիւնը եւ քեզ հետ վերադառնում 1973-74 թուականների Երեւան... Մենք միասին ենք լսում այդ երգը։
Էական չեն ո՛չ մեղեդին, ո՛չ բառերը, ո՛չ կատարողները եւ ո՛չ էլ գործիքաւորումը։ Դա մեր ապրած կեանքի երգն է, մեր ապրած կամ չապրած կեանքը։ Դու մի ամբողջ յաւերժութիւն հեռու ես ինձնից, բայց եւ կողքիս ես։ Չգիտեմ, թէ ինքդ ինչ ես զգում, բայց ես անպատմելի ճիգերով այնուամենայնիւ կարողանում եմ իմ ներքին փոթորիկն ու հրաբուխը շղարշել աչքերի խոնաւութեամբ, որը թաքցնելու նպատակով գլուխս յակում եմ ցած ու չեմ տեսնում արդէն ներկայ, սակայն հարիւրապատիկ աւելի բացակայ իմ եւ իմ բազում ընկերների կորած երիտասարդութեան խորհրդանիշ «Լուսինէի» աչքերը։

Տղամարդ - Անժամ այցելող տրտմութիւն անամոք,
Անդարձ հեռացած իմ սէր,
Այդ դու չես, այդ կեանքն է այսպէս անողոք,
Դու յաւերժ ինձ հետ, իմ ընկեր։
Կին - Անսպաս ինձ յիշող այցելու քմահաճ
Երկնքում թափառող իմ սէր,
Ես քեզ աղերսում ու կանչում էի ցած
Դու խենթ սլանում էիր վեր։
Զոյգը - Ժամանակն աւերեց կամուրջները բոլոր,
Հիմա մենք հեռու ենք, հեռու ու մոլոր...
Այդպէս թեւածում է, թեւածում անզօր
Մեր սէրն աւիրեալ, վիրաւոր...
Տղամարդ - Սակայն դու եղել ես, եղել իմ կեանքում,
Ապրում ես ու կաս իմ սրտում,
Թէեւ մենք հեռու ենք՝ անդարձ հեռացած,
Ժամանակն է միայն հնացած։
Կին - Ժամանակը անհոգ է, ժամանակը անգութ,
Այդ նա բաժանեց մեզ մեզնից,
Եկ արհամարհենք ժամանակը սուտ,
Վերանանք այս դժգոյն ներկայից։
Զոյգը - Ժամանակը հէքիաթ է, ներկան այս՝ ցնորք,
Անցեալն է իրականը եւ մեր սէրը լոկ...
Տղամարդ - Անժամ այցելող տրտմութիւն անամոք...
Կին - Անսպաս ինձ յիշող այցելու քմահաճ...
Զոյգը - Փակենք մեր աչքերն ու լինենք միասին,
Փակենք մեր աչքերն ու լինենք միասին,
Փակենք մեր աչքերն ու լինենք միասին ...

31 յունուարի, 2002 թ., Երեւան

sdfsdfsdfsdfsdf